ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վահան Թումասյան. «Իշխանություններին կոչ եմ անում. այս ձմռան վառելիքի հարցը լուծեք»

«Շիրակ կենտրոնը» տարիներ շարունակ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ թե՛ բարեգործական, թե՛ սոցիալական, թե՛ զարգացման. բարերարների աջակցությամբ տասնյակ բնակարաններ է գնվել և ժամանակավոր կացարաններում բնակվողներին տալով՝ նրանց ազատել դարն ապրած տնակներից, սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին է օգնել, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան դպրոց հաճախել, կենցաղը կազմակերպել, էլ չենք ասում՝ հազարավոր ընտանիքներին «տաք ձմեռ» ապահովելու մասին՝ վառելափայտ մատակարարելով:

Հարցազրույց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ:

Պարոն Թումասյան, Ձեր կենտրոնի համար կարելի է ասել 15-րդ ձմեռն էՁեր դիտարկմամբ, արդյո՞ք տարիների ընթացքում հնարավոր է եղել երկրում ինչոր չափով նվազեցնել աղքատության մակարդակը:

— Իմ դիտարկմամբ, ստացվում է առավել բևեռացում. հարուստների մի փոքր խումբ ավելի են հարստանում, իսկ աղքատն ավելի է աղքատանում, աղքատությունն ավելի է խորանում: Միջին խավը, որը եթե կար էլ՝ գնում է աղքատության բևեռ: Աղքատությունը ճահճի պես ներքաշում է, ու դրա պատճառները բազմաթիվ են՝ սկսած բանկային համակարգից, վարկային քաղաքականությունից, արտարժույթի խաղերից, վերջացրած երկրում տեղի ունեցող գլոբալ խնդիրներով՝ պատերազմ, և դրա հետ հարակից ամեն ինչ: Շիրակի մարզն այդ ամենից զատ նաև նրանով է առանձնանում, որ այստեղ դեռ չի թոթափվել 88-ի աղետի հետևանքները, մինչ օրս դեռ ընտանիքներ կան, որ տնակներում են բնակվում: Կա կացարանային խնդիր, իսկ կառավարության կողմից բնակարանաշինություն մոտ 10 տարի չի իրականացվել (վերջինը «Մուշ-2» թաղամասն էր)… Հիմա, որ բնակարանների գներն արհեստականորեն բարձրանում են, դա ոչ թե բարեկեցության ցուցիչ է, այլ դրա դիֆիցիտի:

Սոցիալական բնակարաններ կառուցվեցին

— … Բայց այդ 10-20-50 բնակարանը հարցի գլոբալ լուծում չէ՝ երբ միայն Գյումրիում դեռ կան 2000-ից ավել տնակ: Այո, շատ լավ է, որ դեռ նման բարեգործական ծրագրեր իրացվում են. ցանկացած մեկ ընտանիքի կյանք փրկելն արդեն իսկ մեծ նշանակություն ունի: Բայց սրա կողքին պետք է նկատենք, որ երբեմն որոշ, այսպես ասած, բարեգործականներ էլ կան, որ ավելի շուտ շոու են սարքում, ցուցադրվում… Նկատել եք, մենք մեր կենտրոնի տարիների գործունեությունը չենք ցուցադրում, և դա չենք անում ոչ թե չհանրայնացնելու համար, փառք Աստծո, ով, երբ, որ ԶԼՄ-ն ուզեցել է, պատրաստակամ տեղեկատվություն տրամադրել ենք, իսկ ինչ էլ հանրայնացրել ենք, դա արել ենք բացառիկ դեպքերով պայմանավորած:

Դե, եկեք համաձայնենք, որ բնակարանային խնդիրը, երկրի բնակչի սոցիալական ծանր խնդիրների լուծման ուղիները պարտադիր չէ փնտրել որևէ բարեգործի կամ հիմնադրամների մոտ, այլ կոնկրետ երկրի կառավարության, իշխանության պարտավորությունն է:

— Իհարկե, դա այդպես պետք է լինի: Առհասարակ, սոցիալական ծայրահեղ վիճակը, աղքատությունն ունի պատճառներ. հիվանդություն, կյանքի կազմակերպում, իսկ որ ամենակարևորն է՝ մարդու հոգեբանությունը: Եթե հիշում եք, երկրաշարժից հետո մեր ժողովրդի բնավորությունը մի տեսակ փոխվեց, մանրամասների հետևից չգնալով, նշեմ միայն այն, որ շատերին թվում էր, թե մյուսները պարտավոր են իրենց համար ինչ-որ բան անել, կամ հույսները դնում էին այլոց օգնության ձեռք մեկնելու վրա… Բայց սա արդեն լրիվ ուրիշ խոսակցության թեմա է: Մեր կենտրոնի արածը ինչ-որ տեղ խղճի թելադրանք է, մեկ-երկու արեցինք՝ խրվեցինք, այնքանով, որ երբ մի պահ գալիս է, ասում ես՝ վե՛րջ, էլ ոչինչ չեմ անի, գիշերը աչքիդ առաջ է գալիս այն խեղճ ու դաժան իրավիճակում ապրողի կենցաղավարությունը, երեխաները… Ու մտածում ես՝ ումից ինչ ճարեմ, որ հասցնեմ:

Այս տարի վառելափայտի խնդիր կա, եթե փայտ էլ կա՝ շատ թանկ է. ի՞նչ եք անելու:

— Կարևոր խնդիրների կողքին առաջնային կարևորության կհամարեի ցրտաշունչ ձմռանը տան ջերմությունը. մարդը կարող է կիսասոված, սոված քնել, բայց մրսելն անհաղթահարելի է ու ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ իրավիճակը: Երբ աղետից հետո դեռ հնարավոր էր վառելիք հայթայթել, հետագայում վառելիք գտնելու հնարավորությունները նվազեցին: Ծառերի էտումներից գոյացած վառելիքն էլ, բան չունեմ ասելու՝ եթե հասնում են սաունաների, փող ունեն՝ գնում են, բայց չպետք է մոռանալ կամ անտեսել ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց, որոնք չպետք է զրկված լինեն տաքություն ունենալու հնարավորությունից, էլ չեմ խոսում՝ իրավունքից:

Շա՞տ են դիմում:

— Ամեն Աստծո օր, առնվազն 100 մարդ զանգում է, գալիս է, վառելիք է խնդրում: Միայն Գյումրիում մոտ 1500 ծայրահեղ վիճակում, ցրտահարության շեմին հայտնվող ընտանիքներ կան:

Տնակներում բնակվողների մասի՞ն է խոսքը:

— Ոչ միայն: Հին բնակֆոնդը սկսել է քայքայվել, ընդհուպ՝ երկրաշարժից հետո կառուցվածն էլ: Գյումրիում մոտավորապես 6000 ընտանիքի տուն գազաֆիկացված չէ, այլընտրանքը վառելիքն է: Բայց մենք ունենք նաև գազաֆիկացված բնակարաններում բնակվող ընտանիքներ, որոնք ևս աղքատության այն շեմին են, երբ գազն անջատած է… Այսօր սովորական, միջին հնարավորությունների, նույնիսկ աշխատանք ունեցող ընտանիքների համար է դժվար գազով ջեռուցման վարձավճարները հասցնելը: Երբեմն մի սենյակում են հավաքվում, որ ողջ համակարգը չմիացնեն:

Իսկ Ձեր մտահոգություննները փորձե՞լ եք վերևներ հասցնել. խոսքն, իհարկե, ղեկավարների մասին է:

— Մի երկու տարի առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներից մեկը հետաքրքրվեց, ասացինք, որ վառելիքի խնդիր կա. քարածուխ չենք կարող ապահովել, մանավանդ, դիմացկուն վառարաններ էլ չկան, էլեկտրաէներգիայով ջեռուցումը նույնպես տարբերակ չէ, քանզի ոչ միայն ծախսատար է, այլև վտանգավոր, բրիկետներն էլ արագ այրվող են, ջերմությունը չեն պահում՝ մնում է վառելափայտը: Եվ մոտ 1000 ու ավել խմ բերին, իրենք էլ բաժանեցին (էն ժամանակ մեր մարզպետը Հովհաննես Հարությունյանն էր): Մի խոսքով, բերեցին, բայց դա մեկ ձմեռվա հարց էր լուծում: Հասկանում եք, մենք Հայաստանում չունենք վառելափայտի ձևավորված շուկա: Ասենք, թե մեր կենտրոնն էլի գումար է հայթայթել, էն օրը գնացել ենք Լոռվա սարերում գտնվող գյուղեր, ու որևէ մեկը չի համաձայնվում Շիրակի մարզ վառելափայտ բերել, ինչո՞ւ, որովհետև ոստիկանության փոփոխությունների արդյունքում ստեղծված պարեկային ծառայությունը խիստ է ու որևէ վառելափայտով մեքենա չի մտնում մարզ: Մարդիկ ասում են՝ որ մարզ ուզում ես փայտը կտանենք, բայց ոչ Շիրակ…

Չհասկացա, էս վիճակի մասի՞ն են ասում. «Ետևը թուր, առաջը ջուր», կամ՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»…

— Հա՛, մարդիկ վախենում են պրոբլեմների մեջ ընկնելուց: Դրանից զատ, մեր հովանավորների թիվն էլ է նվազել, քանզի աշխարհաքաղաքական իրողությունները չէին կարող ազդեցություն չթողնել բոլորի վրա, իսկ մեր պարագայում պատերազմական գոտի լինելը, տնտեսական պայմանները, դոլարի կամ եվրոյի նման անկումները. եթե առաջ 100 ԱՄՆ դոլարով կկարողանայինք 2խմ վառելափայտ գնել, այս տարի միայն մեկ խմ, որովհետև վառելափայտի արժեքը ելել է 30-32 հազար դրամ: Մենք այս տարի մեզ դիմածներից պետք է ընտրենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին, որ կարողանանք ունեցած գումարով վառելափայտ գնենք: Ինչպես գիտեք, այս տարի նաև տնակներ չեն քանդվել, որ քանդոցներից գոնե վառելիքի մաս հանվեր: Անգամ քանդոցքի փայտը, եթե առաջ 8-10 հազար էր, հիմա 18-20 հազար է: Մի ուրիշ բան ասեմ… քաղաքային աղբանոցի աշխատակիցների հետ եմ զրուցում, ասում են պարապ նստած ենք, աղբ չի գալիս… Սա սարսափելի իրողություն է, այսինքն, այն, ինչ հնարավոր է այրել, կարիքն ունեցողները հավաքել են: Սա սարսափելի է… պատկերացնո՞ւմ եք, ուշ գիշերը կամ առավոտ կանուխ արթնանում են, երեխաներին արթնացնում են, որ առաջինը աղբարկղին հասնեն, որպեսզի… 21-րդ դա՜ր, մշակութային քաղա՜ք, էլ չգիտեմ ի՜նչ, ու մարդ, որը ծայրահեղ վիճակում է… Պետությունը կարող է սանիտարական էտումներից ստացված վառելափայտը բերել, բաշխել, կամ վառելափայտի շուկա ձևավորել:  Այո՜, երբ հայհոյում ենք սովետական ժամանակաշրջանը, Դուք չեք հիշի, տարիքովները կհիշեն, ամեն ձմռան շեմին նիստեր էին գումարվում, ժողովներ անցկացվում՝ «Ձմռան նախապատրաստական աշխատանքներ» էին ասում, բերում, քարածուխ էին պահեստավորում, վառելափայտ… Դուք անկախության այս ժամանակահատվածում նման բան լսած կա՞ք… Մարդը որևէ արժեք չունի:

Գիտե՞ք, տարիներ առաջ նախարարներին ես անձամբ դիմել էի, որ մի համակարգ մտածեն, օրենսդրական դաշտ բերեն այն, որ Շիրակի մարզը ի համեմատություն այլ մարզերի, ամենացուրտն է, ձմեռն այստեղ 6-7 ամիս է տևում, ու մարզի գազի, վառելիքի ծախսը կրկնակիեռակի գերազանցում է ՀՀ մյուս մարզերիցԵս հիմա էլ եմ դա պնդում, պետք է սրա մասին օրենսդիրները մտածեն:

— Ես համամիտ եմ: Բայց դա այլ է, իմ մտահոգությունն այն ընտանիքներին են վերաբերում, որոնց տները գազաֆիկացված չեն ու իրենք գտնվում են սոցիալական ծանր վիճակում: Այս տարի մենք ուրիշ խնդիր էլ ունենք: Անցած տարի երաշտ եղավ Շիրակի մարզում, հատկապես Անիի տարածաշրջանում, այնտեղ անջրդի տարածքները շատ են: Եվ երաշտի պատճառով խոտ, բերք չեղավ, այդ մասին շատ չբարձրաձայնվեց, չխոսվեց, որովհետև երկիրն այնքան խնդիրներ ունի… Գյուղացին չկարողանալով խոտ ամբարել, ստիպված եղավ խոշոր եղջերավոր անասունին մորթել՝ 16 հազար գլուխ կենդանու կորուստ ենք ունեցել: Սա էլ հանգեցնում է մեկ այլ խնդրի, երբ վերադառնում ենք վառելիքի թեմային՝ այդքան աթար էլ պակասեց (մի նախարար կար, է, որ ասում էր՝ «Է, թող աթար վառեն». հիմա սա էլ կտրվեց ժողովրդի գլխից,- հեղ.): Իսկ աթարը գյուղաբնակ ընտանիքների վառելիքի հիմնական միջոցն էր: Ստացվում է, որ գյուղերում էլ է վառելիքի խնդիր առաջացել…

— … մինչդեռ ասում էինք, թե գյուղացին ավելի լավ վիճակում  է քաղաքի բնակչից:

— Հա, գոնե գյուղերը կարողանում էին վառելիք ունենալ, սնունդ ստեղծել: Երեկ նայել եմ, աթարի գինն էլ է բարձրացել, դարձել է 18-20 հազար դրամ, երբ 6-8 հազար էր: Ես չեմ տեսնում իշխանության կողմից տարվող լուրջ աշխատանք, իսկ հազար ու մի հասարակական կազմակերպություններն ասես ստեղծվել են՝ «կոֆե-բրեյկի», սեմինարների, բուկլետ, դրոշակ, ֆլայեր տպելու, տարածելու համար: Մի հատ գնացեք, գյուղերը պտտվեք: Նապոլեոնն ասում էր. «Քանի երիտասարդ էի, ուզում էի աշխարհը փոխել, երբ մի քիչ մեծացա՝ մտածեցիի շրջապատը փոխել»…  Հիմա ես էլ շարունակությունն եմ ասում իսկ երբ տարիքս առա՝ մտածեցի ինձ փոխել: Բայց չի ստացվում, ահա, առավոտյան զանգել են, լացում են, աղերսում գոնե երեխայի համար տաք կոշիկ… Չկարողացա քնել, չկարողացա ինձ փոխել, հիմա պիտի գնամ մի զույգ գնեմ, տանեմ տամ. հո երեխան չպիտի՞ սառի…