ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սովորողի համար 10 տարին էլ շատ է, չսովորողի համար նույնիսկ 20-ն է քիչ

Վերջերս կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, ըստ որի, բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ՝ ոչ մասնագիտական բաժիններում սովորող ուսանողների համար: Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ 12-ամյա կրթությունը բավարար գիտելիք տրամադրում է աշակերտներին այդ առարկաներից, և բուհական ծրագրերում դրանց կրկնությունն ազդում է ինչպես տվյալ մասնագետի, այլ նաև մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա:

Այս խնդրահարույց թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպված Գյումրու «Երկխոսությունների մեդիա կենտրոնում»: Բանախոս՝ ԳԱԱ հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանն ասում է, որ օրենքն այնքան էլ ընդունելի չէ, քանի որ ունի մի շարք թերություններ. «Այս նախագծի գլխավոր թերությունն այն է, որ չկա անուններն այն մարդկանց, թե ովքեր և ինչ հիմքերով են կազմել տվյալ ծրագիրը: Հաջորդ թերությունը՝ կրթության և գիտության մասին համատեղ օրենքի ընդունումն է, քանի որ դրանք իրարից բավականին տարբեր են: Նախ պետք է պարզել, արդյո՞ք նախագծի պատրաստմանը մասնակցել են կրթության և գիտության ասպարեզներից մասնագետներ, թե՞ միայն կառավարության շենքում է քննարկվել ու ստեղծվել»:

ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը նշեց, որ այս պահին քննարկում են օրենքի զուտ նախագծային տարբերակը, որը դեռևս հաստատված չէ. «Նախարարն այս մասին ասել է, որ չկա պարտադրության սկզբունք, օրենքի հստակ կետ կա, որ «Հայոց լեզու», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներն անկախ ԲՈւՀ-ի սեփականության ձևից երկու կիսամյակ պետք է դասավանդվեն և ամփոփվեն քննությամբ»: Ըստ նրա, եթե դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկան դասավանդվում է միջին հաշվով յոթ տարի, դրանից 5-6 ամիս անց աշակերտն ընդունվում է ԲՈւՀ, բայց դպրոցում ստացած գիտելիքն արդեն մոռացած, քանի որ դաս սովորել են զուտ գնահատականի համար, ապա այդ յոթ տարիների թողած բացը համալսարանն որքան էլ ցանկանա, չի կարողանա մի տարում լրացնել:

Թեմայի շուրջ իր կարծիքն արտահայտեց նաև ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը. «Ես ինքս էլ դեմ եմ, որ չդասավանդվի «Հայոց լեզու» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները, ինչ-որ տեղ կարելի է գրականությունը դպրոցի գիտելիքներով սահմանափակվել: Դպրոցում «Հայոց պատմություն» անցնում են, բայց չեն ստանում այնքան տեսական գիտելիքներ, որքան տալիս է ԲՈւՀ-ը: Դպրոցում հիմնականում տալիս են փաստական գիտելիքներ, բայց վերլուծություններ ուսանողը ստանում է համալսարանում»:

Թեմայի շուրջ «Շրջապատը» զրուցել է  նաև ՇՊՀ դասախոսների  հետ

Լուսինե Մանասյան (Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ). «Իհարկե, դեմ եմ, քանի որ դա սխալ որոշում է, ինձ թվում է, այս ճակատագրական պահին, մեր հայրենիքի համար այսպիսի դժվարին ժամանակներում նման որոշումները տեղին չեն: Մեր ժողովուրդը պետք է լավ իմանա իր լեզուն, պատմությունը: Մտածել, որ դպրոցում ստացած գիտելիքները հիմնավոր են՝ արդեն սխալ է, քանի որ ԲՈւՀ-ում սովորող մարդը, ինչ-որ բանով պիտի տարբերվի դպրոցական կրթություն ունեցող մարդուց և ավելի խորը ճանաչի, իմանա իր մայրենի լեզուն, իր պատմությունը: Եղել են դեպքեր, երբ ունեցել եմ ուսանողներ, ովքեր սովորելով, ենթադրենք՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բաժիններում, հայոց լեզվին տիրապետել են ավելի լավ, քան որոշ ուսանողներ, որոնց հանդիպել եմ մասնագիտական բաժնում»:

Անահիտ Նահապետյան. (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ). «Դա խոր սխալ որոշում է, բոլորս էլ գիտենք, որ մարդը շարունակական զարգանում է: Դպրոցական մտածողությունն, ըմբռնումն այլ է, համալսարանականն՝ այլ. հիմա բարբառն այնքան տարածված է, որ հայոց լեզվի հավելյալ ուսուցումն երբեք չի խանգարի»:

Ուսանողների կարծիքը ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշման մասին

Նաթելլա Հովհաննիսյան (ՇՊՀ Սոցիալականաշխատանք, 2-րդ կուրս). «Իմ կարծիքով սխալ է ոչ մասնագիտական բաժիններից դուրս հանել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, քանի որ յուրաքանչյուր մասնագետ պարտավոր է իմանալ հայերենի քերականությունը, իսկ ինչ վերաբերում է պատմությանը, ապա  յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր պատմությունը, իր նախնիների հերոսական քայլերը: Իսկ 12-ամյա կրթության մասին կասեմ, որ սովորող աշակերտի համար 10 տարին էլ շատ է, չսովորողի համար նույնիսկ 20-ը քիչ է»:

Արփինե Բիշարյան (ՇՊՀ Հոգեբանություն, 1-ին կուրս). «12-ամյա կրթությունը չափազանց քիչ է, որ հիմք հանդիսանա ԲՈւՀ-երի ոչ մասնագիտական բաժիններում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չդասավանդվելու համար, որովհետև կան դպրոցներ, որ այդ առարկաները չեն դասավանդում բուն մասնագետները ու դասընթացը լավագույն դեպքում անցնում են մակերեսային, իսկ ուսանողը դիմում է համալսարան, որ հնարավորինս լրացնի բացերը»:

Անի Ավետիսյան (Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետի Սերվիս բաժնի 3-րդ կուրս). «Ես դրական եմ վերաբերվում տվյալ որոշմանը: Ինչո՞ւ. որովհետև ինձ համար, այսպես ասած, իմաստի բացակայություն կա. դպրոցում 12 տարի սովորել Հայոց լեզու, ու գալ համալսարան՝ կես տարի,  մի տարի նորից վրայով անցնել։ Ըստ իս, դա ընդամենը ուսանողի համար ծանրաբեռնվածություն է։ Դրա փոխարեն կարելի է ինչ-որ թեթև մասնագիտական առարկա անցնել, կամ ընդհանուր այլ առարկա, որը բոլոր ֆակուլտետներում դասավանդվում է»:

Լիանա Հովհաննիսյան (Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ՝ զբոսաշրջություն, 1-ին կուրս). «Ինձ թվում է, կան մասնագիտություններ, որտեղ պատմություն առարկան պարտադիր չէ, բայց Հայոց լեզուն, անկախ մասնագիտությունից պարտադիր է, և ցանկալի, որ դասավանդվի»:

Պայծառ Զաքարյան (ՇՊՀ հոգեբանություն, 1-ին կուրս). «Ըստ իս, որոշման ընդունումը սխալ է, որովհետև ամեն դեպքում անհրաժեշտ է Հայոց լեզվի ուսուցումը, քանի որ դրա իմացությունը պարտադիր է, ինչպես նաև պարտադիր է հայ ժողովրդի պատմության իմացությունը, ես կտրականապես դեմ եմ»:

Արմինե Գրիգորյան (ՇՊՀ քարտեզագրություն և կադաստրային գործ, 4-րդ կուրս). «Հաշվի առնելով այն փաստը, որ շատերն անգամ քերականություն չգիտեն, համարում եմ, որ սխալ որոշում է: Հայոց պատմությունը մեր պետականությունն է, մեր ինքնության պահպանումը, ասել, թե դպրոցում անցածը բավարար է՝ սխալ կլինի: 5-6 տարին քիչ է պատմություն առարկան սերտելու համար, գրականությունն առավել ևս, քանի որ հիմա ոչ մասնագիտական բաժինների շատ ուսանողներ նույնիսկ գաղափար չունեն Թումանյանից, Սահյանից և մյուսներից,  էլ չեմ խոսում լատինատառ, կիսագրագետ գրելու մասին»:

ՌԻՄԱ ԿԱՐՃԻԿՅԱՆ
ՇՊՀ ուսանողուհի, 4-րդ կուրս