ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Շիրակի դեպքում մի օր առաջ ամեն ինչ պետք է անել, որ մարզում աշխատատեղեր ստեղծվեն»

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Խաչատրյան, մայիսի սկզբին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ԵՏՄ պայմանագրի շրջանակներում ՀՀ ներկրվող բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրանալու են: Այսինքն «տնտեսական հեղափոխություն» տեղի չունեցա՞վ, քանզի հասարակության սպասելիքներն այլ էին:

— Իսկ ո՞վ է ասել, թե տնտեսական հեղափոխություն չի եղել… Չգիտեմ, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել հասարակությունը և, ընդհանրապես, պետք է ակնկալիքների շրջանակը հստակեցնել: Ինձ համար տնտեսական հեղափոխություն եղել է 2018թ. ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Տնտեսական հեղափոխությունը նաև մտածողության փոփոխություն է, մոտեցումների փոփոխություն է, տնտեսական հեղափոխությունը նա է, որ այն, ինչ նախկինում ամրագրված էր օրենքներով, իրականում չէին իրագործվում. դա վերաբերում է մրցակցությանը, մենաշնորհներին, ազատությանը, սեփականության իրավունքին: Բայց ապրիլի 23-ից հետո հնարավորություն տրվեց դրանք իրականություն դարձնելու: Նայած, թե ով՝ ոնց է գնահատում ու ինչ է հասկանում «տնտեսական հեղափոխություն» ասելով: Ինձ համար այն գաղափարախոսություն է, մոտեցումների փոփոխություն է, միգուցե ուրիշների մոտ աշխատավարձի կամ թոշակի բարձրացում է, մյուսների մոտ ներդրումներ են… Սրանք բոլորն էլ հետևանքներ են իմ ասած մոտեցումների: Այս առումով իմ գնահատականներն այսօրվա տնտեսական իրավիճակին այս ելակետից են: Իսկ ինչ վերաբերում է նախարար Տ.Խաչատրյանի ասածներին, ապա նրա ասածները նորություն չեն, բոլորս էլ 5 տարի առաջ գիտեինք, որ Հայաստանի Հանրապետությանը տրվել են բացառություններ կամ արտոնություններ (ինչպես կուզեք՝ ընդունեք), տրվել էր մոտ 800 առավել զգայուն ապրանքատեսակի հետ կապված արտոնություն, որոնց նկատմամբ չէին կիրառվում Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության մաքսադրույքաչափերը: Եվ սրա մասին բոլորն էլ գիտեին, բայց ոչ ոք, չգիտես ինչու, այս 5 տարվա ընթացքում այդ հարցադրումներն ինտենսիվորեն չէին բարձրաձայնում և կառավարությունից պահանջում բացատրություններ, թե ինչ է կատարվում այդ ուղղությամբ: Եվ անցած 4-5 տարիների ընթացքում ոչինչ չի արվել այդ ուղղությամբ, որովհետև դա նշանակում էր կամ պայմաններ ստեղծել՝ մրցակցությունը բարձրացնելու, մրցակցային հավասար պայմաններ ստեղծել, որպեսզի բիզնեսը կարողանար իր հնարավորությունները մաքսիմալ օգտագործել, որ այդ մաքսադրույքաչափերի ավելացումը մեր վրա շատ չզգացվեր… Չի արվել: Կամ երկրորդ ճանապարհը կար՝ ինտենսիվ բանակցություններ վարել ԵՏՄ-ի հետ, օբյեկտիվ իրավիճակից ելնելով, որի մեջ մտնում է Հայաստանի շրջափակումը. երկու հարևանների հետ սահմանները փակ են, ոչ խաղաղություն-ոչ պատերազմ իրավիճակ է, մենք չունենք ընդհանուր սահման ԵՏՄ-ի հետ. այս հանգամանքներից ելնելով՝ սակագների հարցն օրակարգ չդնել և դրանց համար ևս, ասենք, որոշակի ժամանակ տալ, չի արվել: Եվ հիմա ես արդեն տեղյակ եմ, որ գործող իշխանությունն այդ գործընթացների մեջ է, բայց թե ինչքանով կհաջողի՝ չեմ կարող ասել, որովհետև ԵՏՄ ամենամեծ պրոբլեմը հենց երկրների միջև հարաբերություններում կայանում է նրանում, որ դրանք տնտեսական զարգացվածության առումով տարբեր մակարդակներում են, ամեն մեկն առանձին յուրահատուկ խնդիրներ ունի և ամեն մեկն ուզում է ուրիշների հաշվին իր խնդիրները լուծել: Այս հարցն է, թե մեզ ինչքանով կհաջողի կամ չի հաջողի:

Ուզում եմ հասկանալ. եթե ինչոր միավորման մեջ ես, ապա ինչոր սահամանային կետեր, գներ, չգիտեմ ինչեր կան, որ պետք է բոլորի համար ընդհանուր ու համահավասար լինեն, օրինակ, ասենք, գազի գինը: Այս դեպքում Հայաստանի շահը ո՞րն է:

— Պայմանները պարտադիր չեն, բայց ցանկալի է: Որովհետև, բոլոր դեպքերում, եթե որևէ միության անդամ ես դառնում, այդ միության անդամ երկրների տնտեսություններն իրար հետ մոտեցնելը, ընդհանուր տարբերությունները վերացնելը ժամանակի խնդիր է: Իհարկե, նորից եմ կրկնում, ցանկալի է, որ այդպես լինի: Բայց այստեղ էլ պետք է կարողանալ գնահատել հետևանքները. արդյո՞ք մենք միասնական էներգետիկ շուկա կամ միասնական գների սահմանումից հետո չենք ստանա նաև այլ առաջարկություն, որը նաև ամրագրված է պայմանագրով՝ մակրոտնտեսական քաղաքականություն վարել, ֆինանսական քաղաքականություն վարել, հաջորդ քայլը՝ միասնական արժույթ ունենալ, հետո, արդեն այստեղ պրոբլեմներ են առաջանում, որը քաղաքականություն է: Այնպես որ, եկեք չշտապենք, եթե հնարավորություն կա, մաքսիմալ օգտագործենք այսօրվա Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները, որը, խոստովանենք, բավականին սահմանափակ է, որովհետև, ի վերջո, այդ միության անդամակցությունը Հայաստանի կողմից, պետք է ճշմարտությունն ասել, որ պայմանավորված չի եղել տնտեսական գործոններով, դրանք եղել են քաղաքական: Տնտեսական գործոններով պայմանավորված մենք ընդհանրապես որևէ առնչություն չէինք ունենա այդ միության անդամ երկրների հետ, որովհետև, նախևառաջ, Մաքսային միության կամ նմանատիպ միության դեպքում պետք է ունենալ առնվազն ընդհանուր սահման, որը մենք չունենք:

Հայաստանում արտահանման ծավալներն այնքան էլ մեծ չեն, դա նույնպե՞ս սահմանի հետ է կապված, թե՞ մեր արտադրական թափը չի հերիքում:

— Երկու հարց կա. նախ վիճակագրության խնդիր կա՝ ինչքանով էին վիճակագրական տվյալները, որ մեզ նախկինում ներկայացվում էր, իրականությանը համապատասխանում: Սա մի խնդիր: Սրանից գանք երկրորդին. եղած վիճակագրական տվյալների հետ ենք գործ ունենում. մեր մոտ անցյալ տարի և այս տարվա առաջին երեք ամիսներում տեղի է ունեցել արտահանման և ընդհանուր ապրանքաշրջանառության թվի կրճատում: Պայմանավորված է շատ հստակ գործոններով, որից բոլորս տեղյակ ենք. լեռնամետալուրգիական համալիրի երկու գործարանների աշխատանքի կանգառով, որը ողջունելի է՝ բնապահպանական առումով: Հիմա այս հանգամանքներից ելնելով, բոլոր դեպքերում, քանի որ գործող վիճակագրության նորմերը պահանջում են այն, ինչ որ ներկայացվում է, այդ շրջանակներում համախառն ներքին արդյունքը պակասել է, որովհետև «Թեղուտ» ընկերությունը չի աշխատում, պղնձաձուլարանը չի աշխատում, անցյալ տարի պատժամիջոցներ էին կիրառվել մի ընկերության նկատմամբ, որի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում էր (ՌԴ միլիարդատեր Դերիպասկայի և ԱՄՆ պրոբլեմների հետ էր փոխկապակցված), և սրանք օբյեկտիվ գործոններ են, որոնք ապացուցում են, որ պայմանավորված չեն եղել ապրիլյան իրադարձություններով, նոր իշխանության քաղաքականությամբ, սրանք ուղղակի, ով էլ լիներ, նույնը կլիներ՝ անկախ ամեն ինչից: Օրինակ, 2017թ-ին, երբ Թեղուտի աղետը տեղի ունեցավ, որն ի դեպ, մինչև հիմա բացահայտված չի, թե ինչու, ու գործառույթը կասեցվեց, իսկ պղնձաձուլարանն էլ իր խնդիրներն ուներ, որովհետև 300 միլիոն վարկային պարտավորություն ուներ, և այլն: Այսինքն, դա իշխանությունով պայմանավորված չի եղել: Այս հանգամանքներից ելնելով, չեմ գտնում, որ արտահանման նոր խնդիրներ են առաջացել: Ընդհակառակը, եթե թվերին նայենք, ապա արտահանվող գյուղատնտեսական վերամշակվող արտադրանքի ծավալն է մեծացել, այդ թվում՝ կոնյակինը: Իհարկե, սրանով պետք չէ շատ ոգևորվել, շատ հանգիստ եմ նայում մակրոտնտեսական ցուցանիշներին: Այն առումով, որ պրակտիկան ցույց է տվել, որ այսպիսի իրավիճակներում հայտնվող երկրներում, որտեղ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ նախկին իշխանությունների հրաժարականով, ապա առնվազն 6 ամիս երկիրը կաթվածահար է լինում: Եթե երկիրը չի հայտնվում տնտեսական ցնցումների մեջ, եթե իր արժույթը կայունություն է դրսևորում, եթե կապիտալի արտահոսք չի լինում, արտագաղթ չի լինում, այլ՝ ներգաղթ, նշանակում է, ինչ-որ ուրիշ բան է տեղի ունեցել, որը պետք է օբյեկտիվորեն գնահատել՝ լավ իմաստով:

Անդրադառնանք ներդրումներին: Հիմա, երբ ձևավորված է նոր կառավարություն, իշխանությունները լեգիտիմ են, արդյո՞ք դա կնպաստի, որ ներդրումների ծավալը մեծանա: Թե՞ նախկինների, այսպես ասած, հակահեղափոխականների «սև գործն» իր վնասը կհասցնի:

— Առաջինը՝ քաղաքական գործոնը շատ կարևոր է ներդրումների համար: Այս առումով, քաղաքական հարցը լուծված է՝ կա ձևավորված, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որն իրականացնում է իր կառավարության ծրագրերի շրջանակներում ներդրումային կամ մնացած տնտեսական քաղաքականությունը: Բայց միայն ներդրումները բավարար չեն, քանզի այն շատ անձնավորված է. սուբյեկտիվ հանգամանքներ կան՝ մարդկային ու մինչև հարևան երկրների հետ  հարաբերություններով է պայմանավորված, և սրանք ամեն մեկն իր նշանակությունն ունի ներդրումների համար: Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի նաև, թե ինչպես է հայաստանյան իրականությունը ներկայացվում թե՛ մեր, թե՛ դրսի համար: Եվ, իհարկե, շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ Ձեր նշած հակահեղափոխության պահվածքը: Պետք է իշխանությունը հասարակության հետ միասին, այն շրջանակների հետ միասին, ովքեր իրականում հակված են երկրին զարգացում ապահովելուն՝ գործարարներ, քաղհասարակություն, հանրային սեկտոր, բոլորը միասին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ներդրողներն ընդունեն իրավիճակը, գրավչության էլեմենտներ գտնեն: Այո, սա շատ բարդ խնդիր է, որը ժամանակ է պահանջում, աշխատանք է պահանջում: Կառավարության մեսիջները ևս շատ կարևոր են, և որքան նոր կառավարությունը հունի մեջ մտնի, որքան պրակտիկայում ձեռքբերումներ ունենա, այն առավել ազդեցություն կունենա ներդրումների համար:

Եվ վերջին հարցս. անցած իշխանությունների օրոք իսրայելական մի ընկերություն Գյումրու քաղաքապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, և պատրաստվում էր լոգիստիկ կենտրոն հիմնել Գյումրիում, որը մոտ 5 հազար աշխատատեղ կապահովեր: Եվ խնդիր էր դրված, որ կառավարությունը արտոնյալ պայմաններ տրամադրեր, իսկ իրենք էլ իրենց պարտավորությունները կանեին: Եվ, երբ վարչապետի ասուլիսին ես այս հարցը բարձրացրեցի, ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն «Ֆեյսբուքում» արձագանքեց, թե նման կենտրոնի հիմնումը վտանգավոր է երկրի համար, և չի կարելի աշխատատեղերով ուրախանալ՝ երկրի անվտանգության հաշվինԿուզենայի իմանալ Ձեր կարծիքը՝ լոգիստիկ կենտրոնի գործունեությունն, իրո՞ք, վտանգավոր է երկրի համար:

— Ի՞նչ վտանգի մասին է խոսքը: Շիրակի մարզի դեպքում, Գյումրիի համար, որտեղ աղքատության, գործազրկության մակարդակները ՀՀ միջինից էլ բարձր են, այդտեղ նմանատիպ ծրագրերն ամենաարդյունավետն են: Մարդիկ կունենան աշխատանք, զբաղվածություն՝ թեկուզ փաթեթավորում, աշխատավարձ: Սա ազգային անվտանգության, տնտեսական անվտանգության հետ ոչ մի առնչություն չունի, բացառությամբ, եթե դրանք կապված չեն անթույլատրելի տնտեսական գործունեությամբ: Կարծում եմ և համոզված եմ, որ նման ծրագրերը պետք է հովանավորվեն տեղական իշխանության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հարկային արտոնությանը, ես դրան դեմ եմ ցանկացած դեպքում, որովհետև տնտեսական գործունեության մեջ Հայաստանի ներքին հարկային օրենքները, հարկային դրույքաչափերն այնքան բարձր չեն, որ գործարարներին վանեն: Գտնում եմ, որ հենց առաջինը շահագրգռված պետք է լինեն Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունները: Ես ոչ մի ոչ մասնագիտական քննարկում կամ մեկնաբանություն չեմ ընդունում ու չէի անդրադառնա, եթե Ձեր կողմից ինձ հարց չհղվեր: Որևէ հարցի շրջանակում քննադատողը պետք է մասնագետ լինի, գործից տեղյակ լինի, կամ պետական չինովնիկ, որը այս հարթությունից լավատեղյակ է, մնացած դեպքերում անընդունելի է: Այնպես որ, եթե վերը նշված «եթե»-ները չկան, ապա այս ծրագիրը պետք է առաջ տանել: Ու պետք չէ անգամ քաղաքական ենթատեքստ փնտրել: Շիրակի դեպքում մի օր առաջ ամեն ինչ պետք է անել, որ մարզում աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ վերադառնան:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ