ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սոցիալական բնակարանները շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին

Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում, նախկին կիսակառույցի վրա կառուցված 11 սոցիալական բնակարանները (մեկ հատ 3-սենյականոց, մնացածը՝ 1-սենյականոց) շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին:

Համայնքային սեփականության բնակարանների կառուցման համար ծախսվել է մոտ 78 մլն դրամ, որից 3.6 միլիոնը քաղաքապետարանն է ներդրել, մնացածը՝ բարեգործական հիմնադրամը: Բնակարանների շահառուներն ընտրվելու են վիճակահանությամբ. նրանք լինելու են տնակներում բնակվող հաշմանդամ և միայնակ ծերեր, իսկ մեկ 3 սենյականոց բնակարանը տրվելու է բազմազավակ ընտանիքի:

Հունիսի 16-ին Գյումրու քաղաքապետարանում «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշվեց, որ լուծվելու են բնակարանների արտաքին, կոմունիկացիոն հարցերը. գազ, էլեկտրականություն, կոյուղի: «Ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Բնակարաններն ունենալու են լոկալ ջեռուցման համակարգեր, խոհանոցային կահույք: Հնարավոր է՝ բնակիչների կոմունալ ծախսերը ևս լուծեն բարերարները»,- նշեց Հ.Ստեփանյանը:

Քանի որ Գյումրիում 3000-ից ավել անօթևան կա, «Շրջապատը» Հ.Ստեփանյանին հարց ուղղեց. «Արդյո՞ք նախատեսված է հիմնանորոգել Մարմաշենի խճուղուց դեպի «Մուշ» թաղամաս տանող ճանապարհի հատվածում գտնվող կիսակառույցները»: «Եկեք սա վերջացնենք, հետո դրա մասին խոսենք»,- պատասխանեց նա:

Մարմաշենի խճուղուց դեպի «Մուշ» թաղամաս տանող ճանապարհին 90-ականներին կառուցված շենքերը ժամանակի ընթացքում ալան-թալանի «զոհ» դարձան: Այսօր դրանք մնացել են անտեր-անտիրական: Հնարավո՞ր է դրանցից մի քանիսը հիմնանորոգել և հատկացնել անօթևաններին:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը «Շրջապատի» հետ զրույցում նշեց, որ այն կիսակառույցները, որոնք որոշ չափով պահպանվել են, հնարավորության դեպքում կհիմնանորոգվեն և կօգտագործվեն: Այն շենքերը, որոնց հիմքերն առողջ են՝ կօգտագործվեն, սակայն կան այնպիսիները, որոնց հիմքերը քայքայված են, ուստի դրանց տեղը նոր շենքեր կառուցելու անհրաժեշտություն կլինի:

«Բացի «ԱՌԴԱ»-ից փնտրում ենք այլ բարերարներ: Մեր վերջնական թիրախը բոլոր շենքերը կառուցված տեսնելն է: Գոյություն ունեցող կիսակառույցների մոտ 20-30 տոկոսը հնարավոր է վերականգնել: Որոշ մասեր կարող է ապամոնտաժվեն. եթե 3 հարկ է, 1-2 հարկն հանվի, հիմքերն օգտագործվի: Ցանկացած շենքի ուսումնասիրություն ավելի խորը կկատարվի, կնայվի, թե ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն դրանց սեյսմակայունությունը բարձրացնելու նպատակով, ինչ տեսակի կոնստրուկցիաներ պետք է ունենան»,- նշեց Հենրիկ Գասպարյանը:

Տարիներ առաջ Գյումրու քաղաքապետարանում խոսք էր գնում այս կիսակառույցների ուսումնասիրության և հիմնանորոգման մասին, սակայն մինչ օրս համայնքային բյուջեի սուղ միջոցների պատճառով այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ