ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ռոք-օպերա Գյումրիում

Մարտի 15-ին Գյումրիում առաջին անգամ մատուցվելու ռոք-օպերա՝ համեմված շոու ծրագրով: Նախագծի հեղինակն է երգչուհի Անի Բեկջանյանը (բեմական անունը՝ Անի Բեկ):

Անի Բեկջանյանը սովորել է Գյումրիում: Աավարտել է կոնսերվատորիան և աշխատանքի անցել Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում՝ որպես վոկալի դասախոս: Քանի որ Անիի ամուսինը զինվորական է, մի քանի տարի բնակություն են հաստատել Արցախում, մասնակցել քառօրյա պատերազմին: Արցախում Անին համերգային ծրագրերով ներկայացել է տարբեր քաղաքներում, ինչպես նաև՝ մարտական դիրքերում: Վերադառնալով Գյումրի, շարունակել է աշխատանքը նույն երաժշտական քոլեջում:

Հարցազրույց երգչուհի Անի Բեկի հետ:

Անի, մեր ընթերցողը Ձեզ ծանոթ է թերթի հոդվածներից մեկից, որտեղ պատմել ենք անցած տարի Գյումրու ԿարաՄուրզայի անվան երաժշտական քոլեջի հաշվետու համերգի ձևաչափը փոխելու և իսկական մյուզիքլ ներկայացրելու մասին: Հիմա, մեկ այլ նորություն է կապվում Ձեր անվան հետ. մարտի 15-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում կկայանա ռոքօպերա՝ Անի Բեկի կատարմամբ:

— Այո, հետաքրքիր լուծումներով, ավելին՝ առեղծվածային լուծումներով է համեմված համերգը, որը զուտ կատարողական առումով մոտ 55 րոպե տևողությամբ է, որին գումարվում է նաև շոու հատվածը:

Քանի որ ռոքօպերա ժանրը մեր քաղաքում նորություն է, կարո՞ղ ես փակագծեր բացել. շոուն հայտնի ստեղծագործությունների՞ց է կազմված, իմպրովիզացիաներո՞վ է լուծում տրված

— Ընդհանրապես, ռոք-օպերան Հայաստանում լրիվ նոր ժանր է: «Էնիգմա» խմբի մոտեցումներից հետո այս ժանրի ներկայացուցիչներ հետագայում շատ չեն եղել, առավել ևս, ինչպես ասացի՝  Հայաստանում: Սակայն տեղյակ եմ, որ պահանջարկ կա: Մեր ծրագրած ռոք-օպերայում չենք ներառել հայտնի ստեղծագործություններ, որին նրբաճաշակ երաժշտասերները ծանոթ են: Միայն մեկ ստեղծագործություն է հայտնի, որը համերգի սկզբում է հնչելու, և որը դարձյալ ռոք-օպերա ժանրում չի կատարվել: Այնպիսի նյութեր եմ ընտրել, որ ունկնդրի ականջին հաճելի լինի:

Ես էլ հենց դա նկատի ունեի:

— Տեսեք, ես ուղղակի ուզում եմ բացատրել, որ ռոք իմանալով, դա այն ռոք ոճի երաժշտությունը չէ, որ պիտի մարտի 15-ին ունկնդրի երաժշտասերը, այլ ռոքից ու օպերայից տարբերվում է, սա ընկալելու համար առնվազն անհրաժեշտ է լսել:

Իսկ գյումրեցի քմահաճ հանդիսատեսը պատրա՞ստ է ռոքօպերա ունկնդրելու:

— Այսպես ասեմ. մենեջերս ասաց, որ ես ամբողջ համերգասրահի ունկնդիրներին շատ լավ կիմանամ, քանի որ գոնե ճանաչում եմ այն մարդկանց շրջանակը, որանք կարող են լինել իմ ունկնդիրները և ռոք-օպերա լսողները: Ես էլ իմ հերթին, իհարկե, խորհուրդ եմ տվել տոմսեր առաջարկել այն շրջանակներում, ովքեր այս ոճի ընկալողներ են: Քանզի սա նոր ժանր է, փոփսա չէ, որ մասսայական պահանջարկ ունենա: Կփորձենք, կտեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Ինձ համար էլ, բնականաբար, սա նոր է, և ես անհամբեր սպասում եմ այդ օրվան: Որպես անհատ կատարող, միգուցե որոշ շրջանակներում ինձ ճանաչում են, գիտեն, ի վերջո, 18 տարի է՝ բեմում եմ, և ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ևս: Բայց այս ժանրում ես առաջին անգամ եմ ներկայանալու:

Անի, իսկ մյուզիքլը, որ երաժշտական քոլեջում սկիզբ ունեցավ, այն շարունակություն ունեցա՞վ:

— Այստեղ չէի ուզենա փակագծեր բացել, բայց պիտի ասեմ, որ հանդիսատեսի համար շատ հետաքրքիր նորություն է սպասվում, որը նվիրված է ապրիլյան քառօրյային:

Դե ինչ, մնում է հաջողություն մաղթել և ցանկանալ, որ մարտի 15-ին ռոքօպերա ունկնդրողների համար այն վերածվի մեծ տոնի: