ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարկով վարկ փակելով հայտնվել ենք բանկերի ճահիճում

Շիրակի մարզում դժվար է գտնել գոնե մեկ ընտանիք, որը չունի մի քանի տեսակի վարկեր` տարբեր վարկային կազմակերպություններում ու բանկերում: Պարտքերը տարեց տարի նվազելու փոխարեն սրընթաց աճում են:

Հատկապես վտանգավոր չափերի են հասել պարտքերը գյուղացիական տնտեսություններում: Վարկով վերցրած գումարը ներդնելով գյուղատնտեսության մեջ, շատերը չկարողանալով  ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ ստիպված օգտվում են մեկ այլ վարկային կազմակերպությունից՝ չմարած պարտքը փակելու համար:

Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գյուղերում 50-90 տոկոս տնտեսություններ խոշոր վարկային պարտքերի տակ են: Համայնքապետերը վստահեցնում են, որ վարկառուների մեծ մասն այս վիճակում հայտնվել են առաջին վերցրած վարկը մեկ այլ վարկով մարելու փորձից հետո: Նոր Կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած համայնքում պարտքերի մեջ «խրված» են ընտանիքների 90 տոկոսից ավելին. «Մարդիկ օգտվել են գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերից, իսկ մեզ մոտ գյուղատնտեսությունն այնքան ռիսկային ճյուղ է, որ իրատեսական չէ ստացած եկամուտով փակել պարտքերն ու մի բան էլ տոկոսադրույքները, ստիպված վերցնում են սպառողական և այլ վարկեր և հայտնվում անելանելի վիճակում»:

Մեղրաշեն համայնքում մոտ 70 տոկոսը բանկերի ու վարկերի «գերիներ» են, որից, ըստ համայնքապետի, մոտ 20 տոկոսն է կարողանում ժամանակին մարել վարկերը, մյուսները մինչև կոկորդը խեղդվում են պարտքերի տակ:

Իրավիճակը ներկայացնելու հարցում չափազանցնելու միտում չունենալը հաստատենք այս տվյալներով. ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նախորդ տարում միայն Շիրակի մարզում բանկերից և ունիվերսալ վարկային կազմակերպություններից վճարման կարգադրություն են ստացել 3873 վարկառու, իսկ գումարի բռնագանձման պահանջի մասին այս պահին քննվում են 20.000-ից ավելի դատական հայցեր:

Պարզ երևում է, որ պարտքերի ցանցում հայտնված ռիսկային խումբն անապահով և ցածր եկամուտ ունեցող ազգաբնակչությունն է, ինչը տանելու է աղքատության մակարդակի առավել խորացման: Ստացվում է՝ աշխատում ենք ազգովի՝ արդյունքը վայելում են մի քանի հոգի… Ապահով երկիր է, ինչ խոսք…

ԱՆՆՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ