Ուրբաթ օրվա գաղտնիքը
Դեռ հին ժողովուրդներն ուրբաթ օրը համարել են անհաջող կամ անիծված: Հնարավոր է` դրա պատճառն եղել է այն, որ հենց ուրբաթ օրն են խաչել Քրիստոսին, կամ էլ՝ մարդիկ վաղուց նկատել են, որ ուրբաթ օրվա համար նախատեսված գործերն հաջող չեն ընթացել:
Տարածված այն կարծիքը, թե ուրբաթ օրը դժբախտ է, կարելի էր սնահավատություն համարել, եթե չլինեին հակառակը հավաստող փաստեր: Բրիտանական «Լլոյդ» ապահովագրական ընկերությունը, որն հիմնականում ապահովագրում է խոշոր և թանկարժեք նախագծեր, նավեր, զարդեղեն, իր գործունեության մեջ հաշվի է առնում «սև ուրբաթի» կանոնը: Ըստ այդ կանոնի, ավտովթարների, նավաբեկությունների և աղետների հավանականությունը մեծանում է հենց ուրբաթ օրերին:
Ուրբաթը «սև» են համարում ոչ միայն քրիստոնյաները, նաև մահմեդականները: Իսլամական երկրների մեծամասնությունում ուրբաթ օրերին գործնական հանդիպումներ չեն նշանակվում, պայմանագրեր չեն կնքվում, առևտուրը կրճատվում է:
Ճակատագրական օրեր
Բոլորը գիտեն, որ 13 թիվն համարվում է դժբախտություն բերող: Ժամանակին խորհրդային գաղափարախոսությունը թույլ չէր տալիս նման բաներին ուշադրություն դարձնել, ինչը չի կարելի ասել Արևմուտքի մասին: Օրինակ՝ արևմտյան շատ քաղաքներում չկան 13 համարի տներ, հարկեր, նստատեղեր` ինքնաթիռներում և կինոթատրոններում, էլ չենք խոսում այն մասին, որ հիվանդասենյակի համարը կարող է լինի 13:
Վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ երբ 13 ամսաթիվն համընկնում է ուրբաթ օրվա հետ, ապա պետք է սպասել անհաջողությունների: Դա պարզապես զուգադիպություն չէ, այլ հաստատված փաստ: Օրինակ, բրիտանացի վիրաբույժներն այդ օրերին ձգտում են չկատարել բարդ վիրահատություններ, քանի որ գիտեն՝ տվյալ դեպքում անհաջող ավարտի հավանականությունը մեծանում է մոտ 2 անգամ:
Այդ «դժբախտ ուրբաթը» ճակատագրական էր Չիկագոյի մաֆիայի պարագլուխ Ալ Կապոնեի, հայտնի երաժիշտ և ռեպեր Թուպակ Շակուրի համար: Ցուցակը կարելի է շարունակել, և քանի որ մարդկության պատմությունն ունի սկիզբ, բայց դժվար թե` վերջ, ապա միշտ էլ կգտնվեն «սև ուրբաթի» զոհեր:
Ավտոսիրողների գերմանական ակումբը հրատարակել է իր կողմից գրանցված ավտովթարների ցուցակը, ըստ որի, «սև ուրբաթ» օրերին ճանապարհային աղետների և զոհերի թիվը 60 տոկոսով ավել է միջին վիճակագրականից:
«Սև ուրբաթի» նկատմամբ սնահավատություն են ցուցաբերում նաև եվրոպական ու ամերիկյան զբոսաշրջության գործակալություններ: Նրանք չեն վաճառում տուրիստական ուղեգիր, եթե այն սկսվում է 13 ամսաթվով ուրբաթ օրը: Ոստիկանները վաղուց են նկատել, որ ուրբաթ օրն իրենց համար ծանր է՝ միանգամից աճում է գողությունների, կողոպուտների, սպանությունների թիվը:
«Սև ուրբաթ» օրերից տուժած մարդկանց մասին կարելի է երկար խոսել, բայց կան այնպիսիք, ովքեր կարողանում են նաև շահույթ ստանալ այդ սնահավատությունից: Խոսքը հոլիվուդյան այն ռեժիսորների մասին է, որոնք նկարահանելով «սև ուրբաթ» օրվա մասին ֆիլմեր, հավաքում են մեծ կինոդահլիճներ և ապահովում տասնյակ միլիոնների հասնող եկամուտներ: Այս թեմայով առաջին ֆիլմը նկարահանվել է 1980 թվականին և միանգամից դարձել խոսակցությունների թեմա` նկարահանման ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթների և դժբախտ պատահարների պատճառով: Ճիշտ է, կինոընկերությունը կարողացել է փակել ամենատես լրագրողների բերանները, բայց ինֆորմացիայի որոշ արտահոսք, այնուամենայնիվ, եղել է:
Չնայած վերը նշված փաստարկներին, կան մարդիկ, ովքեր համարձակվում են, այսպես ասած, «կարմիր լաթ» նետել «ճակատագիր» անունով ցլին: Օրինակ, ԱՄՆ-ում մի խումբ համախոհներ որոշել են ցույց տալ իրենց արհամարհանքն այս սնահավատության նկատմամբ և ստեղծել են «13-րդ ամսաթվի ուրբաթ» ակումբը: Նրանք յուրաքանչյուր «սև ուրբաթ» ճոխ խնջույք են կազմակերպում, որից հետո սկսում են զվարճանալ՝ կոտրում են հայելիներ, պատմում տեսած վատ երազները, անցնում աստիճանների տակով, սենյակում բաց են թողնում սև կատուներ, հատակին աղ են շաղ տալիս և այլն:
Իսկ ահա ֆրանսիական Թուլուզ քաղաքում 13 բժիշկներ հիմնել են իրենց ակումբը: Նրանք հավաքներ են կազմակերպում յուրաքանչյուր ամսվա 13-րդ օրը և թիվ 13 սենյակում: Սնահավատությունից զուրկ բժիշկներն անկեղծորեն ցավում են, որ տարին չունի 13 ամիս: