ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՏ՝ բիզնեսի համար, ՏՏ՝ կրթության համար

Սեպտեմբերի 14-ին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության կողմից մշակված «Տեղեկատվական տեխնոլոգիաներ` բիզնեսի համար, Տեղեկատվական տեխնոլոգիաներ` կրթության համար» ծրագրի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու մի շարք կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ծրագրերի համակարգող Յուլիա Ստակյանը, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:

ԳՄՀԸ/GIZ ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակներում ներկայացված ծրագրին մասնակցել է 15 նախագիծ, և ըստ համակարգող Յուլիա Ստակյանի, մրցակցությունը բավականին բարձր ու բարդ է եղել, նաև մրցակցություն եղել է մայրաքաղաքային ու մարզային նախագծերի միջև. «Սակայն հաղթեց ամենալավ ծրագիրը, որն էլ ներկայացրել էր «Բրեյն Ֆորս» ՍՊԸ-ն: Մենք հրավիրել էինք հանրապետության առաջատար մարկեթոլոգների, և իրենք են իրականացրել ընտրությունը: Առաջին հայացքից թվում է, թե պարզ ու փոքրիկ նախագիծ է, սակայն այն այնքան լուրջ արմատավորվելու հիմքեր ունի, մոտիվացնելու, լուրջ ինկուբացիա անելու ոչ միայն ՏՏ ոլորտներում, այլ այն սեկտորների, որոնց համար ՏՏ-ն այս պահի դրությամբ աշխատելու է կարիքների վրա հիմնված լուծումներ գտնել: Փոքրից ենք սկսում, որն արագ տեմպերով կզարգանա և, քանի որ սա պիլոտային ծրագիր է, հուսանք, տարածաշրջանի կառավարման մարմինների աջակցությամբ և ուսումնական հաստատությունների պատրաստակամությամբ, այն կամրապնդվի և կտարածվի: Սա ծրագիր է, որ ֆունդամենտալ գիտելիքներն առավել պրակտիկորեն կիրառելու հնարավորությունն այս նախագծի շրջանակներում բարձրանում է, և այստեղ խնդիրը զբաղվածությունը չէ, իջեցվում է վախի շեմը, ուսանողը կարող է փորձել, կարող է սխալվել, բայց իր կողքին կլինեն մասնագետներ, ովքեր կօգնեն, կուղղեն այդ գործընթացում»:

Բացման խոսքում Յուլիա Ստակյանը մասնավորապես ասաց. «Ծրագրի հիմնական նպատակն է՝ ապահովել տնտեսության կայուն զարգացումը: Ինչպես նկատեցիք, ծրագրի անունը բաղկացած է երկու հատվածից, որը ներառում է կրթությունը և բիզնեսը: Մի մասն աջակցում է ՓՄՁ-ին, իսկ մյուս մասում անդրադառնում է կրթությանը: Ինչպես գիտեք, Շիրակի մարզում արդեն 2-րդ տարին է, մենք Գերմանիայի բրենդը դարձած ևս մեկ այլ՝ «Դուալ» ուսուցման ներդրման պիլոտային ծրագիրն ենք իրականացնում, և «Բրեյն Ֆորսն» հանդիսանում է նաև համագործակից կազմակերպություն»:

«Բրեյն Ֆորս» ընկերության հիմնադիր տնօրեն Գուրգեն Ղարիբյանը ներկայացրեց ծրագիրը. «2-3 տարի Գյումրիում աշխատելով և շփվելով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, առաջարկել ենք ՏՏ ոլորտի մեր ծառայությունները: Բայց գրեթե միշտ համագործակցությունը չի ստացվել, խնդիրը ֆինանսականն է եղել: Շփվել ենք ուսումնական հատատությունների հետ՝ որպես աշխատակից մասնագետների ներգրավման առումով: Այստեղ էլ են եղել խնդիրներ. բուհերի պատրաստած մասնագետները չեն բավարարել մեր պահանջները և միշտ վերապատրաստման անհրաժեշտություն է եղել: Մենք հասկացանք, որ հիմնական պատճառը բուհերում մասնագետների հետ է կապված: Տեխնոլոգիաները արագ են զարգանում, ծրագրավորման ոլորտում ունենք լուրջ խնդիրներ, քանի որ նման մասնագետներ չեն պատրաստվում ուսումնական հաստատություններում: Այստեղից էլ միտք առաջացավ՝ ստեղծել ծրագիր. բիզնեսը կապել ուսումնական հաստատության հետ: Մեր փորձառու մասնագետները ուսումնական հաստատություններում կներկայացվեն որպես դիպլոմային աշխատանքի ղեկավարի օգնականներ, իսկ բիզնեսից վերցված այդ ծրագրի գաղափարները, որոնք որ բիզնեսը կուզենա ունենալ, բայց ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ չի կարող իրականացնել, մենք կկազմակերպենք ուսումնական հաստատություններում դիպլոմային աշխատանքների տեսքով, որում անմիջական գործունեություն կծավալի մեր փորձառու ծրագրավորողը, ում հետ էլ դիպլոմային աշխատանքը, որպես արդեն պրոյեկտ, կհասցվի ավարտին: Այսպիսով, նախագծի գլխավոր նպատակն է՝ ստեղծել հարթակ, որտեղ ՓՄՁ-ները կներկայացնեն իրենց խնդիրները, որոնք իրենց հերթին կներկայացվեն մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ ուսանողների կուրսային և ավարտական աշխատանքներում համապատասխան լուծումներ ստանալու համար։ Յուրաքանչյուր նախագծի համար ՏՏ կազմակերպության կողմից կնշանակվի փորձառու մասնագետ՝ որպես դիպլոմային աշխատանքի ղեկավար կամ ղեկավարի օգնական»։

Ըստ Գուրգեն Ղարիբյանի, ամենամյա մոնիթորինգներ կանցկացվեն, որի արդյունքում կհստակեցվեն, թե ներկա պահին Գյումրիում ինչ պահանջներ կան, ինչ կարիքներ կան, կհստակեցվեն առաջարկները, և կձևավորվեն բիզնեսի կարիքները հոգալու, պահանջները բավարարելու հարթակներ: Նրա հստակեցմամբ, ուսանողը, որն արդեն վերջին կուրսերում է, պրակտիկ աշխատանքում, սկզբից մինչև վերջ մասնակից լինելով պրոյեկտներ կազմելուն ու ծրագրավորելուն, ավելի հաստատուն գիտելիքներ կունենա ու վստահություն ձեռք կբերի իր իսկ գիտելիքների հանդեպ:

Գուրգեն Ղարիբյանի ներկայացրած ծրագիրն արժանացավ ուսումնական հաստատությունների տնօրենների հավանությանը: Վերջիններս բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը: Շիրակի պետական ճարտարագիտական համալսարանից նախ շնորհակալություն հայտնեցին, որ ծրագիրը ներկայացնողը իր խոսքը մշակել էր հենց մաքուր հայերենով, և ոչ թե մեջբերումներ արել «օտարահունչ» տերմիններով: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն էլ առաջ քաշեց ավելի գլոբալ խնդիր, որը կապված է ընդհանուր կրթական ծրագրերի հետ, որ բուհերին ազատ աշխատելու հնարավորություններ չեն տրվում, որ ծրագրավորող մասնագետներ չեն կարող պատրաստել, որովհետև, իրոք, դասավանդողներ չկան, քանզի վերջիններս չեն համաձայնվում բուհական աշխատավարձով դասախոսել: Այդ իսկ պատճառով, ուսանողներն ավարտում են լավագույն դեպքում որպես օպերատոր-տեխնիկներ, և ոչ թե ծրագրավորողներ:

Այնուամենայնիվ, այս նախագծի շնորհանդեսը միտված էր նաև նրան, որպեսզի լսեն կարծիքներ, քննարկեն, հնարավոր բացերը լրացնեն, համագործակցության եզրեր գտնեն և միասին բարձրացնեն այսօր պահանջված մասնագիտության արդյունավետության մակարդակը: