ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Տարուն Խաննա. «Ես Հայաստանի մասին ավելին գիտեմ»

[vc_row][vc_column][vc_column_text]

Հնդկաստանում նախատեսված էր հանդիպում Բոլիվուդի դերասան ՏԱՐՈՒՆ ԽԱՆՆԱՅԻ հետ, սակայն նա մեկնել էր Լոնդոն՝ նկարահանումների: «Շրջապատը» տեսազրույց ունեցավ նրա հետ: Տարունը նաեւ տեսաողջույն ուղարկեց:

Տարուն, ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի փառքի բարձունք:

— Հեշտ ճանապարհ կարող են ունենալ միայն նրանք, ովքեր ունեն պրոդյուսեր, ռեժիսոր հայր: Նման դեպքերում դերեր ստանալը հեշտ է, բայց եթե դու կինոինդուստրիայում ծանոթ չունես՝ քո ուժերով, քո աշխատասիրությամբ, քո տաղանդով միայն կկարողանաս այդ պատը ծակել: Ես, օրինակ, իմ կարիերան սկսել եմ մոդելի հարթակից: Մտքովս անգամ չէր անցնում դերասան դառնալ: Բայց երբ սկսեցի նկարահանվել բազմաթիվ գովազդներում, «հաշտվեցի» տեսախցիկի հետ և հասկացա, որ կարող եմ արդեն որպես դերասան աշխատել: Բայց նաև Մեծն Ճակատագրի մատն էլ էր խառը, որ ես պատահականորեն դեր ստացա ու մինչ այժմ ես այս ոլորտում եմ: Նաև  նշեմ, որ կինոինդուստրիայում ճանապարհը բավական փշոտ ու դժվար է, այն լի է նախանձով, ինտրիգներով… Ես ճանաչված մոդել էի հենց Դելիում, ծանոթ էի հայտնի դիզայներների հետ, սակայն եղել է ժամանակ, որ առանց աշխատանքի էի, առանց լուրջ առաջարկների: Անգամ մի պահ եղավ, որ թևաթափ էի եղել, բայց Աստված ինձ օգնեց, ճանապարհ բացեց:

— Ֆիլմո՞ւմ, թե՞ սերիալում է հեշտ աշխատելը:

— Անկեղծ ասեմ՝ իրեն հարգող դերասանն ուզում է նկարահանվել ֆիլմում, և բոլոր նրանք, ովքեր ուզում են դերասան դառնալ, հենց ֆիլմի մասին են երազում, քանի որ ֆիլմում խաղացող դերասանը կարող է մեծ համբավ ձեռք բերել, փառքի հասնել, ֆիլմն է արվեստի գործ, այն սերիալի հետ չես համեմատի: Բայց երբեմն ստիպված զբաղված ես լինում նաև սերիալներում: Ես կասեմ՝ լուրջ կինոն 10 սերիալից լավ է:

Բայց խոստովանեք, որ, ամեն դեպքում, սերիալների դերասաններն ավելի շատ են Հնդկաստանից դուրս հայտնի դառնում:

— Այո, այդպես է: Անգամ շոու հաղորդումներ կան, որ դրսում ավելի հայտնի են, քան բուն Հնդկաստանում: Ես գիտեմ շատ դերասանների, որոնք սերիալի շնորհիվ մեծ ճանաչում են ձեռք բերել, հազարավոր մարդիկ են իրենց երկրպագում:

Երկրպագուների հետ կապված ի՞նչ կասեք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց:

— Օրինակ՝ վերջերս մի աղջիկ՝ Կալկաթայից, 14 տարեկան, որը ֆեյսբուքյան էջիս մշտական հետևորդն է, այնքան էր ուզում ինձ հետ հանդիպել, իսկ ես դրա մասին չգիտեի: Մի անգամ նամակ ստացա նրանից, գրել էր, որ գալու է Մումբայ՝ ինձ հետ հանդիպելու: Ասացի, որ չի կարելի 14-ամյա աղջնակը միայնակ այդքան ճանապարհ կտրի, որ մենք անծանոթ ենք: Բայց նա պնդեց, որ գալու է ծնողների հետ: Այնքան խնդրեց, որ ստիպված համաձայնեցի հանդիպել Գուջարաթում, որտեղ այդ ժամանակ նկարահանումներով էի զբաղված: Աղջիկը թե՝ չէ, հանդիպենք Մումբայում: Մումբայի իմ տան մոտ մի ռեստորան կա, պայմանավորվեցինք այնտեղ հանդիպել: Եկել էր հոր հետ: Հենց ինձ տեսան, հայրը սկսեց լաց լինել: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես լալիս: Պատասխանում է. «Նա իմ միակ աղջիկն է, և խելագարի պես քեզ սիրում է, այնքան է մեզ խնդրել, որ ստիպված իմ վերջին փողերով տոմս եմ գնել, եկել ենք, մնում ենք հյուրանոցում, ծախսել ենք մեծ գումար… միայն թե աղջկաս երազանքն իրականանա»: Ասեմ, որ այդ պահը շատ պատասխանատու էր ու վախեցնող. ես հասկանում եմ, որ երկրպագուն կարող է տարվել, բայց չի կարելի մտերիմներին նման ծանր փաստի առաջ կանգնեցնել: Արժե՞ր արդյոք… Բայց այդ աղջիկը գոհ էր, աչքերը երջանկությունից փայլում էին: Ես խնդրեցի չմերժել ու ինձանից ընդունել իրենց ծախսերի վճարը…

Կան աստղեր, որոնք սոցցանցերում չեն շփվում երկրպագուների հետ: Դուք ինչպե՞ս եք վարվում: Եթե անգամ Ձեզ քննադատում են, փորձո՞ւմ եք պատասխանել, թե՞ արհամարհում եք, մտածելով՝ մեծ աստղ եք ու կարիք չկա «երկնքից իջնել»:

 — Ես և՛ անձնական էջ ունեմ, և՛ «ֆան-էջ» կա իմ անունով: Բայց ես մեծ աստղ չեմ, ես ուղղակի դերասան եմ: Երբեմն, երբ ազատ ժամանակ է լինում, անպայման կարդում եմ երկրպագուներիս մեկնաբանությունները, լինում է՝ հուզվում եմ, ուրախանում, հպարտանում, որ գնահատում են իմ տաղանդը՝ նույնիսկ բացասական կերպարների մարմնավորելիս… Եթե մարդիկ այդքան լավ կարծիք ունեն իմ մասին, ես ո՞նց կարող եմ անլուրջ վերաբերվեմ նրանց. դա պետք է փոխադարձ լինի:

Իսկ աստղերի միջև լինո՞ւմ են «աստղային պատերազմներ»…

 — (Ծիծաղում է) Իհարկե՜…  Ինչ լավ ասացիք: Հնդկաստանը մի երկիր է, որտեղ հենց կապերն են լավ աշխատում, առանց ինչ-որ մեկի հովանավորության շատ դժվար է: Բայց կարծում եմ, որ ես պետք է իմ ուժերով, իմ տաղանդով հասնեմ հաջողության, այլ ոչ թե ինչ-որ մեկի միջնորդությամբ: Եվ միայն Աստված կարող է որոշել մեր տեղը, և ոչ թե ինչ-որ մարդիկ:

Ճակատագիրը բարեհաճ գտնվե՞լ է Ձեր նկատմամբ:

— Ես կասեի՝ այո: Օրինակ, պետք է խոստովանեմ, որ ինձանից ավելի տաղանդավոր դերասաններ կան, բայց այսօր հիասքանչ երկիր Հայաստանից ինձ հետ են հարցազրույց վարում: Մի՞թե սա ճակատագրի շնորհ չէ:

 — Ուրախ եմ, որ Հայաստանի մասին գիտեք:

— Ես Հայաստանի մասին ավելին գիտեմ… Տեղյակ եմ, որ երկար ժամանակ Ռուսաստանի և այլ երկրների հետ մի մաս եք կազմել, հետո անկախացել եք: Գիտեմ, որ հայերը ջերմ ու սրտաբաց են, հյուրասեր: Հարգանքով եմ վերաբերվում: Կուզենայի ավելի շատ իմանալ:

Եթե Ձեզ հրավիրենք Հայաստան՝ կգա՞ք:

— Օօօ՜, իհարկե, հաճույքո՜վ:

Այժմ ի՞նչ նախագծի մեջ եք ներգրավված:

— Կներեք, քանի որ դա հեռուստաընկերության քաղաքականությունն է, իրավունք չունեմ ավելին ասելու:

Ձեր սիրած դերասանը:

— Բոլիվուդից՝ Ամիտաբխ Բաչչան, Հոլիվուդից՝ Քլինտ Իստվուդ, Ալ Պաչինո, Ջեք Նիքոլսոն, Շոն Պեն:

Իսկ դերասանուհիների՞ց:

— Հնդկաստանում՝ Դեպիկա Պատիկոն, Ալյա Բհարատ:

Անձնական կյանքից խոսե՞նք

— Ես ամուսնացած եմ, թող երկրպագուներս չնեղվեն՝ ես նրանց շատ եմ սիրում, բայց ես իրականում իմ կնոջն եմ շատ սիրում:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, սկսնակներին:

— Եթե ուզում եք դառնալ իրական արտիստ՝ պայքարեք: Եթե ուզում եք դառնալ հարուստ՝ բիզնեսով զբաղվեք: Երկուսը միասին կարող է չհամընկնել: Շատ գեղեցիկ աղջիկներ կարծում են գեղեցկությամբ կարող են դերասան դառնալ, բայց, երբ առաջին իսկ փորձից տապալվում են, ծանր են տանում: Դրա համար ուզում եմ հասկանան, որ պետք է սիրահարված լինեն արվեստի վրա, ինքնակրթվեն, զարգացնեն իրենց բնատուր տաղանդը, և ոչ թե ինքնասիրահարված լինելով՝ ուզենան դերասանի կարիերա ստեղծել: Եղիր համեստ, բարի, լավ մարդ, և ոչ թե հավակնոտ:

Շնորհակալություն Տարուն հարցազրույցի համար:

— Ես էլ եմ շնորհակալ: Օգտվելով առիթից, ողջունում եմ Հայաստանի իմ երկրպագուներին:

Ս. ՄԵԽԱԿՅԱՆ

Դելի-Գյումրի

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1822″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1823″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1821″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝