ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Փողոցաշինական աշխատանքներ

«Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները» թեմայով քննարկում: Բանախոսներն էին Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը, ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի, 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Կնյազ Մանասյանը ներկայացրեց փողոցաշինական աշխատանքների ընթացքը. «ՎԶԵԲ վարկային ծրագրով իրականացվող լայնամասշտաբ փողոցաշինական ծրագրի 1-ին փուլն համարյա մոտենում է ավարտին: Մի քանի փողոցներում լրիվ ավարտված է՝ Կոմիտաս, Երևանյան խճ., Նժդեհի հրպ., Տիգրան Մեծ պող., «Անի» և «Մուշ» թաղամասերը կապող ճանապարհահատվածը, Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներն են ավարտված, հիմնականում մանր-մունր աշխատանքներ են մնացել: Հույս ունենք, որ այս ամսվա վերջ այդ աշխատանքներն էլ ավարտին կհասցնենք: Զուգահեռաբար Կոմիտաս փող. և Երևանյան խճ. փողոցային գծանշումներն ու երթևեկության նշաններն են տեղադրվել: Սայաթ-Նովա փողոցում ևս ավարտին են մոտենում աշխատանքները: Ներկայում փողոցային լուսավորության հին հենասյուների ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում և նորերի մոնտաժումը, ինչպես նաև կայանատեղիների, կանգառների և այլ աշխատանքներն են ընթացքի մեջ: Գ.Նժդեհ փողոցում հարթեցնող շերտ է տեղադրվում, որից հետո շատ արագ ասֆալտաշերտը կփռվի: Փողոցաշինական աշխատանքների ձգձգումներն էլ հիմնականում կապված էին նախագծային փոփոխությունների հետ, ավելի ճիշտ՝ ջրահեռացման համակարգի նախագծերի հետ»:

Պարոն Մանասյանին հարց հղվեց, թե մարդիկ դժգոհում են թերություններից, ինչպե՞ս են ընթանում վերացման աշխատանքները, վերահսկողություն իրականացվո՞ւմ է:

«Վերահսկողություն իրականացնում են միանգամից  մի քանի խմբերի կողմից. նախ՝ յուրաքանչյուր շինարարական կազմակերպության համար նախագծող կազմակերպության կողմից ամրագրված է տեխնիկական վերահսկիչներ: Մեր կողմից մասնագետների խումբ կա, որը վերահսկում է իրականացնում: Ինչպես նաև մարզպետարանի կողմից կա վերահսկող խումբ: Ժամանակին հայտնաբերված թերությունների համար ահազանգում ենք կապալառու կազմակերպությանը, հետևում, որպեսզի թերությունները վերացնեն: Կան նաև այնպիսի կիսատ մնացած աշխատանքներ, որոնք կապված են այլ կազմակերպության ընթացիկ աշխատանքների հետ»:

Հարց հղվեց նաև ասֆալտածածկ փողոցների խորդուբորդությունից, ինչին Կ.Մանասյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր փողոց ունի մի քանի տոկոսի անհարթության թույլատրելիություն: Դրա համար գոյություն ունի հատուկ սարք, որի միջոցով որոշվում է շեղումը՝ հարթության նկատմամբ: Եթե շեղումը բարձր է, ապա կքանդվի ասֆալտաշերտը և նոր շերտ կանցկացվի, շինարարն էլ կտուգանվի: «Դեռ ոչ մի փողոց չի ներկայացվել հանձնման,  բայց մենք խնդրել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս.Պապիկյանին, որպեսզի լաբորատորիայի մասնագետներով գան Գյումրի, մինչև կատարողական ակտերի ներկայացումը, ստուգվի, տրվի համապատասխան եզրակացություն՝ ընդունե՞լ, թե չընդունել աշխատանքները»,- նշեց Կ.Մանասյանը:

ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի, 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանին հարց հղվեց, թե վերջին 10 օրում վրաերթերի պատճառով մարդիկ զոհվեցին, չնայած այն «հրճվանքին», որ փողոցներն ասֆալտապատվել են, սակայն կան անբարեխիղճ, կարգազանց վարորդներ, որոնք «ավտոռալլի» են խաղում, պատահարների պատճառ դառնում: «Կուզենամ ներկայացնել, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մարմնական վնասվածքները պակասել են 25-ով, պակասել է նաև մարմնական վիրավորում ստացած անձնանց թիվը՝ 47-ով: Սակայն ցավալի է, որ զոհերի թիվը, նախորդ 9 ամիսների հետ համեմատ, մնացել է նույնը՝ 12: Փոխարենը՝ միջոցներ են ձեռնարկվում. այնտեղ, որտեղ վթարածին իրավիճակ է գրանցվում, կառուցվում են արհեստական խոչընդոտներ: Ի դեպ, շատ էֆեկտիվ արդյունք է տվել: Բացի այս, ներկա պահին մենք ակնկալում ենք ճանապարհային ոստիկանների թվաքանակի ավելացում, քանի որ Գյումրիում կա տուրիզմի մեծ ներհոսք, որոշում է կայացվել անձնակազմն ավելացնել»:

Պարոն Մանասյանը հավելեց, որ քաղաքում քիչ են արագաչափերը, և իրենք դիմել են հանրապետության Ճանապարհային ոստիկանապետին, որպեսզի Գյումրիում արագաչափերի քանակներն ավելացնեն, նաև չկարգավորվող խաչմերուկներում տեսախցիկներ տեղադրվեն:

Նշվեց, որ Գյումրի համայնքը ձեռք է բերել գծանշումներ անելու սարք, որը հնարավորություն կտա հաճախակի թարմացնել դրանք: Ամենաբարդն այն է, որ Գյումրին չունի Ճանապարհային երթևեկության կարգավորման սխեմա: Ճանապարհային նշանները, գծանշումները կատարվում են այդ սխեմայի համաձայն: Ներկայիս հիմնանորոգվող 12 փողոցների 30 տոկոս երթևեկության կարգավորման սխեմաները պատրաստ են և ուղարկվել են ՃՈ, մնացած փողոցները, որոնք դեռ չեն վերակառուցվել՝ չունեն: Համայնքին անհրաժեշտ է մոտ 5000 նշան: Ցանկություն կար քաղաքի ամբողջ երթևեկության կարգավորման գործառույթը հանձնել ՃՈ-ին՝ ինչպես Երևանում է,  բայց այս պահին համայնքի ուսերին է այդ բեռը:

Ըստ պարոն Մանասյանի, ինչպես և նախատեսված է, օդային տարածքը դատարկվելու է մալուխային կոմունիկացիոն ցանցի բեռից, այն իջնելու է գետնի տակ, մնալու են միայն փողոցային լուսավորության սյուները, բացառությամբ այնպիսի հատվածների, որից մալուխներ են գնում հարակից թաղերը, անցումները:

Խ. Խնձրցյանը ներկայացրեց միջպետական և համապետական նշանակության փողոցներում իրականացվող աշխատանքների ծավալը: Նշեց, որ հաջորդ տարի մոտ 30 կմ երկարությամբ փողոցներ են վերանորոգվելու. «Միայն Գյումրիում 102 կմ ասֆալտ-բետոնե ճանապարհ կա, պիտի պայմաններ ստեղծվեն, որ փոքր կամ մեծ հատվածներով հնարավոր լինի նորոգելը: Իսկ մնացած 100 կմ երթևեկելի մասն արդեն խելքի բերվում է: Նույնն էլ մարզի կտրվածքով. 822կմ երկարությամբ ճանապարհ ունենք»:

«Շրջապատը» հարցրեց. «Կառավարության կողմից հայտարարված 9,2 մլրդ և 4.65 մլրդ դրամ գումարները ինչպե՞ս են ծախսվելու, արդյո՞ք որոշ մասը որպես սուբսիդիա է՝ ՎԶԵԲ-ի վարկերը փակելու, թե՞ նոր փողոցների շինաշխատանքների համար է, որոնք չեն ընդգրկված ներկայիս ծրագրերի մեջ»:

Կ. Մանասյանը պատասխանեց, որ այդ գումարները թե՛ ՎԶԵԲ-ի, թե Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական աշխատանքների համաֆինանսավորման համար են, ինչպես նաև սուբվենցիոն գումարներ կարող են լինել, առաջիկայում պարզ կլինի. «Տարեվերջին, երբ ունեցանք հստակ պատկեր, թե որքան տնտեսված գումար կունենանք, ապա Գյումրիում կապիտալ փողոցաշինության մեջ պատրաստվում ենք 250մլն գումար ներդնել, ինչպես և անցած տարի կառավարության հետ համամասնությամբ կարողացանք մի քանի փողոց քաղաքի բյուջեի միջոցներով վերականգնել: Նախատեսել ենք 6 փողոց, բայց դեռ չենք նշի՝ որոնք, հնարավոր է, թիվն աճի, այս ամենը դեռևս վերջնական քննարկված չէ: Ինչ վերաբերում է պատմական միջուկի փողոցների վերականգնմանը, ապա Համաշխարհային բանկին դիմել ենք, որպեսզի ֆինանսական միջոցներ հատկացվեն, որպեսզի Գայի փողոցից մինչև Տերյան փողոց՝ որքան փողոց կա, միջանկյալ փողոցները, Վարդանանց հրապարակից մինչև Հաղթանակի պողոտա, բոլորը նմանատիպ ոճով վերակառուցենք: Թե որքանով կֆինանսավորեն, դեռ չգիտենք, բայց չի բացառվում: