Հիշում եմ՝ մի մուլտֆիլմում այսպիսի խոսքերով երգ կար` «Շունը լինում է կծան` շան օրի ապրելու վիճակից»: Ի՞նչ արած` մարդու բոմժանալու պատճառն էլ նրա համար շնային կյանքին վարժվելու, այդ կերպ ապրելու մակարդակին գլորվելուց է լինում: Նրանք` երկուսն էլ, որպես սոցիալական «էլեմենտներ», բավականաչափ ընդհանրություններ ունեն: Օրինակ` սննդի հայթայթման նրանց կետերը գրեթե նույնն են` աղբամաններ, այստեղ-այլուր անփույթ թափթփված աղբ: Բոմժի և շան ապաստարաններն էլ` իրենց տեսքով ու «ապարտամենտային» հարմարություններով, առանձնապես իրարից շատ տարբերվող չեն: Համենայն դեպս, այդ ապաստարանները «դիզայներական» առումով իրարամերժ չեն, իսկ «բովանդակային» առումով անհնար է չնկատել դրանց նմանությունները: Այս տեսանկյունից՝ բոմժին ու շանը, ինչ-որ չափով կարելի է «կոնկուրենտներ»` մրցակիցներ դիտարկել, որովհետև նրանք միևնույն բարքերին հանձնվելով, անգամ բնավորության գծերով են նմանվում միմյանց:
Խոշոր հաշվով` մարդն ու կենդանին շա՜տ ընդհանուր գծեր ունեն: Դեռևս Դարվինն էր դա նկատել, սակայն մի վերապահումով, որ առավելապես կենտրոնացել էր մարդու և կապկի նմանության վրա: Հա, մեկ էլ բոմժի ու շան տարբերությունն այն է, որ առաջինը շան պես կարող է հարբել, իսկ երկրորդը առաջինի պես` երբեք:
Երբ լուսանկարում պատկերված թափառաշրջիկն իր գործն ավարտած` աղբամանից ավարն հավաքած, սկսեց հեռանալ, կողքից քայլելով միացա նրան ու հարցրի, թե հնարավո՞ր է տարածության վրա ճանաչել կծան շանը: Օրինակ, ասի, վերջերս մի շան հարձակման եմ ենթարկվել. թիկունքիցս աննկատ մոտեցավ, սրունքս կծեց ու փախավ: Մի կատաղած շան պատմություն էլ գիտեմ` «Կեղտոտ չային» մերձակա տներից մեկի հայաթում էր ապրում, հարձակվում էր դեպի կամրջակը տանող արահետով գնացող մարդկանց վրա: Այդ շան վերջին արկածն այն եղավ, որ մի երեխայի կծեց: Ծնողները բողոքի գնացին քաղաքապետարան և, ականատեսի վկայությամբ, շուն զարկողներն եկան, արին իրենց գործն ու գնացին: Ես վերջին օրինակն, իհարկե, չեմ պատմում, որպեսզի թափառաշրջիկին չձանձրացնեմ: Նրան կոնկրետ ինձ վերաբերող դեպքն էլ բավական է թվում՝ շների հարցով իր «մասնագիտական կարծիքն» հայտնելու համար. «Հա, ճիշտ կըսես, մայլեք կան, ուրտեղ գազան շներ են, կհասնին վրեդ, կգռմռան, ատամ կքցեն»: «Այսինքն` իրանց տարածքը՞ կպահպանեն խախտողներից»: «Հա, էլի, ըդպես: Կան ըդպես շներ` «կոդըլով» վրա կուտան, մանավանդ գիշերները»:
Զրուցակիցս մոտավորապես այսպիսի բացատրությամբ է շարունակում միտքը. կան թաղեր, որտեղ բնակիչներն հիմնականում վատ չեն ապրում, ուրեմն` նրանց թափած աղբն էլ, համապատասխանաբար, փոքրիշատե բավարարում է վերասնվելու «կալորիականության ստանդարտներին», դրա պատճառով էլ շներն այս թաղերում սովորաբար մարդկանց հետ հաշտ ապրելու կողմնակից են: «Դե,- ասում եմ,- շատ մարդիկ էլ շան օրի են ապրում, բայց նրանց պես կծան չէն»: «Հա, ճիշտ կըսես,- համաձայնում է թափառաջրջիկը,- շան օրի ապրողները խածան չեն, լավ օրի ապրողներն են խածան: Խածան մարդկանցից հեռու մնանք»:
Բաժանվում ենք իրարից այսպիսի բարեմաղթանքով, իսկ նրա խոսքերն ինձ ակամա հիշեցնում են Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակը: Պրոֆեսորի ֆանտաստիկ վիրահատության` գիտական փորձի արդյունքում, թափառական «Շարիկ» անունով բարի, կարելի է ասել` իրեն միանգամայն արժանապատվորեն պահող շնիկը վերածվում է Շարիկովի, այսինքն` մարդու: Պարզվում է՝ մարդաշնիկն ավելի սարսափելի արարած է, քան շներն առհասարակ լինում են: Լպիրշ, նախանձ, անդաստիարակ, ուրիշի ունեցվածքին աչք գցող, չտես, բռնացող… Մի խոսքով, ըստ պրոֆեսորի, բոլշևիկի ցուցադրական վառ օրինակ: Իսկ նա ատելով ատում էր բոլշևիկներին: Սրանից հետո մնում է շանը վերադարձնել իր նախնական կերպարանքը, ինչը բարեբախտաբար նրան հաջողվում է: Պրոֆեսորը գիտական փորձից հետո հստակ հասկանում է, որ ավելի լավ է շունը շուն մնա, քան թե վերածվի «շնամարդու»:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ