ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Պետք է հասկանանք, որ վարկային ծրագիրը նաեւ պարտավորություն է»

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի ծրագրերի զարգացման, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ ԿԱՐԵՆ ԲԱԴԻՇՅԱՆԻ հետ:

— Պարոն Բադիշյան, շատերը ծանոթ չեն, թե մարզպետարանի այս կամ այն բաժինն ինչո՞վ է կոնկրետ զբաղվում, օրինակ` ի՞նչ ռազմավարություն է իրականացնում Ձեր ղեկավարած բաժինը:

— 2017-2025 թվականների ռազմավարության ծրագրում մեր բաժինն ունի հստակ նպատակներ` իրենց ցուցիչներով, և այն գերակայությունները, որոնց պետք է հասնենք նշված ժամանակահատվածում: Դրանք հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն են առնչվում և, քանի որ մեր մարզում հողատարածքների մեծ մասը գյուղատնտեսական նշանակության են, ուստի նաև գյուղտեխնիկայի նորացման ծրագրերին է ուշադրություն հատկացվում, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խրախուսվում: Ասեմ, որ 2017 թվականին իրականացված, ինչպես նաև ապագայում իրականացնելիք ծրագրեր ունենք:

— Այդ ծրագրերից հակիրճ կներկայացնե՞ք: Մասնավորապես` ի՞նչ է արվել այս ուղղությամբ նախորդ տարի և, ի՞նչ է սպասվում արդեն ընթացիկ տարում:

— 2017 թվականին մենք կառավարությանը ներկայացրեցինք 14 ծրագիր, որոնցից 7-ը հավանության է արժանացել վարչապետի կողմից, իսկ երեքն արդեն իրականացման ընթացքի մեջ են: Դրանցից մեկը «Բասենի գովք» ՍՊԸ-ի կողմից նախկին «Շիրակ» հյուրանոցի տեղում առևտրային կենտրոն և հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրն է: Ըստ այդմ, հիշյալ ընկերությունը մեկ միլիարդ դրամի ներդրում անելով, 150 աշխատատեղեր կստեղծի:

Երկրորդ ծրագիրը կապված է նախկին Տեքստիլի ակումբի` «Արագած» մարզամշակութային կենտրոնի հետ: Կենտրոնի տնօրեն Հրաչիկ Խաչատրյանն է այդ ծրագիրը ներկայացրել: Մենք համատեղ աշխատել ենք դրա վրա, մեր ջանքերով այն հասցվել է Տարածքային կառավարման նախարարություն, որտեղ ուսումնասիրվել է շուկան, ընդհանուր գնահատական է տրվել և վարկային ծրագրի իրականացումն հավանություն է ստացել: Երրորդ ծրագիրը Աշոցքի խոշորացված համայնքի Բավրա բնակավայրում է մեկնարկել: Կորյուն Սումբուլյանի կողմից ներկայացված համայնքային ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է հնդկացորենի ցանքատարածությունների ընդլայնում: Հնդկացորենի մշակումից հետո, այն հնդկաձավարի է վերածվում: Համապատասխան սերմացու և սերմազտիչ է ձեռք բերվել, ինչն անհրաժեշտ էր, որպեսզի գործարանն ամբողջ հզորությամբ աշխատելու հնարավորություն ունենար:

— Քանի որ նման ծրագրերի իրականացման համար վարկը, ըստ իս, բավականին կարևոր բաղադրիչ է, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այն ինչպիսի՞ պայմաններով է տրվելու:

— Վարկը տրվելու է արտոնյալ պայմաններով, ինչի համաձայն` առաջին տարում միայն տոկոսադրույքն է մարվելու: Այն տրամադրվելու է տրանշներով: Առաջին մասն արդեն հատկացվել է: Մասնավորն ունի իր ներդրման մասը: Նշեմ նաև, որ ծրագրային կարևոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է այն, որ պահանջվող գումարի 20-30 տոկոսը անհրաժեշտաբար մասնավորի ներդրումը պետք է լինի, հակառակ դեպքում` ներկայացված ծրագիրը պարզապես քննարկման ենթակա չէ:

— Իսկ ներկայացված ո՞ր ծրագրերն են, առհասարակ, մերժվում:

— Այն ծրագրերը, որոնցում մասնավոր ընկերություններն ակնկալում էին պետական դրամաշնորհի միջոցով դրանք կյանքի կոչել, մինչդեռ հայտնի է, որ պետությունը չի կարող մասնավոր հատվածին դրամաշնորհ տալ, ընդ որում` վերջիններիս կողմից առանց որևէ ներդրման պարտավորության: Նաև ունեինք ծրագրեր, որոնց համար վարկավորման միջոցով տարբերակներ առաջարկվեցին, սակայն գործարարները դրանցից հրաժարվեցին: Որոշվեց միառժամանակ հետաձգել այդ ծրագրերի իրագործումը: Նաև ունեինք համայնքային ծրագրեր: Օրինակ` կտավատի ձեթի արտադրության ծրագիրը, որը Ձիթանքով համայնքի կողմից էր ներկայացվել: Դիմեցինք միջազգային կազմակերպությանը և որոշվեց հետագայում այն քննարկել, երբ նոր պահանջներին համապատասխան ձևակերպված ծրագիր կներկայացվի: Ունենք նաև այլ ծրագրեր, մասնավորապես` «Կանանց տեխնոլոգիայի կենտրոնի» հիմնադրամի կողմից ներկայացված, նաև սառեցված կիսաֆաբրիկատների արտադրության հետ կապված, սակայն դեռևս հստակություն չկա վերջնական որոշման կայացման հարցում:

— Նախքան ծրագրի հայտնվելը մարզպետարանում, ինչպիսի՞ մեխանիզմ է գործում, որպեսզի այն քննարկման առարկա դառնա և ընթացք տրվի դրան:

— 2017 թվականի սկզբին վարչապետը Գյումրում հայտարարեց զարգացման ծրագրերին մեկնարկ տալու իր հավանության մասին: Գործարարները դրանով ոգևորված, սկսեցին համագործակցել մեր բաժնի հետ և ծրագրեր ներկայացրին: Ասեմ, որ ծրագրային փաթեթներն այնպիսին էին, որոնք ներկայացնողների հետ մեր կողմից էլ խորհրդակցելու և դրանք փոփոխության ենթարկելու առիթ էին տալիս: Ավելի լավ էր, ըստ մեզ, դրանք վերջնական տեսքով ավելի ուշ ներկայացվեին կառավարությանը, քան թե առաջին իսկ փուլից մերժվեին ` ոչ ճիշտ կամ անհավաստի հաշվարկների պատճառով: Ըստ ծրագրի, պահանջվող գումարը կարող է և միանգամից հավանության արժանանա, բայց նախ` պետք է հասկանանք, որ դա վարկային ծրագիր է, ինչը նաև պարտավորություն է, և պետք է որոշակի ժամանակահատվածում` գումարային մարումների, սպասարկման տեսանկյունից իրատեսական լինի տվյալ գործարարի համար:

— Նախկինում, մինչ պետական պաշտոնյա լինելը, դուք գործունեություն եք ծավալել հասարակական կազմակերպությունների դաշտում, ինչպիսի՞ն են այժմ Ձեր հարաբերություններն այդ ոլորտի ներկայացուցիչների հետ:

— Այս առումով մարզպետարանը խտրականություն չի դնում համագործակցության հարթությունում: Ծրագրերով հանդես են եկել նույնիսկ ֆիզիկական անձինք ու բոլորի հետ նույն գործընթացն է իրականացվել: Մենք միջանկյալ օղակ ենք հանդիսանում` վեր բարձրացնելով այն հարցերը, որոնք համահունչ են մարզի զարգացման գերակա ռազմավարությանը: Մեր նպատակն է, որ որակյալ ծրագրերն ավելի շատ լինեն, որպեսզի պետությունը աջակցի դրանց և մարզում աշխատատեղերի աճ արձանագրվի: Ծրագրի ճակատագիրը կախված է նրանից, թե որքանո՞վ այն կարող է արդյունավետ ու շահեկան լինել մարզի համայնքների համար:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ