ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Պրոշչայտե, ռեբյատա

… Շատ չանցած միջանցք մտավ քաղաքացիական հագուստով մի անձնավորություն: Հերթապահ ոստիկանին հրահանգեց բացել բանտախցի դուռը: Դա Գասիմովն էր՝ Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարներից, ով մոտ էր Հայրիկյանի հետ, հենց նրա զինակիցներն էին այցելել ինձ այստեղ՝ Հայրիկյանի խնդրանքով:

— Սոբիրայտե վեշչի, ի դավայտե բիստրո վ մաշինու, եդեմ վաս մենյած (հավաքե՛ք իրերդ ու արագ նստեք մեքենան, գնում ենք ձեզ փոխանակելու),- հրահանգեց Գասիմովն ու մի քայլ կողքի արեց՝ բացելով անցումը:

— Ըսիգ ի՞նչ կըսե, ի՞նչ վեշչ, — զարմացած հարցրինք միմյանց:

Պարզվեց, իրո՛ք, «վեշչ» ունեինք: Հերթապահ ոստիկանի մոտից ստացանք առաջին օրը բռնագրավված իրերը: Ես ետ ստացա ժամացույցս՝ եղբորս նվերը, որը թանկ էր ինձ համար, և տաբատիս գոտին: Ստացականները ստորագրելուց հետո մի վայրկյան անց բոլորն արդեն մեքենայի մեջ էին: Գասիմովից մի րոպե խնդրեցի.

— Օդնու մինուտկու, յա դոլժեն պոպրոշչատսյա ս ռեբյատամի (ես պետք է հրաժեշտ տամ տղաներին),-  ու գնացի բանտարկյալ ազերի «ընկերներիս» մնաս-բարով անելու, նաև շնիրին գտնելու՝ ցասումս դեռ լրիվ չէր անցել:

Ձեռքսեղմումներն անկեղծ էին՝ նրանցից ոչ մեկը վատ բան չէր արել՝ նույնիսկ օգնել էին. հաց էին տվել, միրգ, ծխախոտ: Դեդի ձեռքը սեղմեցի առանձնահատուկ ջերմությամբ՝ ամենաշատը նա էր մեզ աջակցել: Կամացուկ հարցրեցի՝ որտեղ է շնիրը, այնքան չէի ուզում կոշիկներս վերադարձնել, որքան զայրույթս արտահայտել: Որոշել էի մի ապտակ հասցնել այդ լակոտին: Դեդը ժպտաց.

— Նե նադո դրուգ, մի ս նիմ ռազբերյոմսյա, տի ուժե նա սվոբոդե, զաչեմ տեբե էտո (պետք չէ, ընկեր, դու արդեն ազատ ես, դա քեզ պե՞տք է):

— Դավա՛յ բիստրեե, ա տո բեզ տեբյա ուեդեմ, օպազդիվայեմ (շո՛ւտ արա, թե չե առանց քեզ կգնանք, ուշանում ենք), — բղավեց Գասիմովը:

— Եզժայտե՛, յա դոլժեն սո վսեմի պոպրոշչատսյա, — կրկնեցի ու գնացի հաջորդ բանտախցի մոտ:

Ասացի ու մտածեցի. «Բա, որ գնա՞ն»: Այնուհանդերձ, աչքի պոչով հետևում էի Գասիմովին: Նա լայն բացված աչքերով իմ կողմն էր նայում՝ շվարած կանգնած էր, ծնոտը կախվել էր:

— Պրոշչայտե, ռեբյատա, պրոշչայտե,- մի անգամ ևս ընդհանուր «ցը՛» հղեցի բոլորին, մի թունդ հայհոյանք էլ ուղարկեցի շնիրի (անունը միտքս չի մնացել) հասցեին ու ուղղվեցի դեպի ելքը:

— Նու վոտ տեպեր պոեխալի (այ, հիմա գնացինք), — հայտարարեցի Գասիմովին, ով շարունակում էր ապշած նայել ինձ՝ տարուբերելով գլուխը:

Դուրս եկա ու մի ցատկով հայտնվեցի մեքենայի մեջ: Տղաներն անհանգստացած էին:

— Էդ ի՞նչ էր էղել, ընչի՞ զադերժկա էղար, — կիսատագնապով, կիսահանդիմանանքով վրա տվեցին բախտակից ընկերներս:

— Հե՛չ, տղեքին մնաս-բարով էրի,- ձայնիս մեջ նույնպես հանդիմանանք կար. չէ՞ որ նրանք էլ կարող էին գոնե թեթևակիորեն հրաժեշտ տալ: Ում-ում, բայց Դեդին պարզապես պարտավոր էին:

— Հա՜, լավ արիր, — տմբտմբացրեց Սերոբը, զգալով իմ դժգոհությունը: Ինչևէ:

Մեքենան կտրուկ շարժվեց տեղից ու՝ արագություն հավաքելով, սուրաց դեպի Իջևան: Եվս երկու մեքենա շարժվեցին մեր ետևից:




Ազատությո՜ւն

Ագահորեն զննում էի խճուղուն կից տեղանքը, ջանում հասկանալ՝ երբ է սկսվելու Հայաստանի հողը, Հայրենիքիս հողը: Բոլորս լուռ էինք, լարված: Չեմ կարող նկարագրել ապրումներս. առանձնակի թրթիռ չէի զգում՝ այնքան էի սպասել այս բաղձալի պահին ու հուսախաբվել, որ էմոցիաներս կարծես այրվել, մոխիր էին դարձել: Աննկատ զննեցի տղաներին: Զարմանալի էր, բայց ոչ մեկի դեմքին ժպիտ, ուրախություն չնկատեցի: Ամենօրյա ջլատող սպասումը ոչնչացրել էր սովորական մարդուն բնորոշ պարզ, մարդկային նուրբ լարերը: Հոգիներս կոշտացել էին, պատվել ժանգի հաստ շերտով: Նման մտքերից մի պահ հուզվեցի՝ խղճալով ինքս ինձ ու ընկերներիս: Շրջեցի գլուխս դեպի խճուղի՝ մեքենան արագ խժռում էր կիլոմետրերը: Իրո՛ք, ուշանում էինք՝ Գասիմովը ճիշտ էր: Հեռվում աղոտ մի փոքրիկ շինություն նշմարեցի:

— Տղե՛ք, Իջևանի պոստն է, — նշեցի հանդարտ ձայնով ու հայացքս գցեցի մեզ ուղեկցող ինքնաձիգավոր ազերիների վրա:

Նրանցից մեկը՝ ի նշան համաձայնության, գլխով արեց: Բավականաչափ մոտենալով, տեսանք մարդկանց մի մեծ՝ մոտավորապես 40-45 հոգանոց բազմություն: Մերո՜նք են: Այդ պահին սրտումս ինչ-որ բան  խլրտաց՝ ակնդետ հայացքով փնտրում էի հայրիկիս ու ընկերոջս՝ Սամվելին: Բայց այդօրինակ բազմամարդության մեջ անհնար էր որևէ մեկին գտնել: Մի 40 մետր հեռավորության վրա մեքենան կանգնեց: Բոլորս դուրս թափվեցինք: Մինչև մեզ դիմավորողներին մոտենալը, տեսա Ֆիկրետին, Շիխլիի գյուղապետին, ևս մի քանի ծանոթ դեմքեր երևացին ազերիների մեջ: Ֆիկրետը հուզված ողջագուրվեց ինձ: Անկեղծ շնորհակալություն հայտնեցի ազերիներից ամենաբարյացակամին՝ Ֆիկրետին, ով քանի-քանի անգամ էր ապացուցել, որ ազերիների մեջ էլ՝ ինչպես և հայերի, կա լավն ու վատը: Մյուսներից մի քանիսին էլ հրաժեշտ տվեցի ու շարժվեցի մեր հողում կանգնած, ուրախությունից թռչկոտող մարդկանց կողմը: Ու միանգամից տեսա հայրիկիս՝ խառնված, հուզված, արցունքները զսպելով, նա վազում էր դեպի ինձ: Գրկախառնվեցինք: Հայրիկս շոշափում էր ձեռքերս, մարմինս, զննում էր՝ հո խեղված չեմ, առո՞ղջ եմ, արդյոք:

— Պա ջան, մի՛ խառնվի իրար, ամեն ինչ տեղն է, — հասկանալով նրա մտահոգությունը, անմիջապես փարատեցի կասկածանքները:

— Տղա ջան, տղա ջան, — անվերջ կրկնում էր նա, արանքներում ավելացնելով՝ հո շատ չե՞ն ծեծել:

Հայրիկիս «մենախոսությունն» ընդհատվեց բարձրահասակ, համակրելի արտաքինով մի անձնավորության մոտենալով, ով հայացքով ուղղակիորեն շաղափում էր ինձ: Թեև հայացքը խրոխտ էր, այդուհանդերձ, տամուկ աչքերի մեջ այնքան թախիծ ու բարություն կար, որ մի տեսակ ոչ իմ ափսեում ինձ զգացի: Հայրիկս ներկայացրեց՝ տղա ջան, Տիգրան Սարգսյանն է, ինքը որ չլիներ՝ ձեզ չէին ազատի:

— Լավ-լավ, Ռուբեն Նիկոլայիչ, մի՛ չափազանցրու, — պարկեշտ տոնով հանդիմանեց լեգենդար Սարգսյանը, ում գործերի մասին այդ պահին ես այնքան էլ պատկերացում չունեի:

Հանկարծ կրակահերթերի ձայն լսվեց. հայ ազատամարտիկներն էին, օդ էին կրակում՝ յուրատեսակ հրավառություն էին կազմակերպել 7 հայ զավակների ազատվելու կապակցությամբ: (Առաջ անցնելով, ցավով ասեմ, որ մեկ ամիս-ամիսուկես անց իմացանք Սեյրանի մահվան գուժը՝ Գյանջայի բանտում թուրքերը, այնուամենայնիվ, ինչ-որ բան էին ներարկել՝ խեղճ տղային փրկել չէր հաջողվել):

Նստեցինք մեքենա՝ գնում էինք մեր պատվին կազմակերպած ճաշկերույթի: Մինչև ռեստորան հասնելը հայրիկս պատմեց վերջին իրադարձությանների մասին: Պարզվեց՝ փոխանակումը վտանգի տակ է եղել: Մի քանի ոսկեպարցիներ, այդուհանդերձ, չէին համաձայնվել ազերի պատանդին հանձնել ոստիկաններին ու գաղտնի տեղափոխել էին այլ տեղ: Սակայն Սարգսյանն այդ մասին տեղեկանալով, նախ՝ կարողացել էր պահելու տեղն իմանալ, և հետո՝ փայլուն օպերացիայի շնորհիվ, առևանգել պատանդին: Ընդ որում, հայրիկս առևանգելու պահին ներկա է գտնվել, սակայն գործողությունն այնքան նուրբ ու անաղմուկ է իրականացվել, որ բոլորովին գլխի չի ընկել, որ ազերին արդեն ոստիկանական մեքենայի մեջ է: Ճանապարհին մեքենաները հինգ րոպեով կանգ են առել: Հայրս՝ ցանկանալով ճշտել արդյո՞ք պատանդն իրենց հետ է, խնդրել է Սարգսյանին ծխախոտ հյուրասիրել ազերիին: Գնդապետը, բնականաբար, միանգամից կռահել է հայրիկիս «խորամանկությունը»:

— Նիկոլայիչ ջան, ինչո՞ւ ես անհանգստանում, առանց այդ թուրքի հո չէի՞նք կարող գնալ, տե՛ս, համոզվի՛ր,- ու ցույց է տվել մեքենան, որի մեջ էր մեր փոխանակման «փրկագինը»:

Հայրս մնացել է ապշած.

— Սարգսյան ջան, էդ ո՞նց արեցիք, չէ՞ որ մեքենայի կողքն էի կանգնած:

— Բա գիտես ինչու էի ավտոզակը (կալանավորներ տեղափողող միամիտ մեքենա) ետևի մասով կիպ կանգնեցրել լուսամուտի տակ: Հենց էդ լուսամուտից էլ փախցրինք:

Ահա այսպես: Ինչպես ասում են՝ նույնիսկ 100-տոկոսանոց եղած գործը (փոխանակումը) մինչև վերջին վայրկյանը մազից է կախված եղել: Հայրս պատմեց իր ու Սամվելի դժվարությունների մասին, թե ինչ ցուրտ էր հյուրանոցի համարում, թե քանի-քանի անգամ սոված են մնացել, բայց ոչ թե փող չունենալու, այլ՝ մթերքի բացակայության պատճառով (չմոռանանք՝ 1991 թվականն էր): Սակայն թե՛ Նոյեմբերյանում, թե՛ Ոսկեպար գյուղում գտնվել են բարի մարդիկ, ովքեր բացի ուտելիք տալուց, նաև՝ տուն են հրավիրել, պատիվ տվել, կարեկցել, օգնել՝ ինչով կարող են: Անունները տալիս էր՝ հիմա չեմ հիշում: Միայն Վազգենի ու Ալիկի անուններն են միտքս մնացել: Վերջինս ՊԱԿ-ի աշխատակից էր ու, բացի ակտիվ աջակցությունից, հաճախ է տրամադրել իր անձնական մեքենան՝ ինձ հետ կապված խնդիրների համար: Իսկ Վազգենն ազատամարտիկ էր՝ ողջախոհ, մարդկային գծերով օժտված անձնավորություն, ում հետ անձամբ ծանոթացա:

Երբ նստեցինք ճաշկերույթի, հայրս բոլոր ներկաների (ամենաքիչը՝ 30 հոգի) մասին կարճ բնութագրումներ տվեց: Բոլորը նվիրված ջանացել են, յուրաքանչյուրն իր չափով ներդրում էր ունեցել մեր փրկվելու գործում: Խորին շնորհակալության բոլոր-բոլորին:

Ներկաները ջերմ բաժակաճառեր էին արտասանում: Գնդապետ Սարգսյանի կենացը խմում էին առանձնահատուկ ակնածանքով: Մի կենաց էլ մեր՝ արդեն նախկին պատանդների անունից, ստիպված եղա ասել ես: Ընդհանրապես, կենացներ ասելու վարպետ չեմ, բայց կարճ, անկեղծ շնորհակալական խոսքերս հավաքվածները դիմավորեցին ծափողջույններով:

Բանկետը մոտեցավ ավարտին: Դուրս եկանք: Ժողովուրդը միմյանց հրաժեշտ տալով, սկսեց հեռանալ: Սարգսյանը խնդրեց հայրիկիս՝ ոտքը կախ գցել.

— Ռուբեն Նիկոլայիչ, մի՛ շտապեք, գնանք մեր տուն մի հատ սուրճ կխմեք, հետո կընկնեք ճամփա:

Հրավերը չընդունել չէր լինի: Թեև արդեն ուշ ժամ էր ու երկար ճանապարհ էինք գնալու, համաձայնվեցինք: Սարգսյանի տան մոտ մեզ միացավ իջևանցի Գրիշը՝ իմ ուսանողական ընկերը, ում 10 տարուց ավել չէի տեսել: Իմ վայ-վայ օրերին Գրիշն ու Սամվելը ձեռնամուխ էին եղել փրկագնի համար դրամահավաք կազմակերպել, սակայն, փառք Աստծո, դրա անհրաժեշտությունը չի առաջացել:

Սարգսյանը կոնյակ և սուրճ հյուրասիրեց, սեղանին կար համեղ քաղցրավենիք: Ամաչելով մի հատը վերցրի:

— Վերցրու՛, վերցրու՛, մի՛ ամաչի, քա՜նի տարի քաղցր չես կերել, գիտեմ՝ սիրում ես,- ժպտալով ասաց Սարգսյանը:

Ես արդեն մտովի Լենինականում էի, սպասում էի՝ երբ ենք ուղևորվելու:

— Լավ, Նիկոլայիչ ջան, էլ զադերժկա չանեմ, տեսնում եմ՝ ուզում եք շուտ հասնել ձեր ընտանիքներին,- այդ ասելով՝ Տիգրան Սարգսյանը վերկացավ: Մեքենայի մոտ ջերմ գրկախառնվեց հայրիկիս հետ, և մենք բաժանվեցինք:

 

Վերջաբան
Միամիտ մարդու միամիտ երազանք

Ճանապարհին հոգնածությունը զգացնել տվեց՝ նիրհով ընկա: Համ էլ՝ ննջալով ժամանակն ավելի արագ էր անցնում: Հասանք Լենինական, արդեն կեսգիշեր էր: Երբ մեքենան կանգնեց տան մոտ, տանեցիները՝ լսելով շարժիչի ձայնը, դուրս թափվեցին. մայրս, կինս, աներս, զոքանչս, կնոջս եղբայրը, քույրը, տատիկը: Բարեկամներից էլի մարդիկ կային: Սեղանը գցված էր: Ես այլևս ի վիճակի չէի որևէ բան ուտել կամ խմել: Հանեցի-շպրտեցի հնոտիներս ու մտա լոգարան: Մաքրվեցի, սափրվեցի: Հայելու միջից, կարծես ուրիշ մարդ էր նայում ինձ: Երկար կանգնեցի հայելու դեմ՝ 37 օրերը հերթով եկան, գլորվեցին աչքիս առաջ: Մի՞թե այդ ամենն ինձ հետ է պատահել, մի՞թե դժոխքը վերջացավ: Ես տա՞նն եմ՝ նայեցի շուրջբոլորս: Ես ազա՞տ եմ: Դժվարությամբ, սողոսկելով մտնում էի ազատ մարդու կարգավիճակի մեջ: Ուզեցի գոռալ, բայց հիշեցի, որ զավակներս քնած են, նաև՝ ի՞նչ կմտածեն, կասեն՝ էս տղեն ցնորվել է: Ո՛չ, ես նորմալ եմ, ես նորմալ մարդ եմ, ես ազատության մեջ եմ, կարող եմ չլսել թուրքերեն խոսակցությունները, նույնիսկ կարող եմ իմ ուզած բանը ուտել… շա՜տ բան եմ կարող անել: Հագնվեցի, դուրս եկա ու խնդրեցի կնոջս՝ խտացրած կաթ բերել:

— Սեղանին ամեն ինչ կա՝ խորտկեղեն, սալաթներ, քո նախընտրած խմորեղենները,- տարակուսեց կինս:

— Չե, ընձի քաղցր կաթ բեր,- պնդեցի ես:

Խեղճ կինս չգիտեր իմ փափագի մասին. բանտում ուտելիքի տեսակներից ամենաշատը փափագում էի հենց խտացրած կաթ ուտել: Միամիտ մարդու միամիտ երազանք…

ՎԵՐՋ

print
18,767