ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանդալիզմ Գյումրու գերեզմանոցներում եւ բացահայտ անպատժելիություն (մաս1)

Այն, ինչ կատարվում է Գյումրու  գերեզմանոցներում,  հեռու չէ Ջուղայում հայկական գերեզմանոցների անարգման փաստերից; Եթե մի դեպքում մենք գործ ունենք բարոյալքված թշնամու վայրագության հետ, մեկ այլ պարագայում՝ գերեզմանների անարգման փաստերը կատարվում են մեր ազգակիցների կողմից: Եթե առաջին դեպքում մեր ձեռքերը չեն հասնում թշնամիներին՝ մեր իրավապահները  չեն կարող  հայտնաբերել ու պատժել դրանց հանցավոր, թշնամական գործողությունները, ապա երկրորդ դեպքում՝ տարածքը տեսանելի և հասանելի է, հնարավոր է օպերատիվ–հետախուզական գործողությունների իրականացումը: Այդ դեպքում մեր իրավապահները չեն կարող բավարարվել հանցագործության բարոյական դատապարտումով, քանի որ կան իրական հնարավորություններ ու ռեսուրսներ հանցագործներին  գտնելու  համար:

Մեզանում ստացվում է այնպես, որ բոլորը խոսում են, գրում են, բարձրաձայնում են գերեզմանոցներում տեղի ունեցաղ ապօրինությունների, անարգման դեպքերի, թալանի և գողություններ մասին,  սակայն  գործնականում միջոցներ չեն ձեռնարկվում ոչ  Գյումրու քաղաքապետարանի, ոչ էլ իրավապահների՝ նախաքննական, հետաքննական մարմինների , դատախազության կողմից՝ գերեզմանների միտումնավոր վնասման, քանդման, գողության դեպքերը կանխելու, բացահայտնելու ուղղությամբ: Սա նման է վճարվող անգործության: Փաստորեն, առկա է ռեզոնանսային՝հնչեղություն ունեցող հանցագործությունների շղթա քաղաքի  երկու  գերեզմանատներում, բայց գործնականում չկան կոնկրետ գործողություններ: Դիտարկումս անձնական փորձից է: Ակնհայտորեն չեն ձեռնարկում պատշաճ  գործողություններ գերեզմանոցներում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Չգիտես ինչու, մեր իրավապահները ապավինում են տուժողների ուշիմությանը, դիտարկումներին, վարկածներին՝ չունենալով նախաքննական ու հետաքննական սեփական վարկածներ ու կասկածյալների շրջանակ:

Անձնապես առնչվելով Գյումրու թիվ  2 գերեզմանոցում՝  գերեզմանի անարգման դեպքին, ինչպես նաև  Գյումրու քաղաքապետարանի,  ոստիկանության, քննչական  մարմինների և  դատախազության փաստացի անգործությանը, նախաձեռնեցինք սեփական հետաքննություն՝արձանագրելու Գյումրու թիվ 2 գերեզմանատանը տիրող վիճակը: Նշենք, որ նյութի բովանդակությունը բաղկացած կլինի մի քանի մասից, քանի որ առկա փաստերը և նյութերը չեն տեղավորովում մեկ հրապարակման  շրջանակներում:

 «Պահեստավորած» գերեզմանոցնե՞ր

Մտնելով Գյումրու թիվ 2 գերեզմանոցի տարածք՝ հենց առաջին մուտքից, մեզ մոտեցավ մի երիտասարդ, որը ներկայանալով որպես  բանվոր, սկսեց հարցուփորձ անել մեր նկարահանման նպատակի  մասին: Մի քանի րոպե անց մեզ մոտեցավ մեկ այլ երիտասարդ, որը նույնպես ներկայացավ  որպես գերեզմանատան բանվոր՝ նույն հարցադրումով: Մի քանի րոպե անց մոտեցավ առավել ագրեսիվ տրամադրված մեկը, որը, ինչպես արդեն ենթադրում եք, ևս բանվոր էր՝ Սամվել անունով, ով  անգիր արած նույն հարցը  կրկնեց. «Ին՞չ  կնկարես օր»: Փաստորեն, ստացվում է, որ գերեամանատան ողջ տարածքում որևէ մեկի հայտվելը և կոնկրետ  գործողություն անելը տեսանելի է, վերահսկելի է, իմանալի է և ճանաչելի: Ուստի, այն պնդումները, թե գերեազմանոցի տարածքը մեծ է և չի կարող վերահսկվել մի քանի  աշխատակիցների կողմից, կեղծ է, սուտ, միտված է քողարկելու բոլորի անգործությունը և, թերևս,  հայտնի  հանցագործությունները  գերեզմանոցում:

Շրջելով գերեզմանատան տարածքում, արձանագրեցինք, որ առկա են բազմաթիվ հողաբաժիններ, որոնք, ենթադրաբար, «պահեստավորված» են՝ որպես գերեզմանոցների համար նախատեսված հողատարածքներ: Դրանք ակնհայտորեն դատարկ էին, սակայն «զբաղեցրած»: Իսկ եթե ոմանք կպնդեն, որ այդտեղ թաղված աճյուններ կան, կարելի է ճշտել  համապատասխան փաստաթղթերով և գրանցումներով: Ի վերջո՝ փորման աշխատանքներ իրականացնել և  բացահայտել իրականությունը: Ներքևում պատկերված լուսանկարներում  հստակ երևում է, որ գերեզմանոցի տվյալ հողակտորները բետոնապատված են, շարված է առաջին քարաշարքը: Դա պետք է որ նշանակի, որ տվյալ հողակտորը տրամադրված է՝ զբաղեցրած: Բայց որևէ օրենքով նախատեսված չէ, ինչպես ասվում է, «բրոնյա» անել  հողատարածք գերեզմանի համար: Նշենք նաև, որ նկարահանումներն իրականացրել ենք  2018 թվականի փետրվարի 8-ին, 13-ին և ապրիլի 5-ին:

Մենք դեռ չենք անդրադառնում այն փաստին, թե ին՞չ սկզբունքով, ինչ՞ի հիման վրա են տրամադրվում այդ հողատարածքները, ինչո՞ւ են, որոշ դեպքերում, դրանց քառակուսի մետրերը հավասարվում ֆոտոբոլային դաշտի տարածքներին: Մեկ այլ պարագայում էլ տրամադրված կամ զավթված հողակտորները թաքցված են  արհեստական աղբանոցների տակ: Անցորդը  չի նկատի  դրանք՝ համարելով՝ սովորական աղբակույտեր:

Գերեզմաններում հաճախ լինող մարդիկ մեզ ակնարկեցին, որ դրանք ևս «պահեստավորվածների» շարքից են՝ նույնիսկ կարող են վերատրամադրվել դե ֆակտո հողատեր  հանդիսացողի  կողմից: Ներքևում արձանագրված պատկերը, կարծես, փաստում է այդ մասին:

Գազի  խողովակաշարի  հարևանությամբ  տեսանք լոկալ աղբանոցի  տակ «կորած» հողակտոր:

Ի դեպ, Գյումրու  թիվ 2 գերեզմանոցում քիչ չեն նաև աղբով պատված տարածքները: Դրանց հավանական «կամուֆլյաժը»՝ չորացած ծաղիկները , պսակներն ու  քարակույտերն են:

Ուշագրավ էր, որ համաչափ՝ անգամ միլիմետրի տարբերություն չունեցող, հարևանցիորեն գտնվող գերեզմանատարածքները բետոնապատված ու քարապտաված էին նույն քարատեսակով: Սույն փաստը, ենթադրել է տալիս, որ  կառուցապատման աշխատանքներն արված  են միևնույն անձի  կողմից: Մեկ այլ տեղ էլ տեսանք ուրույն կերպով զավթած հողատարածք՝ տեղադրված սեղան –աթոռներով:

Թաղումների համար հողային ռեսուրսների բացակայության մասին օրերս Շանթ Հ/Ը եթերում խոսեց քաղաքի գլխավոր ճարտարապետը: Պարզ է, որ, եթե հողատարածքների հատկացումը տեղի է ունենում ոչ թե նորմատիվներով ,  այլ, ամենայն հավանակությումբ,  ակնկալիքներով , ապա վիճակն այսպիսին պետք է լինի:




Գերեզմաններ տանող ճանապարհները  բաշխվում՞մ են

Գյումրու 2-րդ գերեզմանոցում թաղումների «տակ են անցում» նաև ճանապարհները: Դրանք տրամադրվում են անչափ ու սահման, կառուցապատվում են ըստ քմահաճության, դուրս են գալիս պետական պարիսպներից դեպի փողոց: Ոչ միայն գլխավոր մայրուղին, այլև միջգերեզմանային ճանապարհները դառնում են գերեզմանոցներ: Պատկերը հստակ  ներկայացված ներքոնշյալ  ֆոտոլուսանկարներում:

Շղթաներով առանձնացված այս տարածքները, չգիտես որ չափանիշներով, դարձել և դառնալու են գերեզմանոցներ: Մեր այցելության պահին այնտեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Ու՞մ թույլտվությամբ կամ թողտվությամբ է նեղացվում ու փոքրացվում միջպետական մայրուղին, կարելի է միայն ենթադրել:

Գերեզմանատան՝ դեպի «առաջին դուռ» տանող ճանապարհին էլ կարելի է տեսնել վաղօրոք «բաշխված»՝ ներքևի լուսանկարում պատկերված հղոկատորը. ասֆալտապատ տարածքը համաչափ բաժանված է, ինչպես ասվում է՝ «պառկած ոստիկանով»: Երևի, Գյումրու թիվ 2 գերեզմանոցում նաև այս տարբերակով  պահվում  ու պահեստավորվում են հողաբաժինները:

Փաստորեն, գերեզմանների համար տարածքների  տրամադրումը փողոցների հաշվին տեղի է ունենում բոլորի՝ քաղաքապետարանի և իրավապահների աչքի առջև: Հավանաբար, պետական պարիսպից դուրս գերեզմանոցներն շատանալու են: Դրանց համար արդեն իսկ նախապատրաստվում են հողամասեր: Դիտելով լուսանկարները, կհամոզվենք, որ դեպի Արմավիր տանող միջպետական ճանապարհը էականորեն  նեղանում է:

Գյումրու քաղաքապետարանը պատասախանե՞լ  է

Այս նյութը պատրաստելու ընթացքում, ընթերցեցինք «ԼՈԳՈՍ» իրավապաշտպան կազմակերպության ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/Logos-HRD-NGO-481963298578470/?hc_ref=ARQ—4Nfzh8BPQOiZXhurL7tp9zMbm Wtzd8PFKLKrULKm4g_ BCLH4dOrHugnk08tKAo) հրապարակված հարցումը և դրա պատասանները, որոնք նույնպես վերաբերում էին Գյումրու 2-րդ գերեզմանատան տարածքին, պահպանմանն և մի շարք այլ հարցերին: Մասնավորապես, «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրել էր, որ նշված «գերեզմանատունը զբաղեցնում է 36.02հա տարածք, որ «շահագործվող գերեզմանատներում պահակներ չկան», որ «թիվ 2 գերեզմանատան տարածքը սպասարկում է 3 աշխատող՝ վերակացուն և 2 գերեզմանափոր բանվոր, որոնք կատարում են հուղարկավորություն», որ «նրանց աշխատանքային ժամերն են 9-00-ից մինչև 16.30»: Ընկերության պատասխանատուն նշել էր, որ «գերեզմանատան վերակացուն հետևում է աշխատանքային պարտականության, սանմաքրման աշխատանքների իրականացման և աշխատակիցների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը»:

Այս պատասխանները մի շարք հարցեր են առաջացնում: Մասնաորապես, ինչո՞ւ 36.02 հա զբաղեցնող Գյումրու թիվ 2 գերեզմատան տարածքի սպասարկումը իրականացվում է 3 աշխատակցի կողմից: Ինչո՞ւ չկան պահակներ: Մի՞թե նշված ընկերությունը ֆինանսական միջոցներ չունի գերեզմանատան տարածքը հսկելու և համապատասխան մակարդակի սանիտարական մաքրություն ապահովելու համար: Որևէ մեկս երբևէ տեսե՞լ ենք, որ մեր հարազատների գերեզմանների հարակից տարածքները մաքրվեն կամ մաքրված լինեն: Պատկերը գերեզմանոցում այպիսին էր:

Մի՞թե Գյումրու  քաղաքապետարանը, որը կարող է մարտի 8-ի,  տարբեր  հրավառությունների ու համերգների համար համայնքային բյուջեից միլիոնավոր գումարներ տրամադրել, չի կարող քաղաքային բյուջեից, որը մեր՝ հարկատուներիս հաշվին է գոյանում, տարեկան կտրվածքով գումար նախատեսել՝ քաղաքի գերեզմատներում պատշաճ հսկողություն և  մաքրություն ապահովելու նպատակով: Էլ ինչո՞ւ ենք մենք՝ Գյումրու բնակիչներս, գումարներ մուծում բյուջե, եթե իշխանությունները դրանք չեն ծառայեցնում իրենց պարտադիր լիազությունների կատարմանը: Ստացվում է՝ բացի հուղարկավորություններ կատարելուց և հողակտորներ հատկացնելուց, այլ աշխատանքներ գերեզմանոցներում չեն իրականացվում:

Ուշագրավ է, որ ընկերության տնօրենի ժ/պ-ն նշել էր միայն վերակացուի և երկու գերեզմանափոր բանվորների մասին: Մինչդեռ 2017 թվականին  թիվ 2 գերեզմատանը՝ գերեզմանի անարգման փաստի  կապակցությամբ հարուցված N68105517 քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է գերեզմանատան վարիչ Հենրիկ Գրիգորյանը (պաշտոնը՝ ըստ քրեական գործի նյութերի): Փաստորեն, այստեղ վարիչ էլ կա:

«Քանի՞ գերեզմանոց կա այդ գերեզմանատան տարածքում» հարցին, «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ից պատասխանել էին, որ «ստույգ տվյալներ առկա չեն, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով 10-նյակ հազարավոր զոհվածների աճյունները հուղարկավորվել են նշված գերեզմանատանը և գերեզմանատեղերը համարակալումներ, հատակագծեր չունեն»:

Ին՞չ է սա նշանակում: Եթե չկան համարակալումներ և հատակագծեր, ապա որտեղի՞ց է հայտնի, որ «10-նյակ հազարավոր զոհվածների աճյուններ» են թաղվել են այդ գերեզմանոցում: Հաջորդը. եթե չկա 88-ի զոհերի գերեզմանների հաշվառում և հատակագիծ, նշանակու՞մ է արդյոք, որ երկրաշարժի զոհերից որևէ մեկի գերեզմանի՝ վրա, կողքին կամ հենց տեղում կարող է նոր թաղում իրականացվել: Ինչպե՞ս են բացառվել, բացառվելու նման դեպքերը: Եվ վերջինը. Գյումրիում չկա մի  ընտանիք, որ  աղետի հետևանքով զոհ ունեցած չլինի: Որքան էլ դժվար է վեստին հիշել այդ օրերը, սակայն փաստն այն է, որ զոհվածի ոչ մի հարազատ «գետնի վրա» չթողեց իր բարեկամի, ընկերոջ ու ազգականի գերեզմանը: Երկրաշարժի բոլոր զոհերի գերեզմանները կառուցվեցին: Իսկ Շիրակի գերեզմանատանը առանձնացվեց եղբայրական գերեզմանոց: Մենք շրջեցինք թիվ 2-րդ գերեզմանոցում և արձանագրեցինք՝ 88-ի աղետի հետևանքով զոհվածների ընտանեկան գերեզմանները  կառուցապատված էին և խնամված:  Ելնելով  էթիկայից, չենք տպագրում այդ լուսանկարները:

Դառնալով  պաշտոնյայի հրապարակված պատասխանին և դատելով դրանից ստացվում է, որ միջգերեզմանոցային ճանապարհների վրա նոր գերեզմանների հիմնումը տեղի է ունենում  ինչ-որ  հատակագծերի հիմա վրա, գերեզմանոցներն էլ ունեն  ունեն ինչ-որ  համարակալումներ: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ թիվ 2 գերեզմանատանն առկա գերեզմանոցների կոնկրետ թիվ չի հրապարակվել: Ցանկություն է առաջանում տեսնել այն օրենքը, որի հիման վրա թաղումների համար  տրամադրվում են դեպի գերեզմանոցներ տանող՝միջանցիկ ճանապարհները: Ուստի, «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի  ժ/պ-ի  պատասխանը  չի աղերսվում իրականության հետ և  քմծիծաղ է առաջացնում:

Ընկերության տնօրենի ստորագրությամբ նույն պատասխանում կարդում ենք, որ «գերեզմանատներում գերեզմանատեղերի տրամադրման հարցերը կարգավորվում են ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910 որոշման՝ գերեզմանատեղի տարածքը տրամադրվում է հուղարկավորությունը  ստանձնող  անձանց՝ օրենքով սահմանված կարգով, մեկ անձին տրամադրվում է 2.5քառ. մետր մակերոսով գերեզմանի տարածք, իսկ ընտանեկան գերեզմանոցի համար 12.5քառ. մետր մակերեսով տարածք»: Սակայն իրականությունն այլ է: Ակնհայտ է, որ շատ դեպքերում տրամադրված տարածքները գերազանցել են նշված չափերն ու չափանիշները:

Մեր հետաքննության հաջորդ մասում կադրադառնանք մեկ գերեզմանի անարգման  փաստին և քրեական գործի մանրամասներին:

ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ