ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Սամվել Սեւադա. «Լիպարիտ Մատվեյիչն ու տրայնոյ տուլուպը»

Լիպարիտը շատ էր նեղվում, որ իրեն Լիպո էին ասում: Երևի ինչ-որ յուրահատուկ բան ուներ, որի մասին մենակ ինքը գիտեր ու չէր ասում: Մեզ նման սովորական մարդիկ տեղյակ չլինելով էդ յուրահատուկից` նրան Լիպո էին ասում: Նրա ծագման մասին գիտեինք այնքանով, որ ոչ վաղ անցյալում հայրը` Մաթոսը, Չրախլի գյուղից էշի վրա բարձած կեղծ մեղր էր բերում քաղաք վաճառելու: Բայց Լիպոն անդրդվելի էր, և իր անվան հետ կապված յուրաքանչյուր ոտնձգություն համարում էր համարյա անձնական վիրավորանք:

– Լիպարի՛տ,- արժանապատվորեն ու խիստ ուղղում էր ինքը,- Լիպարիտ Մատվեյի՛չ:

Բայց մի բան կար, իսկապես, որով Լիպարիտ Մատվեյիչն էականորեն տարբերվում էր սովորական, մեզ նմաններից: Դա նրա բացառիկ քիթն էր, որի մասին հարևան Շուշիկ տոտան ափն ի բերան փսփսում էր. «Էս մեռած Լիպոն օր քիչըմ ուշ ծնվեր` սաղ քիթ կեղներ…»: Բայց եթե մենակ քիթը լիներ…

Լիպոյի աչքերն էլ շաշուբեշ էին, ինքը կոլոտ, ոտքերը ծուռ: Քայլելիս էլ կարծես անընդհատ սայթաքում էր:

Շենքի սրամիտը` էլեկտրիկ Երվանդը, կամ ինչպես ինքն էր իրեն մեծարում` Երվանդիոնը, լուրջ դեմքով ասում էր.

– Ծո, Լիպոն քելելուց ինչխոր տրայնոյ տուլուպ էնե:

Գլխի քաչալը ծածկելու համար Լիպոն վզի երկարացրած մազերը ինչ -որ հնարքով պտտացնում, բերում ճակատի վրա քյանքյուլ էր սարքում: Բեսեդկայի ժողովուրդը նրբանկատորեն չտեսնելու էր տալիս կանացի նեվիդիմկան, որով կպցնում էր մազերը: Մենակ լեննականյան քամին չէր ենթարկվում գյումրեցու ներքին կուլտուրայի կանոններին և ժամանակ առ ժամանակ պտտացնում, բացում էր Լիպոյի գլխի պուճուճակը իր ողջ հմայքով ու փայլով:

Նրա մասնագիտության մասին ոչ ոք կոնկրետ ոչինչ չգիտեր: Ինքն ասում էր` ճարտարապետ եմ: Չնայած նրա գծած ոչ մի շինություն հայտնի չէր, բացառությամբ Գորկի սադի հասարակական զուգարանից: Երվանդիոնը Լիպոյի հետևից ասում էր.

– Ճարտարապետ է, հմը օր կոլոտ է` տեխնիկ կըսեն:

Զարմանալի մարդ էր Լիպոն, անհասկանալի ինչ-որ հնարք էր բանեցրել ու կնության առել գեղեցիկ ու ազնվական արտաքինով Ալեքսանդրային, որը դասախոս էր մանկավարժականում և երբեք իրեն թույլ չէր տալիս շենքի մյուս կանանց նման նստել բեսեդկայում, կամ բակում կրակ վառել ու քամակը տնկած բադրջան խորովել ձմեռվա պաշարի համար: Չնայած դրան, Ալեքսանդրա Վարոսովնան հայտնի էր որպես համեստ, բայց խիստ անձնավորություն, որին ըստ մեր շենքում ապրող ուսանողների, դաժը ինստիտուտի ռեկտորն էր հարգում ու քաշվում նրա քննադատական ուղիղ խոսքից:

Մի օր էր մեր շենքի մոտ, «Կինո Հայաստանին» կպած պաղպաղակի պավիլիոն էին սարքում, որի հեղինակը Լիպարիտ Մատվեյիչն էր: Շինությունն ավարտելուց հետո Լիպարիտ Մատվեյիչի քայլվածքն ու վարքը ավելի հաստատուն դառան: Ի վերջո, ճարտարապետ մարդ էր: Մենակ թե քննադատողները շատ էին, ապակեպատ ու զըռ գույներով ներկած պաղպաղակի սրահը մի շաբաթ շենքի բեսեդկայում քննարկվող նյութն էր: Նույնիսկ կինը՝ Ալեքսանդրա Վարոսովնան, չխնայեց ու բոլորի ներկայությամբ շպրտեց.

– Հա, իսկապես անճաշակ է…

– Ո՞վ է անճաշակ, – Լիպոյի աչքերն ավելի շաշացան, գլխի մազե ծածկույթը ցնցվեց ու նորից կպավ գլխին:

– Դո՛ւ,- ասաց գեղեցկուհի կինը:

Քար լռություն տիրեց: Լիպոն մտածեց, մի հատ դվայնոյ տուլուպ արեց տեղում ու ասաց.

– Էդ ես եմ անճաշա՞կ… Հլը մե հատըմ քեզի աշե, ու հետո ընձի աշե, տեսնինք մեզնից ո՞վ է անճաշակ…

Սամվել Սեւադա

print
298

,