ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Ղազախ
20.XII.1991թ. (օր երրորդ)

Ես այդպես էլ չքնեցի: Մեզ` ոստիկանատուն հանձնելը նշանակում էր, որ բանակցությունները անհաջող են ընթանում: Ի՞նչ կլիներ նոր տեղում, ո՞ւմ ձեռքն ենք ընկնելու, որքանո՞վ էր ապահով ԿՊԶ-ն (նախնական կալանքի բանտախուց): Թերևս, մի դրական բան կար` գիտեի, որ բանտում հայ-թուրք հակամարտությունը այդքան էլ ցցուն չէ, ընդամենը պետք էր մի փոքր հասկացողություն (գողական լեզվով ասած` «պանյատ») ցուցաբերել: Անցած երկու օրերի փորձը վկայում էր, որ իմ բռնած` անկեղծ ու արդարամիտ լինելու գիծը, սխալ չէ: Հիշենք Ռաուֆի հետ զրույցը: Սակայն սրանք սոսկ ենթադրություններ էին: Հասկանում էի, որ հեշտ չի լինելու. ի՞նչ իմանաս՝ ինչ տեսակի մարդիկ են մեզ հանդիպելու: Պետք էր պատրաստ լինել ամեն ինչի: Մռայլ մտքերս չուզեցի կիսել տղաների հետ, առանց այն էլ՝ ճնշված էին ու լուռ:

Տաբթիխը Սուլեյմանի հետ ուղեկցեցին մեզ մինչև ոստիկանատան բակը: Տաբթիխը մտահոգ էր, հրաժեշտ տվեց՝ առանց մեքենայից իջնելու: Սուլեյմանը իջավ, ուզում էր մեզ հետ ներս մտնել: Չթողեցին: Տարան մի սենյակ, խուզարկեցին: Վերցրին գոտիներն ու ժամացույցները: Սերժանտն՝ առանց բառ ասելու, ինչ-որ թղթեր էր լրացնում: Տարան բանտախուց: Խոսելներս չէր գալիս, բոլորովին չէինք պատկերացնում, թե ինչ է լինելու: Անցավ մի քանի ժամ: Ճաշ բերեցին ու մի բոքոն: Գդալ չկար, ֆռտացնելով մի կերպ կուլ տվեցինք: Հաջորդ ճաշը` ըստ ԿՊԶ-ի օրակարգի, լինելու էր 24 ժամ անց: Հետո եկավ Ազեր անունով ոստիկաններից մեկը: Կանչեց, կարծեմ, Ֆելոյին.

— Գնա՛նք հարցաքննության:

Մի քանի րոպեից ետ եկան: Հարցրինք.

— Ի՞նչ կըսեին:

— Հեչ բան, մէ հադմ զարկեց պ-զը, ըսավ` տեսնիմ կդիմանա՞ս: Ուրիշ տեղ չեղնեի՞նք, օր «ատվետ» տայի, իմանար դիմանալը որն է,- հոխորտաց Ֆելոն:

Հետո Ազերը Արայիկին «հարցաքննեց»: Եկավ իմ հերթը: Խնդմնդալով կանգնեց դիմացս, բռնցքամարտիկի ձեռնականգ ընդունեց: Որոշել էի, որ եթե ոտքով խփի կամ դեմքիս հարվածի, կհասցնեմ բլոկ դնել, իսկ եթե որովայնիս` բաց եմ թողնելու, մկաններիս ամրությանը վստահ էի:

-Չես պաշտպանվո՞ւմ, էրմենի:

Ես ուշադիր հետևում էի հայացքին, դիրքին, ձեռքերին: Կռահեցի, որ հարվածելու է որովայնիս: Այդպես էլ եղավ: Ես բոլորովին չերերացի, բայց, այնուամենայնիվ, կես քայլ ետ գնացի ու սեղմեցի բռունցքներս: Պարզ էր, որ հակահարված տալը մեծ սխալ կլիներ, սակայն Ազերին երևի այդպես չթվաց: Նա զարմացած հարցրեց.

— Կառատիստ, շտո-լի՞ (ի՞նչ է, կարատիստ ես):

Գերադասեցի լռել:

— Լադնո, մալադեց, իդի վ կամեռու:

Դրանով «հարցաքննությունն» ավարտվեց:

Երեկոյան մոտ էր: Ազերը նորից եկավ` բա, կուրտկաներդ պիտի տաք, ըստեղ էդպես է ընդունված: Մենք հանդիմանեցինք: Ի վերջո, համաձայնվեցինք փոխանակել բուշլատների հետ: Ինձ մի քոնձրոտ բաճկոն բաժին հասավ: Չհասցրի պահած խաչս հանել: «Լավ չեղավ, վատ նշան է,- մռայլ մտածեցի ես,- խաչը գոնե պարտավոր էի պահպանել»:




Սաիդ

Արդեն կեսգիշերին մոտ էր: Հանկարծ լույսը մարեց: Խուցի դուռը բացվեց. շեմին հայտնվեց միջին հասակի, 40 տարեկանին մոտ, բարակ բեղերով, ջահը ձեռքին մեկը: Ոստիկան չէր: Վախեցած կպել էինք պատերին: Ներս չէր մտնում:

— Ո՞ւմն է սև կուրտկան:- Հետո անունով դիմեց ինձ,- քո՞նն է:

Ուղեղս արագ աշխատում էր` ի՞նչ է սրա ուզածը: Ասեցի. «Այո»:

— Դու բան ես մոռացել, մոտեցի՛ր՝ տամ:

— Դո՛ւ արի առաջ,- առաջարկեցի ես:

Էլի բան չէի հասկանում:

— Դե լավ-լավ, մի՛ վախենա, խաչդ ես մոռացել, արի, վերցրո՛ւ:

Մտածեցի` պրովոկացիա է: Զգուշորեն մոտեցա, վերցրի խաչս: Ետ քայլ անելը ամոթ էր: Մնացի կանգնած մի մետր հեռավորության վրա:

— Ես Սաիդն եմ, դու որ կարողացել ես պահել հավատքիդ խորհրդանիշը` խաչը, ուրեմն իսկական հավատացյալ ես, հարգում եմ:

Սկսեցի հավատալ, որ անկեղծ է ասում: Զարմանալի էր` ինչպես էր կուրտկայիս ծալքերի մեջ գտել այդ փոքրիկ խաչը:

— Գիտեմ, որ տաքսիստն է ձեզ հանձնել, գիտեմ` մեղավոր չեք, ուղղակի բախտներդ չի բերել: Հիմա կասեմ հաց-բան կտան ձեզ: Երկրորդ կամեռում էլ են հայեր նստած` ախպերներ են: Իրենք էլ՝ ձեզ նման, ճամփից շեղվել էին: Նորմալ տղեք են: Դուք էլ եք նորմալ տղեք: Մենք ոչինչ չունենք ձեր հանդեպ: Ըստեղ ուրիշ օրենքներ են: Դե, գնացի, բարի գիշեր:

Ես հուզված համբուրեցի խաչս ու խնամքով պահեցի վերնաշապիկիս գրպանում: Քիչ անց, իրոք, ուտելու բան ու մի տուփ ծխախոտ բերեցին: Գլուխս մոտեցրի դռան պատուհանիկին (բանտի լեզվով դա «կոռմուշկա» է կոչվում) ու բղավեցի.

— Սաիդ, շնորհակալություն:

— Կերեք, անուշ լինի, — եղավ պատասխանը:

Սոված էինք, արագ հափշտակեցինք: Փառք Աստծո, մի փորձությունից էլ պրծանք: Համ խաչս ետ եկավ, համ էլ` կուշտ փորով, առանց տագնապի, պառկում ենք քնելու: Քննարկեցինք դիպվածը. պարզ էր` Սաիդը ԿՊԶ-ի «նայողն» էր, այսինքն՝ գլխավորը: Ոստիկանները նրա վրա իշխանություն չունեին: Հետո իմացանք, որ 10 տարվա հոդված կար վրան:

 

«Դեդ»

Առավոտյան շուտ վերկացրին: Նախատեսված էր կես ժամանոց «ազատ» տեղաշարժ` զուգարան, լվացվել և զբոսանք: Ծանոթացանք մեզ բախտակից երկու եղբայրների` Սերոբի ու Աղասի հետ: Մի քանի նախադասություն փոխանակեցինք: Տեսա Սաիդին: Մոտեցա: Մենակ չէր:

— Զիրադդին,- ներկայացավ Սաիդի ընկերը, կամ` ավելի կարճ` Դեդ:

Լիքը-լիքը, խոշոր դիմագծերով, խռպոտ ձայնով, ծանր ու մեծ մարդ էր` Սաիդից մի փոքր ավելի տարիքով կլիներ: Իմ մասին գրեթե ամեն ինչ գիտեին: Անթել ռադիոն, ինչպես երևում է, այստեղ լավ էր աշխատում: Զրուցում էինք, ծխում: Թեթևակի շոշափեցինք Ղարաբաղի հակամարտության թեման, բայց առանց մեղադրական խոսքերի: Ես ներկայացրի իմ տեսակետը` հնարավորինս անաչառ կերպով: Հատկանշական էր, որ «կեպեզեականներից» ոչ մեկը մեզ չէր մոտենում, ոչ էլ` ոստիկանները: Բանտախուց վերադառնալուց առաջ, Սաիդն ասաց, որ էտապ է գնալու ու իր տեղը կմնա Դեդը:

— Եթե ձեզ ճիշտ պահեք, Դեդը չի թողնի նեղացնեն: Կարծում եմ՝ լուրջ տղերք եք, պետք է, որ նորմալ լինի… Կազատեն, կգնաք ձեր տները, պատերազմն էլ ուրորէ կվերջանա:

Ձեռք սեղմեցինք ու բաժանվեցինք: Սաիդին նույն օրը ուրիշ տեղ տեղափոխեցին: Հեռանալուց առաջ հասցրեց մեր դուռը թակել ու մնասբարով անել: Իմ կուրտկան գնաց հետը: Այլևս Սաիդին չտեսանք: Մտքումս օրհնեցի նրան: Ափսոսացինք: Եթե մնար, մեր գործը, թերևս, ավելի հեշտ կլիներ: Չգիտեինք՝ ինչպիսին կլինի Դեդի վերաբերմունքը:

Երեկոյան մեզ տեղափոխեցին ուրիշ բանտախուց` բախտակից պատանդների մոտ: Եղբայրները` Սերոբն ու Աղասը, մեզանից մի քանի օր առաջ էին գերի ընկել` նույն չարաբաստիկ  Մառնեուլի պահակակետում: Կիսվեցինք մեր դարդ ու ցավերով: Սերոբը` իբրև տարիքով մեծ, ավելի հավասարակշռված էր, շրջահայաց, Աղասը` անխելք չէր, հումորի լավ զգացում ուներ, լավատես էր: Զրուցեցինք մինչև ուշ գիշեր: Դեդը, ինչպես և խոստացել էր Սաիդը, լավ էր տրամադրված` հաց ու սիգարեթ ուղարկեց: Խուցից խուց խոսում էր մեզ հետ: Պատմեց իր կալանավորվելու պատճառները. «Կնոջս եղբայրը մեր ընտանիքի ամեն ինչին խառնվում էր, խորհուրդներով «դավադիտ» արեց թողեց, հետո երես առավ, «նաեզժատներ» սկսեց անել: Մի անգամ էլ ասի` տո, այ կազյոլ, քո ինչ գործն է` կնկանս կսիրեմ, կծեծեմ (դե, կինս թավաքյալի բնավորություն ունի` հաշտ չէինք): Ի՞նչ ես քիթդ խոթում իմ ընտանիքի մեջ: Մի քանի անգամ զգուշացրի որ չխառնվի, թե չէ՝ վատ կվերջանա: Դե, վատ էլ վերջացավ: Վեց օր առաջ կոկորդիս հասցրեց` տվի սպանի»: Դեդը պատմում էր ցասումով, գունագեղ մակդիրներով` խոսքերն ընդմիջում տասհարկանի հայհոյանքներվ: Ամբողջ ԿՊԶ-ն, այդ թվում և ոստիկանները, ուշադիր լսում էր, մեկ-մեկ կարեկցանքի բառեր արձակում, ուղղորդող հարցեր տալիս:

Էսպես ավարտին մոտեցավ ոստիկանատանը գտնվելու երկրորդ օրը: Ես թաշկինակս որպես բարձ դրեցի մահճակալի մերկ երկաթե ցանցի վրա, աղոթքս արեցի ու պառկեցի: Տղաները տեղավորվեցին հատակին` տակերը փռելով հաստ ստվարաթղթի կտորներ: Ինձ էլ առաջարկեցին ստվարաթուղթ` հրաժարվեցի: Ես կարողանում եմ քնել նույնիսկ կանգնած, իսկ իրենք պրոբլեմներ ունեին կոշտ տեղում քնելու հետ կապված:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝