ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ու էլի, ու էլի անօթեւանության մասին

«Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման առարկան անօթևանության թեման էր: Բանախոսներն էին «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը երկար տարիների ակտիվ գործունեության շնորհիվ, բարերաների օգնությամբ բազմաթիվ անօթևաններ են բնակարաններով ապահովվել, Գյումրի համայնքի ոչ հիմնական շինությունների փաստագրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Մհեր Խաչատրյանը (նախկինում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն), Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը և Գյումրու անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը:

Ինչպես գիտեք, Վարչապետի հանձնարարականով, քաղաքաշինության կոմիտեն ստեղծել էր հանձնաժողով, որը քարտեզագրելու էր Գյումրու ժամանակավոր կացարանները, հստակեցներ անօթևանների թիվը, ինչպես նաև պարզեր, թե որ անօթևանն ինչու է այդ կարգավիճակում ու երբվանից:

Վահան Թումասյանը ներկայացրեց քաղշինի բաց տվյալները. ամբողջ աղետի գոտում հաշվառված է եղել 7231 տնակ, որից 3530-ը Շիրակի մարզում (2830-ը միայն Գյումրիում): Ըստ բանախոսի, երբ իրենց կողմից տնակների հաշվառում է իրականացվում, անօթևանների մոտ թյուր կարծիք է ձևավորվում, թե բնակարան հատկացնելու համար է, սակայն զգուշացրեց, որ սա դեռ պարտավորեցնող չէ, չնայած որ մարդկանց պարզորոշ պիտի ներկայացվի, թե ինչ է սպասվում, քանզի նրանք ևս 10-20 տարի հույսով սպասելու ժամանակ չունեն. «Եթե առաջիկայում բնակապահովման որևէ  ծրագիր իրականացվի, պետք է պարզ ասել ժողովրդին, թե որ կարգավիճակ ունեցող ընտանիքները կարող են ապահովվել բնակարանով, որոնք` ոչ, որպեսզի նախորդ տարիների նման մարդիկ 30 տարի չսպասեն, իսկ երբ քաղաքաշինության նախարարությունը հավաքեց փաստաթղթերը` 500-600 ընտանիքի մերժեց: Եթե նախապես պարզ ասվեր` նրանք վաղուց իրենց գլխի ճարը կտեսնեին»:

Տիգրան Հարությունյանն ի լրումն ավելացրեց, որ այս հաշվառումը վերաբերում է ոչ միայն աղետի հետևանքով մնացած անօթևաններին, նաև այլ պատճառներով անօթևան դարձածներին: Մինչև հունիսի 30-ը հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտված լինեն: Առաջնահերթ պետք է դիտարկման տակ լինեն երկրաշարժի պատճառով անօթևան մնացածները, որոնց նկատմամբ պետությունն իր պարտավորությունները դեռ չի կատարել: «Բացի այս, կառավարության որոշմամբ, բազմանդամ ընտանիքները կիսվեցին, սակայն փաստացի համարվելով փոխհատուցված՝ ընտանիքի մի մասը շարունակում է բնակվել տնակում: Մեծ ծավալուն աշխատանք է: Պատկերացրեք, 3535 ընտանիքի հարցում ենք արել, ընդհանուր 24975 անդամ, 11354 քաղաքացու կադաստր և ոստիկանություն հարցում ենք արել՝ թե 1988-ից մինչ օրս յուրաքանչյուրը որտեղ է հաշվառված եղել»:

Մհեր Խաչատրյանն էլ նկատեց, որ հաշվառումը կոնկրետ վերաբերում է ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևաններին, չեն ներառվում նրանք, ովքեր տնակներում չեն բնակվում: «Հակառակ դեպքում մենք ունենք բազմաթիվ անօթևաններ` և երկրաշարժի արդյունքում, և մինչ երկրաշարժը, կամ երկրաշարժից հետո էլ եղել են անօթևան, բայց իրենք ներառված չեն այս ցուցակներում: Այս թվերը, որ նշում ենք, այդ մարդիկ չկան. շատերը հանրակացարաններում են բնակվում, շատ մարդիկ կան, որ վթարային շենքերի մեջ են բնակվում: Բազմաթիվ են: Պարոն Թումասյանը ճիշտ նշեց, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե ովքեր փաստագրված են տնակների մեջ` իրենք արդեն կստանան բնակարանի բանալիները… Դա ապատեղեկատվություն է: Որքանով գիտեմ, Լևոն Բարսեղյանի կողմից փաթեթ էր ներկայացվել, թե որ բնակչին ինչպիսի լուծում կարելի է տալ: Կոչ եմ անում ու հորդորում, որ ամեն մեկի ուսումնասիրությունը մինչև չկատարվի ու չհայտարարվի՝ կառավարության ու վարչապետի գլխավորությամբ, նոր միայն քաղաքացին կիմանա, թե ում ու ինչ լուծում է սպասվում: Բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Նույնիսկ խաբեության դեպքեր են լինում»: Եվ Մհերը նկարագրեց, թե ինչպես են փորձել 3000 ԱՄՆ դոլարով տնակ վաճառել ու գնորդին համոզել, թե շուտով բնակարան կստանա: Մարդ կա, հետաքրքրվում է, ու խաբեության զոհ չի դառնում, մարդ էլ կա մնում է ձեռնունայն: Այս ոլորտը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակել ու ամենաթողություն է տիրել:

Աշխատանքային խումբը առավոտից երեկո պտտվում է տնակներով, բազմապիսի խախտումներ են արձանագրել: Գտնում են, որ կրակն են ընկել հայտարարություն անելով, թե մինչև հունիսի 30-ը պիտի տվյալներ ներկայացնեն վարչապետին:

Վահան Թումասյանն էլ կատակով նշեց, թե արդեն այնքան են անօթևանների հարցերով զբաղվել, այնքան խնդիրների ու բազմապիսի խճճված հարցերի հանդիպել, որ կարող են գիտական թեզ գրել:

Մի խոսքով, որքան էլ քննարկումներ եղել են, որքան էլ հանձնաժողովներ ստեղծվել են, որքան էլ խոստումներ տրվել են, եթե այս պահին կա կառավարության պատրաստակամություն ու հանձնարարական, ապա մինչև հունիսի 30-նն ու մի քիչ ավել էլ դեռ պիտի սպասենք, որպեսզի ի վերջո հստակ լինի՝ բնակարանաշինություն լինելո՞ւ է, ԲԳՎ ծրագիր իրականացվելո՞ւ է, թե՞… ոչ մի բան էլ չի լինելու…

Լուսանկարները՝ Dialogue Media Center-ի