ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սոցիալական բնակարանների կառուցման 2-րդ փուլը կշարունակվի

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին Գյումրու համայնքապետի հետ՝ քննարկելու սոցիալական բնակարանների կառուցման շարունակության մանրամասները:

Հիշեցնենք, որ այս համագործակցության շնորհիվ, անցած տարի 11 անօթևան ընտանիք բնակարանատեր դարձան. Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող շենքում շահագործման հանձնվեց 11 բնակարան, որից մեկը երեք սենյականոց, 10-ը՝ մեկ սենյականոց: Այս համագործակցությունը շարունակական բնույթ էր կրելու, և ապրիլի 1-ից մեկնարկելու էր շինարարությունը, սակայն մինչ հանդիպման պահը, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, առայժմ հետաձգվում էր՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Նշենք, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը գործում է ամերիկահայ բարերար Սարգիս Սեփեջյանի և ընտանիքի (ի դեպ, կինը մինչև 14 տարեկանը Գյումրում է բնակվել) ֆինանսական աջակցությամբ:

Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ 165 հազար ԱՄՆ դոլար գումարի ներդրմամբ և համայնքի 15 տոկոս մասնակցությամբ կկառուցվեն նույն հասցեի հաջորդ մուտքերի՝ մոտ 10 կամ 12 բնակարանները: Իսկ շինարարության սկիզբ ազդարարվեց ապրիլի 25-ը: Զրույցի ժամանակ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ գրասենյակի ընդհանուր տնօրեն Արիել Բաբիկյանը նշեց, որ այնքան է հիացած Գյումրիով, որ հաջորդ անգամ մտադիր է այցելել տիկնոջ հետ, ինչին քաղաքապետն անմիջապես արձագանքեց. «Անշուշտ: Քանի որ, ով Գյումրին մեկ անգամ տեսավ՝ կսիրահարվի»:

Քաղաքապետի հետ առանձնազրույցից հետո «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանին հարցրեցինք, թե ի՞նչ որոշվեց՝ 10, թե՞ 12 բնակարան է լինելու: «165 հազար է, դրա մեջ պետք է տեղավորվենք: Մասնագետները նորից են քննարկելու, և ամեն ինչ կանենք, որ մեկ մուտք այս տարի ավարտենք»:

Հարցին, թե այս փուլի ավարտից հետո սոցիալական բնակարանների կառուցումը շարունակական բնույթ կկրի՞, թե կեզրափակվեն երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ 30 բնակարան հանձնելով: «Անպայման կլինի շարունակություն: Վստահ եմ»:
Արիել Բաբիկյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խոստացված 30 բնակարանն անպայման կհանձնեն և, եթե այս տարի չհասցնեն, անպայման կլինի 3-րդ փուլը: Շահառուների ընտրությունը վստահված է հայաստանյան ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանին և քաղաքային իշխանությանը: Վստահեցրեց նաև, որ անցած անգամ, բնակարանների վիճակահանությանը մասնակցած, սակայն դուրս մնացած 4 ընտանիքն առանց կրկնակի վիճակահանության՝ կընդգրկվեն այս փուլում: