ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Աբոյի դասերը

Ռաուֆը չափազանց շփոթված էր, սակայն դա ամենևին չէր նշանակում, որ մեր զրույցի խաղաղ ելքը ապահովված է: Ես իմ քայլն արել էի և, ինչպես ասում են, հիմա գնդակը նրա կիսադաշտում էր, պետք էր սպասել մրցակցի հակագրոհին: Խառնելով բառերն ու ջղայնանալով, Ռաուֆը նույն նախադասություններով, որոնք մինչ այդ հարյուր անգամ լսել էինք մյուս ազերիներից, սկսեց հայհոյել հայերին. որ երեխա են սպանում, որ պատերազմ են սկսել, որ մարդ չեն, որ անաստված են և այլն, և այլն: Դեդը չէր խառնվում, կարծես չէր էլ լսում: Ես համբերատար սպասեցի՝ մինչև մենախոսության մեջ դադար լինի ու, որսալով հարմար պահը, կրկին նույն հարցը տվեցի.

— Կոնկրետ ի՞նչ ունես մեր դեմ, գիտես չէ՞, որ մենք երեխա ու մայր չենք սպանել, համ էլ՝ դու ի՞նչ գիտես, թե ես կողմ եմ էս թշնամանքին, պատերազմին, խաղաղ ապրում էինք, չէ՞: Բացի այդ՝ ոչ մենք ենք անաստված, ոչ էլ՝ դուք: Մեր Աստվածաշունչն էլ կոչ չի անում մարդասպան լինել, ձեր Ղուրանն էլ (թեև մահմեդականության մոտեցումն իրենց թշնամիներին տարբերվում է քրիստոնեությունից):

Ու, չթողնելով, որ ուշքի գա, մի քանի մեջբերում արեցի Ղուրանից: Ռաուֆի աչքերը չռվեցին.

— Թի շտո, Կորա՞ն չիտալ, թի փիսա՞թել (ինչ է, դու Ղուրա՞ն ես կարդացել, դու գրո՞ղ ես):

— Այո, կարդացել եմ, ձեզ մոտ` Իսա, մեզ մոտ՝ Հիսուս, ձեզ մոտ՝ Մուսա, մեզ մոտ՝ Մովսես,- հակիրճ պատմեցի Մուհամմեդի, իրենց կրոնի ծննդյան պատմությունը՝ տարեթվով (622 թ.), փաստերով: Բնական է, որ կիսագրագետ այս անձնավորությունը բավականին հեռու էր այդ գիտելիքներից, ուստի այդ եղանակով ես կարողացա ստիպել հարգանքով վերաբերվել իմ գիտելիքներին ու համոզմունքներին, մանավանդ՝ իմ ասածներում չկար ոչ կեղծավորություն, ոչ քծնանք, ոչ՝ կողմնապահություն, ոչ էլ՝ սուտ:

Ռաուֆն իներցիայով շարունակեց խոսել՝ անհեթեթ բաներ դուրս տալով, իբր խելոք գրքերից է կարդացել: Բայց «մենամարտն» ավարտված էր, մենք զինադադարի ռեժիմի մեջ էինք: Ես հասա նպատակիս, նախ՝ խոսեցի իր լեզվով, երբ հարցրի կոնկրետ ինչ ունի իմ դեմ (շնորհակալությո՛ւն, Աբո), հետո՝ տպավորություն գործելու նպատակով, օգտագործեցի Ղուրանի պահը: Երկու ճակատով «գրոհը» հանգեցրեց խաղաղության: «Կռվող» կողմերը մտան զինադադարի ռեժիմի մեջ:

Առավոտյան զբոսանքն ավարտվեց: Տղաներով ի մի բերեցինք արդյունքները: Հասկանալի էր, Ռաուֆն այլևս մեզ չի ուզենա սպանել, բայց լինելով թմրամոլ, նա աֆեկտի մեջ կարող է և անսպասելի ագրեսիա ցուցաբերել, ինչից երաշխավորված չէին նույնիսկ նրա յուրայինները: Դե ինչ, կարելի էր ազատ շունչ քաշել:




Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Ռաուֆը այլևս չէր անհանգստացնում, ավելին՝ նա մշտապես «գրեվ» էր մատակարարում՝ միրգ, հաց ու ամենակարևորը՝ ծխախոտ, այն էլ՝ բարձր որակի: Այդ 3-4 օրերը, որ նա ԿՊԶ-ում էր, մենք Ռաուֆի «թեթև ձեռքով» ծխում էինք «Մզիուրի»՝ բավականին թանկ՝ հայկական «Ախթամար»-ին համարժեք, նույնիսկ ավելի որակով, սիգարեթներ: Չէինք մոռանում կիսվել նաև մյուս բանտարկյալների ու ոստիկանների հետ, ինչի համար արժանանում էինք երախտագիտական արձագանքների: Ռաուֆը, ինչպես վերևում նշեցի, շատ «հարգված» դեմք էր հանցագործ աշխարհում, բայց որ այդ աստիճան՝ չէինք պատկերացնում: Տպավորություն էր, կարծես նա հիվանդանոցում է պառկած, մեկ-մեկ նույնիսկ բժիշկներ էին գալիս: Ամեն օր նրան այցելում էին բազմաթիվ, տարբեր տրամաչափի անձինք, բերելով լիքը-լիքը տոպրակներ: Ռաուֆը բոլորովին ժլատ չէր, առատաձեռնորեն բաժանում էր ունեցածը, ոստիկանները նրա առջև թաթերի վրա էին քայլում, վազում էին մոտը առաջին իսկ կանչով: Մի խոսքով՝ շեյխին վայել հարգանքի ու հոգատարության էր արժանանում: Մուտքի դուռը հենց մեր բանտախցի դիմացն էր: Աղասը կամ Հովոն երեկոյան ժամերին նստում էին դիտակետի մոտ (դռան «կորմուշկայի») ու հետաքրքրությամբ հետևում անցուդարձին: Մի օր էլ, այցելության «հերթական» ժամանակ, Ռաուֆի մոտ եկան ինչ-որ խորհրդավոր մարդիկ: Ոստիկանը հաճոյակատար ուղեկցեց նրանց դեպի «հիվանդի պալատը»՝ նրա խուցը միջանցքի վերջնամասում էր: Ու, երբ ոստիկանն ետ գալուց հավասարվեց մեր դռանը, Աղասը կանգնեցրեց նրան. «Սլիշ, կտո՞ էտի լյուդի, սերյոզնիե տովարիշչի կաժետսյա, դա՞ (լսի՛ր, ո՞վ են այս մարդիկ, լուրջ ընկերնե՞ր են ոնց որ)»:

— Դա, էտո վսե վոռի վ զակոնե, վսե իզ Թբիլիսի (այո, բոլորը օրենքով գողեր են, բոլորը Թբիլիսիից են),- կամացուկ ու բազմանշանակ փսփսաց սերժանտն ու՝ վախվորած չորս կողմը նայելով, ավելացրեց, — ադին իզ նիխ արմյան՝ տբիլիսկիյ վոռ վ զակոնե (անունը կարծեմ Սամվել էր, մականունը չասաց, կամ ասաց՝ չտպավորվեց հիշողությունումս), խոտիտե սկաժու պագավարիտ ս վամի, մոժետ սմոժետ պամոչ (նրանցից մեկը հայ է՝ Թբիլիսիի «օրենքով գողերից» է, ուզո՞ւմ եք ասեմ խոսի ձեզ հետ, միգուցե կարողանա օգնել):

Սերժանտը կատարեց խոստումը: Մի քանի րոպեից «տբիլիսկիյ վոռ վ զակոնե»-ն մոտեցավ ու հարցրեց.

— Տղեք, էս ո՞նց եք ստեղ ընկել:

Եվս մի երկու հարց տվեց: Զգացվեց, որ հայերեն այնքան էլ լավ չգիտի՝ խոսում էր վառ արտահայտված ակցենտով: Համառոտակի պատմեցինք եղելությունը: Մի քանի ստանդարտ կարեկցական ֆրազներ ասելուց հետո, խոստացավ մի բան անել ու հեռացավ ընկերոջ մոտ: Նրա խուսափողական, սառը պահվածքից կարելի էր ենթադրել, որ «մի բան անելու» խոստմանը այնքան էլ չարժի հավատալ: Դուրս գալուց թեթևակի հայացք գցեց մեր պատուհանիկի կողմն ու՝ առանց հրաժեշտ տալու, գնաց:

— Չէ, տղեք, ըսիգ գործ էնող չէ, քամի քշող է, ըսորից էլ բան դուրս չեկավ,- ծանր հառաչեց Հովոն:

Մի պահ մռայլվեցինք:

— Բեր-բեր, մի-մի հատ «Մզիուրի» քաշենք, հեսա Ռաուֆը թազեն կղրկի, մեր վրացի ու վրացահայ «ավտորիտետ» ընկերներն էնքան բան են բերել, որ մենակով ռասխոդ հո չի՛ անելու, բաժանելու ա, — լռությունը խախտեց Սերոբը:

Մինչև Ռաուֆի հայտնվելը, նախորդ 20-22 օրվա ընթացքում ֆիլտրով սիգարեթ չէինք ծխել, թոքերս երևի զարմացած էին մնացել:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,823