Հարցազրույց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի» Շրջանային կազմակերպության (ՇԿ) կազմակերպիչ-համակարգող ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:
— Նարեկ, մասնագիտությամբ իրավաբան եք, իսկ կուսակցական գործունեությունը ե՞րբ եք սկսել:
— 2010 թվականից անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը, ակտիվ գործունեություն սկսել եմ 2018-ից, չնայած մինչ այդ էլ կուսակցությունում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ այդ թվում՝ երիտասարդական խորհրդում, ապա՝ շրջանայինում, իսկ 2018թ-ից հանդիսանում եմ «Գյումրի» ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ և կազմակերպիչ-համակարգող:
— Ակտիվ գործունեություն սկսել եք 2018թ—ից, այսինքն, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր տեղի ունեցան, և ՀՀԿ—ն ընտրողների ձայների 4,7% ստացավ:
— Այդ ժամանակ կային էյֆորիկ տրամադրություններ: Որպես ՀՀԿ թեկնածու՝ կարող եմ ասել, որ այդ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չարտացոլվեց: Չնայած ժողովրդին թվում է, թե 2018-ի ընտրություններն եղել են բացարձակ արդար ու մաքուր, բայց պիտի փաստեմ, որ եղել են բազմաթիվ խախտումներ, ամենաշատ վարչական ռեսուրս ընդգրկած ընտրություններն են: Բոլոր պետական պաշտոնյաներին ու համայնքապետերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին, ընդհանրապես, բոլոր պետական կառույցների վրա կիրառվել է ճնշումներ՝ իրավապահ մարմինների, ԱԱԾ ներկայացուցիչների, ոստիկանության միջոցով, մանավանդ, որպեսզի ՀՀԿ թեկնածուներին չաջակցեն, չհաղթահարեն նվազագույն շեմը և չանցնեն ԱԺ:
— Կուզենայի լսել Ձեր կարծիքը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
— ԸՕ-ի փոփոխությունների հասարակական պահանջ չկար: ԸՕ փոփոխություններ կարելի էր իրականացնել 2018-21թթ. ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե մի քանի օրում, շտապ-շտապ… Սա ևս հասարակությանը շեղելու մեկ օրինակ էր: Բացի այդ, իշխանության կողմից փորձ է արվում՝ իր թեկնածուներին, որոնց իշխանությունը ինքն է համարում «ուսապարկեր», ներկայացնել փաթեթավորած՝ մեկ համամասնական ցուցակով: Որովհետև շատ լավ գիտի, որ իր թեկնածուները ռեյտինգային ընտրակարգի դեպքում չէին կարողանալու ազատ շրջել փողոցներում, ժողովրդի մեջ իրականացնել քարոզարշավ: Եվ, որպեսզի նման անհարմար իրավիճակի մեջ չհայտնվեն, որոշեցին շատ արագ անցնել համամասնական ընտրակարգի, որպեսզի մեկ միասնական թեկնածուով, իրավապահ կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպեն և ձևացնեն, թե քարոզարշավ են իրականացնում:
— Բայց չէ՞ որ ընտրությունները քաղաքական են, կուսակցությունների կողմից ներկայացված ծրագրերի ընտրություններ են, և ի՞նչ կարևոր է, թե ովքեր են համամասնական ցուցակում: Վերջիվերջո, մեր հասարակությունը պե՞տք է սովորի, որ պատգամավորն ասֆալտ փռող, լույսի վարձ տվող, երեխայի ուսման վարձ տվող չէ:
— Խնդիրը ոչ թե համամասնականի կամ ռեյտինգայինի մեջ է, այլ որ այս փուլում մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնած, մենք կորցրել ենք Արցախի 75%-ը, և Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել մնալու դեպքում մենք շարունակելու ենք ամեն օր ավելին կորցնել, և նման խնդիրների առկայությամբ ընտրակարգի փոփոխությունն արհեստական է դառնում: Եվ այս փուլում քննարկել ԸՕ-ը՝ սխալ է: Մեր պետության առջև դրված պետք է լինի դավաճանի օր առաջ հեռանալու հարցը: Հետո միայն Նախագահի որոշմամբ, Սահմանադրական կարգով ընտրություններ կազմակերպելու ժամկետներ նշել:
— Մեր պետությունը երեք պետական կառուցվածքով է անցել՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական: Ըստ ձեզ, ո՞րն է Հայաստանի համար նախընտրելի:
— Տվյալ պարագայում ցանկացած կառավարման ձև, որն էլ լինի, շատ ավելի ուշ է ցույց տալու իր արդյունավետությունը: Ներկայում խորհրդարանական կառավարման ձևին ընդամենը մի փոքր ժամանակահատված է, ինչ անցել ենք, այս փուլում դժվար է գնահատականներ տալը:
— Նաև, որ մեկ տարի դեռ չէր լրացել նոր կառավարման համակարգին անցնելը, հեղափոխություն տեղի ունեցավ…
— Չասենք հեղափոխություն, ասենք՝ իշխանափոխություն, իշխանազավթում, որովհետև այն գործողությունները, որոնք տեղի ունեցան, պլանավորած էր շատ ավելի վաղ, ուղղակի Փաշինյանին հաջողվեց իրականացնել այն 2018-ին: Սա ծրագիր էր, որն իրականացվեց տարբեր մեխանիզմների կիրառմամբ` ցանկացած լավը, դրականը սևացնելու, պետական ինստիտուտները, բանակը, եկեղեցին սևացնելու, ժողովրդի աչքից գցելու շնորհիվ: Արդյունքում՝ Նիկոլին հաջողվեց գեներացնել ժողովրդի դժգոհությունը և կազմակերպել իշխանազավթում, այնուհետև լեգիտիմացնել արտահերթ ԱԺ ընտրությունների ճանապարհով:
— Եթե ասում եք՝ ավելի վաղ էր պլանավորած, այդուամենայնիվ, Նիկոլը «ո՞ւմ մարդն է»...
— Ըստ իս՝ նա իրականացրեց Արևմտյան մի քանի կառույցների պլանները, նաև գործակալական ցանցերի ազդեցության ներքո կամ ֆինանսավորմամբ: Երբ լսում ես վերջին հարցազրույցները կամ ՔՊ-ականների հանրային խոսքերը, որ փորձում են ավելի շատ պաշտպանել Թուրքիային, Ադրբեջանին, նույնիսկ չեն հակադարձում Ալիևի հոխորտանքներին, տեղիք է տալիս համոզվելու, որ 2018-ին իրականացված իշխանազավթման մեջ նաև նշածս երկրներն ունեն իրենց լուման:
— Համոզվա՞ծ եք, որ ծանր հոգեբանական վիճակում ժողովուրդը հունիսի 20-ին կմասնակցի ընտրություններին, և արդյո՞ք չի ընտրի «Իմ Քայլին» կամ ինչո՞ւ պիտի ընտրի Հանրապետականին, որին մերժել է:
— Փորձեմ հերթով գալ: Հենց 2018-ից էլ ես ընդդիմադիր եմ եղել այս իշխանություններին և իմ գլխավոր մտահոգությունն էլ հենց կապված է եղել Արցախի հետ: Ես այս իշխանության ներկայացուցիչների գործունեությունն տեսել էի նախկինում, երբ իրենք էին ընդդիմադիր…
— Բայց նրանք գործուն դերակատարում չեն ունեցել, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի:
— Այո, կոնկրետ Նիկոլի անցած քաղաքական ուղին, նրա հայտարարությունները՝ կապված 2016թ. ապրիլի քառօրյայի հետ, և մնացած հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի առումով…
— Բայց մարդն իշխանության գալով, փոխեց իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:
— Այո՝ բացառապես իր քաղաքական շահերը հետապնդելով: Նախ խոսենք, թե ինչու եմ պատերազմի հարցում մեղադրում Նիկոլին և նրա վարչախմբին. ամենասկզբից նա հայտարարեց, որ Արցախի հարցում բանակցություններ չի վարում, հետո ասաց, որ սկսում են «0» կետից, հետո հայտարարեց, թե ինչ ցանկանան, այդ էլ կբանակցեն: Հետո, երբ միջազգային փորձագետները, ռազմական փորձագետները հայտնում էին, որ Նիկոլը բանակցությունները տանում է փակուղի, Շուշիում էլ պարեց ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»… Վերացրեց բանակցելու բոլոր ուղիները և այդ ամենը, իր հռետորաբանությունը, հանգեցրեց պատերազմի: Երբ արդեն պատերազմում էինք, առաջին օրից արդեն համոզված էինք, որ մեր թշնամին միակը չէ, այլ հզոր Թուրքիան է թիկունքում, Իսրայելն է օգնում, Ուկրաինան է աջակցում, ահաբեկիչներ, վարձկաններ և այլն: Եվ երբ ԳՇ-ն, ռազմական փորձագետները նրան տեղեկացրել են, որ այս պատերազմում մենք չենք կարող մեր ուժերով դիմակայել, նա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ոչ մի գործուն քայլ չձեռնարկեց: Ավելին, ՌԴ նախագահի հայտարարությունից էլ հասկացանք, որ Նիկոլին մի քանի անգամ առաջարկվել է դադարեցնել պատերազմը՝ գոնե շահավետ պայմաններով, իսկ նա հրաժարվել է: Եվ սա չհերքվեց, ուրեմն չհավատալու հիմք չունենք: Իսկ կեսից պատերազմը կանգնեցնելով, մենք այսքան զավակ չէինք կորցնի: Ինրո՞ւ ներքին լսարանին կերակրել «Հաղթելու ենք» դավաճանական ստով… 2016-ի ապրիլյանից հետո, մեր պետությունը բանակցային հարթությունում ուներ հաջողություն, երբ Ալիևն էլ հայտարարել էր, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը…
— Բայց այն միակողմանի չէր կարող լինել, այլ փոխզիջումային տարբերակով էր հնարավոր: Եվ, ինչպես Առաջին նախագահը 2017-ին նշեց՝ «Տղա եք՝ մի տվեք»:
— Այո, պետք է հարցը լուծվեր բանակցային գործընթացով, փոխզիջումային տարբերակով, և մենք պետք է 7 շրջանների խաղաքարտն օգտագործեինք: Սակայն հանգելով պատերազմի, մենք ոչ միայն 7 շրջանները կորցրեցինք, այլ ավելին՝ Արցախի հարցը չլուծվեց, իսկ մենք էլ ծանր պարտություն կրեցինք: Հիմա մեզ անհրաժեշտ է շատ արագ փոխել բանակցողին՝ Նիկոլին, և նոր բանակցություններ վարել ու պահպանել այն, ինչը մնացել է, պահպանել մեր սուվերենությունը, մեր պետության դեմքը:
— ՀՀԿ—ն մասնակցելո՞ւ է ընտրություններին:
— Այս պահին ընտրությունների իրականացման իրատեսական հիմքեր չկան, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել… Քանի որ իր վարմունքով նա փոփոխական է, ապա կասկածելի է, որ հունիսի 20-ին կլինի արտահերթ ընտրություններ: Երբ հեռացավ, երկրի նախագահը ընտրությունների օր նշանակեց, նոր միայն ՀՀԿ-ն այն կմտցնի օրակարգ: