Հույսի եւ մահի միջեւ ⋆ «Շրջապատ»
ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Ներկայացնում ենք մեր համաքաղաքացի Գ.Ա.-ի հուշերը, ով 26 տարի առաջ հայտնվելով գերության մեջ, անցնել է դժվարին փորձություններով:  Գ.Ա.-ն գրի է առել գլխով անցածը՝ այն վերնագրելով «Հույսի ու մահի միջև»: Հեղինակը, այնուամենայնիվ, իր հետ կատարվածը չի որակում որպես դժբախտ իրողություն, այլ` ընկալում այն ուրույն, փիլիսոփայական մեկնաբանություններով:

 

Աղավնին
(օր առաջին` առավոտ)
19.XII.1991թ.

Մի անհայտ սահմանամերձ գյուղում էինք: Տագնապալի գիշեր անցկացրինք: Գրեթե չէինք քնել: Առավոտյան բրնձով շիլա տվեցին: Տղաները մտավախություն հայտնեցին, թե` կարող է թունավորված լինի, չուտենք:

— Տղեք ջան, եթե ուզենային մեզ վերացնել, չէին բերի-հասցնի ըստեղ, կերե՛ք, հայտնի չէ` ինչ կսպասե մեզի,- հորդորեցի ես ու իմ բաժինը լրիվ կերա:

Բախտակից ընկերներս` Ֆելոն, Արայիկը և Հովոն, նայեցին ինձ ու ծամծմելով, այդուհանդերձ, մի քանի գդալ կուլ տվին: Վիճակը մնում էր անորոշ: Ստեպ-ստեպ պատուհանից դուրս էի նայում: Սուրհանդակի՞ էի սպասում, հրեշտակի՞, հրաշքի՞: Դեկտեմբեր ամիսն էր, սակայն եղանակը մեղմ էր, երկինքը զուլալ ու վեհաշուք: Վերևում թռչուններ էին սավառնում: Թախիծով հետևում էի: Նրանք ազատության մեջ էին, մենք` գերության: Հասկանում էի, որ ողջ մնալու շանսերը չնչին են: Հերթական անգամ հուսաբեկ հայացքս ուղղեցի դեպի վեր ու տեսա, ինչպես թռչուններից մի սպիտակաթույր աղավնի անջատվեց ընկերներից ու սուրաց դեպի մեր կողմը: Էությունս թրթռաց:

— Վայ, ցավդ տանիմ, ըսիգ մեր հրեշտակն է,- ինձ-ինձ հուզվելով, կառչեցի այդ հույսից ու սրտատրոփ հետևեցի «հրեշտակի» ոլոր-մոլոր թռիչքին:

Ճախրելով, օդում պար գալով, աղավնին եկավ ու սահուն վայրէջք կատարեց մեզանից մի 30-40 մետր հեռավորության վրա գտնվող հեռագրասյան վրա: Այնքան էի կլանված, որ մոռացել էի ինչ դաժան վիճակում եմ գտնվում: Մեզ հսկող ջոկատայիններից մեկը քաշեց հրացանն ու նշան բռնեց աղավնուն: Դրանից մի քանի ժամ առաջ ինձ վրա էլ էին հրացան քաշել: Զարմանալի էր, բայց այն պահին սիրտս անհամեմատ ավելի քիչ էր տագնապում, քան հիմա:

— Եթե կպավ, ուրեմն մեզ կսպանեն,- անցավ ուղեղումս:

Աչքերս փակեցի: Մտքումս արագ-արագ կրկնում էի. «Աստված ջան, չկպնի, էլի, խնդրում եմ, աղաչում եմ, չկպնի, էլի, չկպնի»: Որոտաց կրակոցը: Շունչս մի պահ բռնվեց: Վակուումի մեջ էի կարծես, ձայները շա՜տ հեռու էին, իրողությունն անիրական: Չէի ուզում աչքերս բացել: Սարսափով մտածում էի. «Եթե գնդակը հասել է աղավնուն, ուրեմն` ամեն ինչ կորած է, վե՛րջ հույսերին»: Իրողությունը հետզհետե սկսեց վերադառնալ. ականջիս հասան ծիծաղի ձայներ, օտար լեզվով բառերի ծվեններ: Այդուհանդերձ, ահը սրտումս, զոռով վեր ձգեցի կոպերս… Սյան վրա աղավնի չկար: Վիզս երկարացրի, որ տեսնեմ սյան ներքևը: Խոտ էր, բան չէր երևում: Կանգնածներից ոչ մեկը չէր մոտենում սյանը: Աչքերս տամկացել էին, լավ չէի տեսնում: Բայց հույսս վերադառնում էր ու… տեսա: Արտասուքի կաթիլը գլորվեց այտովս: Ուզում էի գոռալ, ցատկոտել: Ձյունաճերմակ իմ պահապան-հրեշտակը` շորորացնելով մարմինը, դանդաղ հեռանում էր: Նա ողջ է: Ուզում էի բղավել: Ոգեշնչված դարձա ընկերներիս. «Տղե՛ք, չմտածե՛ք, մենք կփրկվինք, ըդիգ մեր հրեշտակն էր», ու ցույց տվեցի արդեն հազիվ նշմարվող աղավնու կողմը: Նրանց տարակուսած հայացքներից հասկացա, որ այնքան էլ չեն կիսում իմ ոգևորությունը:

Անցել է 26 տարի, ո՞ւր ես, իմ սիրուն աղավնի: Մեկ-մեկ այցելում ես ինձ` խոհեմ նորահարսի զգեստներ հագած, ուրախ թափահարում սպիտակ թևերդ, անմեղ նայում ինձ ու ժպտում, ժպտում, ժպտում…


Անտեսված կանխանշաններ

Մտորում #1: Սկսելով աղավնու հետ կապված դիպվածով, ես մի փոքր-ինչ խախտեցի քրոնոլոգիան, քանզի աղավնին որոշակի դեր խաղաց 37 օրվա գերությանս ընթացքում: Թող թվա, թե դա միստիկա է, ինքնաներշնչանք: Չնչհավատները թող քմծիծաղ տան «մանկական» մտքերս կարդալիս: Մի բան ինձ պարզ է. Տիեզերքը մի անհուն բանականության ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր ոք ունի իր տեղն ու այդ տեղը հասնելու ի՛ր ճանապարհը, ինչը հսկվում է վերևից: Կանխորոշվա՞ծ է դա արդյոք: Իմ կարծիքով` այո: Սակայն, ինչպես շենքի նախագծի մեջ կառուցելու ընթացքում հնարավոր է փոփոխություններ մտցնել, նույնպես և մարդու «նախագիծն» է հնարավոր ճշգրտումների ենթարկել` կախված նրա կատարելի դառնալու ցանկության կամ հետընթաց ապրելու հետ: Գերությունը փորձություն էր, աղավնին` նշան ի վերուստ, մի աղյուսիկ հավատքիս տունն ամրացնելու համար: Հետագայում (ինչպես և դրանից առաջ) տրվեցին բազմաթիվ այլ նշաններ, ինչի արդյունքում շատ բան փոխվեց իմ ճակատագրում: Այն ժամանակ` 1991 թվականին, խորհրդային տարիների աթեիզմը դեռ առկա էր մարդկանց հոգիներում: Ես բացառություն չէի: Վերին ուժերը շատ բան արեցին, որպեսզի ես գտնեմ ճիշտ ճանապարհը, ի՛մ ճանապարհը՝ դեպի Աստված: Իսկ դա առանց զրկանքների, տանջանքների չի լինում:




11 օր դրանից առաջ
08.XII.1991թ.

Գյումրիի կայարանում սպասում էի Երևան-Մոսկվա գնացքին: Սպասեցի երկար` մոտ 2 ժամ: Պարզվեց` գնացքը չի գալու: Բարձրախոսից հավաստիացրին, որ սարսափելի ոչինչ չկա, եկե՛ք վաղը (դե, խառն էր ամեն ինչ, չէինք զարմանում): Դա նշան էր` վերին ուժերն այնքան էլ կողմ չէին իմ ուղևորությանը: Դրանից 4-5 օր առաջ ուղարկվել էր մի «նախազգուշացում» ևս. հորաքրոջս հարսը նայեց սուրճիս բաժակն ու գուշակեց, որ «երկար ճամփա ունիս, էրթալդ էնքան էլ հաջող չի էղնի, ճամփիդ վերջում հարված ունիս»: Գնալուս դեմ էին նաև տանեցիները, հատկապես կինս: Սակայն ինձ շեղելը հեշտ բան չէ, մանավանդ` գնալուս նպատակը բարի էր` ուզում էի հասնել Ռիգա, օգնել եղբորս կնոջը՝ Նատաշային, ավարտել գործերն ու երկու փոքրիկ դստեր հետ մեկնել Կանադա՝ եղբորս մոտ:

…Հաջորդ օրը նորից գնացի կայարան: Որոշել էի՝ եթե գնացքի մեկնումը ևս մեկ օրով հետաձգվի, այլևս չեմ գնալու: Սպասեցի մի ժամ, երկու ժամ, երեք ժամ: Ու արդեն, երբ մտածում էի վերադառնալ տուն, կայարանի բարձրախոսը, որ մինչ այդ կարծես մեռած էր, հանկարծ կենդանացավ. «Հարգելի ուղևորներ, Երևան-Մոսկվա գնացքը ժամանում է առաջին գիծ»:

— Դե, ուրեմն պիտի գնամ, դա է ճիշտը,- մտածեցի ես ու վստահ բարձրացա վագոն:

Մտորում #2: Ճիշտ, սխալ` ի՞նչ են սրանք: Մենք ենք մեր կարճ ուղեղներով որակում իրերը, իրադարձությունները, երևույթներն ու զատում` սա ճիշտն է, մնացած ամենը` սխալն է: Եթե, ասենք, սկզբից նապաստակին կոչեին պաստանակ, ո՞րը կլիներ սխալ… Ու, եթե չնստեի գնացք, պարզ է` թուրքերի ձեռքը չէի ընկնի: Բայց, 15,5 ծալք ունեցողը հաստատ կասի. «Իհարկե, դա է ճիշտը», իսկ իր ծալքերը ավելացնել ձգտող մեկը կդժվարանա հստակ որակում տալ: Ո՞վ գիտի ճիշտը: Ինչևէ, եղավ այն, ինչ պիտի լիներ:

… Երեք օրից հասա Ռիգա: Նատաշան գրեթե բոլոր խնդիրները լուծել էր: Ես որոշ բաներում օգնեցի, իհարկե, սակայն նրան ավելի շատ հարկավոր էր իմ բարոյական աջակցությունը: Ի վերջո, ընթացիկ գործերը ավարտեցինք ու մնաց Կանադայի դեսպանատնից (որը գտնվում էր Մոսկվայում) վիզա ստանալու խնդիրը: Ես այլևս անելիք չունեի Ռիգայում: Վերադառնալու ժամանակն էր: Նատաշայի հետ գնացինք Մոսկվա: Մտնել դեսպանատուն չհաջողվեց, այցելությունը նշանակեցին հաջորդ օրը: Ես արդեն ոչնչով չէի կարող օգնել: Գնացինք Մոսկվայի «Կուրսկի» կայարան: Մեր գնացքին տոմս չկար, ստիպված որոշեցի գնալ Թբիլիսի` այնտեղից մինչև տուն բան չէր մնում: Հորդորեցի Նատաշային, օրհնեցի ու նստա գնացք: Հետս, ինչպես միշտ, գրքեր էի վերցրել` Լարոշֆուկոյի մաքսիմները, դետեկտիվներ, Նոր Կտակարանը: Զարմանալի բան կատարվեց: Մինչ այդ, բազմիցս էի ջանում սովորել Տերունական աղոթքը` չէր ստացվում: Եվ դա այն դեպքում, որ ինֆորմացիա կլանելն ու մտապահելը ինձ համար միշտ  դյուրին է եղել: Կուպեի ուղեկիցներիս հետ խոսելու բան չունեի, հաճույքով տրվեցի ընթերցանությանը: Տարբեր բաներ կարդալուց հետո, ձեռքս վերցրի Նոր Կտակարանն ու պատահական բացեցի: Բացվեց Մատթեոսի 6-րդ գլխի էջը: «Հայր մեր»-ը հենց այդ գլխի մեջ է: Կարդացի: Մի փոքր խորհեցի: Մտքերով ընկա: Նայում էի լուսամուտից դուրս, ինչ-որ բաներ հիշում, ինձ-ինձ խոսում: Հանկարծ, կարծես, մեկը ասեր` հըլը մի հատ աղոթքն ասա: Աչքերս փակեցի ու սահուն, առանց դժվարության, ծայրից-ծայր ասացի: Փոքր հրաշք: Ալիք անցավ մարմնովս: Մի քանի օր անց միայն հասկացա այդ փոքրիկ հրաշքի խորհուրդը` քանի-քանի անգամ առաջիկա ամսվա ընթացքում հրաշք աղոթքը օգնեց, գոտեպնդեց իմ հուսալքվող հոգին, քանի-քանի անգամ թույլ չտվեց, որ հանգչի ազերիների ճիրաններից փրկվելու հույսի կրակը…

 

1991թ., դեկտեմբերի 18
Թբիլիսի

Հասանք Թբիլիսի: Խժդժ օր էր: Ինչ-որ ապստամբներ, ընդհարումներ: Շտապեցի դեպի տոմսարկղերը: Երևանի գնացքը մեկնում էր օրը մեջ: Հակառակի պես, այդ օրը ուղերթ չկար: Կայարանում գիշերելու հեռանկարն ինձ բոլորովին չէր հրապուրում: Բազմաթիվ գյումրեցիներ ձգտում էին շուտ հասնել տուն, բանակցություններ էին վարում տաքսիստների ու մասնավոր մեքենաների վարորդների հետ: Մեկը վախենում էր, մյուսը խոստանում ու փոշմանում էր, ոմանք էլ շատ թանկ գին էին առաջարկում: Գյումրի գնացող մի ավտոբուս էր կանգնած, մինչև հասա՝ արդեն լեփ-լեցուն էր: Ճարահատյալ վերադարձա կայարան` հաշտված այն մտքի հետ, որ գիշերելու եմ այդտեղ: Նոր էի տեղավորվել նստարանին ու պատրաստվել քնելու, մեկ էլ երկու հոգի` Ֆելոն ու Հովոն, ում հետ ծանոթացել էինք մեքենա փնտրելու ընթացքում, հայտնվեցին գլխավերևումս:

— Ապ ջան, Լեննագան գնացող ավտո կա, հոգիմ պակաս է, քելե՛:

Արդեն տրամադրվել էի մնալ, չեմուչում արի: Սկսեցին համոզել: Նուրբ լարերիս կպան` «վախենասգը, ինչխոր լեննագանցի չեղնիս…»: Վարանեցի, բայց համաձայնվեցի: Վարորդին որ տեսա, գնալու ցանկությունը կտրուկ նվազեց: Նախ, խմած էր, հետո` հարցուփորձից հասկացվում էր, որ չի պատկերացնում վտանգի չափը: Ի լրումն ամենի, պարզվեց` առաջին անգամ է Գյումրի գնալու: Որոշեցի վերադառնալ ու, այնուամենայնիվ, գնացքով գնալ, թեկուզ մեկ օր ուշացումով: Տղաները սկսին նվնվալ, դժգոհել, համոզել ու, ի վերջո, հասան իրենց նպատակին: Մեքենայի մեջ երկու հոգի արդեն նստած էին` մայր ու որդի: Ստացվում էր` տաքսին գնալու է հինգ ուղևորով: Դա էլ սրտովս չէր: Բոլոր նշանները հուշում էին` մի՛ նստիր, վտանգավոր է: Մի պահ պատկերացրի՝ ինչպես եմ հասնում Գյումրի, տուն մտնում, անհոգ պառկում բազմոցին… Հոգնած էի, կամքս էլ փոքր-ինչ թուլացած: Բացեցի տաքսու դուռը ու նստեցի: Դա ամենևին տաքսու դուռը չէր, դա` մուտք էր միամսյա դժոխք: Եվ սա էր հենց վատ ավարտ ունեցող այն ճամփի վերջը, ինչի մասին «գրված» էր սուրճի բաժակում: Թեև այդ «վերջը» լինելու էր մի քանի ժամից (և վե՞րջն էր դա արդյոք, միգուցե սկի՞զբը): Այդ գուշակության մասին հիշեցի արդեն բանտում՝ բազում անքուն գիշերներից մեկի ժամանակ, երբ վերլուծություններ էի անում, ձգտում հասկանալ մեղքիս ու պատժիս չափը, խնդրում Աստծուն ներել մեղքերս, ներողություն հայցում մտերիմներիցս՝ հոգս ու ցավ պատճառելու համար ու հազար ու մի անցուդարձեր մտաբերում: Մինչդեռ… մեր տաքսին մթության մեջ սուրում էր դեպի Գյումրի: Մեզ` ազատության մեջ գտնվելուն, մնացել էր 2 ժամ:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
17,210