ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքական ավելի ծանրակշիռ էլիտա, քան ունեցել է առաջին գումարման Գերագույն խորհուրդը, Հայաստանում չի ձեւավորվել:
Հայրենիքի, ազգային պետության, Արցախի ինքնության պահպանման համար այս իրոք ճակատագրական պահին Հայոց անկախ պետականության հիմնադիր Գերագույն խորհրդի պատգամավորի իրավունքով դիմում եմ պարոն Բաբկեն Արարքցյանին եւ խնդրում հնարավորինս սեղմ ժամկետում կառավարության նիստերի դահլիճում, որտեղ ընդունվել է ՀԽՍՀ-ն Հայաստանի Հանրապետություն վերանվանելու եւ անկախ պետականության վերականգնման գործընթացի սկիզբը նախանշող Հռչակագիրը, հրավիրել առաջին գումարման ՀՀ ԳԽ պատգամավորների համաժողով՝ օրակարգում ունենալով քաղաքական ճգնաժամը եւ այն հաղթահարելու քայլերի մասին հարցը: ԳԽ պատգամավոր են եղել Հայաստանի երեք նախկին նախագահները:
Նրանք պետք է կոնսենսուսային Ծրագիր ներկայացնեն Հայաստանի քաղաքացիներին, Արցախի իշխանությանը, հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: ԳԽ բոլոր պատգամավորները, անկախ ներկա պահին որ ճամբարում են, պարտավոր են մի կողմ թողնել համակրությունները եւ հակակրանքները եւ վերադառնալ այն օրերի էներգետիկային, երբ դրվում էր Հայոց անկախ պետության հիմքը:
Սերունդները մեզ չեն ների, եթե հանդուժենք Հայաստանի Հանրապետության մայրամուտը եւ Արցախի վերջնական կորուստը:
Հ.Գ. Ֆեյսբուքյան ընկերներիս խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը: Նույնը՝ լրագրող գործընկերներիս»:
Պիտակներ՝ #FB