ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Ջգողություն» կրթօջախների միջեւ

Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում գործում է «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում են ինչպես թաղամասի դպրոցականները, այնպես էլ «Թռչունյան տուն» խնամքի հաստատության սաները: Դպրոցը պետական հովանավորություն չունի և գործում է բարեգործական հիմունքներով:

Դպրոցի տնօրեն Սոնա Սիմոնյանի տեղեկացմամբ՝ կրթօջախը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած. «Մեր մանկավարժները պատշաճ կատարում են իրենց պարտականությունները, բայց վարձատրվում են պետական հանրակրթական դպրոցի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Դպրոց հասնելու համար նրանք երկու տրանսպորտ են փոխում, քանի որ միայն մեկ երթուղի է սպասարկում «Սևերսկի» թաղամասը, որը հասանելի չէ քաղաքի տարբեր մասերում ապրող մեր ուսուցիչներին: Գրեթե բոլոր ուսուցիչները սոցիալապես անապահով են, նրանք չեն ստանում մանկավարժների հասանելիք սոցիալական փաթեթները: Ի՞նչ տարբերություն, թե մանկավարժը որտեղ է դասավանդում՝ պետակա՞ն, թե՞ ոչ պետական դպրոցում, նա պետք է պաշտպանված լինի պետության կողմից: Մեր կողմից ոչ մի խախտում չի եղել հարկային դաշտում, մենք պարտաճանաչորեն ամեն ամիս կատարում ենք մեր հասանելիք վճարումները, այսինքն՝ մենք մեր պարտականությունները կատարում ենք, սակայն ստացվում է, որ պետությունն իրենը չի կատարում»:

Հավելենք, որ բացի վերը նշված խնդիրներից, հիմա էլ մի նոր խնդիր է ծառացել հաստատության առաջ: Տարիներ ի վեր դպրոցն ընդգրկված է եղել ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրում, համաձայն որի, դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտներն օրական մեկ անգամ ստացել են սնունդ: «Այս ծրագիրը  մեր բյուջեի սուղ միջոցների դեպքում բավականին մեծ աջակցություն էր: Սեպտեմբեր ամսից ՄԱԿ-ն այդ նույն ծրագիրն իրականացնում է Կրթության և գիտության նախարարության հետ և կոչվելու է «Կայուն դպրոցական սնունդ»: Մենք շատ մտահոգված ենք, քանի որ մենք պետական դպրոց չենք, մեզ չեն ընդգրկի նոր ծրագրում: Նորից մի նոր մտահոգություն, այս նոր ծրագրում ընդգրկված են ՀՀ-ի տարրական օղակի բոլոր դպրոցականները, սակայն մեր 54 երեխայի համար այդ սնունդը չի նախատեսվում: Ինչպես կարելի է այս ամենն անարդարացի վերաբերմունք չհամարել, առավել ևս, որ այդ 54 երեխաների մի մասը մանկատան սաներն են, իսկ մյուսը «Սևերսկի» թաղամասի անապահով ու տնակներում ապրող երեխաները»,- նշեց տնօրեն Սոնա Սիմոնյանը:

ԱՆՆՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ