ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Փողոցաշինության խնդիրը հին եւ նոր Հայաստանի խառնարանում

«Կոմպասս» ՀԿ-ն հոկտեմբերի 19-ին հրավիրել էր հանրային քննարկում՝ «Գյումրու փողոցաշինության ծրագրի իրավիճակը, խնդիրները և հնարավոր լուծումները» թեմայով:

Քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված էր Գյումրու բնակչության ամեն օր աճող դժգոհություններով: Հանրային քննարկմանը հրավիրված են եղել մրցույթը շահած շինարարական կազմակերպությունները, ոլորտով շահագրգիռ պետական, տեղական կառույցների ներկայացուցիչներ և անհատներ:

Որպես պատասխանող կողմ՝ մարզային իշխանությունից մոտ մեկ ժամից ներկայացուցիչ եկավ՝ քաղաքաշինության բաժնից մի կին, որպես ճանապարհաշինարար ներկայացել էր «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը, իսկ քաղաքային իշխանությունից դարձյալ առաջին դեմքերից մարդ չկար, այլ ստիպված այդ դերը ստանձնեց քաղաքապետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:



«Կոմպասս» ՀԿ-ի ներկայացուցիչ Ղարիբ Հարությունյանը հիշեցրեց Գյումրու փողոցաշինական ծրագիրը: Նշեց, որ դեռևս մարտ ամսին համայնքի ղեկավարին գրությամբ տեղյակ են պահել, թե ՀԿ-ն, թե այլ կազմակերպություններ ու անհատներ ցանկություն ունեն մասնակցելու վերահսկողական աշխատանքներին, ու թեպետ պատասխան են ստացել, որ այդ աշխատանքների համար լրացուցիչ հայտարարություն, իրազեկում կարվի, սակայն նման բան տեղի չի ունեցել: Նաև տեղեկացրեց, որ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պատասխանատու էր և ծրագրի իրականացման, և վերահսկման համար, որը ղեկավարել էր Շիրակի փոխմարզպետը, սակայն անհասկանալի է, որ նա հրաժարվել է աշխատանքային խումբը ղեկավարել՝ մեկնաբանելով քաղաքապետարանի հետ աշխատելու անհնարինությամբ: Եվ ստիպված նոր աշխատանքային խումբ պետք է ձևավորվի: Բացի այս, հունիսին քաղաքապետին գրություն են ուղարկել, որպեսզի տեղեկատվություն ստանան ծրագրի բոլոր մանրամասներից, սակայն մինչ օրս նամակին պատասխան չեն ստացել: Այս մասին բարձրաձայնելուց հետո փոխքաղաքապետ Ռ.Սանոյանից պատասխան նամակ են ստացել, որն ուղղորդել էր աշխատանքային խումբ. «Սա մեզ համար անհասկանալի էր, քանի որ ի վերջո Գյումրու համայնքն է հանդիսանում ծրագրի պատվիրատուն և քաղաքացիների համար ողջ պատասխանատվությունը կրում է համայնքապետարանը»: Ղարիբը նշեց, որ իրենց հաջողվել է հայթայթել ծրագրի իրականացման ժամանակացույցը, որում Երևանյան խճուղին «Մուշ 2»-ին միացնող ճանապարհահատվածի ավարտման վերջնաժամկետ նշված է հունվարի 1-ը, ավելացրած 65-օրյա հավելյալ ժամանակ: Ջիվանի փողոցի վերջնաժամկետ նշված է դեկտեմբերի 30-ը, Գ.Նժդեհ և Վազգեն Սարգսյան փողոցներինը հունվարի 1-ը: «Մեր մտահոգություններն հիմնականում կապված են՝ նախ, ինչու չէր տրամադրվում այս տեղեկատվությունը, որն օրենքի կոպիտ խախտում է, և որը փորձում ենք առայժմ արտադատարանական հարթությունում լուծել: Եվ ավելի կարևոր մտահոգություն է՝ ժամանակացույցը»:

Ճանապարհաշինարարը բացատրեց, որ հիմնական շեղումներն այն պատճառով են, որ ոչ մեկը տեղյակ չի եղել, թե երկրաշարժից հետո ով, որտեղ, ինչպես, ինչ խորությամբ, ինչ կաբել, ջրագիծ, կոմունալ գծեր են քաշել… Այդ իսկ պատճառով չնախատեսված խնդիրների են հանդիպել, ինչը դանդաղեցրել է ընթացքը:

Տիգրան Պետրոսյանը խոսեց այն մասին, որ հարցը բոլորովին ուղված չէ որևէ մեկի դեմ. «Հավաքվել ենք, որովհետև որպես քաղաքացիներ, տեսնում ենք, որ դրանք գնալով խորացել են: Ես որպես քաղաքացի՝ լուծումներ չունեմ, բայց եթե շինարարն ինձ լուծումներ հուշի, կարող է հանդարտվենք: Շատ ունիկալ իրավիճակ է ստեղծվել. մենք բոլորս տեսանք այն ոգևորությունը, ինչպես սկսվեց շինարարությունը, ընթացքից տեսանք տեմպերի պակասը, մենք հասկանում էինք, որ լինելու են դժվարություններ, եթե իմանայինք, որ այս նեղությունները կրելու էինք մինչև, ասենք մարտի 1, ոչ մեկ էլ ձայն չէր հանի: Նույնիսկ ոչինչ, որ քաղաքապետը տվյալ չէր տրամադրի «Կոմպասսին»: Բայց, որ գումարներն իջեցված են, շինարարությունը սկսված է, թեկուզ հավելյալ 65 օրն էլ գումարած, մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ձմեռային սեզոնը որքան երկար է մեր մարզում, ու մեր քաղաքը կհայտնվի ցեխի մեջ, էլ չեմ ասում սառող ճանապարհահատվածների մասին: Ես՝ որպես վարորդ, սարսափում եմ, թե քաղաքացիները ինչպես են փախնելու մայթերից ու ընկնելու են սառած փողոցներով ընթացող մեքենաների բերանը: Ակնհայտ է, որ շինարարությունն այս տեմպերով շատ երկար է ընթանալու: Ես կուզենայի լուծումներից խոսեինք, պատկան մարմինները լուծումներ առաջարկեին»:

Որպես տնտեսվարող և, այսպես ասած, տուժող կողմ, իր կարծիքն հայտնեց Միշա Պողոսյանը, ով ունի սննդի օբյեկտ Գայի փողոցում: Բանն այն է, որ շուրջ 10 օր առաջ փոսեր են փորվել սրճարանի դիմաց, ինչն առաջացրել է ոչ միայն անանցանելիություն, այլև հագասանիտարական վիճակ, որի պատճառով տնտեսվարողն հայտնվել է անհարմար վիճակում, կորցնելով իր բիզնեսի հասույթը: Բացի այդ, ըստ Միշայի, իր ֆեյսբուքյան ուղերձից հետո, քաղաքապետարանը, փոխանակ պատասխան տար, հանդես է եկել, թե իբր տվյալ սուբյեկտը պարտքեր ունի, և այլն. «… Իրենց ֆեյքերը մտնում, դրա տակ վիրավորանքներ են գրում: Դե, դուք ասեք, ես ի՞նչ պետք է անեմ… Ես դատի կտամ քաղաքապետարանին ու կպահանջեմ փոխհատուցում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեմ փակել իմ բիզնեսը»:

Միշա Պողոսյանի այս հայտարարությանը արձագանքեցին ավագանու անդամ, Բալասանյան խմբակցությունից Մխիթար Սահակյանն ու Արտակ Ադամյանը, նրանց միջև լեզվակռիվ տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց բանախոսների միջամտությամբ:

Կարեն Պետրոսյանը մեջբերելով Միշա Պողոսյանի այն արտահայտությունը, թե քաղաքապետարանն իր անձնական տվյալներն է հրապարակել, այն որակեց որպես շանտաժ. «Ես չգիտեմ, թե քաղաքապետարանին ինչ պարտքեր ունեմ, բայց սա շանտաժի լեզու է,- անդրադառնալով Հասմիկ Կիրակոսյանի՝ Միշային սաստելուն, ասաց,- տիկին Կիրակոսյան, այո, քաղաքապետարանը ձախողել է այս պրոցեսը: Եվ թող շանտաժի լեզվով որևէ քաղաքացու հետ չխոսեն: Էլ չեմ ասում, թե ինչու քաղաքապետարանից ներկայացել է մշակույթից հասկացող, շատ սիրելի տիկին Կիրակոսյանը… Ի՞նչ է, դուք մի հատ մասնագետ չունեի՞ք, որ տիկին Կիրակոսյանն է եկել: Թե՞ նա շատ լավ խոսում է, ու դրա համար եք նրան ուղարկել: Եվ բոլորովին ցանկալի չէ, որ քաղաքապետարանի փոխարեն շինարարն է (նկատի ունի «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արտակ Ադամյանին) պատասխանում, քանի որ այստեղ շահերի բախում է դիտարկվում: Հաջորդ հարցն այն է, թե փողոցներն ինչու են այդ աստիճան անբարեկարգ, արդյո՞ք շինարարը պետք է հողը փորեր ու լցներ ուղղակի փողոցում: Վաղը ձյունը կգա, էդ թմբերը կդառնան երեխաների համար սահաթումբեր, ու վտանգներն անկանխատեսելի են: Ո՞վ է սրան պատասխան տալու»:

Դարձյալ լեզվակռիվ սկսվեց, սակայն տիկին Կիրակոսյանը միջամտեց, երկար խոսեց քաղաքի նկատմամբ սիրուց, ասաց, որ ինքը ևս քաղաքաշինությունից հասկանում է, ինչին Կարեն Պետրոսյանը արձագանքեց. «Տիկին Կիրակոսյան, դուք լավ խոսքաշինարար եք, բայց թույլ տվեք ասել, որ քաղաքաշինությունը ձեր ոլորտը չէ»: Կարենը նաև առաջարկեց. «Այդքան գումարի մեջ դժվա՞ր էր մի 500 դոլար ծախսել, կայք սարքել տալ, որտեղ քաղաքացիներին, տնտեսվարողներին կզգուշացվեր, որ իրենց դռները քանդելու են: Լավ, գոնե բանավոր ասեին: Եվ ինչո՞ւ թեքահարթակների մասին չեն մտածել: Փողոցաշինության խնդիրը հին և նոր Հայաստանի խառնարանում է գտնվում. պայմանագրերը կնքվեցին հին Հայաստանի նորմատիվներով, սկսեցինք սարքել նոր Հայաստանի նորմատիվներով, ու դրա համար այս վիճակն ենք ստացել»:

Ձայն խնդրեցի նաև ես: Խոսեցի այն մասին, որ մայթերը նեղացնելու, փողոցները լայնացնելու հաշվին, մի խնդիր էլ ես եմ նկատել. մայթերին վեր խոյացող ծառերի հենց արմատների, բնի կողքից էին կտրել շինարարները, և մտավախություն ունենալով, թե էդ ծառերը կմահանան, խնդիրը փոխանցեցի քաղաքապետարանի բնակկոմունալի պետին: Վերջինս էլ նետեց. «Թող մեռնեն: Մենք էլ գազոններ կփռենք»: Ես հարց եմ ուզում տալ. բարկ արևից պաշտպանվելիս գազոնների տա՞կ ենք թաքնվելու»…

Քննարկումը կարող էր երկար տևել, նույնիսկ անվերջ: Բայց որոշվեց նոյեմբերի 1-ին դարձյալ հանդիպել և քննարկել, թե որ էտապում ենք ու արդյո՞ք լուծումներ առաջարկվել են:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ