Ճամփից շեղվածները
19.XII.1991թ. (գիշեր)
Հետևում էի ճամփեզրի ցուցանակներին: Անցնում էինք խավարի մեջ կորած, հազիվ նշմարվող վրացական գյուղերով: Վարորդը` չնայած գինովությանը, վստահ էր վարում: Բոլորը ննջում էին, ես ստանձնել էի արթուն պահակի դերը` անհանգստություն կար ներսումս: Ի վերջո, հոգնածությունն ու լարվածությունը զգացնել տվին: Աչքս մի պահ կպավ: Նինջս մակերեսային էր: Միանգամից արթնացա, երբ մեքենան կանգնեց: Տագնապով նայեցի դուրս: Պահակակետ էր: Մեր վարորդը վրացերեն խոսում էր մեկի հետ: Վերջինս ինչ-որ բան էր բացատրում: Զգայարաններս պրկված էին. նրա ձայնի մեջ համոզելու ինտոնացիաներ որսացի, մի քանի անգամ լսեցի՝ Մառնեուլի, սոմեխի (հայ), Իջևան: «Ի՞նչ են բլբլում, մեզանից են խոսում»:
Երբ շարժվեցինք, հարցրի.
— Ի՞նչ էիք խոսում:
— Հեչ, ասում էր, որ ճանապարհն է կարճ:
— Էս գյադեն վաբշե անտաղանդ է, հեչ բանից խաբար չէ, ուրիշ տեղ չտանի հանկարծ,- նեղսրտեցի ես:
— Լավ, ապ ջան, դուն էլ, ի՞նչ է էղել, կերթանք էլի, քանիմ ժամից տունն ենք, խառնվել ես իրար, որ ի՞նչ,- հակադարձեց Ֆելոն:
Միևնույն է, տագնապս չանցավ: Ուղեկիցներիս անհոգությունը ինձ դուր չէր գալիս: Մոտալուտ վտանգի հոտ էի զգում: Նորից կանգնեցինք: Վարորդը դարձավ մեզ.
— Ո՞նց գնամ, էսպես ուղիղ է` Իջևանով: Եթե աջով գնամ՝ մի ժամ երկար է տևելու:
— Դե, քյասարով էլ գնա՛, ուղիղ:
Շատ ուշ, մի քանի օր անց միայն հասկացանք ուղիղ գնալու ու մի ժամ շահելու գինը: Պարզվեց` այն, ինչ հնարավոր չէ մաթեմատիկայում, հնարավոր է կյանքում. 1 ժամը հավասար էր 37 օրվան:
…Կանգնեցինք հաջորդ պահակակետի մոտ: Տագնապով նայում էի շուրջս: Որտե՞ղ ենք` Վրաստանի հո՞ղն է սա, Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի: Տվեցինք անձնագրերս: Ու հաջորդ իսկ վայրկյանին բոլոր հարցերիս պատասխանները ստացա: «Էրմենի, էրմենի» բղավելով, ոստիկանները դուրս քաշեցին մեզ մեքենայից ու` մի-մի ապտակ հասցնելով (հետաքրքիր էր, որ կնոջը մատով չկպան), հրմշտելով տարան ներս: Բարի գալուստ դժոխք (այս նախադասությունը կարելի է տեսնել նաև Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտի մուտքի վրա):
Պահակակետում մանրակրկիտ խուզարկեցին: Որոշ արժեքավոր իրեր միանգամից բռնագրավեցին: Մենք արդեն իրավազուրկ անձինք էինք: Մարդու իրավունքներ, արդարամտություն, անձեռնմխելիության կանխավարկած… այս և նման հասկացություններն այլևս մեզ համար չէին: Այդուհանդերձ, խուզարկելուց վայրկյաններ առաջ ինձ հաջողվեց կուրտկայիս` ներսից մի փոքր ճղված արանքում, աննկատ պահել արծաթե խաչս ու ոսկե մատանիս: Հետագայում պարզվեց, որ Հովիկին նույնպես հաջողվել էր որոշ գումար թաքցնել գոտու մեջ, ինչը օգտակար եղավ մի քանի ծանր իրավիճակներում: Այդ խառը պահին աչքիս ընկավ մեր անտաղանդ տաքսիստը: Արդեն լրիվ օյաղացել էր ու` երեսի գույնը թռած, թռչկոտում էր մի ոստիկանից դեպի մյուսը, ինչ-որ բան ձգտում բացատրել, դեմքով հպվում պատուհանին, ջանում ներս մտնել: Խեղճին բանի տեղ դնող չկար: Զարմանալի էր, բայց մեղքս տվեց (մեկը լիներ՝ մեզ մեղքար): Վերջապես գլխավորին` կապիտանին, այդ ամենը ձանձրացրեց: Ներս կանչեց, մեր փողերից մի քանի թղթադրամ տվեց վարորդին ու, ձեռքի արհամարհական ժեստով, դուրս հրավիրեց: Այդ խղճուկը կիսավրացերեն-կիսառուսերեն էլի մի քանի բան ծղրտաց, սակայն նրա դերն արդեն ավարտված էր թե՛ մեր, թե՛ ազերիների կյանքում: Ու մեր չարիքների անխելք կերտողը՝ զինվորների ուղեկցությամբ, գլխիկոր հեռացավ:
Ոմանց կարծիքով, վրացի տաքսիստը միտումնավոր էր մեզ բերել-հանձնել թուրքերին: Ես այդպես չեմ կարծում: Նրա այլայլված դեմքը, շփոթված, խղճահարույց պահվածքը այլ բան էին հուշում: Թեև… ո՞վ գիտի: Այդուհանդերձ, մտքումս ներեցի նրան (ի՞նչ պահանջես անուղեղ մարդուց): Եթե նա, իրոք, դիտավորություն չի ունեցել, ապա թող խիղճը լինի իր խրոխտ դատավորը… Ի՞նչ ասեմ, Աստված նրա հետ:
«Գորշ գայլեր»
Իրարանցումը հանդարտվեց: Ոստիկանները թեև ատելությամբ լի հայացքներ էին նետում մեր կողմը, բայց ոչինչ չէին ձեռնարկում` փողերը գրպանել էին, ավարը սեփականացրել, նույնիսկ մի-մի սիլլա հասցրել: Իրենց գործն ավարտված էր: Սպասում էին: Կռահեցի, որ ինչ-որ մարդիկ են գալու մեր հետևից:
— Հիմա կգան մեր տղաները, կտանեն կվերացնեն ձեզ, էրմենիներ,- թունոտ քմծիծաղ տվեց կապիտանը:- Հը՛, լցի՞ք տակներդ, «բայավիկներ»:
Ձգտում էի պահպանել սթափությունը: Մտածում էի` երևի Ազգային ճակատի զինվորականներին են հանձնելու, միգուցե դա այդքան էլ վատ չէ: «Չեն սպանի, հո՛ տեսան, որ ահաբեկիչներ չենք, ոչ զենք կա մոտներս, ոչ թմրանյութ»,- հանգստացրի տղաներին ու ինքս ինձ: Սակայն, իրավիճակը մնում էր անորոշ: Լսել էի ազերիների դաժանագույն ջոկատի մասին: Սրանք ոչ մի հայի չէին խնայում. ոչ գրոհայինին, ոչ անմեղին, ոչ կանանց, ոչ մանուկներին: Եթե այդ «գայլերին» հանձնեն, մենք դիակ ենք: Մտավախություններովս, բնականաբար, ոչ մեկի հետ չկիսվեցի: Առանց այն էլ ահ ու սարսափի մեջ էինք: Պապանձված ու ընկճված սպասում էինք գլխներիս գալիքին: Մեքենայի ձայն լսվեց: Որոշեցի՝ «Վիլիս» է, գոնե Ազգային ճակատից էղնին»: Շրխկացին մեքենայի դռները: Մի քանի վայրկյանից ներս մտան ահազդու, գզգզված մորուքներով, ինքնաձիգներով զինված երկու ազերիներ: Քաղաքացիական հագուստով էին: Դա փոքր-ինչ հուսադրող էր: Գիտեի, որ «Գորշ գայլերը» հատուկ համազգեստ են կրում:
Բալայան և Վագիֆ
Եկածներից մեկը ներկայացավ.
— Ես Վագիֆն եմ:
Կապիտանի հետ մի երկու բառ փոխանակելուց հետո, դարձավ մեզ.
— Դե ինչ, գնացի՞նք:
Դուրս եկանք բակ, պայուսակները տեղադրեցինք «Վիլիսի» մեջ: Տիկնոջը նստեցրին մեքենա: Մնացածներս կանգնեցինք մեքենայից մի 10 մետր հեռավորության վրա: Վագիֆը սկսեց ընկերոջ հետ տաք-տաք ինչ-որ բան քննարկել: Հետո կտրուկ անցավ ռուսերենի ու, մեզ նայելով, կեղտոտ հայհոյանքների տարափ լցրեց գլխներիս.
— Ես ձեր Զորի Բալայանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ծնողը, աղջիկը, մայրը, քույրը…
Հետո անցավ նրանց մյուս ազգականներին, մեջ բերեց ևս մի քանի պաշտոնյաների ազգանուններ, նրանց մտերիմներին նույնպես հիշատակեց ճյուղ առ ճյուղ: Հիշոցների տարափի վերջը չէր երևում: Մեզ, բարեբախտաբար, չէր ընդգրկում այդ ցուցակում: Արանքներում մի անգամ հասցրեց ասել, որ մեղավորը ոչ իրենք են, ոչ` մենք, այլ Բալայաններն ու նրա նմանները: Հետո թեման փոխեց. մենք պետք է հավատայինք, որ իրենք` ազերիները, աշխարհիս ամենախաղաղասեր ազգն են ու միշտ բարեկամ են եղել հայերին, իսկ Զորի Բալայանի նմանները… ու էլի սկսվե՜ց. նույն ձայնասկավառակը կրկնվեց նույն հաջորդականությամբ և նույն առոգանությամբ: Հետո բոլորին մոռացավ ու կենտրոնացավ միայն Բալայանի ընտանիքի վրա: Անձնական հաշիվներ կայի՞ն, թե՞ այլ պատճառներ ուներ, չէր հասկացվում: Եվ այդպես, շարունակվեց մի 15-20 րոպե: Վերջապես պահակատնից ինչ-որ թղթեր բերեցին, Վագիֆը ստորագրեց, ու բոլորս նստեցինք մեքենա: Իներցիայով՝ կրկին, այս անգամ թեթևոտ, անցավ մեր պաշտոնյաների վրայով ու խաղաղվեց:
(շարունակությունը՝ հաջորդ էջում)
Պիտակներ՝ #հուշեր