ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյան․ «Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ»

ilur.am

Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և ագրեսիվ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։

«Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և ագրեսիվ։ Եվ այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ Երևանը գրավելու մասին, մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, հետևողականորեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մարտական ոգին, հետևողականորեն բարձրացնել մեր հանրության ընդհանուր տրամադրությունը, և այդպիսով երկրի պաշտպանունակությունը։ Դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ», — ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման ոչ կառուցողական դիրքորոշման պայմաններում բանակցությունների շարունակման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ի վերջո նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռիտորիկային և վերադառնա կառուցողական երկխոսության դաշտ։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում Արցախի հարցի կարգավորման մասով նշվում էր․ «Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք` միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»։