ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Կինոժապավեն՝ «Ե՞րբ է գալու պահը»

Մտորումներիս վերջին կետը դնելուց հետո եկա այն եզրահանգման, որ ծանր փորձությունները, կարծես թե, մնացել են ետևում ու գերության 30-րդ օրն ինչ-որ լավ բան է լինելու: Մի տեսակ թեթևության զգացում կար: Թեև չէի քնել, բայց ուղեղս թարմ էր, տրամադրությունս լավատեսական: Այսօրվա բանակցություններից բարի լուրերի էի սպասում: Զգացումներս ավազի վրա չէին կառուցված. հեռախոսազրույցը հայրիկիս հետ, Նասիբովի վերաբերմունքը, ներքին հանգստությունս և կարևորը՝ ինտուիցիաս, որն ինձ գրեթե չէր դավաճանում:

Նստել էի հատակին, ծնկներս ձեռքերիս մեջ առել, գլուխս հենել պատին ու աչքերս փակ ընկել անուրջների աշխարհը: Մտովի թռել-հասել էի Լենինական: Պատկերացնում էի՝ ինչպես եմ բացում մեր հայաթի դուռն ու տանից դուրս են վազում որդիներս ու հազիվ-հազիվ քայլելով գալիս դեպի ինձ  (շատ փոքր էին, նոր-նոր քայլում էին, հատկապես ամենակրտսերը): Կինս ու մայրս շեմին կանգնած, արցունքներն աչքերին սպասում են, երբ զավակներիս գրկելուց ու համբուրելուց հետո կմոտենամ ու կգրկախառնվեմ իրենց: Այդ տեսարանն առաջին անգամ չէ, որ տեսնում էի. այնքան հաճախ էր այն ինձ այցելում, որ գիտեի բոլոր դետալները՝ եղանակը, օրվա ժամը (ուշ երեկոյան), մտերիմներիս շորերն ու դրանց գույնը: Տեսնում էի հայրիկիս, ով ուզելով զսպել լացը, կծում էր շրթունքները: Այս «կինոժապավենը» պտտվում էր ու պտտվում, բերում նոր կադրեր, հարստացնում ու ավելի գունագեղ դարձնում դրանք: Աստված իմ, ե՞րբ է գալու այդ պահը:

 

«Գը»-ի կարևորությունը

Տղաները սկսեցին կամաց-կամաց արթնանալ: Բացեցի աչքերս, «ֆիլմն» ավարտվեց: Սերոբը, ով հիմնականում առաջինն էր վերկենում, զարմացած հարցրեց.

— Ապ ջան, էս չե՞ս քնել, ի՞նչ էիր մտածում, էսօր մի լավ բան կլինի՞, աղոթել ես, չէ՞, մեզ համար էլ աղոթե՞լ ես:

Ֆելոն միացավ նրան, նույն հարցերը տվեց: Թեև հարցերն ավելի շատ հռետորական էին, քան կոնկրետ, նրանք ստույգ պատասխանի էին սպասում՝ կարծես իմ պատասխանից էր կախված մեր ազատվել-չազատվելու խնդիրը: Դա ինձ փոքր-ինչ զվարճացրեց: Ժպտացի ու աշխույժ տոնով հուսադրեցի բախտակից ընկերներիս.

— Տղե՛ք, ինչղ կռնա մենակ ընձի համար աղոթեմ, միամիտ ժողովուրդ եք, Աստված մեծ է, մեզի սաղիս կհասնի: Էսօր ընձի կթվա մե բարի լուրմ կեղնի:

— Էդ հրեշտակներդ ըսի՞ն, թե՞ մեզի կհանգստացնես, — թեթևակի հեգնանքով վրա բերեց Ֆելոն, ով մյուսների հետ համեմատած, փոքր-ինչ ավելի չնչհավատ էր:

— Դե, որ մեծ ախպերն ասումա, մի բան գիտի, ուրեմն իրա հրեշտակ-աղավնին եկե՜լ, ականջին ասելա, որ մեզ էսօր տանելու են, շպրտելու են հայկական հողը՝ իրանք էլ են պրծնում, մենք էլ, — քնաթաթախ ձայնով ծոր տվեց Աղասը, ով հակառակ Ֆելոյի և մյուսներիս, չափազանց լավատես էր, օժտված էր առողջ հումորի զգացումով:

Հիշեցնեմ, որ Աղասն ու Սերոբը Գյումրիից չէին, ու նրանց բարբառը տարբերվում էր մերինից, թեև՝ մեկ-մեկ ձգտում էին մեր «լեզվով» խոսել: Բառերը կարողանում էին մի կերպ ճշտին մոտ արտաբերել, բայց ակցենտը, բնականաբար, ընդօրինակել չէր ստացվում, ինչը գյումրեցիներս ծիծաղով էինք դիմավորում: Այս անգամ էլ, երբ Աղասը հարցրեց. «Կարո՞ղ է սխալ կըսեմ, ազադենգը մեզի, կերթանքգը տուն, խորոված կուտենքգը», Ֆելոն չդիմացավ.

— Տո՛, ինչ կփչացնես կաղավաղես մեր գյոզալ լեզուն, չես կռնա՝ մի՛ խոսա, գիտես էդ «գը»-երը էդպես հե՞շտ է դնելը, եքա՜ վախտ դպրոց բդի էրթաս, սորվիս: Օր ուզենաս մե հադմ էլ «գը»-ն դեմից կդնես, օտար լեզուներից սավսեմ հեռու ես, ապ ջան:

Այս տիպի անմեղ «լեզվակռիվները» մեկ անգամ չէ, որ տեղի էին ունենում, ուստի՝ բոլորս հումորով ընդունեցինք: Բանտախուցի մթնոլորտը կարծես բարի էմոցիաներով լցվեց, տրամադրություններս բարձրացավ: Աստված ջան, մի լավ բան տուր էսօր, ինչ կլինի:

 

Խորովա՜ծ, խորովա՜ծ

Առավոտյան մոցիոնը կատարելուց հետո վերադարձանք բանտախուց և ուրախ-ուրախ կատակներ սկսեցինք անել, շարունակելով լենինականյան «գը»-ի թեման: Աղասը, ինչպես միշտ, գնաց իր գործին՝ Բայրամովի ավտոմեքենան լվալու: Ֆելոն ետևից հասցրեց բղավել.

— Աղաս, լավ «գը»-երով գուկաս, մե էդ ընկերոջիցդ տոչնի իմացի՝ էսօր պերեգավորները երբ են, հետո թող գա մեզի դալաժիտ էնե, դատարկ չգաս, չենք ընդունե:

— Էղավ, շեֆ ջան, գուկամգը, կըսեմգը, հաց ու պապիրոս էլ բերեմգը, մի երկու հատ էլ մեր մեծ ախպոր համար (նկատի ունենալով ինձ) հանրագիտարան հետս բերեմգը, էլ ուրիշ ի՞նչ զակազներ ունիք, — հումորով պատասխանեց Աղասը:

— Պորցիմ լուլա քյաբաբով-մաբաբով, վեց կտոր էլ խորոված իրա պրիբորով: Հարյուր-հարյուր էլ «Էքստրա րախի», աշե հայկական էղնի, — նույն զվարթ տոնով «պատվիրեց» Հովոն:

Անհամբեր սպասում էինք Աղասի վերադառնալուն: Մեր «ընկեր» Ֆիկրետը հերթափոխը հանձնելուց ու տուն գնալուց առաջ մոտեցավ պատուհանիկին ու «դավադրական» ձայնով կամացուկ փսփսաց.

— Ռեբյատա, պերեգովորի բուդուտ սեվոդնյա վ դվա չասա, յա տոժե տամ բուդու, շտո-նիբուդ խարոշեե ուզնայու, դամ զնատ (տղաներ, բանակցությունները նշանակված են այսօր ժամը երկուսին, ես էլ եմ ներկա լինելու, լավ բան եղավ, իմաց կտամ):

— Սպասիբո, Ֆիկրետ ջան, — միաձայն արձագանքեցինք բոլորս:




Րոպեները ձգվում էին դանդաղ, ժամացույց չունեինք, ուստի ժամը որոշում էինք պահակների հերթափոխով (առավոտյան 9-ին էին փոխվում) և ճաշ բաժանելու գրաֆիկով: Այդ հաճելի պահը ժամը 12-ին էր: Թեև տվածները մի բան չէր՝ վռիկ կերակուր, այդուհանդերձ, քչից-շատից սնունդ էր, նաև՝ ուղեղներս անջատելու լավ միջոց: Ի տարբերություն նախորդ անգամների, հացի բոքոնը լրիվ կերանք՝ գիտեինք, որ Աղասը անպայման հետը հաց կբերի: Սովորաբար աշխատում էինք մի քանի կտոր թողնել երեկոյի համար, միշտ չէ, որ Դեդից կարելի էր խնդրել, թեև նա այնքան էլ մոռացկոտ չէր: Ինչևէ:

Վերջապես Աղասն եկավ: Ձգտում էինք դեմքի արտահայտությունից կռահել՝ ինչ լուրեր է բերել:

— Ապ ջան, Բայրամովը գնաց բանակցությունների, ասաց, որ էսօր կոնկրետ որոշվելու է, ահագին առաջխաղացում կա, երկու կողմերն էլ շտապում են վերջացնել, մանր-մունր հարցեր կան:

— Ի՞նչ հարցեր, — տարակուսանք հայտնեցինք մենք:

— Դե, ասումա Գյանջայի (Կիրովաբադ) բանտում մի ոսկեպարցի տղա է նստած՝ Սեյրան անունով, նոյեմբերյանցիները ուզում են նրան էլ ստանալ, — ասաց Աղասն ու երկարափեշ խալաթի խորխորատներից սկսեց հանել «նվերները»՝ երկու մեծ բոքոն քարի հաց, պանիր, սիգարեթներ, մի հատ էլ նուռ:

— Քեզի բան-ման չենք պահել, գիտեինք, որ դատարկ չես գալու, ըբը քյաբա՞բն ուրա, — կատակով հիշեցրեց Հովոն:

— Ապ ջան, Բայրամովը չթողեց բերեի, ստիպեց տեղում ուտել, ասեց՝ էդ անկուշտ լեննականցիներին ինչ էլ տաս՝ միևնույն է, չեն կշտանա, — քթի տակ ծիծաղելով պատասխանեց Աղասը:

— Հըմի գուզես ըսես կերած-խմած ես, էլի:

— Հա, Բայրամովի հետ գնացինք ճաշարան, մարդը կարգին պատիվ տվեց, մի կո՜ւշտ կերա, – գոհունակություն հայտնեց Աղասն ու շոյեց որովայնը:

Երեկոյան ուտելու պաշար ունեինք, տրամադրություններս բարձր էր, մնում էր լավ լուրեր ստանայինք: Սակայն ժամանակն անցնում էր, ձեն-ձուկ չկար: Հերթապահն այդ օրը Մամեդն էր՝ ամենատհաճն ու ագրեսիվը բոլոր պահակներից: Նրան ինչ-որ բան հարցնելը անիմաստ էր, նա պարզապես մեզ չէր նկատում, մի բառ անգամ այսքան ժամանակ չէր փոխանակել հետներս:

Ժամը 5-ի կողմ էր, ականջներս ինչ-որ ձայներ որսացին: ԿՊԶ մտավ մեր ծանոթ սերժանտներից մեկը, ով բանակցությունների մասնակիցներից էր: Բոլորս կտրուկ կպանք դռան «կարմուշկային»: Ամենաճարպիկը գտնվեց Հովոն: Ես ետ մնացի, սրեցի լսողությունս:

— Ապ, հետը յաշչիկմ է բերել, ձեռով էրավ մեր կողմը, — մեկնաբանում էր իրադարձությունները Հովոն, — Մամեդին կըսե՝ բա՛ց դուռը:

Իրոք, դուռը բացվեց ու մեր բանտախցի շեմին դրվեց այդ «յաշչիկը», որը իրականում ստվարաթղթե խոշոր տուփ էր: Սերժանտը, մատնացույց անելով տուփը, ուրախ ձայնով արտաբերեց.

— Էտո վամ ռեբյատա, մի բիլի նա պերեգովորախ, վաշի պոդարոկ պոսլալի (սա ձեզ, տղաներ, մենք բանակցությունների էինք այսօր, ձերոնք նվեր են ուղարկել):

Մեզ ավելի շատ հետաքրքրում էին բանակցությունների արդյունքները, թեև տուփի արձակած անուշահոտ բուրմունքը ևս շարժել էր հետաքրքրասիրությունը:

— Ե՞րբ են փոխանակելու, — գրեթե միաձայն հարցրեցին տղաներից չորսը: Ես ու Սերոբը պատուհանիկից հեռու էինք, նաև՝ տարիքը հաշվի առնելով, փոքր-ինչ ծանր էինք պահում մեզ:

— Նեմնոժկո եշո պոտերպիտե, սեգոդնյա-զավտրա բուդեմ մենյատ, վսյո նորմալնո (մի քիչ էլ համբերեք, այսօր-վաղը կփոխանակենք, ամեն ինչ նորմալ է), — պատասխանեց սերժանտն ու արագ հեռացավ, հասկանալով, որ ինչքան երկար մնա, այդքան շատ հարցեր է լսելու, իսկ մանրամասներն, ըստ երևույթին, իրավասու չէր հաղորդել:

— Ջոկի՞ք, ըսոր քեֆը լավ-լավ էր, կերևա մերոնք ղայդին պատիվ են տվել, — տուփի կափարիչը բացելով ու բութ մատը ցույց տալով, հայտարարեց Հովոն:

Զգլխիչ բուրմունք տարածվեց խուցով մեկ: Հեքիաթային հրաշք էր՝ տուփի մեջ… խորոված էր: Ու այդ ամենը մերն էր:

— Տղե՛ք, խորովա՜ծ է, խորովա՜ծ, — հրճվալից ճիչեր արձակելով վրա պրծան տղաները:

Սակայն Սերոբի հետ կանխեցինք «գրոհը»:

— Ապ ջան, ըստեղ 20 հոգու բաժին է, համ էլ՝ ինչքան էլ օր էղնիր, պտի կիսվինք մեկելների հետ, Դեդը մեզի ըդքան «գրեվ» է էրել, քանիմ թիքա չտա՞նք, — բացատրեցինք մյուսներին, թեև, ինչ խոսք, նրանք բոլորովին դեմ չէին, ուղղակի էմոցիաները ստիպել էին մի պահ մոռանալ ամեն ինչ:

Բանը նրանում էր, որ բացի Դեդից, կային նաև ուրիշ կալանավորներ և նրանց բաժին չհատկացնելը սխալ կլիներ: Չպետք էր մոռանալ նաև ոստիկաններին: Հարկավոր էր սկզբից բոլորի բաժինները ուղարկել, հետո հանգիստ խղճով նստել հացկերույթի: Բոլորս ուժ գտանք՝ ոչինչ չուտել մինչև բաժանելը: Ծանր փորձություն էր, բայց մենք այդպիսի՜ փորձություններ էինք տեսել վերջին ամսում: Ոչ մեկին չմոռացանք, Դեդին, իհարկե, հասավ «ամենաթանկ» կտորները՝ գոնե սրանով կարողացանք վարձահատույց լինել. նա քանի-քանի անգամ էր ուտելիք ուղարկել, ընդ որում, անշահախնդիր: Ճիշտ է, մարդասպան էր, բայց զուրկ չէր մարդասիրությունից:

— Ապ ջան, առավոտը էնքան խորովածից ու քյաբաբից խոսացինք օր, Աստված ձեներս լսեց, փառք քեզ, Աստված ջան, — երախտագիտությամբ ասաց Հովոն: Ես խաչակնքվեցի, մտքումս հազար շնորհակալություն հղելով Բարձրյալին:

Ի վերջո, ծանր գործը ավարտելուց հետո, բոլորաշուրջ նստեցինք հատակին, մեջտեղը դնելով կախարդական տուփն ու չփչփացնելով, կռթկռթացնելով անցանք գործի: Բանտախցերից շնորհակալական ուղերձներ էին լսվում: Բոլորը գոհ էին, մենք՝ երջանկության ալիքների մեջ ողողված: Պակասում էր միայն օղին ու ազատությունը… «երկու էռնեկ մի տեղ չի լինում»:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,823