Գյումրու գերեզմանատներից մեկում տեղի ունեցող վանդալիզմի փաստերին մեր նախորդ անդրադարձից հետո (https://shrjapat.am/վանդալիզմ—գյումրու—գերեզմանոցներու/), մեր համաքաղաքացիներից ստացանք բազմաթիվ զանգեր, նկարներ, մի շարք այլ փաստեր ևս: Գերեզմանատան տարածքի հողակտորները բաժանվում, բաշխվում, թաքցվում ու տրամադրվում են ինչ-որ անհայտ՝ չգրված օրենքների հիման վրա: Տեղի ունեցող երևույթների մասին անտեղյակությունը կամ անտեղյակության ձևացումը պարզվում է նաև «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի պատասխաններում: Նա չգիտի, որ Գյումրու թիվ 2 գերեզմանոցում 2017 թվականին տեղի ունեցած հանցագործության հետևանքով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել է նշյալ գերեզմանատան վարիչը: «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենն, ի պատասխան հարցման, նշում է. «Հավերժ հիշատակ» ընկերությունը տեղեկատվություն չունի Գյումրի համայնքի թիվ 2 գերեզմանատանը՝ 2017 թվականին գերեզմանների անարգման վերաբերյալ: Սա պաշտոնական անպիտանելիության հետ համակցված անտեղյակությու՞ն է, թե՞, ժողովրդական լեզվով ասած՝ «գելթոզի»:
Գերեզմանի անարգման հերթական դեպքը
Մեկ գերեզմանի անարգման դեպքի, հարուցված քրեական գործի վերաբերյալ ներկայացվող հանգամանքները, դատողությունները հիմնվում են անձնական հետաքննության և գործում առկա փաստերի վրա:
2017 թվականի հուլիսի 12-ին ՇՄ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ իմ հայրիկի «գերեզմանի վրա եղած շինություն հանդիսացող պարիսպը դիտավորությամբ վնասելու, դրա վրա առկա 9 տարբեր չափերի երեսպատման սալիկները մետաղյա լինգով՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ տեղահանման և կոտրելու փաստի» վերաբերյալ: Մեջբերումը՝ N 68105517 քրեական գործի՝ ինձ ուղարկված փաստաթղթից: Ընդ որում, նշված քարասալիկները չեն գողացվել՝ դրանց մեծ մասը չարամտորեն կոտրվել է հենց տեղում: Սա վկայում է՝ կոնկրետ, նպատակային, մտածված հանցանքի մասին: Ելնելով ողջամիտ տրամաբանությունից և առկա փաստերից՝ հստակ է, որ նշված հանցագործության կատարման մեջ ներգրավված է մեկից ավելի մարդ, քանզի սալիկների ծանրությունը, երկարությունը, դրանց տեղահանման դժվարությունը չէր կարող կատարվել մեկ անձի կողմից: Ակնհայտ է, որ պահանջվել է հավելյալ ֆիզիկական ուժի գործադրում: Տեղի ունեցածի պատկերն այսպիսին է:
Քրեական գործի քննությունը, պատկան մարմինների անտարբերությունը և/կամ մասնագիտական որակների պակասը
Վայրագության ու վանդալիզմի տխուր, ազգիս համար՝ ամոթալի սույն փաստի կապակցությամբ դիմեցինք ոստիկանություն: Թեև, ի սկզբանե կյանքի փորձ ունեցող մարդիկ ասում էին, որ որևէ մեկը շահագրգիռ չի լինելու բացահայտել այդ գործը, քանզի, ինչպես ժողովուրդն է ասում, այն «անքյար» է: Այնուամենայնիվ, դիմեցինք իրավապահների օգնությանը: Մեր ամենատխուր կանխատեսումներն իրականություն դարձան: 2017 թվականի հուլիսի 12-ին հարուցված (ՀՀ քրդատ.օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով) քրեական գործը կասեցվեց նույն թվականի օգոստոսի 31-ին: Մեր բազմաթիվ հարցումները, նամակները՝ Շիրակի մարզի և ՀՀ իրավապահ համակարգի համապատասխան ստորաբաժանումներին՝ որևէ հոդաբաշխ պատասխան չստացան. Ինչու՞ քրեական գործը հարուցվեց ու կասեցվեց 49-օրյա ժամեկտում, այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում չէր նշվում որևէ խոչընդոտի առկայության մասին: Ոստիկանության «Կումայրի» բաժնում հաղորդում ներակայացնելիս, ինչպես նաև քննիչ Արմեն Գյոզալյանին, ներկայացրել եմ իմ ենթադրություններն ու կասկածները կոնկրետ անձանց վերաբերյալ: Փաստորեն, օգնել եմ գործի քննությանն ու դրա բացահայտմանը: Քննության 49-օրյա ժամկետում հարցաքննվել են բացառապես այն անձինք, որոնք նշվել են իմ կողմից: Արդյունքում, հարցաքննվել է ընդամենը 5 հոգի՝ այդ թվում՝ես՝ քննիչի որոշմամբ տուժող ճանաչվածս: Սահմանված ժամկետների խախտմամբ մեր իրավապահները գտան, որ իրենց աշխատանքն ավարտված է: ՀՀ քրդատ. օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետով գործը կասեցվեց, քանզի «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:
… Եթե հանցագործը հայտնի լիներ, իրավապահներին դիմելու առիթ հաստատ չէինք ունենա:
Երկրորդ. Ստացվում է՝ հա՛մ չեն գտել հանցագործին, հա՛մ էլ՝ հապշտապ գործն են կասեցրել: Օրենքով սահմանված կարգով, դիմեցի Շիրակի մարզի դատախազությանը՝ քննիչի այս որոշումը չեղարկելու հարցով: Սակայն դատախազ Արտյոմ Ավետիսյանն ուղղակի դակեց քննիչի որոշումը: Փաստորեն, օրենքը պահպանելուն կոչված իրավապահները բացահայտ, կոպտորեն ու բռի կերպով խախտել են ՀՀ քրդատ. օրենսգրքի 3-րդ գլխի հոդված 27-ը, որն ասում է. «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում… օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»: Ասել, պնդել և պնդում եմ, որ գործով զբաղվող իրավապահները չեն իրականացրել օբյեկտիվ, լիարժեք, համակողմանի քննություն, չեն գործադրել բավարար ջանքեր ու միջոցներ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, անտեսել են օրենքի մի շարք պահանջներ:
2017 թվականին բաց նամակով դիմեցի Սերժ Սարգսյանին` նշելով. «Գործը վարող քննիչն ինձ ասում էր. «Բա էլ ի՞նչ անենք, էլ ո՞ւմ հարցաքննենք, դու ասա»: Եթե քննիչն իմ հարցին, թե՝ «Տեղյա՞կ եք, օրինակ, գերեզմանոցներում ինչո՞ւ են թալանվում նաև պսակների փայտե հիմքերը»,- հակադարձում է. «Մի աղքատ էլ թող տանի վաճառի», ապա պարզ է դառնում, թե ինչ որակի իրավաբանի հետ գործ ունենք: Գործը քննող դատախազն էլ իր հերթին լղոզված, օրենքի կոնկրետ հոդվածը սերտած պատասխան է տալիս՝ չկարողանալով հիմնավորել՝ ինչո՞ւ իմ բողոքից հետո չվերացվեց գործի կասեցումը և ինչո՞ւ պատշաճորեն այն չի քննվում»: Սակայն, նույնիսկ այս բաց նամակից հետո իրավիճակը չի փոխվել: Քննիչ Ա.Գյոզալյանը քննության արդյունքում պարզել է, որ թիվ 2 գերեզմանատան վարիչը «գերեզմանատանը գտնվում է մինչև ժամը 17:00-ի սահմանները»: Իմ հարցերին՝ «Եթե պարզվի, որ մեր գերեզմանի միտումնավոր վնասումը տեղի է ունեցել մինչև ժամը 17:00-ն, ո՞վ է պատասխան տալու», քննիչը չկարողացավ պատասխանել: «Դուք հարցրեցի՞ք գերեզմանատան վարիչին, թե ե՞րբ է վերջին անգամ եղել հայրիկիս գերեզմանի հարակից տարածքներում», քննիչը ևս չկարողացավ պատասխանել: Այսինքն, սրանք պարզ, տրամաբանական հարցեր են, որոնք պետք է ունենային նույնպիսի պարզ, իրականության վրա լույս սփռող պատասխաններ: Կամ՝ նշվում է, որ վկա ճանաչված անձանցից մեկը, իբր տեսել է, որ ժամանակ առաջ մեր գերեզմանի պարիսպի քարերը խախտված են եղել: Այդ դեպքում քննիչը չպե՞տք է համադրեր գերեզմանի վարիչի և տվյալ վկայի պատասխանները՝ բացահայտելու համար, թե ի՞նչ է իբր տեսել մեկը և ի՞նչը չի տեսել մյուսը՝ իր պարբերական շրջայցերի ընթացքում: Սա կոչվում է փաստերի և հանգամանքների պարզ համադրում:
Քննիչին ուղղված իմ հերթական հարցին՝ «Դուք եղե՞լ եք գերեզմանատանը», վերջինս պատասխանեց. «Դե, դիսկերով նայել եմ,- հետո՝ քթի տակ, հավելեց,- հա, հա, եղել եմ»: Սակայն ակնհայտ էր, որ նա չի եղել դեպքի վայրում, այլապես ինձանից չէր հարցնի մեր գերեզմանոցի հարևանությամբ թաղված մարդկանց և նրանց հարազատների մասին: Դա կտեսներ՝ տեղում լինելով: Ի վերջո, որոշակի կարծիք կունենար իմ կողմից կասկածվող անձանց ենթադրելի միջամտության վերաբերյալ: Թերևս, մոդայիկ է դարձել ինչպես իրավաբանությունը գրքով ուսումնասիրել, այնպես էլ՝ վարույթն իրականացնել կաբինետում նստած: Մինչդեռ, ՀՀ. քրդատ. օրենսգրքի 7-րդ գլխի հոդված 55-ի 9-րդ կետն հստակ ասում է՝ «քննիչը կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս պետք է մեկնի դեպքի վայր և ներգրավվի գործի քննությանը….»: Միևնույն ժամանակ, համաձայն քննիչի պարտականությունների, նա առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարում է հետաքննության մարմնին: Վստահաբար կարող ենք պնդել, որ քրգործի բացահայտմանն ուղղված կարևոր, անհրաժեշտ հանձնարարություններ չեն եղել:
ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Ոստիկանության պետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին գրավոր հարցրել եմ. «Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ դեռևս գործի քննության փուլում քննիչն ինքն էր գնացել իմ կողմից նշած անձի մոտ հարցաքննության: Ընդ որում, հատուկ այդ նպատակի համար տաքսի վարձելով: Հետո էլ փորձում էր ինձ համոզել, որ տվյալ անձի «ինչի՞ն էր պետք դա անել»: Այս ամենն ուշագրավ ենթադրությունների տեղիք է տալիս, այդպես չէ՞:
ՀՀ ոստիկանության պետին ուղղված բաց նամակում հստակ նշել եմ, որ քրեական գործի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ըստ ոստիկան Արմեն Մարմարյանի, սկսվում և ավարտվում են դեպքի վայրում տեսախցիկների առկայությամբ: «Ախր, որ դրանք գերեզմանոցներում չկան, դժվար է բռնել հանցագործին»,- վերջինիս պնդումն ուղղակի «քանդ ու քարափ է» անում օպերատիվ-հետախուզական աշխատանքի մասին պատկերացումներն ու դրա իրագործումը: Ահա ուր է հասել մեր իրավապահ համակարգը: Դե, եթե պետք է բոլոր տեղերում տեսախցիկներ լինեն և հանցագործությունները բացահայտվեն բացառապես դրանց օգնությամբ, ապա պե՞տք է արդյոք մեզ ոստիկանությունը: Բոլորս մեր դռների մոտ կդնենք «տեսնող» սարքեր և կբռնենք հանցագործներին, կպատժենք մեր պատկերացումների և երևակայության չափով:
Հիշողության է գալիս տարիներ առաջ մեր հարևաններից մեկի ավտոտնակի թալանի փաստը: Հարևաններով որոշեցինք գիշերային ժամին հսկողություն սահմանել բակում՝ կանխելու համար հնարավոր «սերիական» կողոպուտը: Լսելով «իրար ազդանշան տվող» սուլոցների ձայնը ետբակային տարածքում, զանգահարեցինք ոստիկանություն: Մի քանի րոպեից եկավ ոստիկանը և հարցրեց մեզ. «Ո՞ւր է հանցագործը»: Պատասխանեցինք՝ ցույց տալով մեր ենթադրած տեղը: Պարոն ոստիկանը մեզ ասաց. «Է, ընպես էլ շուտըմ զանգել եք, ես էլ գիտեմ՝ բռնել եք»: Մեկը տեսախցիկների վրա է հույսը դնում, մյուսը՝ քաղաքացիների: Օրինապահ համակարգում նմանօրինակ քննիչներ, դատախազներ ու ոստիկաններ ունենալն ուղղակի «գտածո» է քրեածին տարրերի համար:
«Կարդա, կարդա տղա ջան, մինչև բթությանդ կուսությունը անցնի»…
… Այս փառահեղ մտքի հեղինակն անկախ Հայաստանի նախկին գլխավոր դատախազներից՝ հզորագույն իրավաբան Վլադիմիր Նազարյանն է: Առնչվելով իրավաբաններից մեկի թերիմացության հետ, նա իր կարծիքը վերջինի մասին ամփոփել է աֆորիզմ դարձած այս արտահայտությամբ: Որքան ուզում եմ հեռանալ Վլ.Նազարյանի արտահայտած մտքից, այնքան ակամայից մոտենում եմ դրա «դասականությանը»: Ուզում եմ հավատալ, որ միայն Վ. Նազարյանին է հանդիպել այդպիսի թերուս իրավաբան:
Շարունակեմ. ՀՀ քրդատ. օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ կետում սևով սպիտակի վրա գրված է. «Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում:
Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը»: Ինչպես տեսանք, գերեզմանի անարգման փաստով հարուցված քրեական գործը քննիչ Արմեն Գյոզալյանը կասեցրել է 49-օրյա ժամկետում՝ ավարտին չհասցնելով նախաքննությունը՝ օրենքով սահմանված վերոնշյալ ժամկետին: Փաստորեն, բացահայտորեն խախտելով օրենքում նշված ժամկետը: Դատախազ Արտյոմ Ավետիսյանն էլ հաստատել է քննիչի սույն որոշումը: Ինչո՞ւ են խուսափել գործը տանել մինչև սահմանված ժամկետի ավարտը և կասեցրել են գործը քննության կեսից:
Հաջորդը. գործի քննություն, ըստ էության, տեղի չի ունեցել: Այն, կարծես, բացվել է՝ արագ փակելու համար: Ինչո՞ւ, ո՞ւմ շահերն են սպասարկում նախաքննության, հետաքննության մարմինները և դատախազը: Ի դեպ, թերևս, իրավաբանական թույլ մտքի արդյունքում, քննչական վարչությունից ուղարկված ծանուցագրի մեջ տուժողից վերածվել եմ վկայի (հիմք` 05.02.2018. N56/23-197-18 «Ծանուցագիր վկային հարցաքննության կանչելու մասին»): Ծիծաղելի կլիներ, եթե շատ տխուր չլիներ:
«Մատը մատին» չտալու մասին վկայող պատասխաններ
Իմ դիմումներից և բաց նամակներից հետո իրավապահներն ինձ են հրավիրում հարցաքննության:
Թերևս և դեռևս չե՞ն հասկացել, որ ես եմ տուժողը: Իսկ եթե հասկացել են, ապա զբաղվում են «թոզ փչելով»՝ փորձելով ծաղրել ինձ ու Հայաստանի ողջ իրավապահ համակարգը: Ի դեպ, նույն աշխատաոճով առաջնորդվում է նաև ՀՀ դատախազությունը, որի աշխատակիցն ինձ պատասխանեց. «Ի՞նչ կարևոր է՝ 4, թե՞ 14 հոգի է հարցաքննվել»: Զարմանալ կարելի է քաղաքացու բողոքի նկատմամբ այսպիսի վերաբերմունքով: «Վերևի» դատախազությունում էլ չեն հասկանում, որ, եթե գործը չի բացահայտվում, ապա ոչ թե 4, 44, այլ նույնիսկ 104 հոգու պետք է հարցաքննել:
Չնայած իմ մի շարք բողոքներին, ցայսօր հնարավորություն չունեմ տեղեկանալու քրեական գործի ընթացքին: Խոսքը վերաբերում է ինձ՝ տուժողիս հասանելի, ոչ գաղտնի տեղեկությունների տրամադրմանը: Թեև, այդպիսիք, երևի, չկան էլ: Կա միայն բացահայտ, չքողարկված անգործություն և անգործ իրավապահների անպատժելիություն:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ստանդարտ բովանդակությամբ նոր պատասխանն էլ թվագրված է 30.03. 2018 թվականով:
***
Ամփոփելով, նշեմ՝ սույն քրգործի քննության ընթացքում մարզի իրավապահների կողմից առաջ չեն քաշվել քննչական վարկածներ, չի ուրվագծվել կասկածյալների իրենց շրջանակը: Քրեական գործը հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեին հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները գտնելու ուղղությամբ, որոնք կարող են նշանակություն ունենալ (ըստ քրեական գործի, գերեզմանի անարգաման գործում կիրառվել է լինգ): Պարզ ասած, չի կատարվել օրենքով սահմանված աշխատանքը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք գործ ունենք մի քանի իրավապահների մասնագիտական ամլության, կաղացող կամ գոյություն չունեցող արհեստավարժության, պետական բյուջեից՝ մեր հարկերից սնվողների հետ, որոնք կոչված են բացահայտել հանցագործությունները, պարտավոր են ծառայել ժողովրդին, օրենքին ու երկրին: Այսօրինակ վերաբերմունքը ծնում է նոր հանցագործություններ, թևաթափ է անում օրինավոր քաղաքացուն ու թևավորում հանցագործներին:
Հ.Գ.1- Եթե այսօր մեր գերեզմանի «վրա» են գալիս, վաղը մեր տան «վրա» կգան: Ու պատճառը՝ չբացահայտված հանցագործն է ու հանցագործությունը: Նշենք նաև, որ քրեական գործի վերաբերյալ մեր անձնական հետաքննությունը շարունակվելու է, իսկ ձեռք բերված հանգամանքները ներկայացվելու են բացառապես հանրությանը:
Հ.Գ.2 — Այս նյութը պատրաստելու ընթացքում ստացա քննչից պատասխան առ այն, որ նախաքննության փուլում գտնվող գործի նյութերին չեմ կարող ծանոթանալ, քանի դեռ գործն ավարտված չէ: Ինձ մոտ ողջամիտ կասկածներ են առաջանում, որ նախաքննությունը դեռ մի քանի տարի կտևի, քանի որ առկա են իրավապահների մակերեսային վերաբերմունքն ու ոչ խորքային գործողությունները:
ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆ