ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե չենք մահացել COVID-19-ից, ի՞նչ է, մահանանք սովի՞ց»

 «10 միլիոն՝ ջրհեղեղից տուժածներին, 4 միլիոն՝ կորոնավիրուսով հիվանդներին» վերտառությամբ հոդվածը երբ տարածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բավականին մեծ արձագանք ունեցավ: Թե՛ անձնական նամակով, թե՛ «Մեկնաբանություն» դաշտում գրում էին, թե իրենք կամ իրենց հարազատը մեկուսացման մեջ է/եղել է, և ոչ մեկը չի հետաքրքրվել, ոչ մի աջակցություն չեն ստացել, 14 օր ինչպե՞ս հնարավոր է մեկուսանալ առանց սննդի…

Բողոք

Մեկնաբանողներից մեկին՝ Հերմինե Մանուկյանին, որը դժգոհում էր իշխանության անտարբերությունից, խնդրեցի անձամբ գրել կամ հեռախոսահամար թողնել: Զանգահարեցի:

Ինձ հետ խոսեց Հերմինեի մայրը՝ Քնարիկ Շուխյանը, պատմեց իրենց գլխով եկածը: (Զգուշացրել էի, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է: Մեջբերում եմ ոչ ամբողջությամբ).

«Հուլիսի 4-5-ին, ես մի քիչ վատ զգացի, կորցրել էի հոտառությունս: Չնայած այն կապում էի իմ ալերգիկ վիճակի հետ, մի 2 ամիս սրսկումներ ստացել էի, բայց, ամեն դեպքում, որոշեցի այցելել բժշկի, որպեսզի, եթե ինչ-որ բան այն չէր, ինձ հետ ապրող հարազատներիս հանկարծ չվնասեի: Այցելեցի մեր՝ թիվ 3 պոլիկլինիկա: Թոքերս ռենտգեն արեցին, ասացին, որ թոքաբորբ է նկատվում: Չնայած վատ չէի զգում, բայց հավաստիության համար կանչեցին թեստ հանձնելու… Թեստը դրական էր, չնայած՝ նույն օրը, երեկոյան հոտառությունս վերականգնվել էր: Եթե թեստը դրական էր ցույց տվել, ուրեմն կարգն էր, որ մենք պետք է մեկուսանայինք: 14 օր մեկուսացել ենք: Ասեմ, որ հիմնական դեղորայքները ես եմ գնել, հիվանդանոցը տվել է միայն «Ազիտրոմիցին» հակաբիոտիկը, իսկ վիտամինների շարքը ես եմ գնել՝ իմ առողջության համար, չնայած, որ գնել եմ էժանագինը, ոչ թե նշանակված «Զանոտազոնը», որի մեկ հաբն արժեր 1300-1500 դրամ, նշանակել էին 4 հաբ… Ասեմ, որ աղջիկս սեզոնային աշխատանքով է զբաղվում, իսկ տանն ունենք 7 տարեկան երեխա, որն ականջների հետ կապված խնդիրներ ունի. 2 տարի այստեղ ենք բուժում անցել, 5 տարի Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում և Միքայելյան ինստիտուտում: Երեխայի ականջները պիտի շունտավորեին, բայց էս կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Իսկ, ես աշխատանքի դուրս գալ չէի կարող… Ասեմ, որ այս օրերի ընթացքում, օրվա մեջ 2-3 անգամ պարտադիր մեզ զանգահարել են պոլիկլինիկայից, հետաքրքրվել, թե արդյո՞ք ինքնազգացողությունս չի վատացել, արդյո՞ք աղջիկս կամ երեխան ջերմություն ունեն և այլն: Նրանք ոչ մի սիմպտոմ չունեին: Թեպետ, ես էլ արդեն համարյա չունեի: Ինչի համար հատուկ և անչափ շնորհակալություն եմ հայտնում մեր թաղի բժշկուհի Կարինե Սանդրոսյանին, թիվ 3 պոլիկլինիկային, քույր Արմինեին: Նրանք պատշաճորեն կատարել են իրենց պարտականությունները: Ուրիշ էլ ոչ մեկի կողմից մենք ոչ զանգ ունեցանք, ոչ հետաքրքրվող, թե ինչպես եք ապրում, որ 14 օր մեկուսացած եք, ինչով եք սնվում… Մի՞թե, եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով, չպետք է գոնե դեղորայքով ապահովեին. մեկը տվեցին, մյուսներն՝ ասացին դուք գնեք: Եթե չենք աշխատում, որտեղի՞ց ու ինչպե՞ս գնենք, սնո՞ւնդ գնենք, թե դեղորայք… Այո, երկուսն էլ անհրաժեշտ են, բայց մեր դեպքում որոշեցի չգնել ինձ անհրաժեշտ դեղորայքը, այլ երեխայի համար դեղորայք ու սնունդ գնել… Չենք մահացել կորոնավիրուսով, պիտի մահանանք սովի՞ց…

Այս ընթացքում փորձել ենք զանգահարել, տեղեկանալ, թե մեզ նման մեկուսացածներին ի՞նչ աջակցություն կամ օգնություն կարող է հատկացվել: Պարետատան համարին զանգեցինք, գնացող գուդոկներն ավելի շատ գումար տարան, ինչը զարմանալի էր, որովհետև կարծում էինք, թե այսպիսի իրավիճակում այն պիտի անվճար լիներ, բայց… Ուզում էինք Պարետատնից ճշտել, թե, եթե 14 օր մեզ արգելվում է դուրս գալ, գոնե սնունդ ու անհրաժեշտ դեղորայք գնելու համար թույլ տային ասիմպտոմ երեխային ուղարկել խանութ… Ի վերջո, Պարետատնից մեզ զանգեցին, ասացին, որ իրենք ոչնչով չեն կարող օգտակար լինել, քանի որ մենք պետք է դիմենք մեր տեղական իշխանությանը:

Աղջիկս զանգեց մարզպետարան: Մարզպետարանի հեռախոսահամարներից մեկին մի կիրթ տղամարդ շատ շնորհքով պատասխանեց, իսկ մյուս համարին մի աղջիկ կոպտել էր աղջկաս, թե՝ այդ հարցով այս համարին մի զանգեք, թե դուք միակը չեք, և այլն: Ինչի մե՞նք ենք մեղավոր, որ այսպիսի հիվանդություն է տարածված, հիմա 14 օր տանն ենք մնալու, մեր հացը որտեղի՞ց հասցնենք: Ձեր հոդվածը կարդալուց հետո հենց նույն օրը քաղաքապետարան զանգահարեցինք: Մեզ հայտնեցին, որ ցուցակում կանք, բայց կոնկրետ երբ կայցելեն, դեռ չգիտեն, մինչդեռ մեր մեկուսացման ժամկետն ավարտվում է»:

 

Բողոքի հետքով

Բողոքի հետքով այցելեցինք մարզպետարան, որպեսզի հստակ տեղեկանանք և հանրությանը մեկ բողոքի օրինակով ներկայացնենք այն մանրամասները, որոնք միգուցե վրիպել են իրենց տեսադաշտից.

– Դրական թեստով վարակակրին ի՞նչ դեղորայք է անվճար տրամադրվում:

– Մեկուսացածներին բոլորի՞ն են սննդով ապահովելու, թե՞ որոշակի չափորոշիչներ կան:

Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը բացատրեց, որ ՀՀ կառավարությունից յուրաքանչյուր մարզի հատկացվել է 5 մլն դրամ՝ բժշկի ցուցումով մեկուսացած անձին 14 օրվա սնունդ ապահովելու համար:

Աննա Գյունաշյան

«Կա Պարետի ցուցում, թե մեկօրյա չափաբաժնում ինչ է մտնում, կազմվել է մեկօրյա սննդի արժեքը, որն էլ, ըստ ստացված տեղեկության, ուղարկվում է համայնքապետարաններին. գնումները կատարում են իրենք: Կա նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ցուցում, որով կատարվում է  կարիքների գնահատում: Այսինքն, ինքնամեկուսացածների ցուցակներն ուղարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմիններ, վերջինս համայնքի սոցիալական աշխատողների հետ համատեղ գնահատում են անձի սոցիալական վիճակը: Պարետի կողմից որոշված 13 կետով գնահատման չափորոշիչներ են իջեցված: Ապա նոր համայնքը, ըստ ցուցակի, կատարում է սննդի բաշխումը»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության սոցիալական բաժնի պետ Աննա Գյունաշյանը:

Ի դեպ, մեզ ներկայացրեցին, որ բողոք ներկայացնող կինն աշխատող է, ինքնամեկուսացման շրջանում նա գտնվում է բյուլետենի մեջ և ստանում 14 օրվա առողջության թերթիկի դիմաց հասանելի աշխատավարձ: Եթե սոցիալական ծառայությունը չի գտնի, որ տվյալ անձը կարիքավոր է, ապա պարտավորություն չկա սնունդ հասցնելու, իսկ եթե հակառակն է, ապա պարտադիր փաթեթ տրամադրվում է: Պարտադիր չէ, որ քաղաքացին զանգահարի, քանզի, եթե թեստավորում է անցել, դրական է գնահատվել, անմիջապես տվյալները բազա են մտնում:

Լիպարիտ Մարտիրոսյան

Ըստ Լիպարիտ Մարտիրոսյանի, եղել է, որ իրենք սնունդ են տարել որևէ հասցեով, սակայն մեկուսացածներն հրաժարվել են այն ընդունել: Եղել է նաև, որ սոցիալական ծառայությունը գնահատել է ոչ խոցելի խումբ, բայց զանգել են, օգնություն խնդրել. նույնպես աջակցել են. «Միայն Գյումրիում 723 քաղաքացու սնունդ է տրամադրվել, առաջիկայում կհասնի 970: Իսկ մարզով 1200 ինքնամեկուսացածի է սնունդ տրամադրվել: Եթե ընտանիքում, ասենք, 4 քաղաքացի է մեկուսացած, ապա սննդի չափաբաժինը 4-ի համար էլ նախատեսվում է: 5 միլիոն դրամը մինչ այսօր բավարարել է, բայց եթե լրացուցիչ անհրաժեշտություն զգանք, ապա կդիմենք Կառավարությանը»:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերին, ապա Լ.Մարտիրոսյանն էլ, մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանն էլ բացառեցին, որ քաղաքացուն կոպտած լինեն, եթե միայն իրար սխալ չեն հասկացել: Տվյալ հարցերով կա «Թեժ գիծ», որն էլ պատասխանել է, ըստ տիկնոջ  ձևակերպմամբ, քաղաքակիրթ ձևով:

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ՝ ժ/պ Լեյլի Ասլանյանի մեկնաբանմամբ էլ, Առողջապահության նախարարի մայիսի 22-ի հրամանով, առաջնային օղակի հսկողության ներքո պետք է վերցվեն դրական հաստատված, հիվանդության թեթև ընթացք ունեցող մեկուսացվածները, որոնց հնարավոր է ամբուլատոր բուժում տրամադրել: «Հաջորդեց նախարարի մյուս հրամանը՝ անվճար տրամադրել մի քանի անուն հակաբիոտիկ դեղերը պոլիկլինիկաներին: Հաշվի առնելով մեր առկա հիվանդների թիվը, մենք ներկայացրել ենք մեր պահանջարկը, և ստացել դեղորայք, որը տրամադրվել է առաջնային օղակին»: Ըստ Լ.Ասլանյանի՝ 3-րդ պոլիկլինիկայից ճշտումների, Քնարիկ Շուխյանին անհրաժեշտ քանակով դեղորայքն անվճար տրամադրվել է: Այն դեղամիջոցը, որը տիկինը նշում է, դա ցանկում ոչ միայն չկա, այլև դա բժշկուհու խորհուրդն է հիվանդին՝ այլ ախտանիշ հայտնաբերելու և նրան բուժելու նպատակով:

print
259