Փողոցաշինություն, և ոչ միայն
Մարտի 20-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել էլ մամլո ասուլիս: «Ուզում եմ խոսենք այն խնդիրներից, որոնք կուտակված են, որոնք անհրաժեշտություն են, և իրազեկենք մեր հասարակությանը,- ասաց քաղաքապետը, ապա անդրադարձավ նախորդ օրվա՝ վարչապետի ասուլիսի ժամանակ լրագրողի բարձրաձայնած հարցին,- նախքան հարց բարձրացնելը անհրաժեշտ է, որ նախապես իրազեկված լիներ լրագրողը: Այդ լրատվամիջոցի հետ տարիներ շարունակ աշխատել ենք և, եթե նրանց կողմից իմ նկատմամբ կա ինչ-որ թշնամություն, հակակրանք, դա պետք չէ արտացոլվի լավ աշխատանքների վրա և ներկայացվի որպես վատ: Պետք է ներկայացնեն այն, ինչ կա, ես սիրում եմ օբյեկտիվություն: Փողոցները քանդել ենք, ընթացքում եղել են տարբեր տեսակի անհանգստություններ մեր ժողովրդին՝ փոս, ցեխ, բայց շինարարությունն այդպես է. կլինի ցեխ, թոզ, անհարմարություններ, որի համար ես մի քանի անգամ մեր ժողովրդից ներողություն եմ խնդրել, խնդրել եմ լինել համբերատար, որովհետև շինարարությունից հետո գեղեցիկ ու բարեկարգ փողոցներ ենք ունենալու: Գյումրիում երբեք նման լայնածավալ ծրագրեր չեն իրականացվել, ուղղակի խնդրում եմ՝ թերությունները բարձրաձայնեք, բայց լավ բաները մի վատաբանեք»:
Քաղաքապետը նշեց, որ փողոցաշինության առաջին փուլը սկսված է, նախագծերը կան, շինարարների հետ ամեն ինչ պայմանավորված է, և բոլոր կոմունիկացիաները իջեցվում են ներքև. «Ֆունդամենտալ փոփոխություններ ենք անում: Գետնի տակն ուսումնասիրել են, մասնավոր սեկտորն ինչ ասես արել է, մենք որտեղի՞ց իմանայինք, դրա համար ժամանակ է պետք: Փողոցը սարքելու համար անհրաժեշտ է նվազագույնը մեկ տարի ժամանակ, մեր ծրագիրը երեք տարի է: Հաջորդ տարի էլ կունենանք նման անհանգիստ վիճակներ այն փողոցներում, որոնք պետք է քանդենք, մոտ 34 փողոց: Միանգամից չենք քանդի. սկզբում մայթը կսարքենք, հետո փողոցը կքանդենք: 2-րդ փուլով ջրահեռացման հարցը պետք է լուծենք, նաև ջրամատակարարման, գազի, կոմունիկացիաների: Ժամանակը հստակ պայմանագրով ֆիքսված է, եթե որևէ շինարար չի կատարում իր պարտականությունը, ամեն մի օր տույժ ու տուգանքի է ենթարկվում։ Թող գյումրեցիները իրազեկվեն՝ հունիս ամսին կվերջացնենք 1-ին փուլը, 2-րդ փուլը կվերջացնենք հաջորդ տարի հունիսին, և 3-րդ փուլը տնտեսված գումարներով կիրագործենք, կկարողանանք վերջնական լուսավորության հարցը լուծել՝ խնայողական լույսերով, 11.500 լույս ենք ունենալու քաղաքում, նաև մտածում ենք առանձին պանելային լույսեր տեղադրել բակերում, որ էլեկտրաէներգիայի գումար խնայենք, որ կարողանանք քաղաքի զարգացման համար օգտագործենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե վարչապետը զանգե՞լ է: «Այո, զանգեց, ասեցի, որ մամուլի ասուլիս կտամ, մանրամասն ամեն ինչ կներկայացնեմ, ինչ հարց կա, թող լրագրողները տան, որ մեկնաբանություն անելուց իրազեկված լինեն: Օրինակ, Ռուսթավելի փողոցը քանդեցինք, սարքեցինք, ինչքան սիրուն է, մոտ մեկ տարի ինչքան մեծ տհաճություն էր, ու հիմա 5 փողոցները, որ արվում են, կավարտենք. փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, եթե որևէ մեկը թերանում է, թող պատասխան տա։ Քաղաքապետարանը պատվիրատու է, և մենք տույժ ու տուգանքների կենթարկենք»:
Քաղաքապետը որպես լուրջ խնդիր դիտարկեց աշխատուժի բացակայությունը, հիմնականում, եզրաքարեր շարող վարպետներ չկան. «Բայց դա ինձ չի հետաքրքրում, դուք էլ, մենք էլ վերահսկող ենք, բոլորս պիտի վերահսկենք, որ լավ աշխատանք անեն: Շինարարը կատարողական է ներկայացնում, մեր կոմունալ բաժինը ուսումնասիրում է, հետո եզրակացությունը ներկայացնում, որ վարձատրեն: Ես փողոցաշինարար չեմ, ձեզ նման՝ տեսա գեղեցիկ է, լավ է: Իսկ դրա համար կան հատուկ մասնագետներ, որոնք իրենց եզրակացությունն են տալիս: Վերահսկող նոր խումբ կձևավորվի, որ հետևեն, վերահսկեն որակին»:
Տաղավարներ, կրպակներ
Լրագրողի հարցին, թե մայթերի վրա բավական շատ թվով կրպակներ ու տաղավարներ են տեղադրված, սեփականաշնորհված տարածքներ են, ինչպե՞ս են այդ հարցը կարգավորելու, Ս.Բալասանյանը պատասխանեց. «Եթե խոսքը «Կարոնա» խանութի մասին է, մենք այդ հարցը կկարգավորենք: Որը ապօրինի է, իրավունք չունեն, իսկ որոնք հնուց թույլատրություն ունեն, որևէ բան չես կարող ասել: Ինչպես գիտեք, մենք կարողացանք Բարեկամության այգու կողք-բոլորից, փողոցներից 70 կրպակ հանել, շատ բարդ բան էր, հավատացեք, աշխատող կրպակներ էին, հացի փող էին վաստակում, շատ շնորհակալ ենք մեր բնակիչներին, որ խոչընդոտ չստեղծեցին, կարողացանք այդ հարցը լուծել, այդ փողոցների վրա պետք է լինեն միայն կանգառներ, գեղեցիկ կանաչապատ տարածքներ։ Շահումյան փողոցը՝ Լաչինի միջանցքով մինչև Տերյան փողոց, մի խայտառակ վիճակում է։ Մենք կկարողանանք նաև այդ խնդիրները լուծել։ «Թումոն» ծրագիր ունի, շուկան վերցրել է, պետք է սարքի, որից հետո կունենանք այլընտրանք, և ոնց որ հիմա արվում է Երևանում՝ Օպերայի չորսբոլորը, կանենք։ Արդեն իսկ սկսել ենք, ծանուցել եմ, որ այդ խաժամուժը հանենք, որովհետև Շահումյանը հրապարակ մտնող ամենակարևոր փողոցն է»։
Հհարցին, թե կգնա՞ն բախման նախկին իշխանավորների հետ, որպեսզի կանաչապատ տարածքներն ազատեն, չէ՞ որ նրանք ևս այդ տարածքներին տեր են, Սամվել Բալասանյանն ասաց. «Ճիշտն ասած՝ օրենքի սահմաններում է, բախման պետք չէ գնալ, մենք օրենքով ենք աշխատում, առանձնապես անձերի հետ մենք խնդիր չունենք։ Իհարկե, կան խնդիրներ, նույնիսկ այգու մեջ սեփականաշնորհված տարածքներ կան։ Բայց, հասկանում եմ ձեր ասածը՝ կանաչ տարածքներ ինչ նկատի ունեք, հիմա մենք «Թումոյին» ենք տրամադրել: «Թումոն» օրենքի սահմաններում այդ հարցը կլուծի, որովհետև նրանց համար շատ կարևոր է միջավայրը: Այգին, որ տրամադրել ենք, նրանք ուզում են խոհարարական դպրոց սարքել այնտեղ»:
Քաղաքապետը խոսեց սուբվենցիոն ծրագրերից, ասաց, որ պետությունը հնարավորություն է տալիս մոտ 595 միլիոն դրամ գումար ներդնել: Համաձայնություն են ստացել 38 տրանսպորտային միջոց գնելու, և մրցույթն արդեն հայտարարված է: Դիմել են նաև փողոցաշինության հարցով՝ Վարդբաղի տարածքը Մայր Հայաստանին կապող տարածքում կվերանորոգեն, հանգստի գոտու տարածքը կբարեկարգեն: 3-րդ ծրագիրը վերաբերում է «Կումայրի արգելոց» թանգարանին և մարզային գրադարանին, որոնք ուզում են տեղակայել քաղաքապետարանի առաջին հարկում: 4-րդ ծրագիրը էքսկավատորի հետ է կապված:
Ներդրումներ
Լոգիստիկ կենտրոնի ծրագրի մասին քաղաքապետն հայտնեց, որ այն, ինչ կախված է համայնքից՝ արել են, հուշագիրը ստորագրել են, Էկոնոմիկայի նախարարության հետ են աշխատում, անցած աշնանը ազատ տնտեսական գոտու մասին օրենքն ընդունվել է և հիմա մնում է, որ այն ներկայացվի կառավարություն, որ վերջնական խոսքն ասեն: Իսրայելի առևտրի պալատից եկել են: Երբ վերջնական հաստատվի, ապա Գյումրիի համար սա բավական մեծ աշխատատեղ, լուրջ ներդրում ապահովող ծրագիր է:
Ինչ վերաբերում է «Կումայրի» պատմական միջուկում կատարվող ներդրումներին, որոնք նախկին վարչապետի օրոք մեծ թափ էր առել, իսկ հիմա կարծես թե համատարած դադարեցված է, Ս.Բալասանյանը պարզաբանեց. «Չի կարելի ասել համատարած, որոշները շարունակեցին կառուցել՝ հանձինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի։ Որոշներն էլ հրաժարվեցին, դուք իրենց հարցրեք, ինչո՞ւ հրաժարվեցիք, ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ինչո՞ւ հրաժարվեցին»: Հարցին, թե՝ հիմա հետաքրքրվողներ կա՞ն, ասաց. «Վերջերս սկսել են հետաքրքրվել տարբեր ֆիրմաներ, ցանցային ռեստորանային համալիրները։ Մեր բնակիչները շատ բարձրացրեցին իրենց տների գները, հիմա տեսնենք ինչ կլինի։ Մեր փողոցները, որ լրիվ կառուցապատեցինք, վերջացրեցինք, տուրիստներն ավելի շատացան, բնականաբար նաև հիմնական միջոցների արժեքը կբարձրանա, ներդրողները նույնպես կհամոզվեն, որ բարձր գնով պիտի գնեն: Այնպես չէ, որ այստեղ կարելի է ջրի գնով ինչ-որ բան գնել, որովհետև շատ գեղեցիկ փողոցներ են, պատմական արժեքներ են։ Ես, իհարկե, բնակչի կողմն եմ։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ ներդրումներ ունենանք: Բիզնեսն այնպիսի բան է, որ հենց հասարակությունն հասկացավ, որ ինքն ունի հյուրատուն և ինքը կարող է հյուրեր ընդունել ու գումար աշխատել, այդ տենդենցը ձնագնդի պես կմեծանա»:
Հարց հնչեց, թե որքանո՞վ հաճելի է, երբ քաղաք մուտք գործողի աչքի առաջ գերեզմանոցն է հայտնվում, քանի որ տարածքից դուրս, դեպի փողոց նոր գերեզմաններ են հայտնվել: Քաղաքապետը պատասխանեց, որ դա եղել է իրենից առաջ, ու այլևս չի շարունակվում:
Քաղաքապետը ներկայացրեց, որ հետաքրքրություն կա էներգետիկ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ «Ես հիմա մի ծրագիր կներկայացնեմ, որը շատ կարևոր է բոլորիս համար։ Դա էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաների կիրառումն է Գյումրիում: Ներդնողներ շատ կան, նույնիսկ բանկերը: Կկարողանանք էներգախնայողություն անել՝ մեր արևային ուժը օգտագործելով… Ծրագրի արժեքն այս պահին 3 միլիարդ 34 միլիոն դրամ է, որից 50 տոկոսը ՎԶԵԲ-ը կտա։ Մի քանի օր առաջ ես Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպեցի, եթե դեսպանն էլ 25 տոկոսը տա, այսինքն, եթե 75 տոկոս ներդրում լինի, 25 տոկոսը համայնքը հաստատ կներդնի։ Մենք տարեկան մոտավորապես 188 միլիոն էլեկտրաէներգիային ենք մուծում, բայց, եթե այս ծրագիրը լինում է և 7 տարվա ընթացքում մենք կարող ենք ուղղակի դուրս բերել այս ծախսերը, ապա հնարավորություն կունենանք ևս 20 տարի մեր քաղաքը լուսավորել լրիվ ձրի: Սա հրաշք ծրագիր է, որի վրա կան գումար դնողներ, նույնիսկ մասնավոր»։ Ասաց, որ փոքր ներդրումներ կան, բայց այն ակտիվությունը, որն ակնկալում են, դեռ չկա: Այն ակտիվությունը, որը սկսել է «Իմ քայլը» կուսակցությունը բոլոր մարզերում, ենթադրում է, որ Շիրակի մարզում ևս ակտիվություն կմտցնի: Եվ քաղաքապետն հերթով մատնանշեց ներկայում իրականացվող լուրջ ծրագրերը, որոնք Գյումրիում են՝ Վարդան Սրմաքեշի՝ գործարան, 11 բնակարան կառուցելը, Ռուբեն Վարդանյանի՝ Բարեկամություն այգու կառուցապատումը, «Շիրակ» հյուրանոցի տեղում մեծ կառույցը, տեղական և արտասահմանյան մի քանի ծրագրեր ևս: Մասնավորապես, խոսեց պետական սուբսիդիայից. «Կառավարությանը մեր պատգամավորները պետք է հարցնեն. եթե Երևանին 22 մլրդ եք տալիս, իսկ Գյումրիին՝ 2 մլրդ, Գյումրիի բյուջեն 3,3 մլրդ է կամ 7 միլիոն դոլար, եթե 4400 հա-ի վրա մենք ծառայություն պիտի կատարենք, իսկ Երևանը 22 հազար հա է, որի վրա ծառայություն են մատակարարում, ապա ինչո՞ւ 10 անգամ ավել Երևանին տալիս եք, իսկ մեզ 10 անգամ ավել չեք տալիս: Տվեք ու տեսեք քաղաքը չի՞ կառուցվի: Ազատ տնտեսական գոտի տվեք, հարկային արտոնություններ տվեք, ինչ-որ զիջումներ կատարեք, դրա համար պատգամավորները պետք է ակտիվ աշխատեն այս ուղղություններով»: