ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի արդարությունը վերականգնվի, անհրաժեշտ է արդարադատություն տեղի ունենա

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը նախաձեռնել են մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրվելու է «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների գործունեությունը: Եվ չի բացառվում, որ արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ սկսվեն իրավական գործընթացներ:

«Շրջապատի» զրուցակիցն է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Պարոն Խաչատրյան, մեր հարցազրույցներից մեկում Դուք կարևորել էիք նախկինում ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորների հարցը քննության առնելու հարցը: Ու չնայած հասարակությունը սպասում էր, որ դատական համակարգում բարեփոխումներ են իրականացվելու կամ վեթինգ է լինելու, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, առայժմ այն օրակարգում չկա: Հիմա Դուք և պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնություն եք սկսել այդ նպատակով:

— Վեթինգից այնքան տեղի ու անտեղի խոսվեց, որ այն ոնց որ մի անճոռնի երևույթի է վերածվել: Ի՞նչ է վեթինգը. դա դատական համակարգից կոռումպացված, կամ քաղաքական պատվեր կատարած, կամ մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ ունեցող, որոնք էլի կոռուպցիայի արդյունքում դատական իշխանությունում հայտնված դատավորների զտումն է: Մենք ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք, որ դատական համակարգում լինեն դատավորներ, որոնք կոռումպացված չեն եղել, որոնք քաղաքական պատվերներ չեն կատարել և որոնք մասնագիտական հմտություններով համապատասխանում են 21-րդ դարում դատավորի չափորոշիչներին: Եթե հաջողվի Հայաստանում իրականացնել այս ռեֆորմը կամ, ըստ ընդունվածի՝ վեթինգը, ապա մենք կունենանք իրապես անկախ դատական համակարգ: Բայց մենք տեսնում ենք, որ այս պրոցեսը շատ դանդաղում է:

Դանդաղո՞ւմ է, թե՞ ենթադրելով Արդարադատության նախարարի՝ այս թեմայի շուրջ արած հայտարարությունից, կարծես օրակարգում չի էլ դիտարկվում:

— Անկախ Արդարադատության նախարարի անձից, մեր պահանջը մենք ուղղում ենք հեղափոխական իշխանությանը: 2018 թվականին եղավ հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն: Ենթադրվում էր, որ իշխանության փոփոխությունը բերելու էր նաև հեղափոխական լուծումներ՝ այս կուտակված հարցերը լուծելու համար: Բայց մենք տեսնում ենք ոչ թե ռեֆորմներ, այլ ընդամենը ռեֆորմների մասին խոսակցություն: Այս պարագայում, օրինակ, դատական համակարգի ճգնաժամը գնալով ավելի խորանալու է, որովհետև դատական համակարգը հավաքվելու է նախկին կամ ենթադրաբար հեռացվող դատավորների շուրջ ու շատ հզոր դիմադրություն է ցույց տալու առաջիկա բարեփոխումներին, եթե, իհարկե, այդպիսիք լինեն: Հենց դրա համար մենք պնդում էինք, ու հիմա էլ հաստատակամ այդ մտքին ենք, որ հեղափոխական տեմպով պետք էր դատարանների զտումը կատարվեր: Հիմա էլ ուշ չէ, կոռումպացված, հովանավորչության արդյունքում ցածր մասնագիտական որակավորում ունեցող, քաղաքական պատվերներ կատարած դատավորներից պետք է կարողանանք ազատել դատական համակարգը: Համակարգ բերենք երիտասարդ, նոր կադրերի, ովքեր, բնականաբար, այս տեսակ գործընթացների մեջ ներգրավված չեն եղել:

Եթե Ձեր սկսած նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ապացուցողական կամ փաստական բազա ունենաք ձեր ձեռքին, ապա իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ սկսելու իրավական գործընթացներ, օրակարգ կբերի՞ վեթինգը կամ դատական համակարգի զտումը:

— Ի տարբերություն այս երիտասարդ «քայլող սերնդի», ես դատական համակարգին դիմել եմ թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, առավել ևս՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլև այն իրավապաշտպան կամ քաղաքական շրջանակները, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել. ես 2003-2008թթ. իրավապաշտպան հասարակական կազմակերպության ակտիվ անդամ եմ եղել և ինձ երբեք չի կանգնեցրել իշխանության բնույթը կամ դատական համակարգի վիճակը, որպեսզի ես անհրաժեշտ իրավական գործընթացները նախաձեռնեմ: Ուր մնաց 2018-ից հետո, որ ես իմ գործողությունները կանխորոշեմ իշխանության քաղաքական դիրքորոշման կամ կամքի հետ: Բայց կարծում եմ, որ էական տարբերություն կա գործող և նախորդ իշխանությունների միջև, ու առնվազն լեգիտիմության բարձր վարկանիշը, որն ունի այս իշխանությունը, ինձ հույս է տալիս, որ առնվազն քաղաքական պատվերի արդյունքում իրավական գործընթացները չեն տուժելու: Եվ իշխանություններն արգելք չեն լինի, որպեսզի իրավապահներն անհրաժեշտ գործընթացները կատարեն, օբյեկտիվ հանցակազմ գտնելու կամ առերևույթ հանցակազմ լինելու դեպքում հարուցեն քրեական գործեր: Եվ այդ գործերով մեղավոր անձինք՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ ենթարկվեն քրեական հետապնդման: Սա բնավ չի նշանակում, որ հարյուրավոր անձինք անպայման հայտնվեն բանտախցերում: Քրեական պատասխանատվությունը նախ առաջին հերթին մեղքի ճանաչումն է՝ օրենքի կողմից: Որոշ դեպքերում, իհարկե, կարող են լինել անձինք, որոնց կատարած արարքներն այնքան ծանր են եղել, որի արդյունքում պիտի պատասխանատվություն կրեն նաև անազատության տեսքով, բայց ավելի շատ կարևորում եմ, որ դատարանների կողմից ճանաչվի անձանց՝ իրենց կողմից կատարված հանցանքը, մեղքը: Սա անհրաժեշտ է ոչ միայն արդարադատության կայացման համար կամ խաթարված արդարադատության վերականգնման համար, որքանով անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդկանց գործողությունների հետևանքով տուժած անձինք ռեաբիլիտացվեն՝ նախկինում իրենց չարած արարքների համար պատասխանատվություն կրած անձինք կարողանան արդարացվել, նաև փոխհատուցում ստանան: Սա շատ կարևոր է: Որպեսզի արդարությունը վերականգնվի, անհրաժեշտ է, որ արդարադատություն տեղի ունենա:

Պարոն Խաչատրյան, «Մարտի 1»-ի գործով՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, կա թիվ մեկ մեղադրյալ, սակայն նրա նկատմամբ դատավարական վարույթը դոփում է տեղում: Արդյո՞ք 2008-ի մարտիմեկյան դեպքերի հետ կապված դատական վճիռները կարող են համարվել ապօրինի կամ անարդար, քանի դեռ գլխավոր պատասխանատուի վերջնական վճիռը կայացված չէ:

— Օրինակ, կոնկրետ դատավորի վերցնենք ու կոնկրետ այդ դատավորի կողմից դատապարտված անձանց, ու չենք գտնի որևէ օբյեկտիվ հիմք՝ հասկանալու, թե էս դատավորը, օրինակ, Մնացական Մարտիրոսյանն ինչու է դատապարտել Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին… Պետք է հասկանանք, թե ինչու են ակնհայտ ապօրինի դատական ակտերի միջոցով այս մարդկանց դատապարտել ամենատարբեր ժամկետների: Մենք Արման Բաբաջանյանի հետ պատրաստվում ենք հենց այս հարցադրումներն անել իրավապահ համակարգին, որպեսզի վերջիններս պարզեն՝ ինչի են տասնյակ դատավորներ մարդկանց նույն մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկել՝ ապօրինի ու շինծու գործերով: Այդ դատավորները մասնագիտական գիտելիքներով օժտված են եղել, որպեսզի կարողանային գնահատել մեղադրանքի ծավալը և գալ թեկուզ ներքին համոզման, թե մեղադրված մարդիկ արդյո՞ք եղել են մեղավոր իրենց առաջադրված մեղադրանքներում: Այստեղ առաջ է գալիս կասկած, որ այս մարդիկ կատարել են մի կենտրոնից հրահանգված գործողություններ, որոնք ուղղված են եղել սահմանադրական կարգը տապալելուն աջակցելուն: Եթե առանձին-առանձին վերցնենք այս դատավորների կայացրած դատավճիռները ու բերենք մի ընդհանուր շրջանակի մեջ, տեսնում ենք, որ նրանց գործողություններն ուղղված են եղել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների՝ սահմանադրական կարգի տապալման գործընթացին օժանդակելը: Նպատակն եղել է ընդդիմության ակտիվ առաջնորդներին, ղեկավարներին անազատության մեջ պահելը և հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելը, որ ովքեր որ ակտիվ են, այս մարդկանց ճակատագրին կարժանան, ու այդ գործողությունները խրախուսվել է Քոչարյանի, հետագայում Սերժ Սարգսյանի կողմից ուղիղ հրահանգավորված: Այստեղ կարևոր դերակատարում է ունեցել նաև գլխավոր դատախազը, գլխավոր դերակատարում է ունեցել դատական իշխանությունը, Վճռաբեկ դատարանն ու նախագահը, Քրեական պալատի նախագահը, իրենց ձեռքի տակով են անցել այս բոլոր գործերը: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք բանդայի հետ: Հրեշավոր հանցագործություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդկանց ճակատագիր է խեղվել, ունեզրկվել են… Եվ սա էլ վեթինգի մի ճանապարհ կարող է լինել, իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պիտի գործողություններ ծավալեն: