ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Dark Side of the Moon, #1 («Լուսնի հակառակ (մութ) կողմը»)

Մեզ համար, իրոք, մութ էր Հայաստանում զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը: Ի՞նչ քայլեր էին ձեռնարկում իշխանությունները, մեր ծնողները, բարեկամներն ու ընկերները, վերջին հաշվով, անհայտ էր: Ուստի` այդ դրվագներին վերաբերող գլուխներն անվանեցի այսպես:

…Գյումրիի ոստիկանները տեղեկանալով եղածի մասին, անմիջապես գնացել էին մեր տուն: Սակայն, տուն չէին մտել, այլ` թակել էին մեր ամենամտերիմ հարևանների` Շալիկոյենց դուռը: Ցուցաբերելով նրբամտություն, նրանք կանչել էին հայրիկիս հարևանի տուն ու պատմել եղածը: Թե խեղճ հայրիկիս համար դա ինչ հարված էր` միայն ենթադրել կարելի է: Այդուհանդերձ, նա կարողացել է ինքնատիրապետումը չկորցնել ու անմիջապես անցել է գործի: Առաջին հերթին գտել է ընկերոջս` Սամվելին ու միասին ուղևորվել են Երևան: Եղելությունը մայրիկիս չի ասել: Երևան մեկնելը հիմնավորել է հաշվետվություն հանձնելով: Մայրս մի շաբաթից ավել անտեղյակ է եղել, այն դեպքում, երբ մեր պատմությունն ամբողջ քաղաքով մեկ արդեն զրնգում էր: Նա՝ միամիտ-միամիտ, ամեն օր, այն էլ մի քանի անգամ, գնում էր կայարան՝ որդուն դիմավորելու: Խեղճ մայրս չգիտեր, որ որդուն կարող է այլևս չտեսնել` համենայնդեպս, այդպես կարծում էին մեր մերձավորներից շատերը ու ամեն ինչ անում, որպեսզի մայրս հնարավորինս ուշ իմանա: Շնորհակալություն բոլորին:

Մինչդեռ, հայրս ու Սամվելը ուշ երեկոյան հասնում են Երևան: Սամվելը գնում է Պարույր Հայրիկյանի մոտ: Սամվելն այդ ժամանակ դեռ հավատարիմ ԱԻՄ-ական էր (հետագայում դուրս եկավ), ուստի` հաշվի առնելով Հայրիկյանի կապերն ու քաղաքական ծանրակշռությունը, բնական է, որ պետք է դիմեր հենց նրան: Վերջինս բավականին սրտացավ է մոտենում, զանգահարում տարբեր մարդկանց, նույնիսկ Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարին: Առաջ անցնելով ասեմ, որ նրա խնդրանքով բանտում ինձ այցելեցին այդ կազմակերպությունից երկու ազերիներ ու, եթե լինեի ԱԻՄ-ի անդամ, չէր բացառվում, որ ավելի շուտ կազատեին: Ինչևէ: Հետո Սամվելը գնում է Աշոտ Մանուչարյանի մոտ, ով Ներքին գործերի նախարարն էր: Մանուչարյանն ազնվորեն խոստովանում է, որ գերիների փոխանակման հարցն իր իրավասությունից դուրս է: Սակայն կարևոր խորհուրդ է տալիս, առ այն, որ խնդրի լուծումը պետք է փնտրել Նոյեմբերյանում, այլ ոչ` Իջևանում, և` որ վճռական դեր կարող է խաղալ Նոյեմբերյանի ոստիկանապետը` Տիգրան Սարգսյանը: Այսպիսով, բոլոր ճանապարհները տանում էին դեպի… Նոյեմբերյան: Թողնենք նրանց Նոյեմբերյանի ճամփեքին ու կրկին վերադառնանք Ղազախ:

 

Միանման օրեր

Օրեր միանման, օրեր միապաղաղ, օրեր տարօրինակ… Անցնում են օրերն ու մնում սպասումը միայն:

Մենք անտեղյակ էինք մեր հարազատների ձեռնարկած քայլերից, հաշվեհարդարի վախը միշտ աչքերիս առաջ էր: Բացի այդ՝ գրեթե միշտ սոված: Դեդը, իհարկե, ինչ-որ չափով օգնում էր, բայց իրիկունները նստում ու երազում էինք՝ ինչ ուտելիք լիներ, որ հավեսով ուտեինք: Մեկը՝ երազում էր խաշլամա, մյուսը՝ քաբաբ կամ խորոված, իսկ ես, չգիտեմ ինչու, փափագում էի խտացրած կաթ: Ուղղակի ֆիզիկական մակարդակի վրա էի լեզվիս ծայրին զգում այդ համը ու թուքս կուլ տալիս: Տղաները հումորով էին վերաբերվում քաղցրի նկատմամբ իմ թուլությանը՝ դե, ասում էին, քո գործը հեշտ է՝ դա կճարվի, բայց խորոված ո՞վ կտա մեզ: Հումորը, սակայն նրանում էր, որ խորոված, այդուհանդերձ, ճաշակեցինք, իսկ խտացրած կաթ՝ ոչ: Այդ մասին կպատմեմ ավելի ուշ: Առկա էր նաև ծխախոտի պակասության պրոբլեմը:

Պետք է ասել, որ ինֆորմացիա մենք ստանում էինք: Հերթապահ ոստիկանները մեկ-մեկ գալիս, նստում էին մեր բանտախուցի դռան մոտ, հարցեր տալիս, հետաքրքրվում մեր «անցյալ» կյանքով ու, եթե տեղեկություն էին ունենում փոխանակման բանակցությունների մասին, հոժարակամ կիսվում էին: Նրանցից մեկը՝ Ֆիկրետը, ով համեմատաբար բարյացակամ էր մեր հանդեպ, մի անգամ տարօրինակ հարց տվեց.

— Դուք իսկականից հա՞յ եք:

— Ինչո՞ւ ես այդպես հարցնում, հայ ենք, բա ինչ ենք:

— Եթե այդպես է, ինչո՞ւ ձեր նոյեմբերյանցի «զեմլյակները» ասում են, որ լենինականցիներն իրենց հետաքրքիր չեն. բերեք մեր հայրենակիցներին՝ այդ դեպքում միայն փոխանակումը կկայանա:

Մենք, իհարկե, չնչահավատորեն էինք վերաբերվում նրա խոսքերին: Սակայն, ինչպես հետո պարզվեց, Ֆիկրետի ասածների մեջ ճշմարտություն կար: Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկին՝ Սաշիկին, թուրքերն առևանգել էին ու նրա հետագա ճակատագիրն անհայտ էր: Բնական էր, որ նոյեմբերյանցիների համար ավելի կարևոր էր իրենց համագյուղացին, քան ուրիշ քաղաքի բնակիչները: Ոստիկանապետը՝ Տիգրան Սարգսյանը, ամեն ինչ անում էր, որպեսզի համոզի իր «զեմլյակներին»՝ չսպասել, երբ կգտնվի Սաշիկը՝ րոպեները թանկ են. որքան ձգձգվում է գործընթացը, այդքան մեծ է հավանականությունը, որ տղաները կարող են կենդանի չվերադառնալ: Այս մանրամասները իմացանք ազատվելուց հետո, իսկ այդ պահին մեզ մնում էր տարակուսել, զայրանալ, հավատալ կամ չհավատալ ու հազար ու մի ուրիշ բաներ մտածել:

 

Dark Side of the Moon, #2

Հայկական և ադրբեջանական կողմերը այդ օրերին բավականին ակտիվ բանակցությունների մեջ էին՝ Իջևանի  սահմանի մոտ ամեն օր հանդիպումներ էին տեղի ունենում: Շահագրգռվածություն կար մինչև Նոր տարի փոխանակել պատանդներին: Սակայն ամեն անգամ հայկական կողմը՝ ի դեմս ազերիներին գերի ընկած ու կորած Սաշիկի ազգականների, դեմ էր առնում լուրջ խոչընդոտի: Ազերի մեր բախտակիցը (ով իրականում ադրբեջանցի թալիշ էր ու ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամ) գտնվում էր ոչ թե ոստիկանությունում, ինչպես մենք, այլ՝ ոսկեպարցիների ձեռքերում, ովքեր իրենց պայմաններն էին դնում, պահանջում՝ բացի Սաշիկից (կենդանի, թե մահացած), վերադարձնել նաև առևանգված ոչխարներն ու կովերը: Դա չլուծվող խնդիր էր: Դրանով ոստիկանապետ Տիգրան Սարգսյանի ու տեղացի մի քանի ողջախոհ ազատամարտիկների՝ կոնսենսուսի գալու ջանքերը մտնում էին փակուղի: Այս հարցում կառավարական լծակները չէին գործում, մնում էր ցուցաբերել դիվանագիտական, նուրբ վերաբերմունք: Մենք տեղեկացված էինք այդ իրադարձությունների մասին ու որոշակի հավատ էինք տածում, որ, ի վերջո, խելամտությունը կհաղթի, ու Նոր տարին, այդուհանդերձ, կդիմավորենք տանը: Ավա՜ղ:




Նոր հույսեր
Նոր տարվա շեմին

Դեկտեմբերի 30-ին Ֆիկրետը հայտնեց, որ բանակցությունները վերսկսվելու են հունվարի մեջ: Սակայն, երբ բոլորը հուսաբեկ պառկել էին քնելու, իսկ ես, ինչպես միշտ, նստած՝ ուղեղս ու հոգիս էի փորփրում, Ֆիկրետը կանչեց ինձ պատուհանիկի մոտ ու «գաղտնի» ինֆորմացիա փոխանցեց. «Վաշի ս նաշիմի դագավարիլիս՝ տեբյա զավտրա ասվաբադյատ (ձերոնք մերոնց հետ պայմանավորվել են, վաղը քեզ կազատեն)»: Մանրամասներ նա չգիտեր, ասաց, որ պատահաբար է լսել, ինչպես այդ մասին խոսում էին Սարգսյանն ու Նասիբովը՝ Ղազախի ոստիկանապետը, ու վերջինս համաձայնություն է տվել: Հիմք չունեի Ֆիկրետին չհավատալու, սակայն պետք էր վերլուծել. հասկանալու՝ որքանով է դա հավանական, կշռել կողմ և դեմ փաստարկները: Պարզ տրամաբանությունը հուշում էր, որ 5 պատանդ, թե 6՝ բան չէր փոխում, քանի որ այն կողմում մի հոգի էր, ու բանակցողները կողմնակից էին զրոյացնել պատանդներին: Նաև՝ ենթադրում էի, որ Սամվելն ու հայրս ազդեցիկ լծակներ են կարողացել կիրառել: Բացի այդ՝ հավատում էի… իմ հրեշտակ-աղավնուն և պարզապես շատ էի ուզում հավատալ: Այդուհանդերձ, թույլ չտվեցի էմոցիաներիս ինձ խեղդել, չընկա էյֆորիայի մեջ: Բոլոր դեպքերում վաղը ամեն ինչ պարզ էր դառնալու: Առավոտյան, սովորականի պես, վաղ արթնացանք, դուրս եկանք մաքուր օդ շնչելու, մի քանի խոսք փոխանակեցինք Դեդի հետ, ով խոստացավ երեկոյան Նոր տարվա կապակցությամբ «գրեվ» (ուտելիք-մուտելիք) ուղարկել: Ես, իհարկե, ոչ մեկին չասացի, որ Նոր տարվա  «գրեվը» կճաշակեմ արդեն հայոց հողի վրա, թեև դրան մինչև վերջ չէի հավատում: Տղաներն համակերպվել էին այն մտքի հետ, որ այս տարի այլևս հնարավոր չի լինի տուն վերադառնալ: Մտովի գնացինք Լենինական, պատկերացրինք նորտարյա եռուզեռը, պատրաստությունը, համադամ կերակուրների համը, նույնիսկ՝ հոտը: Որքա՜ն հեռու էր այդ ամենը, հեռու ու անհասանելի:

Մեր բանտախցի դուռը բացվեց. հերթապահ ոստիկանն էր՝ հրամայեց.

— Ձեզանից երկուսը դո՛ւրս գա:

Մի պահ տարակուսանքով իրար նայեցինք՝ չգիտեինք ուր, ինչի համար: «Մի՞թե երկու հոգու են ազատելու,- անցավ մտքովս, — բայց այդ դեպքում ինչո՞ւ անուններ չի տալիս: — Չէ, սա ուրիշ հաշիվ է: Պետք է գնալ ու պարզել»: Ես, առանց վարանելու, քայլ արի առաջ, ինձ հետ եկավ նաև Աղասը:

 

Աղասի «ֆոկուսներն» ու իմ խաչը

Մեզ տարան ԿՊԶ-ից դուրս՝ մի ընդարձակ բակ: Հանձնարարեցին ման-մունր գործեր կատարել. արկղեր տեղափոխել, ավլել, աղբը թափել: Քիչ անց մոտեցավ մի մայոր.

— Ո՞րըդ կարող է մեքենաս բարձր որակով լվանալ:

Ձայնի մեջ թշնամանք, հեգնանք չկար: Բնականաբար, այդ գործին ավելի լավ տիրապետում էր Աղասը: Նրանք գնացին: Ես տարակուսած հայացքով հետևեցի նրանց՝ ամեն ինչ կարելի էր սպասել: Իրոք, խարդավանք չկար: Թեթև շունչ քաշեցի ու շարունակեցի գործս: Հատկանշական էր, որ աշխատում էի հաճույքով՝ այդ ամենը բազմազանություն էր մտցնում մեր միապաղաղ առօրյայի մեջ, շեղում տհաճ ու տագնապալի մտքերից: Համենայնդեպս, ես լուրջ ուսումնասիրեցի տեղանքը՝ փախուստի միտքը ոչ մի րոպե չէի բացառում, բայց որպես ծայրագույն միջոց: Բակը արտաքին աշխարհից բաժանված էր բարձր երկաթյա դարպասով, որն այդ պահին բաց էր: Կողմնորոշվեցի տարածության մեջ՝ որտեղ է Իջևանը և որքան է հեռու, ինչ շենքեր կան, որտեղ է գետը և այլն: Ինձ առանձնապես չէին էլ հսկում՝ դա էլ մտովի նշեցի որպես դրական նշան:

Ավարտեցի գործս ու կանգնած սպասում էի Աղասին, ով շարունակում էր մեծ ջանասիրությամբ պլպլացնել մայոր Բայրամովի թանկարժեք մեքենան: Հեռվում երևաց հերթապահ ոստիկանն ու ձեռքով արեց.

— Տեսնում եմ պրծել ես, արի քեզ տանեմ խուց:

Հենց ներս մտա, տղաները վեր թռան տեղերից.

— Ի՞նչ հաշիվ էր, ո՞ւր տարան, Աղասն ուրա՞:

— Փոդրատ գործ ենք բռնել Աղասի հետ, ամեն մաշինա լվալու համար 10 մանեթ ու մե հադմ արաղ կուտան, — կատակեցի ես:

Մի թեթև ծիծաղեցինք: Քիչ անց եկավ Աղասը՝ խորամանկ ժպիտը դեմքին, ձեռքերը գրպաններում, ասաց՝  հիմա ֆոկուս եմ անելու: Գրպանից հանեց մի տուփ սիգարեթ. «Էս քեզ, Սերոբ ջան», մյուս գրպանից հանեց ևս մեկ տուփ. «Էս քեզ, Ֆելո ջան՝ Հովոյի հետ կկիսվեք», հետո լայն խալաթի անդունդներից շինծու դժվարությամբ դուրս պրծացրեց մի մե՛՜ծ հաց. «Էս էլ քեզ, Արա ջան, որ մինչև կյանքիդ վերջ սոված չմնաս»: Հետո դարձավ ինձ.

— Իսկ քեզ, ցավտ տանիմ, մի բան եմ բերել, որ կյանքում մտքովդ չի անցնի:

— Չեղնի՞ թերթ-մերթ ես տեղիցմ ցրել:

— Չէ, ավելի լավ բան:

— Ուտելիք օր չէ, ավելի լավ ի՞նչ կռնա էղնի:

— Ճիշտ է, ուտելու բան չէ, բայց նայե՝ ինչ է: Օպա՜, ֆոկուս, մեր ուսումնատենչ ընկերոջ համար բերել եմ…,- ու աճպարարի շարժումներ անելով, ծոցից հանեց ամսագիր:

Ուրախացած, ջերմ շնորհակալություններ հղեցի Աղասի հասցեին ու խլեցի ձեռքից ամսագիրը: Սակայն, երբ հայացքս ընկավ վերնագրին, սկսեցի բարձր-բարձր ծիծաղել

— Քեզ ի՞նչ եղավ, ապ ջան,- տարակուսեցին ընկերներս:

Ես ցույց տվեցի ամսագրի շապիկը… «Կոմունիստ»: Գիտենալով իմ վերաբերմունքը Սովետմիության, կոմունիզմի, լենինիզմի և այլ նման բաների նկատմամբ, տղաները միացան իմ ծիծաղին: Մի կուշտ զվարճացանք: Իրավիճակից դուրս գալու համար, Աղասը կատակեց.

— Ապ ջան, հո կարդալու համար չեմ բերել, որակով թուղթ է, պետք գուկա:

Էսպես կատակելով պիտի դիմավորեինք Նոր տարին:

Օրը սկսում էր մթնել: Ես՝ ականջս կախ ամեն մի շխկոցի ու թխկոցի, սպասում էի՝ երբ են գալու իմ ետևից: Եվ րոպե առ րոպե հույսս մոմի պես հալչում էր, դառնությունն ու հուսահատությունը պատում էին հոգիս: Որոշեցի աղոթել, սփոփվել մի քիչ, հույսի վերջին փշուրները հավաքել: Նման պահերին ես, սովորաբար, համբուրում էի խաչս ու ջերմեռանդ աղոթում: Ձեռքս տարա գրպանս՝ խաչը չկար: Հուսահատ փորփրեցի մյուս գրպաններս՝ խաչը չկար: Լացս եկավ, հազիվ զսպեցի ինձ՝ սա չափազանց վատ նշան էր: Իմ ազատվելն, ուրեմն, չի լինի: Դեռ մի ժամ առաջ քրքջում էի, հիմա՝ անարցունք լացում: Հիրավի՝ ուրախությունից հիասթափություն ընդամենը մի քայլ է:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝