ՀՈՒՇԵՐ

«Սեւ կարդինալի» հուշերը

Խուցը նախատեսված էր երկու անձի համար: Այնտեղ մեկն էլ կար. հսկա մարմնով, դաժան դեմքով մի «հրեշ»: Նրա ասելով, իրեն բռնել էին սպանության կասկածանքով: Հետո անծանոթը սկսեց հարցուփորձ անել: Ուզում էր իմանալ, թե արդյո՞ք կատարել եմ որևէ հանցագործություն: Հասկացա, որ կամ ոստիկան է, կամ գործակալ, որն ուզում էր բերանիցս խոսք քաշել: Օրեր անց նրան կանչեցին, իբր հարցաքննության ու այլևս չվերադարձավ: Խցիկում մնացի մենակ: Լռությունն ինչ-որ կերպ խախտելու համար բարձրաձայն խոսում էի ինքս ինձ հետ: Այդպես անցավ 15 օր: Ասեմ, որ այդ ընթացքում ինձ բժշկական ոչ մի օգնություն չցուցաբերվեց: Լուռ ու մունջ տանում էի ֆիզիկական ու հոգեկան ցավերս:

15-րդ օրվա վերջին, երեկոյան դուռը բացվեց, և ինձ՝ «ունեցվածքով» դուրս կանչեցին: Նստեցրեցին սև «Վոլգան» ու տարան անհայտ ուղղությամբ: Ճանապարհին ուղեկցորդներս չէին խոսում, ես էլ ոչինչ չէի հարցնում: Մի քանի ժամ լուռ պտտվում էինք Մոսկվայի փողոցներով: Սակայն, երբ նկատեցի, որ մտանք «Սոկոլնիկի» շրջան, ամեն ինչ հասկացա… տանում էին «Մատրոսկայա տիշինա» բանտը:

Մեկուսարանի ընդունարանում արժանացա «բարեհամբույր» վերաբերմունքի: Աշխատակիցներն ինձ դիմավորեցին «չեռնոմազի», «չուրկա», «առմյաշկա» արտահայտություններով: Տեսնելով դեմքիս ու մարմնիս վրայի կապտուկները, լկտիաբար ասացին.

— Սրանք շատ քիչ են, մենք պակասը կլրացնենք :

Անձնական ստուգումից հետո, ինձ տեղափոխեցին «կարանտին» կոչված խուցը: Այն դատարկ էր: Ներս հրելով, ասացին.

— Սպասիր, շուտով կգանք:

Իրոք, շուտով նրանք կատարեցին իրենց խոստումը. մոտ 30 րոպե անց դուռը բացվեց ու 6 հոգի ներս մտան (հետո իմացա, որ դրանք «ռեզերվ» կոչվող խումբն էր, որը նախատեսված էր մեկուսարանում անհնազանդությունները կասեցնելու համար): Հայհոյելով, մահակներով հարվածում էին մարմնիս՝ ոտքերիցս սկսած մինչև գլուխս: Նրանց համար միևնույն էր, թե ուր կհասներ հարվածը: Մոտ 10 րոպե դաժան ծեծի ենթարկելուց հետո հեռացան, չմոռանալով ասել, թե դա դեռ սկիզբն էր: Անտանելի ցավերը տանջում էին ինձ, մարմնիս տարբեր մասերից արյուն էր հոսում: Առաջին գիշերը խոնավ ու ցուրտ խցում անցավ մղձավանջների մեջ: Փորձում էի գոնե մի քանի րոպեով քնել, բայց չէր ստացվում. անհնար էր թեթև հագուստով պառկել երկաթյա, սառը մահճակալին: Աչքիս էին գալիս տունս, ընտանիքս, ծնողներս, ընկերներս ու դա է՛լ ավելի ցավոտ ազդեցություն էր թողնում հոգուս վրա: Լինում էին պահեր, երբ թվում էր, թե այդ ամենը երազ է, կամ՝ խելագարվել եմ:

Երբ առավոտյան բացվեց դռան կերակրաանցքը՝ հաց տալու համար, ես հրաժարվեցի սնունդ ընդունելուց, քանի որ ոչ ախորժակ ունեի, ոչ էլ կարող էի բերանս մի կտոր հաց դնել: Մի քանի րոպե անց դռան հակառակ կողմից լսեցի ձայներ.

— Հրաժարվում է հաց ուտել: Հաստատ հացադուլ է հայտարարել:

Արագորեն դուռը բացվեց և շեմին հայտնվեց ավագ հսկիչը՝ մահակը ձեռքին: Կկատաղի տեսք ուներ: Ներս մտնելով, նախ բղավեց վրաս, թե իրենց մոտ հացադուլ լինել չի կարող, հետո սկսեց մահակով հարվածել գլխիս ու մեջքիս: Խփեց այնքան ժամանակ, մինչև ինքը կհոգներ: Հետո կարգադրեց՝ հացը ներս բերել ու դնել սեղանին: Խցից դուրս գալուց առաջ էլ հայտարարեց.

— Անհնազանդության համար, որպես տույժ, կանցկացնես «կարցերում»:

Խոնավ ու ցուրտ կարցերում փոխեցին հագուստս՝ տալով մաշված, բարակ շորեր: Բնականաբար, սնունդն իջեցված նորմայով էր, այն էլ՝ օրը մեջ: Չնայած՝ ուտել չէի էլ ուզում, ավելի ճիշտ՝ չէի կարող: Իսկ ցավերն օր-օրի ուժեղանում էին: Քնելու մասին խոսելն անիմաստ էր, ուղղակի անհնար էր պառկել բետոնյա, թաց գետնի վրա: Ստիպված քայլում էի նեղ խցի մեջ ու ինքս ինձ հարց տալիս, թե ինչքա՞ն կդիմանամ անմարդկային պայմաններին: Շատ հաճախ, անկախ ինձանից, մտքերս տանում էին այլ ուղղությամբ: Մտածում էի, թե. «Ի՞նչ տեսակ պետության մեջ ենք ապրում, ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում սովետական համակարգը, և ի՞նչ մարդիկ են ղեկավարում այն»:

«Կարցերում» գտնվելուս 10-րդ օրը եկան ՄՈՒՌ-ի աշխատակիցներն ու հայտնեցին.

— Եթե ուզում ես հայտնվել ընդհանուր խցում՝ մարդկաց մոտ, ուրեմն պետք է ստորագրություն տաս, որ ինչ եղել է հետդ, գաղտնի ես պահելու: Հակառակ դեպքում, վնասից բացի, օգուտ չես ունենա: Ոչ ոք չի կարող քեզ օգնել, հնարավոր է նաև, որ կյաքով հատուցես:

Հասկանալով իրավիճակը, ստորագրեցի իրենց ներկայացրած պահանջների տակ, միևնույն ժամանակ խնդրելով, որ ծնողներիս տեղյակ պահեն գտնվելուս վայրի մասին:

Երեկոյան տարան խուց՝ հատուկ մասնաշենքի 5-րդ հարկ, խուց N80: Հարևաններս երկուսն էին: Մեկը մերձմոսկովյան Մոնինո քաղաքի տեքստիլ կոմբինատի գլխավոր տնօրենն էր, մյուսը՝ ազգությամբ վրացի Գիվի Մինաձեն, հեռավոր ծովագնացության կապիտան էր: Առաջինը ձերբակալվել էր կաշառք վերցնելու համար, երկրորդը՝ կաշառք տալու: Երբ նրանք իմացան, որ նստած եմ «մարդասպանության» համար, սկսեցին ակնհայտ զգուշավորություն ցուցաբերել իմ հանդեպ: Զգացվում էր, որ վախենում էին ինձանից: Դե, ես հասկանում էի նրանց, մարդիկ ապրում էին համընդհանուր վախի մթնոլորտի մեջ:

Երեկոյան Մինաձեն հսկիչի միջոցով երկտող ստացավ: Դրսից հայտնել էին կնոջ մահվան մասին: Առավոտյան հայտնաբերեցինք Մինաձեի դիակը: Գիշերը, երևի չդիմանալով հոգեկան հարվածին, նա վերմակի տակ կտրել էր թևերի երակները: Այդ դեպքն ինձ վրա շատ ծանր ազդեցություն թողեց, բայց կյանքը մնում էր կյանք, հարկավոր էր մի կերպ դիմանալ:

Ամիսներն անցնում էին: Արդեն 1979 թվականն էր: Այդ ընթացքում ինձ ութ անգամ, հենց այնպես, այսինքն՝ առանց որևէ պատճառի, 10-ական օրով ուղարկեցին «կարցեր»: Երևի ուզում էին հոգեպես ճնշել: «Կարցերներից» մեկի հարևանությամբ հանդիպեցի մի հայի, անունը Արշակ էր: Թբիլիսիից էր: Նրա խոսքերից հասկացա, որ իրեն էլ են բռնել արտասահմանցի «սպանելու» համար: Իր ասելով՝ բանտում լիքը հայեր կային: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ հայերի ձերբակալությունները կրում էին մասսայական բնույթ: Երբ հանեցին խուց, ինձ այնտեղ անակնկալ էր սպասվում. հայրս ծանրոց էր ուղարկել: Փաստորեն, երկրորդ տարվա մեջ ծնողներս նոր իմացել էին իմ տեղը: Ծանրոցի մեջ ամեն ինչ հարազատ էր և կարոտալի, բայց ոչ թե ուտելիքի առումով, այլ՝ որ մերոնց ձեռքերն էին կպել այդ ամենին: Հետագայում թույլ տվեցին, որ յուրաքանչյուր ամիս 5 կգ-ոց ծանրոց ստանամ:

Եվ ահա, կանչում են ինձ «հատուկ մաս» և հանձնում դատավճիռս՝ 13 տարի ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում: Նման բան կամ երազում է լինում կամ շատ անբախտ մարդկանց հետ: Ես հասկանում էի, որ երազի մեջ չեմ:

Ժամանակն անցնում էր, և ես հոգեբանորեն աշխատում էի 13 տարին տեղավորել ուղեղիս մեջ: Զուգահեռ զգում էի, որ մեջս բարձրանում է փոթորիկ և, անկախ ինձանից, դարձա ագրեսիվ: Զգում էի, որ ձեռք եմ բերում «ավանակի» հատկություն: «Կարցերներն» ու ծեծն արդեն թեթև էի տանում, ընտելացել էի: Ինքս ինձ միշտ հարց էի տալիս. «Ինչո՞ւ, ինչո՞ւ ես, ինչո՞ւ 13 տարի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…, ինչի՞ համար»: Ներքին ձայնս կարծես ինձ հուշում էր՝ պատեհ առիթի դեպքում դիմել ռևանշի: Ես արդեն հասկացել էի, որ վաղ թե ուշ պետք է հիմնավորեմ կալանքս, որ չխելագարվեմ: Ու համոզված էի, որ «արժանի» թեկնածու կգտնվի, միայն թե չգիտեի՝ երբ և որտեղ:

Եկավ 1980 թվականը, սակայն, չգիտես ինչու, ինձ դեռ գաղութ չէին տեղափոխում, չնայած որ վաղուց դատավճիռս հաստատված էր: Երևի պահում էին, որ ավելի տանջվեմ բանտային ռեժիմում: Ի՞նչ կարող էի անել, մնում էր սպասել: Օլիմպիական խաղերի նախաշեմին «Մատրոսկայա տիշինան» ծանրաբեռնվեց 200 տոկոսով: Որպեսզի օլիմպիադան խաղաղ անցներ, ԽՍՀՄ «փառապանծ» ղեկավարները որոշել էին Մոսկվան մաքրել «կեղտոտ տարրերից»: Հազարավոր մարդկանց ուղղակի ձերբակալում էին ու բերում մեկուսարան, որտեղ առանց դատի, տեղում հայտնում էին պատժաչափը և ուղարկում գաղութ (նրանց անվանում էին «օլիմպիականներ»): Ճիշտ է, բոլորն էլ ժամանակին պրոբլեմներ էին ունեցել օրենքի հետ, բայց նման անօրինականություն, այն էլ պետական մակարդակով, հնարավոր էր միայն սովետների երկրում:

Այնուհետև սկսվեց «Օվկիանոսի գործը», որը կապված էր միլիոնների հասնող ձկան խավիարի հետ: Պարզվում է, այդ գործի գլխին կանգնած է եղել Քաղբյուրոյի անդամ Մազուրովը: ԽՍՀՄ տարբեր ծայրերից Մոսկվայի բանտերն էին բերում հարյուրավոր մարդկանց: «Մատրոսկայա տիշինան» «օլիմպիականներից» հետո լցվեց «օվկիանոսականներով»: Ինձ հետ նույն խցում նստած էր ճանաչված դերասանուհի Նատալյա Վառլեյի («Կովկասի գերուհին» ֆիլմի գլխավոր դերակատարուհին) հայրը՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հեռավոր Արևելքի ձկնարդյունաբերության ղեկավարը: Նա ոչ մի կերպ չէր համակերպվում այն մտքի հետ, որ հայտնվել է բանտում կամ` որ սովետական բանտը կարող է այսպիսին լինել: Մի օր դիմեցի նրան.

— Դու դեպուտատ ես եղել, և ինչ այստեղ տեսնում ես, դու ինքդ ես կողմ քվեարկել:

Նա երեխայի պես միամտորեն պատասխանեց.

— Մեզ խաբել են: Պարզվում է՝ ուրիշ բան էին ասում, իրականում ամեն ինչ այլ է:

Հաջորդ օրը Վառլեյին տարան քննիչի մոտ: Վերադարձավ մռայլ ու հոգեբանորեն կոտրված: Գործին ևս երկու էպիզոդ էին ավելացրել. հարյուր հազարավոր ռուբլիների հասնող պակասորդ և կաշառք: Նա հասկացել էր, որ բարձրագույն պատիժը՝ գնդակահարությունը, անխուսափելի է: Մի քանի օր բացարձակ չէր խոսում: Տվածս հարցերին միայն ժեստերով էր պատասխանում: Որոշ ժամանակ անց կատարվեց, կարելի է ասել, սպասելին՝ սկսեց խոսել անկապ բառերով ու շարժումներով: Հասկացա, որ խելագարվել է: Կանչեցի հսկիչին: Երբ դուռը բացեցին, ես հայացքս սևեռեցի Վառլեյի վրա: Նա մի երկու րոպե անշարժ հայացքով, արցունքոտված աչքերով նայում էր ինձ ու լսում հսկիչների խոսակցությունը: Ինձ թվաց, որ Վառլեյը շատ լավ հասկացավ, թե ուր են իրեն տանելու: Ահա այսպես, ճանաչված դերասանուհու հայրը, Գերագույն խորհրդի պատգամավորը մնաց իմ հիշողության մեջ:

Բավական երկար ժամանակ մոտս մարդ չէին բերում: Մենակությունից է՛լ ավելի էի լցվում ագրեսիվությամբ: Վերջապես հայտնեցին, որ «էտապ» եմ մեկնելու: 1981 թվականի մարտ ամիսն էր: Արդեն 3,5 տարի «Մատրոսկայա տիշինայում» էի (աննախադեպ «օրինականություն»): Պարզվեց՝ ես մենակ չէի, իմ բախտին արժանացած շատերը կային: Մեզ սկզբում տեղափոխեցին «Կրասնայա Պրեսնյա» բանտը, որտեղից տեղաբաշխում էր կատարվում: Այստեղ արդեն մյուս կալանավորների հետ կապի պահպանումը հեշտ էր: Վեց հայերի հետ կապ հաստատեցի և հասկացա, որ նրանք նույն գործով են նստած, ինչ ես: Պարզ էր, որ Կրեմլը մեր միջոցով փակում էր արտերկրներին վերաբերող գործերը, և նրանց դեսպանատներին հայտնում, որ այս կամ այն գործը բացահայտել են, հանցագործները՝ պատժվել:

1981 թվականի մայիսի 25-ին հայտնեցին, որ ուղարկելու են Կոմի Հանրապետություն: Մի քանի օրից գնացքը Մոսկվայից ուղղություն վերցրեց դեպի անծանոթ աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են իրենց յուրահատուկ օրենքներով: Սիրտս վկայում էր, որ գնում եմ դեպի անհայտություն…

(շարունակությունը հաջորդ էջում)

print
17,808