Երկարատև ընդմիջումից հետո Գյումրի էր ժամանել մեր համաքաղաքացի, ճանաչված բռնցքամարտիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարուժան Դավթյանը: Նա ծնվել է Լենինականում, սակայն, հանգամանքների բերումով, ներկայում բնակվում է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում: Վարուժանը բռնցքամարտի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի, քանի որ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ վաստակավոր մարզիչն է: Այս պատվավոր կոչմանը արժանացել է ընդամենը 23 տարեկանում: Նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ է: Մարզչական առաջին քայլերը կատարել է օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հենց այն մարզադահլիճում, որտեղ էլ ուսուցողական պարապմունք անցկացրեց քոլեջի պատանի սաների հետ:
— Շատ ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո նորից իմ սիրելի Գյումրիում եմ: Այս մարզադահլիճն ինձ համար շատ թանկ է: Ամեն անգամ, երբ այստեղ եմ լինում, շուրջբոլորս ինչ էլ կատարվի՝ չեմ նկատի: Ուսումնասիրում եմ երեխաներին: Խոստումնալից ու տաղանդավոր սաները շատ են: Անշուշտ, հիշում եմ իմ առաջին քայլերն այստեղ: Ուրախ եմ, որ քոլեջն իր մարզական ու հատկապես բռնցքամարտի հաջողություններով առաջնակարգ դիրք է զբաղեցնում իմ հարազատ Գյումրիում: Իհարկե, մեր քաղաքի այլ մարզադահլիճներում էլ քիչ չեն մարզական հաջողություններ ունեցող երեխաները, բայց մերն ինձ համար յուրահատուկ է, անկրկնելի: Ուրախ եմ, որ իմ ծննդավայրի առաջատար բռնցքամարտիկը հենց մեր քոլեջից է՝ օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը,- նշեց Վարուժան Դավթյանը:
Բիրմինգհեմում Վարուժանն ունի սեփական մարզադահլիճ, բայց խոստովանում է, որ այնքան չի ուրախանում իր անգլիացի սաների ձեռքբերումներով, որքան ժամանակին ուրախացել ու հպարտացել է գյումրեցի սաների հաջողություններով: Թեև Անգլիայում ունի արդեն համաշխարհային ճանաչում ունեցող սաներ՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում:
— Անգլիայում ես ունեմ իմ սեփական մարզադահլիճը: Անցած տարի պատրաստել եմ Անգլիայի չեմպիոն: Սակայն ուրախությունս լիարժեք չի եղել, այնպիսին, ինչպիսին ժամանակին այստեղ եմ հպարտացել: Ուրախ եմ նաև, որ թողածս շատացրել ու բազմացրել են մեր մարզիչները՝ հանձինս Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի: Նրանք շատ բան են անում մեր քաղաքի բռնցքամարտի համար և արժանի մասնագետներ են,- ասաց Վարուժան Դավթյանը:
Մեկ հետաքրքիր փաստ: Վերջերս Անգլիայում լույս է տեսել աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչի գիրքը, որտեղ հիշատակվում է նաև գյումրեցի բռնցքամարտիկի անունը: Նա անդրադարձել է Վարուժանի հետ իր մենամարտին ու գրել, որ նման ծանր, երկաթյա հարված մինչ այդ ոչ մի այլ բռնցքամարտիկից չի ստացել: Թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ բռնցքամարտում Վարուժան Դավթյանն իրեն դրսևորել է լավագույն կողմերով, նրա անգերազանցելի հարվածները հաճախ են հիշատակվել հայ ու օտարազգի բռնցքամարտիկների ու մարզիչների կողմից:
Յուրատիպ էին ճանաչված մասնագետի մարզումներն ու խորհուրդները: Երեխաները լսում էին համակ ուշադրությամբ և կատարում նրա բոլոր հրահանգները: Մարզումներին հետևում էին նաև քոլեջի մասնագետներ Ռուդիկ Մկրտչյանն ու Կարեն Ղազարյանը: Վերջինս կարևորեց Վարուժան Դավթյանի գործունեությունը և հիշեց համատեղ մարզումներն ու ճանաչված մասնագետի թողած բարի ավանդույթները:
— Շատ ուրախ եմ, որ ժամանակին բախտ եմ ունեցել մարզվել Վարուժան Դավթյանի հետ: Մենք եղել ենք թիմակիցներ, հետո նա անցել է մարզչական գործունեության: Նաև ինձ է մարզել ու նրանից շատ բան եմ սովորել: Ուրախ եմ, որ նա կրկին այստեղ է ու ցանկալի կլիներ, որ հաճախակի լիներ մեր կողքին ու իր հարուստ փորձը հաղորդեր մատաղ սերնդին: Սա փորձի փոխանակում է:
ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ