ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Շանս փրկության

— Դու ինստիտո՞ւտ ես սովորել,- հետաքրքրվեց Ռաուֆն ու շարունակեց հարցուփորձը` ինչով եմ զբաղվում, քանի երեխա ունեմ, ով են հայրս, մայրս, կինս: Տարբեր հարցեր էր տալիս: Թեյ հյուրասիրեց: Այդպես զրուցեցինք ևս մի կես ժամ:

Առավոտվա 6-ն էր արդեն: Քունս լրիվ փախել էր: Խնդրեցի՝ դուրս գալ: Հրացանը ձեռքին ուղեկցեց ինձ: Անդորր էր, երկինքն անամպ, աստղազարդ: Գետակը քչքչալով տանում էր ջրերը դեպի Հայոց հողը: Ռաուֆն ինձ մի քանի մետր առաջ տարավ ու, ցույց տալով հեռվում երևացող պայծառ լույսը, ասաց.

— Տեսնո՞ւմ ես լույսը` դա Իջևանի պոստն է: Ես քեզ բաց եմ թողնում: Մնացիր, հազիվ թե կենդանի մնաս: Բոլորիդ գնդակահարելու են: Իսկ էսպես` շանս է, կարող է փրկվես: Ճանապարհիդ երկու գյուղ կա: Որ բռնեցին, կյանք չունես` մի րոպեյում կմորթեն: Ոնց բախտդ կբերի: Դու պիտի ապրես: Դու, եթե ողջ մնաս, շատ օգուտ կբերես: Գնա՛, հասիր ընտանիքիդ: Գետի հունով ուղիղ որ գնաս, կարող է շները վրա չտան:

Ես ապշած էի: Տեսնելով շփոթմունքս, իմ փրկիչը ավելացրեց.

— Մի՛ վախենա, մեջքիցդ չեմ խփի, մի հատ օդ կկրակեմ, չվախենա՛ս: Ասացի, չէ, դու պիտի ապրես: Էստեղից մինչև ձեր պոստը հազիվ մի 8-9 կիլոմետր լինի: Սպորտսմեն տղա ես` մինչև լույսը բացվելը պիտի հասնես, թե չէ հետո քիչ շանս ունես:

Ես բոլորովին չէի կողմնորոշվում. մի կողմից բաղձալի ազատությունն էր, մյուս կողմից` բռնվելու վտանգը, համ էլ` Տաբթիխի շուտափույթ փոխանակելու խոստումը: Հարցրի.

— Բա դո՞ւ: Կպատժեն, չէ՞:

— Դու իմ մասին մի՛ մտածիր, տակից դուրս կգամ:

— Իսկ ընկերներիս հետ ի՞նչ է լինելու, իմ մուռը նրանցից կհանեն…

Ռաուֆը վարանքով վրա բերեց.

— Ի՞նչ մարդ ես, տո՛: Նոր ես ծանոթացել նրանց հետ, այդպես չէ՞: Էլ ի՞նչ ընկեր են քեզ: Քո մասին մտածիր, ընտանիքիդ, զավակներիդ: Երկու ժամից ազատ ես լինելու: Գնա՛, բացատրիր ձերոնց, որ պատերազմ պետք չէ, դու կարող ես, ամեն ինչ լավ ես հասկանում:

Ահավոր ծանր երկընտրանքի առջև էի կանգնած.

— Ժամանակ տուր, Ռաուֆ, չգիտեմ՝ ինչ անեմ:

— Մի րոպե մտածիր, արագ պիտի կողմնորոշվես, գիշերը վերջանում է:

Ես բարձրացրի գլուխս. երկնակամարում բազում աստղերի կողքին փայլում էր Վեներան` ավետելով մոտալուտ լուսաբացը: Աղոթեցի. «Ի՞նչ անեմ Աստված ջան, ի՞նչ անեմ, որ մեղք չվերցնեմ վրաս, սխալ չգործեմ: Ճիշտ որոշում տուր, Աստված ջան»: Նորից նայեցի Վեներային: Տարակուսանքս անցավ.

— Ռաուֆ, ես մնում եմ:

Նա երկար նայեց ինձ ու հանկարծ… գրկախառնվեց. «Գիտեմ, որ վախկոտներց չես, չես ուզում ոչ մեկին վնաս տալ: Խառաշո, փայդյոմ, թի աթլիչնի փառեն (լավ, գնանք, դու կարգին տղա ես)»:

Գնացինք: Մինչև տուն մտնելը հասցրեց ասել.

— Մենք քիչ հետո փոխվելու ենք, մեր տեղը եկողներին կասեմ, որ քեզ ձեռք չտան, քանի դու այստեղ ես, մատով չեն դիպչի, արխային եղիր: Խոստանում եմ:

Մտանք տուն, ու ես պառկեցի քնելու: Մի փորձություն ևս անցավ: Կարելի էր հանգիստ տալ լարված նյարդերին: Ավարտվեց մեր գերության առաջին գիշերը… Լուսաբացը գա, բարին հետը:




Նոր հյուրեր
19.XII.1991 թ. (առավոտ)

Երկար չթողեցին քնել: Բիձուկը արթնացրեց մեզ առանց կոպտության.

— Ելե՛ք, մի քիչ հաց կերեք, կօգնեք ինձ: Փայտ կա կտրելու:

Լվացվեցինք ու նստեցինք նախաճաշի: «Մենյուն» բրնձով շիլա էր ու թեյ: Դրանից հետո տեղի ունեցածը պատմել եմ առաջին` «Աղավնին» գլխում:

Այսպիսով, փրկված աղավնին լավ նշան էր, Ռաուֆի վերաբերմունքն ու Տաբթիխ Սուլեյմանովիչի խոստումները նույնպես լավ նշան էին. հույսերս ամրապնդող նշաններ: Բիձուկը տվեց սղոցը, ցույց տվեց գերանների մի ահագին կիտուկը.

— Որ ուզենաք, էսօր լրիվ կկտրեք-կպրծնեք:

Բաժանվեցինք զույգերի` ես ու Արայիկը, Ֆելոն ու Հովոն: Շուտ-շուտ` միմյանց փոխարինելով, սկսեցինք սղոցել: Քննարկում էինք իրավիճակը, ենթադրություններ անում և, չնայած գիշերային դիպվածին, ընդհանուր տրամադրությունը լավատեսական էր: Պատմեցի իմ չկայացած փախուստի մասին:

— Հա, ապ ջան, ճիշտ ես էրել, թե չէ մեզի հետո քացու տակ կառնեին,- հավանություն տվեց Հովոն:

Մյուս երկուսն էլ միացան Հովոյին.

— Ապրիս, ապ ջան, ապրիս, քիչմ է համբերենք, բալքի Տաբթիխը բանմ էնե` փոխեն մեզի: Մերոնք վայթե գիտեն արդեն, հըմի սաղ կխառնեն իրար:

Մեր մտերիմները, իհարկե, արդեն տեղյակ էին, սակայն, ինչ էին կոնկրետ ձեռնարկում` մենք չգիտեինք: Մինչդեռ, սղոցում էինք ու հույսով լի հայացքներ գցում ճանապարհին` սպասելով Տաբթիխին: Օրը ճաշ դառավ, հոգնել էինք: Եկավ բիձուկը, հաց, պանիր ու ջուր բերեց: Թեթևակի կոտրեցինք սովածությունն ու շարունակեցինք մեր գործը: Ժամը 4-5-ի կողմերն էր, երբ հանկարծ Հովոն ուրախ-ուրախ ազդարարեց.

— Տղե՛ք, ավտո գուկա, Տաբթիխն է, մեր ետևից է:

Մեքենան «Վիլիս» չէր: Ես ենթադրեցի, որ ուրիշ մարդիկ կլինեն: Տարակուսանքով հետևում էինք մեքենայի մոտենալուն: Պարզվեց, իրոք, ուրիշ մարդիկ են` հարևան գյուղի ջահելները: Իմացել էին մեր մասին ու եկել «ծանոթանալու»: Խմած էին: Սանձարձակ կեցվածքով, հայհոյանքներ տալով, մոտեցան մեզ:

— Էլի սկսվավ,- հառաչեց տղաներից մեկը:

— Էրմենինե՞ր, լա՞վ եք զգում մեր հողի վրա, է՛ս է, մորթելո՛ւ ենք:

Սկսեցին քաշքշել, խփել: Մեր պահակները փորձեցին թույլ չտալ, բայց անում էին դա իմիջիայլոց: Նրանցից մեկը մոտեցավ գլխավորին, ինչ-որ բան փսփսաց: Զգացի, որ իմ մասին է: Էլի մի քանի բառ փոխանակեցին, հետո գլխավորն անունով դիմեց ինձ, առաջարկեց մոտենալ:

— Դու կանգնիր կողքս, ինձ ասել են` գիտեմ, խելոք տղա ես, քեզ ձեռք չենք տա, հիմի սրանց վերջը կտանք ու կգնանք մեր տուն, կերուխում ենք անելու:

Ես հասկացա, որ Ռաուֆի խոստումներն՝ իմ անվտանգություն մասին դատարկ բառեր չէին: Տղաներին շարունակում էին քաշքշել: Նորընծա «ընկերս» լիմոնադ առաջարկեց.

— Հիմա կասեմ հաց-մաց կբերեն, դու մի վախենա, ամեն ինչ նորմալ կլինի:

Ոհմակի անդամներից մեկը մոտեցավ ու հանդիմանանքով շեֆին, թե` ի՞նչ ես անում, էս հայի՞ն ես պաշտպանում:

— Քո գործը չէ՛, գնա մի երկու կտոր ուտելու բան բեր ավտոյից, մեկ էլ էն կիսատ շիշը` էս լավ տղի հետ մի հատ խմենք:

Ես դժվարին կացության մեջ էի: Մի կողմից վատ չէր` հովանավորության ներքո էի, բայց ընկերներիս նեղում էին, խառնվել չէր լինի: Սակայն մի բան պիտի արվեր: Ես դիմեցի ոհմակի առաջնորդին.

— Թող չբերի ոչ մի բան, չեմ ուզում խմել, արի էս լիմոնադը ընկերներիս տանք, համ էլ մի՛ ծեծեք, խնդրում եմ, կամ` ինձ էլ ծեծեք:

Առաջարկս շատ անսպասելի էր, շեֆի ուղեղը դժվարությամբ էր մարսում ասածս: Մի պահ վարանքով նայեց ինձ ու քահ-քահ ծիծաղեց.

— Է՛հ, լավ-լավ, թող ասածդ լինի, տար լիմոնադը` թող խմեն:

Հետո` տեսնելով, որ պահակներն արդեն ակտիվ միջամտում են, դարձավ յուրայիններին.

— Հայդե՛…

Չմոռացավ նաև մեզ հրաժեշտ տալ.

— Մենք գնացինք, էյ, էրմենիներ: Մի քիչ էլ ապրեք, գիշերը կգանք, մատաղ ենք անելու ձեզ:

Ու` ոհմակը իրենից գոհ, քրքջալով հեռացավ: Ես մոտեցա ընկերներիս, փորձեցի արդարանալ (թեև ո՞րն էր մեղքս).

— Տղե՛ք, կներեք, Ռաուֆն էր ըսել, օր ընձի ձեռ չտան, ինչ կռնացա` էրեցի, ա՛ն, լիմոնադ խմեք:

Բիձուկը նույնպես մեղավոր էր զգում.

— Նիչեգո, ռեբյատա, պացանի պյանիե, սկոռո վաս մենյատ բուդեմ (ոչինչ, տղաները խմած էին, շուտով կփոխանակեն ձեզ):

Բիձուկի խոսքերն այնքան էլ չհանգստացրին, նա թույլ ֆիգուրա էր այս խաղում: Օրը հետզհետե մթնում էր… Մեզ սպասում էր ևս մեկ մղձավանջային գիշեր` գերության երկրորդ գիշերը:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝