ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Զրույցներ լուսնի լույսի տակ

Վերահաս վտանգից պրծանք: Սակայն դեռ կերազեինք հանգիստ ստանալ. մեր թիկնապահների սրտովը չէր այն, որ ես ապտակ չէի ստացել: Իմ հանգիստ պահվածքը զայրացրել էր Ռաուֆին` նրանցից ավագին:

— Ի՞նչ է, լավ զգացի՞ր քեզ, կենտ, շատ խելացի՞ ես, հա՞,- հետո հայհոյանքներով դարձավ տղաներին,- հըլը դուք ռա՛դ եղեք, գնացե՛ք քնեք, ես սրա հաշիվները պիտի մաքրեմ:

Պտտացնելով բիբերի մեջ կատաղած աչքերը, հրացանը խզակոթի կողմով թափով խփեց գետնին ու քաշեց վրաս.

— Հիմա քեզ դուրս կտանեմ ու էն ջրի մեջ (տան կողքով գետ էր հոսում) լեշդ կփռեմ:

Գիշերային մղձավանջը, փաստորեն, վերսկսվում էր նոր ուժով: Տղաները կարեկցանքով նայեցին ինձ ու պառկեցին քնելու: Նրանք ոչնչով չէին կարող օգնել: Բիձուկը փորձեց միջամտել, սակայն Ռաուֆը նրան ևս կոպտորեն ուղարկեց քնելու: Զարմանալիորեն հանգիստ էի: Ասացի.

— Դու ինձ չես սպանի, որովհետև վախենում ես քո Ալլահից, գիտես, որ մենք անմեղ ենք, այդ մեղքը պատրա՞ստ ես բարդել խղճիդ վրա:

Նա դանդաղ իջեցրեց հրացանը, կրկին խփեց հատակին.

— Բայց ճիշտ ես ասում: Երևի թե, իրոք, չեմ կարող սպանել: Կռվի մեջ լիներ` չէի վարանի: Լավ, նստի՛ր, տեսնեմ ի՞նչ ես ասում:

Ռաուֆի ձայնի մեջ արդեն նվազել էր զայրույթը.

— Բայց ինչո՞ւ սկսեցիք պատերազմը, մեր խաղաղ մարդկանց եք կոտորում, այդքան մարդ մեռավ: Վերջ տվե՛ք, էլի…

— Նախ, մենք չենք սկսել…,- հակառակվեցի ես:

Ռաուֆը կտրուկ բարձրացրեց գլուխը: Ես շարունակեցի.

— Ոչ էլ դուք եք սկսել… Պատերազմը հրահրել են նրանք, ում դա պետք է, վերևներից է գալիս: Սովորական ժողովուրդը պեշկա է մեծ խաղում: Գիտես, մեր ուշքը գնո՞ւմ է կռիվ անելու համար:

Զրուցակցիս դուրը չեկավ.

— Բա ի՞նչ, ուզում ես ասել, մե՞նք ենք վատը: Ձեր Լևոնն է խառնում: Ուզում ես ասել՝ ինքը հրեշտակ է, մեր Մութալիբովը` շեյթա՞ն:

Ռաուֆը կրկին բորբոքվեց ու սկսեց բազմերանգ լուտանքներ տեղալ Տեր-Պետրոսյանի հասցեին: Հետո մեջբերեց Զորի Բալայանին ու` Վագիֆի օրինակով, անցավ նրա ողջ գերդաստանի վրայով: Անմասն չմնացին նաև մեր կառավարության մյուս անդամները: Ճիշտն ասած, ես այդպես էլ մինչև վերջ չհասկացա՝ ի՞նչն էր Բալայանի հանդեպ ունեցած նման թունդ ատելության բուն պատճառը: Հետագայում էլ մեզ հանդիպած ազերիներից գրեթե բոլորը նույն կերպ էին վերաբերվում Բալայանին: Սպասեցի մինչև վերջացնի գունագեղ մենախոսությունն ու անցա հակահարձակման.

— Էտ գիտես, Լևոնը աչքիս լո՞ւյսն է: ժողովուրդը, երբ միաձայն նրան էր ընտրում, ես դեմ եմ քվեարկել: (Իրոք, ոչ 1988-ին` թեժ հանրահավաքների, ոչ` 1991-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ես Լևոնին չեմ հավատացել, թեև` 2008-ի ընտրություններին ձայնս նրան եմ տվել, համարելով միակ հակակշիռը գործող իշխանություններին: Ընդ որում, դիտել եմ նրան ոչ որպես հենց Լևոն անհատ` իր ինտելեկտուալ ողջ զինանոցով հանդերձ, այլ` թերևս, միակ, լուրջ ընդդիմադիր ուժ, ով իրականում ի զորու էր այդ պահին թույլ չտալ Քոչարյանի հետնորդին` Սերժ Սարգսյանին, գրավել իշխանությունը):

— Բա տեսա՞ր, շեյթան է, համաձայն ես հետս:




Ռաուֆը միակողմանի էր տեսնում իրողությունը: Որոշեցի մի փոքր խորանալ թեմայի մեջ.

— Տեր-Պետրոսյանը մեծամիտ, ինքնահավան մարդ է, թեև մտավոր մեծ ներուժի տեր: Նման մարդկանց համար հայրենիքն էլ, ժողովրդի շահերն էլ, Աստվածն էլ` ոչ լիարժեք կատեգորիաներ են: Միմիայն իր «ես»-ն է ամենաարժեքավորը: Ինչ արարք էլ անի, թեկուզ բարի, միևնույն է` «ես»-ն է դնելու առաջնային պլանին: Նա ոչ Լինկոլն է, ոչ Մահաթմա Գանդի, ոչ` Չերչիլ, ոչ էլ` Ռուզվելտ (ընդգծում եմ` սա ի՛մ կարծիքով): Համաձա՞յն ես հետս…

Ռաուֆը լավ չէր հասկանում՝ ուր եմ տանում, լուռ լսում էր: Նախաձեռնությունն իմ կողմն էր, պետք էր ամրապնդել: Շարունակեցի.

— Դու գիտե՞ս ինչ արեց Ռուզվելտը, երբ 29 թվին ընտրվեց պրեզիդենտ: Նա հավաքեց երկրի լավագույն 40 մասնագետներին` գիտնականներին, քաղաքագետներին և այլոց ու տարավ տաճար: Մի քանի օր մնացին այնտեղ` ջերմեռանդորեն աղոթելով երկրի փրկության համար, դե, գիտես, 1929 թվին ԱՄՆ-ի մեծ ճգնաժամն էր: Ռուզվելտը քաջ գիտակցում էր ուսերին ընկած բեռի ծանրությունը, մեծագույն պատասխանատվության չափը հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Ուզում էր, որ իր զինակիցները նույնպես դա զգային ողջ խորությամբ: Ի վերջո, հրաշք տեղի ունեցավ: Դե, հիմա համեմատի՛ր: Լևոնի հարցը պարզ է, չէ՞: Ձեր Մութալիբովն էլ սովետի դուրսպրծուկներից է` սահմանափակ, անաստված կուսակցական մի ֆունկցիոներ:

Ռաուֆը զարմանքով լսում էր: Ինֆորմացիայի նման ծավալը մշակելու համար նրան ժամանակ էր պետք: Վուղարը, ով մինչ այդ չէր խառնվում բանավեճին, զգալով, որ ընկերը տեղի է տալիս, կծու տոնով միջամտեց.

— Դո՛ւք, էրմենինե՛րդ, մարդ չեք, երեխա եք մորթում: Որ չսկսեիք, մենք հարևան հայերի հետ նորմալ ապրում էինք: Մենք կռիվ չենք ուզում:

Բանավեճի նոր ռաունդ էր սկսվում: Ես մի պահ դադար տվի: Զգուշավոր էր պետք լինել, չէր կարելի նախաձեռնությունը բաց թողնել: Ոգևորված իմ լռությունից, Վուղարը հաղթական կեցվածք ընդունեց: Հեգնանքով նայում էր իմ կողմն ու սպասում:

— Լավ, ասեմ, — ես արդեն գիտեի, թե ինչպես եմ կառուցելու հակահարվածը,- նախ, դա հարց է` ով է սկսել: Սումգայիթը չլիներ, միգուցե պատերազմն էլ չլիներ: Բայց, ի վերջո, կարևոր չէ՝ ով է սկսել, կարևորը` ով կդադարեցնի: Կրակը կրակով չես մարի` սա ես չեմ ասել, այլ` Տոլստոյը: Երկրորդ` երեխա դու՛ք էլ եք մորթում` չես կարող ժխտել, ու, թե ով է դա առաջինը արել` ազերին, թե հայը, հիմա դժվար է որոշել, կարևոր էլ չէ: Վրեժխնդրությունը նոր վրեժխնդրություն է ծնում: Իսկ հայը մարդ է, թե մարդ չէ, մի հարց տամ. հայերի հետ էսքան կողք-կողքի ապրել ես, մի՞թե հայ ընկեր չես ունեցել, մի՞թե ոչ մի լավ բան հայերի կողմից չես տեսել:

Վուղարը գլուխը տարուբերեց, մտքերի մեջ ընկավ ու մտմտաց.

— Է, հա, եղել է, շատ հայ ընկերներ եմ ունեցել, հանդիպում էինք, խմում միասին, իրար տուն մտնում, հաց կիսում: Լավագույն ընկեր մի հայի եմ համարում, ո՞ւր է հիմա` չգիտեմ:

Զգացի, որ ցանկություն ունի ավելին ասել:

— Հարևան գյուղի՞ց էր,- տոն տվի ես:

— Ոչ, բանակից նոր եմ եկել, այնտեղ ենք ծանոթացել,- ու պատմեց չափազանց հետաքրքիր մի դեպք:

 

Արամ և Վուղար

Ահա Վուղարի պատմածը.

— Բանակ գնացի 1989 թվին: Զինծառայությունս անցկացրել եմ Բելգորոդում: Դե, բանակ է, մի օր ուրախ, մի օր՝ ծանր: Սկզբի կես տարին հեշտ չէր` դե,  «մալադոյի» համար որտե՞ղ է թեթև: Դիմանում էի, ընդհանուրը նորմալ էր: Սակայն հետագայում, հեշտանալու փոխարեն, դժվարացավ: Տարբեր ազգեր կային: Երկրորդ զորակոչից հետո հայերը շատացան, եկան իմ սև օրերը: Անխնա ճնշում էին, ծեծում, հայհոյում՝ պատեհ-անպատեհ: Եթե պատասխան էի տալիս, ավելի էին կատաղում: Կյանքս դարձել էր դժոխք: Սպաները բոլորովին չէին խառնվում, ես էլ հո ծախող չէի, որ նրանց խաբար տայի: Ամենասարսափելին այն էր, որ «չաստի նայողը» հայ էր` Արամ անունով: Բոլոր կոնֆլիկտները նրանով էին վերջանում: Հայերն ուղղակի անսանձելի էին: Վիճակս անելանելի էր: Որոշել էի փախչել: Բայց մի օր, հերթական ծեծից հետո, նստա-նստա ու ելա-գնացի ուղիղ… Արամի մոտ: Ընկերներս համոզում էին՝ ետ կանգնել: Հասկանում էի, որ ավելի վատ կարող է լինել, բայց ուրիշ ելք չէի տեսնում: Եթե դա չօգներ, փախուստը կար ու կար: Հայերը նրա մոտ չթողեցին, մի երկու աքացի տվին ու դուրս շպրտեցին: Այն է, ուզում էի հեռանալ, մեկ էլ իրենցից մեկը հետևիցս կանչեց. «Էյ, թուրք, Արամն ուզում է տեսնել` ինչ ես ասում»: Ուղեկցեց ներս, ականջիս կամացուկ փսփսաց. «Վերջդ եկավ, աղոթիր Ալլահիդ»: Արամը հաղթանդամ էր, խստաշունչ, հայացքը ծանր ու ծակող: Ահ մտավ մեջս: Ասաց. «Իմացել եմ` բողոք ունես տղաների վրա»: «Չէ, բողոք չունեմ, ուղղակի եկել եմ հարցնեմ` ո՞րն է մեղքս: Ղարաբաղում որ կռիվ է, էստեղի հետ ի՞նչ կապ ունի: Ի՞նչ վատ բան եմ արել»: Արամը լուռ էր: Սիրտս տրոփում էր, նրա խոսքից շատ բան էր կախված: Վերջապես ոտքի ելավ, կանչեց հայերից մի քանիսին: Մտածեցի` ծեծելով սպանելու են: Պատրաստվեցի ճակատամարտի: Արամը ահագին պաուզա տվեց, հետո հանդարտ տոնով ասաց. «Էս թուրքին, որ մեկ էլ ձեռք եք տվել, ինձ հետ գործ կունենաք»: Հայերը շփոթված ցատկեցին տեղերից. «Արամ, էս ի՞նչ ես անում, սրան սատկացնել է պետք, դու «պրոխո՞դ ես» տալիս»: «Ես արդեն ասի, չքվա՛ք ստեղից: Դու մնա»,- դարձավ ինձ: Կանգնած էինք դեմ-դիմաց: Ես հուզված էի, չէի ընկալում տեղի ունեցածը: Կմկմալով հարցրի. «Բայց ինչո՞ւ պաշտպանեցիր ինձ»: «Դա քեզ քորո՞ւմ է, գնա՛»,- ձայնը անվրդով էր, սառը: Դրանից հետո ամեն ինչ դզվեց: Արամի հետ այլևս առիթ չեղավ խոսելու: Արամն է իմ լավագույն ընկերը»:

…Օդում լռություն կախվեց: Առաջինը ես խախտեցի լռությունը.

— Ինքն այդ մասին չգիտի, չէ՞:

-Չէ, համ էլ, ի՞նչ կարևոր է,- մտազբաղ պատասխանեց Վուղարն ու այլևս չխոսեց…

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝