ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

«Փախուստ» նոր հյուրերից

Մենք հասկանում էինք, որ միակ փրկությունը, թերևս, Տաբթիխն է: Բայց մեր փրկիչը չկար ու չկար: Արդեն լրիվ մթնել էր: Նստել էինք կտրած գերանների վրա ու ախուվախ էինք անում: Պահակներն ու բիձուկը հեռվում զրուցում էին: Ես ափերով փակեցի դեմքս ու սկսեցի աղոթել: Անցավ ևս կես ժամ:

— Էէ՜է, չեկավ մեր Սուլեյմանիչը, քաշվանք տղե՛ք,- հոգոց հանեց Ֆելոն:- Ի՞նչ պտի էնենք:

Իրոք, եթե Տաբթիխը չգար, մեր վիճակը անելանելի էր դառնում: Թեև, որ գա ի՞նչ է անելու: Այս ուշ ժամին, պարզ է, փոխանակում չէր կարող լինել, համ էլ` հո չէ՞ր նստելու կողքերս մինչև առավոտ: Այս հոռետեսական մտքերս չուզեցի կիսել բախտակիցներիս հետ, առանց այն էլ ահաբեկված էին: Նրանք ամեն ինչ կապում էին Տաբթիխի հետ, ու դա իրենց ոգի էր տալիս: Գլուխներս կախ, մտքերի մեջ խորասուզված, ամեն մեկս իր դարդին ու ցավին էինք: Մեկ էլ Հովոն, թե. «Ապ ջան, ինչխոր թե ավտո է, մե րոպեմ հըլը»: Լարվեցինք: Լսվեց շարժիչի դռռոցը: Ցոլարձակ լապտերների լույսը ողողեց տարածքը: Տաբթխն էր:

— Տղեք, չբողոքեք, մեկ է, կիմանա էտ լակոտների գալու մասին` հըմի «դալաժիտ» կենեն, ձիգ պահեք ձեզի, հարցեր մի տվե’ք, ինչ օր պետք է, ինքը կըսե,- ասացի ես:

— Քեզի համար ինչ կա, ձենդ տաք տեղից գուկա,- դժգոհ ձայնով պատասխանեց տղաներից մեկը:

Այդուհանդերձ, զգացի, որ ընկալեցին: Տաբթիխը մոտեցավ յուրայիններին, մի քանի նախադասություն փոխանակեց: Դարձավ մեզ.

— Ռեբյատա, դավայտե վ մաշինու, պայդյոմ կո մնե դամոյ (տղաներ, նստեք մեքենան, գնում ենք մեր տուն):

Մի ակնթարթում հայտնվեցինք «Վիլիսի» մեջ:

— Նու, կակ դելա, չտո կուշալի՞ (դե, ոնց են գործերը, բան կերե՞լ եք):

Տեղի ունեցած դեպքերի մասին բան չասաց, թեև, հասկանալի էր, որ տեղյակ էր: Ես չթողեցի որևէ մեկն առաջ ընկնի.

— Նորմալ է, Տաբթիխ Սուլեյմանովիչ, հաց տվել են, շնորհակալություն, մեր գործերը ձեզանից է կախված:

Պատասխանս կարծես գոհացրեց նրան:

— Երեխեք ջան,- հայրաբար դիմեց մեզ, — հասկանո՞ւմ եք, գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է: Մեզանից չի կախված, մի քիչ էլ է համբերել պետք: Հիմա կտանեմ մեր տուն, կծանոթացնեմ ընտանիքիս հետ, կարգին հաց կուտեք, կքնեք, տեսնենք առավոտյան ինչ կլինի: Մի քանի րոպե լուռ էինք: Ֆելոն հայացքով ցույց տվեց հատակին դրած ինքնաձիգը.

— Չքաշե՞մ մե հադմ վրեքն ու քշել տամ դիզ Լեննագան:

— Հա, ըբը ինչղ, Ջեյմս Բոնդն ես… մտքիցդ հանե՛,- կամացուկ սաստեցի ես ու սկսեցի հարցեր տալ Տաբթիխին՝ Ֆելոյի մտքերը շեղելու համար:

Մտանք քաղաք: Դա Ղազախն էր: Այդ պահին ոչ մեկիս մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ այս քաղաքում պիտի մնանք ավելի քան մեկ ամիս:

Տաբթիխ Սուլեյմանովիչը փաստորեն փրկեց մեզ այդ գազանների ճիրաններից. դրանք հաստատ գալու էին գիշերը, ու հազիվ թե մեկս կենդանի մնար:

… Մեքենան կանգնեց Տաբթիխի տան մոտ:




Տաբթիխ եւ Սուլեյման

Մուտքի մոտ մեզ դիմավորեց մի երիտասարդ:

— Տղաս է, Սուլեյմանը, մեր Ազգային ճակատի անդամ է, ուսանող է:

Ձեռք սեղմեցինք, ներկայացանք:

— Եկեք, համեցեք,- սիրալիր տոնով ասաց Սուլեյմանը:

Մեծ տուն էր: Նստեցինք ընդարձակ հյուրասենյակում: Եկան Տաբթիխի մայրը, կինը: Ծանոթացանք: Զգացվում էր` խաղաղ, ինտելիգենտ ընտանիք է: Մայրը դժվարությամբ էր խոսում ռուսերեն, բայց հասկացանք, որ լավ հայ հարևաններ են ունեցել, ընկերություն են արել: Հետո հուզվեց.

— Էս ի՞նչ արին, բոլորը թշնամի դարձան, խառնեցին ամեն ինչ, բա ձեզ հետ ի՞նչ է լինելու,- ու արտասվեց:

Տաբթիխը փաղաքշանքով հանգստացրեց մորը.

— Լավ կլինի, կռիվը կվերջանա, կգտնենք մեր հարևաններին, դու մի՛ հուզվիր:

Սկսեցին սեղան գցել: Հյուրասիրությունն առանձնապես ճոխ չէր. երևում է շատ ունևոր չէին, բայց հաց, պանիր, թթու, կանաչեղեն, պահածոներ` ամեն անհրաժեշտը կար: Նույնիսկ օղի բերեցին: Տաբթիխը կանչեց սեղանի մոտ.

— Կերե՛ք, մի՛քաշվեք, խնդրում եմ օղի շատ չխմեք, առավոտ շուտ ենք վեր կենալու` միլիցիա պիտի գնանք: Մի քանի օր կմնաք էնտեղ՝ մինչև փոխանակենք: Ես էլ գնամ քնեմ, Սուլեյմանս ձեզ տիրություն կանի:

Միլիցիայի մասին խոսել էինք ճանապարհին. բանակցությունները ձգձգվում էին ու այս պահին` ըստ Տաբթիխի, ամենաապահով տեղը միլիցիայի բաժանմունքն էր: Ինչևէ:

Տան տերը գնաց քնելու, մենք Սուլեյմանի հետ սեղան նստեցինք: Կանայք՝ քաղաքավարությունից դրդված, մի քիչ մնացին մեզ հետ` խղճմտանքով լի հայացքներ ուղղելով մեր կողմը: Հետո «բարի գիշեր» մաղթեցին ու դուրս եկան սենյակից: Սուլեյմանը լցրեց բաժակները, խմեցինք այն բանի համար, որ մենք ողջ-առողջ վերադառնանք տուն, պատերազմն էլ շուտով վերջանա: Պետք է ասել, որ այդ ժամանակահատվածում համեմատական հրադադար էր ու, կարծես թե, հակամարտությունը մոտենում էր ավարտին: Ես խնդրեցի տղաներին՝ շատ չխմել, բոլոր դեպքերում թշնամու հողում էինք, հայտնի չէր հաջորդ պահին ինչ կարող էր լինել, զգոնություն էր պետք պահպանել: «Կերուխումի» կեսից եկավ Սուլեյմանի քրոջ փեսացուն` Էլդարը, բարեկիրթ, զուսպ մի անձնավորություն, սովորում էր Դնեպրոպետրովսկի բուհերից մեկում: Հովոն արդեն փոքր-ինչ գինովցել էր, խորիմաստ բաժակաճառեր էր արտասանում: Անկեղծ էր խոսում, գեղեցիկ բառեր գտնում, հուզվում էր, մեզ էլ ստիպում հուզվել: Հետզհետե ոգևորությունն անցավ` հոգնածությունը զգացնել տվեց: Նույն սենյակում գցեցին մատրասները, տղաները պառկեցին քնելու: Ես բոլորովին հոգնածություն չէի զգում: Սուլեյմանը սեղանից վերցրեց օղին, խորտկեղենն ու առաջարկեց. «Եթե քունդ չի տանում, մի քիչ զրուցենք»: Մեզ միացավ Էլդարը: Կողքի սենյակում երեքով շարունակեցինք գիշերային ընթրիքը: Երկուսն էլ խելացի էին, ճիշտ դատողություններ էին անում, հասկանում էին քաղաքականությունից: Էսպես զրուցեցինք մինչև առավոտ:

Ավարտվեց մեր գերության երկրորդ գիշերը` ամենախաղաղը Ադրբեջանում անցկացրած 37 գիշերներից:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝