ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ հանդիպումներ են սկսվել հարկային տեսչությունների բոլոր ծառայությունների հետ, որոնց նպատակն է ամփոփել հարկային ստվերի վերհանման և կրճատման ուղղությամբ առաջին կիսամյակի արդյունքները, այդ թվում՝ նախանշելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն առաջիկա 6 ամսվա ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախորդ ամիսներին ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում:

100 մլն և ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի 1-ից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը։ «Առաջարկելու ենք, որպեսզի հարկ վճարողները կամավոր ներկայացնեն ճշտված հաշվարկներ և վճարեն նախորդ 6 ամսվա ընթացքում չվճարված հարկերը: Հակառակ դեպքում, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաև հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները և ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաև քրեական գործեր հարուցելու»,- նշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Մինչև 100 մլն շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է: Կարեն Բրուտյանի խոսքով՝ այս դեպքում կոմիտեն հետևելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով։ «Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետևելու դեպքում հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»,– ասել է Բրուտյանը:

Ի տարբերություն ռիսկային հարկ վճարողների՝ բարեխիղճ տնտեսվարողները մտահոգվելու առիթ չպետք է ունենան: Առաջիկա ամիսներին ՊԵԿ վարչարարության հիմքում նաև օրենսդրական սողանցքների՝ իրական հարկային պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն ընձեռող իրավական մեխանիզմների բացառումն է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին