ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տոն, գնաճ ու ժպիտի պահանջարկ

Այսպիսի հայկական ասացվածք կա` «Բրինձ ուտողին քյաբաբի համը մի բացատրիր»: Սա երևի մյուսների նկատմամբ մեր ազգային խոհանոցի առավելությունն ընդգծելու համար ենք ձևակերպել: Բայց մի կողմից, երբ տարեմուտի «Գնիր` ինչ գնով էլ լինի» մրցավազքն իր եզրագիծն հատել է, իսկ մյուս կողմից ետամանորյա ընթացքն իր հունի մեջ մտած, անակնկալները մատուցել` մի շարք սպառողական ապրանքների գների բարձրացման տեսքով, մարդկանց համար լրջորեն խորհելու և խորապես հիասթափվելու առիթ է ներկայացել: Ծանոթներիցս մեկը, ում գիտակցության մեջ, իր ասելով, գների պարբերական բարձրացումների դեմ իմունիտետ է զարգացել, նկատեց, թե գների բարձրացումից, ճիշտ է, միայն որոշակի խմբի պատկանող մարդիկ են շահում, մյուսները` տուժվում, բայց միևնույն է` «Կարտոլ ուտողի վրա այն չի ազդի, նա կշարունակի անհոգ ապրել»: Սա, իհարկե, կատակի կամ հայ նոր բանահյուսության դրսևորում կարելի է համարել, բայց դա նաև ինձ չխանգարեց զուգահեռաբար ավելի լրջորեն ասված կարծիքներ լսել:

ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետյանի կարծիքով՝ «Այլ բան է, երբ պետության կողմից հարկային բեռի ծանրացմանը զուգընթաց, պարբերաբար 10 տոկոսով թանկացում է տեղի ունենում: Բայց երբ թանկացումը փաստացի դառնում է 30 տոկոս, ստացվում է բանկային մեխանիզմի նմանակում, երբ ասում են, թե 8 տոկոսով են վարկ տրամադրում, բայց փաստացի ստացվում է 18 տոկոս: Եթե ուրեմն` 30 տոկոսով եք թանկացնում ապրանքը, բարի եղեք, այդպես էլ ասեք: Ասում են, թե թանկացումները ԵՏՄ մտնելու հետ է կապված: Բայց հարց է ծագում, եթե թանկացում էր սպասվում, ինչո՞ւ այդ դեպքում մտանք: Բնական է, որ երբ մի կառույցի ենք անդամակցում, պետք է դրանից շահ ակնկալել, իսկ եթե հակառակ արդյունքն ենք ստանում, այդ դեպքում իմաստազրկվում է մեր որոշումը: Այսինքն` եթե ԵՏՄ-ն պարտադրում է գների բարձրացում, ուրեմն` պետք չէր մեր անդամակցությունը: Փաստերով պետք է գնահատել իրականությունը, մենք վաղուց «կշտացել» ենք տարատեսակ կառույցների անուններից: Մեզ համար կարևորը պետք է մեր ապրելակերպը լինի: Սա է տրամաբանությունը»:

Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրեն Լևոն Բաղդասարյանի տեսանկյունից էլ` «Քանի որ գների բարձրացումը որոշ դեպքերում գնահատվում է որպես ԵՏՄ-ին անդամակցելու արդյունք, ես նկատել եմ, որ մենք սիրում ենք հակադրել, չենք սիրում համադրել: Ձևով համադրում ենք, բայց բովանդակությամբ` հակադրում: Հիմա Եվրամիությանը ինտեգրվելու կողմնակիցները, որպեսզի այդ կառույցի դերը մեր իրականության մեջ բարձրացնեն, հակադրում են ԵՏՄ-ն: Այլ կերպ մեկնաբանեմ. Հայաստանում գործում են ծառա-կուսակցություններ: Ծառա, նոքյար` բառի բուն իմաստով, սրանք չեն ծառայում հայրենիքին, այլ ծառայում են կամ Եվրոպային, կամ Ռուսաստանին: Սրանք թաքուն կամ բացահայտ ֆինանսավորվում են որպես գործակալներ: Եթե անգամ ընդունենք, որ համաշխարհային շուկայի գներով թելադրված, գնաճն օբյեկտիվ է, ԵՏՄ-ին հակադրում են Եվրամիության առավելությունը: Բայց աշխարհն է փաստացի գնում գնագոյացման բարձրացման: Դա ունի իր խիստ օբյեկտիվ պատճառները` աշխարհը գնում է սպառազինության, գերտերությունների մոնոպոլիայի: Հատկապես` ԱՄՆ-ը, որը ցանկանում է իր պայմանները թելադրել: Մյուս կողմից, փաստ է նաև, որ բոլոր զարգացած երկրներում էլ, որտեղ թանկացումներ են կատարվում, պետությունը փոխհատուցում է դրանց ծախսերը»:

Լևոն Բաղդասարյանը մատնանշում է այն փաստը, որ այսօր ցանկացած ապրանքի ամենաթանկ գները Եվրոմիությունում են, բայց այդ երկրներում աշխատավարձը, նպաստը կամ թոշակն այնքան բարձր են, որ ապրանքի թանկությունն էական չի թվում բնակչության համար: Ուստի` «Մեր պետությունը պարտավոր է այդ մասին մտածել, մեր պատգամավորները պարտավոր են պահանջել բարձր գների դիմաց փոխհատուցում, ոչ թե գների իջեցում, որը օբյեկտիվորեն մեզնից չի կախված: Ո՛չ գազի, ո՛չ նավթի, ո՛չ բենզինի գներն իջեցնելը մեր ձեռքում չէ, մենք պարզապես ներկրող ենք: Ուրեմն` պատգամավորների թիվ մեկ պարտականությունն է, որպեսզի մեզ մոտ էլ աշխատավարձի, նպաստի կամ թոշակի բարձրացում կատարվի: Բայց փաստն այն է, որ այս տարվա բյուջեն ոչ փոխհատուցում, ոչ էլ աշխատավարձերի, ու թոշակների ավելացում չի նախատեսել: Ես չեմ կարծում, թե բյուջեն առհասարակ նման դեպքերում ինչ-որ բան նախատեսում է: Պարզապես, պարկեշտ պետության արտահագուստով, բյուջեի ձևավորմանն առնչվող թվեր են ներկայացվում միջազգային վարկատու կազմակերպություններին, որպեսզի այնտեղից մերժում չստանան: Իրականում մեր բյուջեն ոչ մի երիզով չի համապատասխանում մեր ապրելակերպին, մեր իրականությանը: Հայտարարում են, թե միջին աշխատավարձը մոտ 200 հազար դրամից ավելի է, բայց դա կոչվում է գերբարձր աշխատավարձ` ոչ թե միջին: Ո՞ւմ հայտնի չէ, որ ԱԺ բոլոր պատգամավորներն էլ ունեն բիզնես, պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում նրանց սպասարկման համար, ուրեմն` ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, եթե չեն կարողանում անգամ ժողովրդի համար կենսական հարցեր լուծել: Եթե իրենք ժողովրդի նվիրյալներ են ու բոլորն էլ, որպես ազգի պատվիրակ, անխտիր ապահովված են, թող հրաժարվեն այդ փողերից: Թե՞ ժողովուրդն իրենց անհրաժեշտ է միայն նրա համար, որ հարկատու է: Բայց բիզնեսմենի առողջ տրամաբանությունը պիտի հուշեր, որ եթե ուզում են իրենց բերած ապրանքը վաճառել, երկրում պետք է գոնե սպառողներ մնան»:

Ս.ՀՈՒՆԱՆՅԱՆ