Սպասարկման ոլորտի ցածր օղակի աշխատակիցների մասնագիտությանը, խոստովանենք, հասարակությունը մի տեսակ վերապահումով է մոտենում, հաճախ նույնիսկ արհամարհանքով… Ճիշտ է, այս կարծրատիպը որոշ չափով կոտրվեց, երբ հատկապես մայրաքաղաքային սրճարաններում ուսանողները սկսեցին աշխատել մատուցողի մասնագիտությամբ՝ հիմնականում ուսման վարձը վաստակելու համար: Սակայն ամեն քայլափոխի «աճող» սնվելու այս օբյեկտներին մշտապես նկատում ենք մատուցողի, հավաքարարի փնտրման հայտարարություններ, որտեղ ի հավելումն՝ «երիտասարդ, մինչև 25 տարեկան, բարետես» ածականների կողքին թունդ տառերով գրված է՝ «ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՄԲ»: Ինչպես կասեր ռուսը՝ «չուշ»… Սուտ: Ու անկախ քեզանից մտքումդ հարց ես տալիս. «Հըլը տես, լի՜քը աշխատատեղ կա, իսկ մարդիկ, մանավանդ ջահելները, չեն ուզում աշխատել… »:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էր հրավիրել Անահիտ Հարությունյանը՝ խոսելու մատուցողի աշխատանքի բարդության, անշնորհակալ գործի բնույթի և, որ ամենակարևորն է, աշխատավարձի, գումար վաստակելու դժվարության ու գործատուների կողմից իրենց աշխատանքային իրավունքների հաճախակի ոտնահարումներից:
Կինը խոսում էր տրամաբանորեն, անկեղծ, վիրավորված էր քաղաքում հայտնի մի քանի գործատուներից, որոնք աշխատանքի ընդունելիս այլ պայմաններ էին առաջարկում, հետո խախտում իրենց իսկ կողմից թելադրված պայմանները: Իսկ երբ ընդդիմացող աշխատակցի են իրենց առջև տեսել, կամային դրսևորումներով աշխատանքից հեռացրել են:
«Եղել է, որ պայմանավորվել ենք տոկոս, սակայն, երբ վերջնահաշվարկ են արել, բոլորովին չեն առաջնորդվել ըստ պայմանավորվածի, ու քիչ են հաշվել: Իսկ երբ բողոքել եմ, ուղղակի հեռացրել են աշխատանքից: Սա կրկնվող բնույթ է կրում համարյա բոլոր ռեստորաններում ու սրճարաններում: Համարյա բոլոր աշխատակիցների հանդեպ նույն վերաբերմունքն է, իսկ մարդիկ աշխատանքը չկորցնելու համար լռում են, թեկուզ չնչին գումարով՝ տուն են պահում: Ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մատուցողի աշխատանքը շատ հեշտ է, չարաչար սխալվում են. այն շատ դժվար է տարբեր առումներով, և առաջինն հենց այն է, որ տարբեր տեսակի, դաստիարակության ու կրթության մարդկանց հետ ես շփվում,- ասում է Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ բարեհամբույր լինելն էլ սահման ունի, քանի դեռ դիմացինդ իր էությամբ չի հատում այդ սահմանը:
Ըստ տիկին Հարությունյանի, ուզում է ինքն իր օրինակով մատուցողների խնդիրները վեր հանել. «Նախ շատ դեպքերում առանց գրանցման են աշխատանքի ընդունում. սա մեկ խախտում: Իսկ եթե գրանցում են, ապա չեն պահպանում ՀՀ օրենքով նախատեսված նվազագույն աշխատավարձի չափը: Երկրորդ. խախտվում է աշխատողի աշխատանքային օրվա ժամաքանակը: Հետո, եթե անգամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ այսքան սեղան պետք է սպասարկվի, կամ որոշակի գումարից 4 կամ 8 տոկոս պետք է վճարեն մատուցողին, կամ օրական այսքան գումար՝ շատ հաճախ քիչ են հաշվարկում: Կարծում եք թեյավճարներն այնքան են լինում, որ դժգոհելու պատճառ չպիտի՞ ունենանք… Ոչ, դա էլ այդպես չէ: Հատկապես ընտանեկան սրճարաններում համարյա թեյավճար չկա: Երբ իմ հանդեպ անարդար վերաբերմունք դրսևորվեց, ես բողոքարկել եմ, ինչի համար ինձ աշխատանքից հեռացրել են. սա էլ երրորդ խախտումը: Ես անգամ ոտնահարված իմ աշխատանքային իրավունքը պաշտպանելու համար ոստիկանություն եմ դիմել: Ինձ լսել են, խոստացել են «մի բան մտածել»: Ցուցմունք են վերցրել, հետո ասել են, որ, եթե համաձայնության գանք, ինձ կվճարեն գումարիս պակասորդը, ու գործը կփակվի: Եվ ի՞նչ… հավատացեք, մինչ օրս այդ չնչին գումարն ինձ չեն վճարել: Ինձ ասում եք՝ «…դիմեք իրավապահ մարմիններին, օրենքի տառով թող Ձեր ու մյուսների գործերն ուշադրության տակ առնեն»: Դիմել եմ, ու ի՞նչ… Անարդարությունից եմ վիրավորված, որ ամբողջ օրը ոտքի վրա ես, սոված ու ծարավ, ով պատահի՝ վիրավորում է, գործատուդ խախտում է քո աշխատանքային իրավունքները, օրենքի պահապաններն էլ քեզ չեն պաշտպանում, մինչդեռ մարդկանց խելք են խրատում, թե գնացեք աշխատեք՝ լիքը թափուր աշխատատեղ կա: Իսկ ուսանողներին կամ 15-16 տարեկան երեխաներին որ աշխատանքի են վերցնում, դա էլ իր «ֆիշկեն» ունի. երիտասարդները փորձաշրջան են անցնում, իրենց պահանջմունքները մեծ չեն, կամ ուղղակի զբաղմունք ունենալու համար են աշխատում»: