ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Dark Side of the Moon, #3

Երկրի համար այդ ծանր ժամանակահատվածում, երբ ամեն ինչը պրոբլեմ էր, ինձ հետ կապված Նոյեմբերյան-Գյումրի հեռախոսակապը աշխատում էր անխափան: Երևանից այն իրագործում էր Ռուզաննան՝ ընկերոջս քույրը: Բոլոր տեսակի ինֆորմացիաները հավաքվում էին նրա մոտ, մշակվում ու արագ հասցվում հասցեատիրոջը, ինչը ավելի էֆֆեկտիվ էր դարձնում հետագա քայլերը ձեռնարկելու գործընթացը: Իսկ Ռուզանի եղբայրը՝ Ռոբերտը, ով իմ շատ մտերիմ ընկերներից էր, ինձ ու մեր ընտանիքի համար այդ օրհասական պահին Երևանում չէր՝ գործուղման մեջ էր ու ոչնչով չէր կարող օգնել: Թեև, երբ Նոր տարուն վերադարձել էր տուն, կարող էր գոնե այցելել մայրիկիս ու կնոջս, սփոփանքի մի երկու խոսք ասել: Չնայած դրան, նա այլ կերպ ցուցաբերեց իր աջակցությունը՝ իմ ազատվելուց հետո զրոյացրեց գումարը, որ պարտք էի իրեն: Ինչևէ:

Լուրը, որ ինձ ազատելու են, Ռուզանը կայծակնային արագությամբ հասցրել էր հաղորդել բոլոր նրանց, ով մտահոգված էր իմ ճակատագրով: Ու, հավատացեք, այդպիսիք ավելի շատ էին, քան հնարավոր էր ենթադրել: Այնքան բարեկամ, ծանոթ, ընկեր է այդ օրերին եկել մեր տուն, որ մերոնք ապշած են մնացել: Նույնիսկ եկել էին Ջավախքից (ծնողներս ծնունդով այնտեղից են)՝ առաջարկել կոնկրետ օգնություն: Մեր ազգական-բարեկամները պատրաստ են եղել խոշոր գումար հավաքել, եթե ազերիները գլխագին պահանջեին: Եղել են մարդիկ, որ 10 և ավելի հազար դոլար են ուզեցել հանգանակել: Բարեբախտաբար, գործը դրան չի հասել:

Այսպիսով, Գյումրիում անհամբեր սպասում էին «մոլորյալ» որդու, ամուսնու, ընկերոջ, բարեկամի վերադարձին: Տանեցիները խանդավառությամբ լցված՝ իմ նախընտրած կերակուրներն էին պատրաստում, կինս տոնական տորթ էր թխել, մտերիմներից մի քանիսը՝ գիտենալով քաղցրի նկատմամբ ունեցած իմ թուլության մասին, համով-համով խմորեղեններ էին բերել: Սակայն ամեն ինչ զուր էր՝ 1992 թվականը Գյումրիում դիմավորեցին առանց ինձ ու իմ բախտակից ընկերների: Մեղավորներին փնտրելն անշնորհակալ գործ է: Փաստ է, որ ադրբեջանական կողմը վերջին պահին դրժել էր խոստումը՝ այդ մասին տեղյակ չպահելով Տիգրան Սարգսյանին, ով հայրիկիս ու Սամվելի հետ մինչև գիշերվա (նկատեք՝ նոր տարվա գիշերվա) 3-4-ը պայմանավորված տեղում սպասել են: Նրանք ձեռքի լապտերով մուղիկ-մուղիկ փնտրել են ինձ շրջակայքում, մտածելով, որ ազերիները բերել, գցել են ինձ մի տեղ՝ վիրավոր կամ կապկապած, ու հեռացել: Չեն բացառել վատագույն տարբերակը: Վերջում ինչ-որ չափով հաշտվել են այն մտքի հետ, որ այլևս կենդանի չեն տեսնի ինձ ու փափագել՝ գոնե դիս գտնել: Մղձավանջային Նոր տարի: Մենք, պատկերացրեք, բանտում ավելի պատշաճ կերպով դիմավորեցինք Նոր տարին, քան մեր մտերիմները:

 

Ղազախ, Նոր տարի

Խաչը կորցնելուց հետո, ես ամբողջովին հույսս կորցրել էի, կծկվել-նստել էի հատակին՝ գլուխս ծնկներիս վրա դրած: Բոլորս լուռ էինք: Հարևան խցերում տոնական տրամադրություն էր զգացվում, իսկ մեր սրտերից արյուն էր կաթում: Դռան պատուհանիկին մոտեցավ ոստիկաններից մեկը (որ մեկն էր, չեմ հիշում):

— Առա՛, վազմի՛տե, դլյա վաս տոժե նովի գոդ (արա, վերցրե՛ք, ձեզ համար էլ է Նոր տարի),- դա ասելով՝ նա մի քանի մանդարին ու նուռ տվեց: Չսպասելով շնորհակալական խոսքերի, արագ հեռացավ:

Մենք դուրս եկանք թմբիրից, Աղասն իրեն բնորոշ ոճով ասաց.

— Դե, տղե՛ք, եկեք սեղան նստենք, տոլմեն տաքացնենք, մի-մի բաժակ բան խմենք, ճամփու դնենք էս անճոռնի տարին:

Մեր տոլման մանդարինն էր, օղին՝ ջուրը: Ժամը 11-ի մոտ էր: Ամաչում էինք Դեդին հիշեցնել խոստման մասին: Հովոն մի քանի անգամ ուզեց ձայն տալ՝ չթողեցինք: Սերոբը աքսակալի պես ծանր ու մեծ կեցվածք ընդունեց ու խրատական դիմեց Հովոյին.

— Ախպեր ջան, պետք չի խնդրել, իրա համար է վատ, թե չղրկի «գրեվը», ֆուֆլու ենք հանելու, մի քիչ էլ համբերենք:

Դեմքերիս ժպիտ երևաց: Սերոբը շարունակեց.

— Էնի հո հասկանում ա էդքան բան, մինչև 12-ն ա դրա սրոկը, օղին չղրկեց՝ չորով եմ ստանալու, հըլը վրան էլ տոկոս ա գալու: Ռիսկ ունի՝ չանի: Էսքան բան, ախպերտիք:

Լրիվ մտել էր «ավտորիտետի» դերի մեջ, աչքերը կատաղի պտտեցնում էր, մեզ չափում՝ վերևից ներքև. «Հասկացա՞ք, ապե, ինչ ա ասում Սերոբը, սեղանը գցեք, տենանք ինչ ա ըլնում»: Էսպես կիսատխուր, կիսաուրախ, ինքներս մեզ խաբելով, մոտենում էինք 1991՝ մեզ համար չարաբաստիկ տարու ավարտին ու սպասում Դեդի խոստացած «նորտարյա նվերներին»: Եվ նա խոսքի տերն եղավ. մեկ էլ իր խռպոտ ձայնով բղավեց.

— Է՜յ, ռեբյատա, կա՞կ դելա, սեյչաս վմեստե վստրեչատ բուդեմ (տղաներ, ո՞նց են գործերը, հիմա միասին ենք դիմավորելու):

Հաջորդ րոպեին շնիրը (միջանցքում վազվզող հերթապահը) ափսեն լիքը թփով տոլմա ու մի շիշ օղի բերեց, հետն էլ մի բոքոն հաց: Քեֆերիս քեֆ չէր հասնում: Ջերմորեն շնորհակալություն հայտնեցինք մեր բարերարին, բարձրաձայն խմեցինք նրա կենացը: Դեդը մեծահոգաբար մրմռաց իր խցից.

— Լադնո, ռեբյատա, պեյտե, կուշայտե, մի նե վրագի (լավ, տղաներ, կերեք, խմեք, մենք թշնամի չենք):

Մենք էլ կերանք, խմեցինք, ողջագուրվեցինք, բողոքեցինք մեր դառը ճակատագրից, հետո լավատեսական բաժակաճառեր ասացինք, պատմեցինք տարբեր պատմություններ՝ մի պահ կտրվելով իրականությունից ու, բավականին գինովցած, պառկեցինք քնելու: Այդպես մեզ համար վերջացավ 1991 թվականը: Ի՞նչ կտար հաջորդ տարին՝ Աստված գիտեր: Ես դեռ երկար չէի կարողանում քնել, հրեշտակ-աղավնուս հետ էի զրուցում, մերոնց հիշում, որդիներիցս ներողություն խնդրում, որ կարող է ինձ այլևս չտեսնեն ու չիմանան ինչպիսին է եղել իրենց հայրը (շատ փոքր էին այդ ժամանակ), հիշում էի անցյալս, սխալներս, բացթողումներս, արածս ու չարածս: Ֆիլմի նման կյանքս անցնում էր աչքերիս առջև, դժվար տեղերում կանգ առնում, ստիպում նորովի գնահատել եղածը: Իմ հրեշտակներն ուզում էին, որ ես մաքրվեմ, ապաշխարեմ: Աղոթեցի, աղոթեցի ու քնով անցա…




Հունվար,  «խաղաղ» միջադեպ

Անցան նոր՝ 1992 թվականի առաջին մի քանի օրերը՝ միանման, սպասումով լցված օրեր: Միապաղաղությունը մերթ ընդ մերթ խախտում էր ոստիկանության սպաներից մեկը, ով մեզանից մի քանիսին տանում էր իրենց տուն աշխատեցնելու: Վերանորոգում էր ձեռնարկել, մենք էլ ձրի աշխատուժ էինք: Շատ չէր չարչարում, մենք էլ գլուխ չէինք պահում, մանավանդ՝ բացի «պատիվ տալուց», միշտ հաց էր տալիս, որ հետներս տանենք մյուս տղերքի համար: Շինարարության աշխղեկը նրա զարմիկն էր՝ Յաշարը, համեստ մի երիտասարդ, ով կարեկցանքով էր վերաբերվում: Աշխատում էինք բակում, մաքուր օդին՝ տախտակ, քար  էինք տեղափոխում, մանր-մունր այլ գործեր անում: Մի անգամ էլ, երբ նստեցինք հացի, ես հանդգնեցի.

— Յաշար, էն թունդ հեղուկներից չկա՞ ձեր տանը:

— Քեռիս իմանա, լավ չի լինի, ԿՊԶ-ում որ հոտը առնեն, քեռիս պրոբլեմներ կունենա:

Ես սկսեցի համոզել.

— Յաշար, մենք հո լակոտ չենք, խմենք-հարբենք, քեռուդ վատություն անենք, 50-50 որ խմենք, ի՞նչ է փոխվելու:

Ի վերջո, նա տեղի տվեց: Օղին բերեցին: Յաշարը առաջարկեց խմել պատերազմն ավարտվելու և մեր ազատվելու համար: Սեղանին կաղամբի թթու, հաց, պանիր ու կարագի մի փոքր գնդիկ էր դրված: Աչքս հենց այդ գնդիկի վրա էր: Բաժակս խմեցի ու ձեռքս գցեցի կարագին.

— Տղե՛ք, կարագը ես ուտեմ, էլի, մնացածն էլ՝ ձեզի,- ասացի ու արագ կուլ տվեցի:

Բայց օղին լավը չէր՝ ջրով խառնած էր: Դարձա Յաշարին.

— Էս ի՞նչ է, եղբայր, սա ավելի վատ է, էլ չե՛մ խմի:

Ու՝ նեղացածի կեցվածք ընդունելով, վեր կացա, ոտքով խփեցի ավելին ու վառեցի սիգարեթս: Զգացի, որ մեր ազերի ընկերը նեղվեց, տղաների դուրն էլ չեկավ իմ պահանջկոտությունն ու պահվածքը:

— Լավ, ապ, ինչ կենես օր, ամոթ է,- հանդիմանեց Ֆելոն:

Նա, իհարկե, սխալ չէր: Դա առաջին դեպքն էր, երբ կորցրի ինքնատիրապետումս: Ես էլ չհասկացա, թե ինչու այդպես ստացվեց: Սակայն չէի պատրաստվում ներողություն խնդրել: Ծանր լռություն կախվեց: Տհաճ իրավիճակ էր: Ես նայեցի Յաշարին, նա՝ ինձ: Վեր կացավ ու արագ քայլերով մտավ տուն: Չգիտեինք՝ ինչ է հետևելու: Քիչ անց վերադարձավ… չբացած օղու շիշը բռնած: Ետևից էլ՝ քեռակինը, ձեռքին՝ կարագի մի մեծ կտորով ափսե. լուռ դրեց սեղանին ու հեռացավ: Յաշարը ժեստով հրավիրեց սեղանի մոտ: Նա հանգիստ կարող էր ծեծի ենթարկել ինձ, ինչը հաստատ անհետևանք կմնար, սակայն մեծահոգի գտնվեց: Ես ամբողջովին զինաթափված էի: Ամաչեցի բռնկվելուս համար: Զայրույթս անցավ:

— Վոտ, խառոշայա վոդկա, պե՛յտե ռեբյատա (ահա՛, լավ օղի է, խմե՛ք տղաներ):

— Սպասիբո, Յաշար, վիպյեմ զա տեբյա ի զա տվոյու սեմյու (շնորհակալություն, ե՛կ խմենք քո ու ընտանիքիդ կենացը), — առաջարկեցի ես, մեղքս ինչ-որ չափով քավելու համար:

Խփեցինք բաժակները, խմեցինք: Եկավ տանտեր ոստիկանը: Հանդիմանանքով նայեց մեզ, հետո՝ զարմիկին: Գնաց, ստուգեց արած գործն ու մոտեցավ սեղանին: Ես չթողեցի, որ բան ասի.

— Տովարիշչ մայոր, վսյո բուդետ վ պորյադկե, մի սերյոզնիե լյուդի, վաս նե պոդվեդյոմ (ամեն ինչ կարգին կլինի, մենք լուրջ մարդիկ ենք, ձեզ հարվածի տակ չենք դնի):

Մայորը ուշադիր զննեց մեզ, համոզվեց, որ, թեև խմած ենք, բայց վիճակներս նորմալ է:

— Լավ, կերեք-պրծեք, գնալու ժամանակն է, մի 10-15 րոպեից շարժվենք,- դա ասելով, նա մտավ տուն: Շշի տակ մի քիչ մնացել էր:

— Յաշար, նալիվա՛յ, պո պոսլեդնեյ (լցրու վերջին բաժակները):

Ինչ մնացել էր սեղանին, Յաշարը դրեց հետներս, խնդրեց, որ պահենք՝ ԿՊԶ-ում ոստիկանները չտեսնեն: Ձեռք սեղմեցինք ու նստեցինք մեքենա: Ճանապարհին կանգնեցինք փռի մոտ, մայորը երկու խոշոր բոքոն բերեց.

— Նա՛, վոզմիտե, վմեստե ս դրուզյամի պոկուշաետե (վերցրե՛ք, ընկերներիդ հետ կուտեք):

Չմոռացավ նաև մի քանի տուփ ծխախոտ տալ: Այդպես, ծանրակշիռ «ավարներով» վերադարձանք «տուն»՝ մեր բանտախուցը: Այդ օրը Դեդից ուտելիք չուզեցինք, բոլորս կուշտ էինք: Վատ օր չէր, թեև՝ իմ անզուսպ լինելու պատճառով, հնարավոր է՝ ամեն ինչ ցավալի վախճան ունենար: Փառք Աստծո՝ միջադեպը խաղաղ վերջացավ:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

print
18,767