ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տե՛ր, փրկի՛ր մեր հոգիները

Նոր բացված առավոտը հար և նման էր մյուս բազմաթիվ առավոտներին: Ճիշտ է, այժմ՝ ինչպես ձմռանը, ստիպված չէր մինչև կեսօր անկողնում մնալ, երբ տանն անտանելի ցուրտ էր, իսկ ժանգոտած, տեղ-տեղ ծակծկված վառարանի համար վառելիք գտնելը համարյա անհնարին: Բայց և առավոտ շուտ տեղից վեր կենալու իմաստն էլ էր կորել: Եթե ձմռանն այստեղից-այնտեղից ձեռք բերած վառելիքն էր պետք խնայել, ապա այժմ՝ չնչին թոշակը, որի մեծ մասը բաժին էր ընկնում դեղերին, մյուս մասն էլ ափսոսում էր ծախսել սննդի վրա: Մտադիր էր մի խորհրդանշական գումար ետ գցել՝ իր անխուսափելի վախճանն ապահովելու համար: Չնայած, ափսոսալու բան էլ չկար. պարտքերի դիմաց գազն անջատել էին անհիշելի ժամանակ առաջ, լույսը մի քանի ամիս անց: Ասենք, դրանք հիմա իրեն պետք էլ չէին. ի՞նչ կար եփելու որ: Կիսասոված գոյություն քարշ տալը վաղուց է, ինչ կենսակերպ էր դարձել…

…Արուսյակ տատը մոռացել էր, թե երբ էր լքվել բոլորի կողմից: Եթե մի ժամանակ հարևանները խղճահարությունից ելնելով՝ դեռ ողորմում էին իրեն՝ մեկ-մեկ սնունդ ու չորացած հացի կտորներ տալով, հիմա արդեն, թաղում ձեռք բերած կիսախելագարի համբավը միակն էր, ինչը մնացել էր շրջապատողների հետ իր նախկին հարաբերություններից…

…Ամուսինը վաղուց էր մահացել սրտի նոպայից: Որդին ընտանիքով Ռուսաստան էր մեկնել ավելի քան տասնհինգ տարի առաջ, ու նրանից մինչ օրս տեղեկություն չուներ: Ո՞ղջ են, թե՞… Աստված չարասցե… Եթե վերջինը, ապա գոնե գերեզման ունե՞ն օտար հողում: Ինքը գոնե դրանից ապահովագրված էր. ինչպես էլ չլինի, մի կտոր հող իր հայրենիքում բաժին կընկնի իրեն ու առանց գերեզման չի մնա: Չնայած մի կողմից էլ՝  ո՞ւմ է պետք այն գերեզմանը, որ ոչ մի այցելու չի ունենալու…

… Աղջիկը մահացավ ավերիչ երկրաշարժի ժամանակ: Երկար փնտրեցին ու երբ գտան, գտնելու բան չէր մնացել: Մխիթարվեց նրանով, որ գոնե շիրմաքար ունեցավ: Հիմա այդ սառը քարից թախծոտ աչքերով իրեն նայողն էր միակ հարազատը ողջ աշխարհում: Առիթ-անառիթ, երբ առողջությունը ներում էր, այցի էր գնում աղջկա գերեզմանին, նրան պատմում իր անփառունակ ծերության ու անիմաստ գոյության մասին: Լսո՞ւմ էր արդյոք աղջիկն իր պատմությունները, տեսնո՞ւմ էր մորը երկնքից, թե՞ անդրերկրյան կյանքը ևս հորինված մի բարի հեքիաթ է, որ կարդալ են տալիս այս աշխարհին հրաժեշտ տվողներին, որպեսզի խաբեն ու խլեն նրանց հոգիները…

…Մտքերի մեջ ընկած՝ չիմացավ, թե ինչպես օրը կեսօր դարձավ: Ուժ տվեց կռներին, նստեց անկողնում ու աչքերն անիմաստ դես ու դեն տարավ դատարկ սենյակում, որտեղ մահճակալից բացի արդեն ոչինչ չկար: Մի քանի տարի առաջ դեռ ինչ-որ բան կար վաճառելու խորհրդային տարիներին ետ գցածից, իսկ հիմա տանը մնացել էր միայն մահճակալը, մի սեղան ու մի աթոռ: Հայրենի իշխանությունները բոլոր միայնակ ծերերին «կուլակաթափ» էին արել: Խորհրդային տարիներին ինքն էլ մեծամասնության նման երջանիկ էր այնքանով, որ իր գոյության մեջ իմաստ էր տեսնում, ինչը կորավ, երբ բնության արհավիրքին հաջորդեցին ալան-թալանի տարիները: Համա թե ախորժակ ունեին խորհրդային իշխանության թշնամիները, ո՜նց էին իրար ձեռքից խլում պետության՝ տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքը, բաժանում իրար մեջ, ապա արդյունքներից չգոհանալով՝ նորից ու նորից վերաբաժանում, մինչև որ բաժանելու ու վերաբաժանելու ոչինչ չմնաց: Արդյունքում՝ հայրենի երկրում մի քանիսը դարձան ահռելի հարստության տեր, մնացածները՝ օրվա հացի համար կռիվ տվողներ, կամ իր պես՝ դրան կարոտ…

…Կոմունալ ծառայություններից իրեն բաժին, ավելի ճիշտ՝ պատուհաս էին մնացել ջուրն ու կոյուղին: Թվում է երկու անհրաժեշտ, բայց պատիժ դարձած այս ծառայություններից այժմ ավելի շատ հրաժարվելու ցանկություն ուներ, քան օգտվելու: Երկրաշարժից հետո տունը չէր վերանորոգվել. ջրի խողովակները վաղուց փոխելու կարիք ունեին, կոյուղին օգտագործելիս գարշահոտ ջուրն անարգել տարածվում էր զուգարանի հատակին՝ անընդհատ խնդիրներ ստեղծելով իր և հարևանների հետ հարաբերություններում: Կար ժամանակ, երբ դրանք չափից դուրս բարիդրացիական էին, իսկ այժմ բոլորն իրեն ցնդած պառավ էին անվանում, անիծում ու երազում օր առաջ ազատվել իրենից: Երբ դուրս էր գալիս բակ, հարևաններն առիթը բաց չէին թողնում իրենց վերաբերմունքն արտահայտելու համար, նույնիսկ, երբ չէին էլ արտահայտվում, թիկունքին զգում էր նրանց ատելությամբ և զզվանքով լի հայացքները: Հաճախ էր խորհում, թե ինչու Աստված չի առնում հոգին, որ ազատվի այսքան անտանելի փորձություններից, շրջապատողներն էլ ազատվեն իրենից: Մի՞թե այդչափ մեղավոր է եղել իր երկրային կյանքը, որ արժանի չէ հանգիստ գտնելու գոնե հանդերձյալ կյանքում…

…Հացամանում երեք-չորս օր առաջ գնված հացի չորացած կտորներին բորբոս էր բռնել: Ահա և խնայության արդյունքը: Ինչ արած, նոր թոշակը ստանալուն դեռ մոտ մի շաբաթ ժամանակ կար, իսկ ցամաք հացի փողը կհերիքեր երկու երեք օրվա: Ստիպված էր լինելու խոնավ շորով մաքրել հացի վրայի բորբոսը և ուտել այն: Արդյո՞ք միայն պետությունն էր պատասխանատու իր նման լքվածների համար, թե՞ հասարակությունը ևս, որ փակել էր աչքերը և ոչինչ տեսնել չէր ուզում: Ո՞ւմ մեղադրեր, երբ բոլորն էլ, առանց բացառության, թաղված էին իրենց բաժին մեղքի մեջ ու փրկության, ապաշխարանքի կարիք ունեին: Ե՞րբ էր գալու այդ փրկությունը, կամ գոնե վերջն այս անփարատելի տառապանքների…

…Հացը կուլ չգնաց: Արուսյակ տատը ծնկեց գետնին ու աչքերն հառելով մահճակալի վերևը կախած Քրիստոսի խաչված պատկերին՝ մրմնջաց.

— Տե՛ր, ների՛ր մեղավորներիս, փրկի՛ր մեր հոգիները…

ԳՈՒՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

Պիտակներ՝