ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Սեւադա. «Գրքերը մեր ծոցում մեծացանք»

Մի քանի օր առաջ Գյումրիի փողոցներում մընգում էի ձեռքերս գրպաններս դրած, հասա Կիրովի փողոց ու ավելի դանդաղեցրի քայլերս… Հիշեցի որ դպրոցական տարիներիս ընկերներով իջնում էինք “վար” ման գալու Կիրովի վրա, բայց ենթատեքստում բոլորիս պատանի սրտերում սիրուն աղջիկներին նայելու, ու եթե բախտներս բերեր` ծանոթանալու միտքն էր շնկշընկում:

Մի Լեննական էր ու մի Կիրովի փողոց, որ դեռ էն ժամանակներից արդեն բուլվար էին դարձրել ու մեքենաների մուտքը արգելված էր: ՈՒ հիմա, չնայած սըռ ու պաղ առավոտ էր, բայց աշնան արևի ճառագայթների ջերմությունն ու հիշողություններս ջերմացրել էին սիրտս ու հոգիս, և ես դանդաղ վայելում էի Քաղքիս յուրահատուկ ու անկրկնելի մարդկանց ներկայությունը իմ շուրջը:

ՈՒ տեսա գրքերի այս դարսը Կիրովի վրա, ու կողքին էլ մարդ-մուրդ չկար, վաճառողն էլ երևի տեղ-մեղ էր գնացել, չկար: Կանգնեցի, մոտեցա ու սկսեցի հոտ քաշել գրքերից, որոնց թղթի յուրահատուկ բույրը մեր բարձերից չէր հեռանում, քանի որ էս գրքերը մեր ծոցում մեծացանք:

Ջեկ Լոնդոնի էս հատորների համար ահավոր կռիվներ, կսմթոցներ ու մազփետոցի էր սկսվում մեր բազմանդամ ընտանիքում: Իրար հերթ չէինք տալիս կարդալու համար: Մարտին Իդենն ու Սպիտակ ժանիքը մեր ընտանիքի անդամներն էին, ինչպես և Կոմս Մոնտե Քրիստոն, Դրայզերի Հանճարն ու Րաֆֆու Խենթը:

Իրար բարձի տակից գիրք էինք գողանում ու անհագորեն կարդում, երբեմն չուրի լուս: Գիրքը մեր տանը պաշտամունքի հասնող երևույթ էր: Մեր գրադարանը մեր հպարտությունն էր ու ամեն գրքի կորստյան հետ կռիվներ ու բացատրություններ էին սկսվում: Հատկապես հորաքույրս սիրում էր մեր գրքերից օգտվել ու շատ հաճախ “մոռանում էր” վերադարձնել տարածը: Եվ էդ ժամանակ “ռազբորկեք էին” սկսվում, ու գրքի տարբեր էջերում դրված ստորագրություններով էինք ապացուցում գրքի սեփականատիրոջը:

…Կանգնել էի գրքերի մոտ ու էլի շարունակում էի հազարերորդ անգամ մտովի բացատրել ուսանողներիս ու աշակերտներիս, որ էդ անտեր հեռախոսը ձե-զի ա-պա-գա չէ, գիրք կարդալ է պետք ու շատ կարդալ:

Էհ, լեննականցին կասեր — Շունը հաչա` քամին փչե:

Հիմա գրքի փոխարեն հեռախոսներն են ծոցերում քնում էս լակոտները:

Պիտակներ՝ ,