Շենքի ժողովուրդը նրան էդպես էր անվանում, որովհետև սիրուն տղամարդ էր, ու ինքն էլ գիտեր, որ իր մասին խոսելիս հենց էդպես էլ ասում են՝ «Սիրուն Սուրիկ»: Տաքսի էր քշում և իր մեքենան էլ միշտ սիրուն, պլպլան, իր նման կոկիկ:
Քանի որ առաջին հարկում էին ապրում, Աստծու իրեն օրը մեքենան լվանում էր: Այսինքն՝ ինքը չէր լվանում, մենք էինք լվանում: Ինքը ռետինե երկար խողովակը պատշգամբի լուսամուտից հանում, շպրտում էր դուրս, խաղացող երեխաների վտառը մեկ րոպեում հավաքվում էր մեքենայի շուրջն ու իրարից խլում բաղձալի «շլանգը»: Սիրուն Սուրիկը պատշգամբից նետում էր սպունգն ու փալասը, և իրեն մնում էր հրահանգներ տալ.
— Ձագ ջան, քիչըմ կամաց պռտե, մաշնի ներկը դուս էկավ…
— Տմզո, այ տղա, դու մենձ ես, պզդիկին զիճե, շլանգը տուր թող ինքն էլ լվա, դու կապոտը բաց, տիյա տաք ջուրը կղրկեմ, մատոռը լվա:
Հետո կամացուկ շշնջում էր.
— Էն միլիցու տղուն էլ շոր տվեք, թող համարները լվա:
Միլիցու տղեն ես եմ: Ու Սուրիկն իր խորին հարգանքն ու ակնածանքը միլիցապետ հորս նկատմամբ նաև այդ կերպ էր արտահայտում՝ իր մեքենայի համարները լվանալու պատիվն ինձ հատկացնելով:
— Նկարիչ տղա էս (ես 13-14 տարեկան էի, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սան), էքվան գարաժից ներկ կբերեմ, ավտոյի համարները ղայդով թազացու:
Դուխ էր տալիս ինձ ու համոզված էր, որ իր տաքսու համարները թազացնելը մեծ պատիվ է ինձ համար:
Սկզբում «Պոբեդա» էր քշում, հետո մի օր եկավ ընդմիջման` նիկելներով, փայլուն թափ-թազա «ԳԱԶ-21»-ի ղեկին նստած:
Անթերի հագուկապին որ նայեիր, կասեիր մինիմումը ռայկոմի քարտուղարի պես մի բան է, կամ առնվազն պոլիտեխնիկի ամբիոնի վարիչ… Բայց մինչև բերանը բացելը:
Ահավոր անգրագետ էր Սիրուն Սուրիկը: Բայց իր արևին թաքցնում էր էդ մեն-միակ թերությունը՝ ռուսերեն ու ամենատարբեր լեզուներով ինչ-որ ֆրազներ արտասանելով, հատկապես նարդու սեանսների ժամանակ:
Շենքի բեսեդկայում տեղ չէր լինում ոչ նստելու, ոչ էլ կանգնելու, երբ Սիրուն Սուրիկը նարդու քարերը շրխկացնելով ու ցուցամատը տնկելով արտասանում էր.
— Բուտերբրոտ-պռռյամո վ ռոտ…
— Սաղ Բուղլարիան ման էկած տղա եմ, ըսոնք էկել, գուզեն կրեն Սիրուն Սուրիկին…
Սուրիկն ինքն իրեն աչքով տվեց. մի օր էլ իմացանք, որ տաքսոպարկում մեքենայի տակ գործ անելու ժամանակ մեքենան վառվել է, Սուրիկն էլ տակը պառկած: Երկու ամիս հետո Սուրիկին դուրս գրեցին հիվանդանոցից: Փառք Աստծո, եկավ ողջ առողջ, մենակ թե Սուրիկի դեմքը ամբողջովին փոխվել էր ու ածուխի պես սևացել:
Հաջորդ օրը նարդու առաջնության մասնակիցներից Երվանդիոնը մոտ կանչեց երեխաներիս ու լուրջ տեսքով ասաց.
— Ծո, մէ գնացեք Սիպտակ Սուրիկին ըսեք, թող գա:
Ու վերջ… Էդ օրվանից Սիրուն Սուրիկն արդեն Սիպտակ Սուրիկ էր: Բայց ինքը նարդին շրխկացնելիս, երջանիկ անգիտությամբ կրկնում էր.
— Ծո, հլը ստոնց աշե, գուզեն Սիրուն Սուրիկին կրեն:
Սամվել Սեւադա