ՀՈՒՇԵՐ

«Սեւ կարդինալի» հուշերը

(տպագրվել է 2007-2008թթ. «Շրջապատի» համարներում)

Արթիկի քրեակատարողական հիմնարկից «Շրջապատի» խմբագրությանը հասցեագրած hուշերի հեղինակը հանդես է գալիս «Կարդինալ» մականունով:

1976 թվականի ապրիլի 16-ն էր: Այդ օրն ինձ համար եռակի տոն էր. ծնվել էր որդիս, բոլորել էր 20-ամյակս, բացի այդ՝ Մոսկվայից ստացել էի ուրախ լուր. ինձ թույլատրել էին մասնակցելու Պլեխանովի անվան ինստիտուտի ընդունելության քննություններին: Ուրախ էինք բոլորս, քանզի ապագան շատ խոստումնալից և պայծառ էր երևում: Հարազատ-բարեկամներով, հարևաններով ու ընկերներով հավաքվեցինք ու մինչև ուշ գիշեր լավ քեֆ արեցինք: Այն ժամանակ մարդիկ կարծես ուրիշ էին: Սակայն հետո հասկացա, որ դա իմ երիտասարդ ուղեղի տպավորությունն էր: Մարդիկ ամենևին էլ ուրիշ չէին, նրանք նույնն էին, ինչ հիմա: Պարզապես, ապրելու պայմաններն էին ուրիշ և չէր երևում մարդկանց իսկական դեմքերը:

Եկավ Մոսկվա մեկնելու օրը: Դարձյալ հարազատներով հավաքվեցինք: Նրանք ինձ ուղեկցեցին երկաթգծի կայարան, և ես Երևան-Մոսկվա գնացքով մեկնեցի մեր հայրենիքի` ԽՍՀՄ-ի, մայրաքաղաք: Այդ պահին մտքովս անգամ չէր անցնում, որ միայն 18 տարի անց հնարավորություն կունենամ վերադառնալ իմ հարազատ Լենինական…

Ընդունելության քննությունները հանձնեցի գերազանց, առանց որևէ մեկի միջնորդության կամ ծանոթության: Նույնիսկ դասախոսներն իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտեցին իմ գիտելիքների ու ռուսերենի իմացության վերաբերյալ: Նրանք չէին սպասում, որ Կովկասի ներկայացուցիչը կարող է այդպես գերազանց պատրաստված լինել: Սկսվեց ուսումնական տարին: Մոսկվայում բնակարան էի վարձել Բաումանի շրջանում: Սենյակս հենց «Յախտա» ռեստորանի վերևում էր: Ահավոր աղմուկը խանգարում էր ուսմանս, բայց կամաց-կամաց հարմարվեցի: Տան հետ կապը պահպանում էի նամակների ու հեռախոսակապի միջոցով: Մի երկու անգամ ծնողներս ու կինս եկան Մոսկվա: Կարելի է ասել, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Կնոջս հետ ապագայի պլաններ էինք կազմում: Ինչպես և բոլոր երիտասարդները, ես էլ էի բոցավառված, լցված լավատեսությամբ ու վառ երևակայությամբ:

Եկավ 1977 թվականը: Հաջողությամբ հանձնեցի քննություններս և տեղափոխվեցի երկրորդ կուրս:

Այդ օրերին կատարվեց մեծ ողբերգություն. Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում պայթեցրել էին գնացքը: Ըստ տարածված լուրերի, զոհվել էր 46 մարդ, 74-ը ծանր վիրավորվել էին: Ինչ խոսք, խորհրդային ժամանակներում դա չտեսնված ու չլսված իրադարձություն էր: Այն ծանր տպավորություն էր թողել և զարհուրանք առաջացրել մարդկանց մոտ: Բոլորս շոկի մեջ էինք:

Հետո սկսեցին լուրեր պտտվել, թե ոճրագործության հեղինակները հայեր են: Այդ օրվանից սև ամպեր կուտակվեցին Ռուսաստանում ապրող հայության գլխին, իսկ Մոսկվայում կայծակն ու ամպրոպն էլ հետն էին: Թե ում կխփեր կայծակը, ինչ խոսք, ոչ մեկի մտքով չէր անցնում: Փողոցում, ամեն մի քայլափոխի փաստաթղթերի ստուգում էր: Սեպտեմբերի 30-ն էր: Վրացի ընկերոջս` Նաթան Դաաթաշվիլու հետ դուրս եկանք ինստիտուտից: Մի քանի քայլ էլ չէինք արել, երբ կողքերիս կանգնեց մի սև «Վոլգա»: Մեքենայից իջան երեք հոգի և պահանջեցին մեր փաստաթղթերը: Անձնագրերն ուշադիր զննելուց հետո, Նաթանին քաղաքավարի հրաժեշտ տվեցին, իսկ ինձ հրավիրեցին նստել մեքենա: Սիրտս կտոր-կտոր եղավ, վատ բան էի կանխագուշակում, բայց ի՞նչ կարող էի անել: Ստիպված էի ենթարկվել: Նստեցի մեքենայի հետևի մասում` երկուսի մեջտեղում:

Ժամանեցինք Մոսկվայի հանրահայտ МУР` Պետրովկա 38 հասցեով: Բակով անցնելիս, ուղեկցորդներս կարծես կերպարանափոխվեցին: Մեքենայի մեջ նրանք իրենց քաղաքավարի էին պահում, դաստիարակված մարդկանց տպավորություն էին թողնում: Իսկ այստեղ դարձան լրիվ այլ մարդ: Բակի ձախ կողմում շների վանդակներ էին: Ուղեկցորդս ցույց տվեց շներից մեկին ու ասաց.

— Գիտե՞ս, թե սա ինչ շուն է:

Ճիշտն ասած, հարցի իմաստը չհասկացա: Եվ նա պատասխանեց իր իսկ հարցին.

— Սա հանրաճանաչ «Մուխտարն» է: Գտնվում է պետական հոգածության տակ և մինչև կյանքի վերջ կապրի ավելի բարեկեցիկ կյանքով, քան դու:

— Ինչո՞ւ,- հարցրեցի ես:

— Որովհետև դու հայ ես,- արհամարհական տոնով պատասխանեց նա:

Ինձ տարան МУР-ի 3-րդ հարկում գտնվող առանձնասենյակներից մեկը: Նստած էին երեք հոգի: Ներկայացան. մեկը` ՊԱԿ-ի գնդապետ Տիտովն էր, մյուսը` МУР-ի գնդապետ Գուրովը, իսկ երրորդը հայ թարգմանիչ էր: Երբ հասկացան, որ թարգմանչի կարիք չունեմ, անցան բուն թեմային: Սկզբում խոսեց Տիտովը: Նա շեշտված բառերով ասաց.

— Չլինեիր դու, կլիներ մեկ ուրիշ հայ: Ուղղակի, քո բախտը չի բերել: Ավելի լավ է` համակերպվիր ստեղծված իրավիճակի հետ: Կյանքում մարդ պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Այնպես որ, ուշադիր լսիր քեզ համար նախատեսված անակնկալի մասին: Ու սկսեց պատմել մետրոյի պայթեցման մասին, որ դա կատարել են հայերը` ոմն Զատիկյանի գլխավորությամբ, որ ռուս ազգը երբեք չի ների այդ ոճրագործությունը և վրեժի ծարավով է լցված: Այնուհետև, որոշ դադարից հետո շարունակեց.

— Իսկ հիմա լսի՛ր, երիտասարդ, դու  անձնական վեճի պատճառով, դանակահարել ու սպանել ես զաիրցի սևամորթ ուսանողի: Այս մեղադրանքը պետք է լուրջ ընդունես: Քո բողոքները չեն անցնի: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա դու չես արել, բայց պետք է վերցնես քո վրա, քանի որ մենք հրահանգ ունենք Քաղբյուրոյից և չենթարկվել չենք կարող:

Նրա ամեն մի բառից հետո իմ միջով կարծես էլեկտրական հոսանք էր անցնում, աչքերիս առջև պտտվում էր դժոխային ապագան: Միաժամանակ հասկանում էի, որ խոսելն ու արդարանալն անիմաստ էր: Նրանք լավ գիտեին, թե ինչ են անում: Իշխանական մեքենան աշխատում էր իմ դեմ: Անկարողությունից մոտս խելագարության աստիճանի ջղային բորբոքումներ սկսվեցին: Սկսեցի բղավելով հայհոյանքներ թափել թե մետրոն պայթեցնողների, թե իմ առջև նստածների հասցեին: Այդ պահին կանգնած ոստիկանները սկսեցին հարվածներ տեղալ գլխիս: Աչքերիցս կայծեր թռան, ոտքերս թուլացան: Ուշքի եկա բանտախցում: Գլուխս վիրակապված էր, ամբողջ մարմինս անտանելի ցավում էր:

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝