ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Բարեւ Գյումրի». Գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդես

Ապրիլի 1-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում կայանալու է «Բարեւ Գյումրի» խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի 1-ին կուրսի ուսանողների աշխատանքները՝ դասախոս, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի ղեկավարությամբ: Ցուցահանդեսում ցուցադրված են լինելու նաեւ Սամվել Սեւադայի եւ իր առաջին կուրսի ուսանողների աշխատանքները:

Հարցազրույց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՅԻ հետ:

Պարոն Սևադա, կարելի՞ է ասել, որ սա ինչոր տեղ նաև հաշվետու ցուցահանդես է:

— Կարող եք այդպես համարել, սակայն մյուս կողմից, սա ավելի շուտ ոնց որ ավանդույթ դարձած լինի, որը մենք 1-ին կուրսի հետ ենք ներմուծել: Սա մեր ուսանողների ուսանածի, արած աշխատանքների ցուցադրությունն է: Գյումրիում ներկայացնելը ոչ միայն արվեստասեր գյումրեցիներին ցուցադրելն է, այլ նաև տեղյակ պահելը, նրանց սովորելու հրավիրելը: Ես կարծում եմ՝ Գյումրիում շատ երիտասարդներ սեր ունեն լուսանկարչության հանդեպ, այսկերպ ուզում ենք տեղեկություն փոխանցել, թե որտեղ կարող են բարձրագույն ուսում ստանալ սիրելի մասնագիտությամբ: Բացի դրանից, մենք շրջիկ ցուցահանդեսներով լինելու ենք Գյումրիի և մարզի մի շարք դպրոցներում, որտեղ լուսանկարչության բաց դասեր ենք անցկացնելու…

Ասելու, որ լուսանկարչությունը դա ուղղակի սելֆին չէ

— Բացատրելու, որ հեռախոսով սելֆի անելը կամ լուսանկարելը դա դեռ լուսանկարչություն չէ: Քանզի լուսանկարչությունը գեղանկարչությանը հավասար մի առարկա է, որը թույլ է տալիս մարդկանց արտահայտել իրենց ներքին մղումները, գեղարվեստական հակումները կոմպոզիցայի ունեցած գիտելիքները, բացի այդ՝ ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ այդ բնագավառում՝ կապված հեռանկարի, գունային հարաբերությունների, լույս ու ստվերի, և այլնի հետ: Մինչ հեղափոխությունը մենք բավական լուրջ պայմանավորվածություններ ունեինք ուսումնական հաստատությունների հետ, Շիրակի համալսարանի հետ, բայց ժամանակավոր դադարեցվեց: Ցուցահանդեսի համար էլ պայմանավորվածություն ունեինք, սակայն համալսարանում դասերի ժամանակավոր դադարեցման պատճառով ցուցահանդեսը տեղափոխեցինք Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ, որի հիմնադիր-տնօրեն Սուսաննա Մկրտչյանն իր հյուրընկալ դռները բացեց մեր առջև: Ցուցահանդեսը տևելու է 15 օր: Սա մի հրաշալի ժամանակահատված է նաև իմ ուսանողների համար, քանզի այդ օրերի ընթացքում նրանք հիանալի հնարավորություն կունենան շրջել Գյումրիում, լուսանկարել Գյումրին, հարակից գյուղերը, նկարահանումներ անել: Հանդիպել եմ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով մեծ ոգևորությամբ ընդունեց, անգամ այլ սրահ առաջարկեց, բայց տիկին Մկրտչյանի հյուրընկալ օջախում արդեն աշխատանքները կազմակերպված էին:

Պարոն Սևադա, ուսանողների լուսանկարները թեմատի՞կ են, թե՞ ազատ ստեղծագործական աշխատանքներ են:

— Հիմնականում գեղարվեստական լուսանկարներ են, որևէ թեմատիկ սահմանափակում չկա, ուղղվածություն չունեն: Գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործություններ են:

Ուղղակի մեր կյանքում այնպիսի ազդեցիկ իրադարձություններ տեղի ունեցան և տեղի են ունենում, կարծեցի թեմատիկ աշխատանքներ են:

— Ոչ, մենք չուզեցինք ազդեցությունների ներքո ստեղծագործել: Պանդեմիայի շրջանում ուսուցումն օն-լայն անցկացրեցինք, հետո իմ արվեստանոցում՝ բացի հերթական դասախոսություններից, պրակտիկ աշխատեցինք, սահմանափակումների վերացումից հետո դուրս եկանք հանրապետության մարզեր, այդ թվում եղանք նաև Արցախում՝ տարբեր տեսարժան վայրեր՝ նկարահանումներ անելու: Նպատակը՝ ուսանողներին Հայրենիքի գանձերին, տեսարժան վայրերին ծանոթացնելն էր, լուսանկարչության ոճերը, կոմպոզիցիաների գաղտնիքներն ուսումնասիրելը: Արդյունքը դրական էր. իմ առաջին կուրսի շրջանավարտները աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ տարբեր տեղերում: Հիմա նույն պրակտիկան կիրառում եմ երկրորդ կուրսի հետ: Գեղարվեստական լուսանկարչության դասական թեմաներից զատ ես փորձում եմ ուսանողներին մերձեցնել համաշխարհային գրականությանը, որի շնորհիվ գեղարվեստական մտածողությունն է զարգանում: Միայն ֆոտոխցիկ վերցնելն ու տեխնիկական հնարքներ կիրառելով չի:

Այսինքն՝ միայն խցիկի տեխնիկական հնարավորությունները չեն, որ կարելի է լավ լուսանկար ստանալ:

— Իմ աշխատանքը կայանում է գեղարվեստական մտածողությունը զարգացնելու մեջ:

Լավ լուսանկար ստանալու համար ավելի շուտ կարևոր է «ֆոտոա՞չք» ունենալը, թե՞ բարձրակարգ ֆոտոօբյեկտիվով լուսանկարելը:

— «Ֆոտոաչքն» ավելի կարևոր է (ինչ խոսք, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի օբյեկտիվն էլ է կարևոր): Բայց հիշենք հին ժամանակները, երբ այսօրվա տեխնիկական հագեցվածությունը չի եղել, մի օբյեկտիվ են ունեցել, բայց գեղարվեստական բարձր կարգի գործեր են ստեղծել: Խոսելով լուսանկարչությունից, այն միաժանր չէ, այն գեղանկարչության պես բազմաժանր է: Կա ժանրային լուսանկարչություն, կա կենդանիների, մերկ ֆիգուրաների, մակրոլուսանկարչություն, գովազդային լուսանկարչություն և այլն: Լուսանկարչությունն այնքան է ընդարձակվել, որ բոլորի համար պետք է հատուկ մասնագիտական դասընթացներ, որն էլ մենք անցկացնում ենք: Ես, օրինակ, սիրում եմ նատյուրմորտներ ստեղծել: Երբեմն մարդիկ ինձ հարցնում են, թե աշխատանքը գեղանկա՞ր է, թե՞ լուսանկար… Այսինքն, լուսանկարչությունը հասցնում ես գեղանկարչության մակարդակի:

Գեղարվեստական լուսանկարչությունը արվեստի ինքնուրույն ճյուղ կարելի՞ է համարել:

— Միանշանակ: Ես անցած տարիների ընթացքում՝ մինչ 2018-ը, Նկարիչների միությունում հարց բարձրացրեցի, որպեսզի գեղարվեստական լուսանկարչության բաժին մտցվի՝ ինչպես մյուս արվեստների բաժիններն են: Միությունում մեծ ցուցահանդես կազմակերպեցի այդ առիթով: Շատ բարձր մակարդակով այն անցավ: Ափսոս, այս երկու տարիների խառնավիճակը խանգարեց այն իրագործելուն: Ինքս Հայաստանի և մի քանի տարբեր երկրների Լուսանկարիչների միության պատվավոր անդամ եմ: Բացի դրանից, կան միջազգային լուսանկարչական կայքեր, որտեղ ես որպես գուրու եմ ներկայացված (հատուկ նշան կա, որը դրվելով անվան կողքին, ցույց է տալիս տվյալ անձի կարևորությունը,- հեղ.), և միջազգային վարկանիշային սանդղակ կա, որտեղ իմ անունը 2-8-րդ տեղերում են: Այս ամենն ասում եմ, որովհետև ուսանողների համար կարևոր է, թե իրենց կարիերայի սանդուղքը որքան երկար ու բարձր ճանապարհ կարող է անցնել: Նման ցուցահանդեսները կարևոր են նաև նրանով, որ ուսանողները ստանում են գնահատականներ, պատվոգրեր, որոնք հետագայում, իրենց կյանքի ճանապարհին շատ պետք կգան: Ես պայմանավորվածություն ունեի Վրաստանի Լուսանկարիչների միության հետ, որպեսզի ուսանողների մասնագիտական փորձի փոխանակումներ անցկացվեին, ներկայում նաև Լատվիայի մայրաքաղաքի՝ Ռիգայի հետ ունեմ նախնական պայմանավորվածություն, որ այնտեղ ցուցահանդես կազմակերպենք: Փորձում ենք հայկական լուսանկարչությունը պրոպագանդել դրսում:

Միայն ուսուցողական տեսական գիտելիք փոխանցելու դասախոսությամբ չեք բավարարվում, այլ պրակտիկ աշխատանքով եք խորացնում ուսանողի ստացած գիտելիքները:

— Այո, դա շատ կարևոր է, ես ընդարձակել եմ: Անգամ գեղարվեստական գրականության ցանկեր եմ տալիս ուսանողներին, որ ընթերցեն, հետո քննարկումներ ենք անում, բազմազան ձևերով նրանց հետաքրքրության, աշխարհահայացքն եմ փորձում ընդարձակել:

Այսպիսով, ապրիլի 1-ից շուրջ 15 օր գյումրեցիները հնարավորություն կունենան շփվել գեղարվեստական լուսանկարչության հետ և, իհարկե, գյումրեցի արվեստագետ Սամվել Սևադայի հետ:

— Սիրով և կարոտով սպասում եմ:

Պիտակներ՝