Սկզբում մեզ տեղավորեցին Վոլոգդայի բերդում: Իմ տեսածների մեջ սա առանձնահատուկ բերդ էր: Այստեղ մահճակալները երկու հարկանի էին, առաջին և երկրորդ հարկերի միջև բարձրությունն ընդամենը 50 սմ էր, այսինքն՝ պառկելու համար պետք է մի կերպ սողալով մտնեիր: Այս բերդը դեռևս ցարական ժամանակներում ծառայել էր որպես անկյալանոց և ոչինչ համարյա չէր փոխվել: Մեկ ուրիշ յուրահատկություն էլ ուներ Վոլոգդայի բերդը. մեկուսարանի աշխատակիցների գերակշռող մասը կանայք էին: Այո՛, այո՛, կանայք: Թե նրանք դրսի կյանքում ինչպիսի՞ն էին՝ անհայտ էր, բայց որ ներսում ոչնչով չէին տարբերվում իրենց կոլեգա տղամարդկանցից՝ թե՛ կոպտությամբ, թե՛ «գեղահունչ» հայհոյանքներով, իսկ ամենակարևորը՝ «գործ սարքելով», դա արդեն փաստ էր: Երբ մեզ տանում էին զբոսանքի, տարածքը հսկվում էր վերևից… կարճափեշ համազգեստով կանանց կողմից: Սրանք դիտավորյալ գալիս կանգնում էին ճաղերի վրա, մեկն ու մեկին դիտողություն անում, զրույցի քաշում, ու երբ «զոհը» համարձակվում էր գլուխը վեր բարձրացնել, այդ լրբերը սեղմում էին տագնապի կոճակը: Վազելով գալիս էին հնազանդեցնող բրիգադը ու տուր թե կտաս խեղճ «համարձակին», ինչից հետո, բնականաբար, կարցերն անխուսափելի էր: Այո՜, յուրահատուկ բերդ էր: Հետո նաև իմացա, որ այդ կին-հսկիչներից մի քանիսը որոշակի գումարի դիմաց ցուցադրում են իրենց բարեմասնությունները: Ահա այսպիսին էր Վոլոգդայի բերդը:
Իսկ մեկ շաբաթ անց մի քանիսին՝ այդ թվում նաև ինձ, տեղափոխեցին Արխանգելսկի մարզ, Պլիսեցկի շրջան, «Պուկս-օզերա» ավան, որտեղ գտնվում էր վարչության տեղաբաշխման միջանցիկ մեկուսարանը: Այդտեղից նոր միայն մեզ ցրում էին գաղութների վրա: Նման վարչատարածքները բազմաթիվ էին Արխանգելսկի մարզում. հարյուրավոր գաղութներ, 9-10 միլիոնի հասնող կալանավորներ, ինչպես Կոմիում էր, և կամ Ռուսաստանի հեռավոր ծայրերում, տայգաներում:
1982 թվականի հունիսի 1-ն էր՝ օրը շատ լավ հիշում եմ, քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն էր Իտալիայում: Մենք մեկնեցինք էտապ, դեպի տայգայի խորքերը: Վերջնական կետը լինելու էր «Ելս-օզերո», N22 գաղութ, N2՝ «Բելի լեբեդ» կոչվող շինության հարևանությամբ: «Բելի լեբեդ» N1-ը գտնվում էր Ուրալում, Սելիկամսկ քաղաքի շրջանում: Իսկ N3-ը, որը գտնվում էր Կրասնոյարսկի մարզի Ռեշոտի ավանում, կոչվում էր «Կրասնի լեբեդ»՝ ի տարբերություն առաջին երկուսի, որոնք կառուցված էին սպիտակ աղյուսներից, սա կարմիր գույն ուներ: Բոլոր երեք «լեբեդներն» էլ վերևից նայելիս՝ թռչող կարապների տեսք ունեին, այդտեղից էլ ստացել էին իրենց անունները: Դրանց գործունեության նպատակը մեկն էր. կոտրել հանցագործ աշխարհում հեղինակություն ունեցող, ռեժիմին համառորեն չենթարկվող, այլախոհ կամ իրենց համար հակակրելի անձանց կամքը, տոկունությունը և ամենակարևորը՝ ոգին: Իսկ դրան հասնելու համար պետք էին «գեստապոյական» միջոցառումներ: Թե դրանք ինչպիսիք էին, հետո կանդրադառնամ, իսկ հիմա հասնում ենք N22 հատուկ ռեժիմի գաղութ:
Էտապը ընդունեց անձամբ պետը, փոխգնդապետ Լեբեդը (անունների ինչպիսի՜ զուգադիպություն): Երբ հերթը հասավ ինձ, ներկայացա ու լուռ կանգնեցի: Նա թերթեց անձնական գործս ու որոշ թղթեր թռուցիկ կարդալուց հետո հարցրեց.
— Լսի՛ր, Մոսկվայից հատուկ քեզ համար հրաման ունեմ: Կոմիի գլխավոր վարչությունից տեղեկություններ են հայտնվել քո՝ ընդհանուր անհնազանդություն հրահրելու գործի վերաբերյալ:
Ես ասացի, թե ընդամենը մեկ օր եմ եղել այդ գաղութում, և կողքի բարակում տեղի ունեցող դեպքերն ինձ հետ բոլորովին չեն առնչվում: Նա զննող հայացքով ուսումնասիրեց ինձ, ու ասաց.
— Լավ, հավատում եմ, բայց Մոսկվայի կարգադրությունը չեմ կարող անտեսել: Քեզ պետք է պահեմ առանձնահատուկ ռեժիմի տակ:
Իմացա նաև, որ նամակով խորհուրդ էին տվել՝ կոտրել իմ «գողական ոգին» և վերածել ինձ «հնազանդ սովետական քաղաքացու», որ ես վտանգավոր եմ և բացասական եմ ազդում շրջապատի վրա: Ուստի, առաջարկում են ինձ լրիվ մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև կվերափոխվեմ, «կվերադաստիարակվեմ»: Նամակն ընթերցելուց հետո պետն ասաց.
— Իսկ հիմա գնա քեզ հատկացված խուցը: Իմացիր տեղդ, ու խելքդ գլուխդ հավաքիր: Իսկ երեք օրից արդեն քեզ կտեղափոխեն «Բելի լեբեդ»՝ մեկ տարով մենակության մեջ անցկացնելու համար: Ապագադ միայն քեզնից է կախված:
Օպերատիվի աշխատակիցներն իրենց հերթին կանչեցին մեզ, որպեսզի ծանոթանալով՝ կարծիք կազմեն ու ըստ այդմ, որոշեն, թե ո՞ւմ՝ որ բարակ, որ խուց ուղարկեն: Ինձ հետ զրուցելուց հետո, ուղարկեցին առաջին բարակի N10 խուց: Ես արդեն գիտեի, թե ովքեր են իմ «խցընկերները»: Դիմավորեցին հարգալից ու սրտանց. արդեն գիտեին իմ մասին: Այստեղ երկու օրենքով գողեր էին նստած՝ լենինգրադցի «Կոբան» և Վրաստանով ու Ռուսաստանով մեկ հայտնի Բիչիկո Մանթաշովը՝ հայազգի մեծահարուստ Մանթաշովի թոռը: Առաջինին «Կոբա» անունով էին կոչել, որովհետև գաղութներում էր դեռևս ստալինյան ժամանակներից, հետևաբար, այդ հարգաժան ծերունուն Ստալինի մականունով էին «կնքել»: Խուցը 10 տեղանոց էր, ազատ էր մեկ տեղ: Մնացած յոթ հոգին տարբեր ազգի էին. երկու չեչեն, երկու ռուս, վրացի, թաթար, աբխազ:
Բիչիկոն ուզեց տեղափոխություն կատարել, որպեսզի ինձ իր կողքին տեղավորի, բայց ես ասացի, որ չարժե անհանգստանալ, քանի որ արդեն որոշում կա և երեք օրից ինձ մեկ տարով «Լեբեդի» մենախուց են տեղափոխելու: «Կոբայի» և Բիչիկոյի հետ մտերմիկ զրույցը նման էր քննություն հանձնելուն: Նրանք ուզում էին հասկանալ, թե, այնուամենայնիվ, ես ո՞վ եմ, ի՞նչ եմ ինձանից ներկայացնում: Օրվա վերջում նրանց գոհունակ դեմքերից կարելի էր ենթադրել, որ քննությունն անցել էի: Քանի որ առջևում ինձ սպասում էր «Լեբեդը», նրանք ինձ պատմեցին, նկարագրեցին այնտեղի նիստուկացը, ասացին, որ այնտեղ ամեն ինչ անում են, որպեսզի մարդուն հոգեպես ոչնչացնեն:
Չնայած, ո՞ր գաղութում այդպես չէր: Հենց թեկուզ այս մեկում, օրինակ, կար մի «լարյոկ», որից կարող էին օգտվել միայն նրանք, ովքեր կալանքի ընթացքում աշխատում ու աշխատավարձ էին ստանում (ամիսը 4 ռուբլի): Մնացածը, եթե անգամ տնից էին գումար ստանում, այս «ինքնատիպ լարյոկային» պայմաններից օգտվել չէին կարող, ավելի ճիշտ` իրավունք չունեին: Կոմունիստները դա արել էին, որ իբր կալանավորներին այդկերպ ստիպեին աշխատել: Բայց, միևնույն ժամանակ, ադմինիստրացիան ոչ բոլորին էր թույլ տալիս դուրս գալ աշխատանքի: Նույնիսկ տանից ծանրոց ստանալն «օրինականացրել» էին. 5 կիլոգրամանոց ծանրոց կարող էին ստանալ նրանք, ովքեր պատժաչափի կեսն արդեն կրել էին: Դա էր օրենքը և վերջ: Բայց դե, ինչ ուզում է լիներ, նստածները ծխելու կարիքները բավարարելու համար հնարը գտել էին. հարևան հատուկ ռեժիմի տակ աշխատողների միջոցով: Նրանք ևս դատապարտյալներ էին, սակայն խստից` մեղմացրած ռեժիմի տակ տեղափոխված: Նրանց կոչում էին «նասիլենիե»: Սրանք գնում-գալիս էին և այդկերպ գաղութների միջև կապ էր պահպանվում, թեյ ու ծխախոտ էին բերում, նամակներ փոխանցում: Բայց, այսպես ասած, դա էլ գլխներիցս կտրեցին էդ ստոր օպերները: Հասկացել էին, թե ինչն ինչոց է, բոլոր հին աշխատողներին զրկել էին աշխատելու հնարավորությունից ու մի նոր` ստահակներից կազմված խումբ կազմել, որոնք օրը մեջ փոխարինում էին իրար: Ես սա լսելով` կատաղել էի: Ողջ գիշեր մտմտում էի, թե ինչպե՞ս կարելի է այդ հարցը կարգավորել: Այստեղ է ասած` առավոտը գիշերից իմաստուն է:
Առավոտյան նորերի մեջ մեկին տեսա, հայերենով ձեն տվեցի: Նա մոտեցավ: Անունը Սուրեն էր` Երևանից: Նույնիսկ զրույցից պարզվեց, որ ընդհանուր ծանոթներ ունենք: Մտերմացանք: Միտքս պայծառացավ: Ես խնդրեցի նրան` հաջորդ օրը մի երկու նամակ հասցնի մյուս գաղութ: Նա չմերժեց: Մենք համարյա բոլորին էլ հեռակա կարգով ճանաչում էինք, գիտեինք ով ինչ ազգի է, ով ում հետ չունի, ով ինչ է շնչում: Լավատեղյակ էինք, որ բաց ռեժիմում գտնվողների մեջ կա իրար դեմ պայքարող երկու խմբավորում: Մեկի ղեկավարը չեչեն Ռուսլանն էր, մյուսինը` ուկրաինացի Սերյոժան: Մտածեցի, որ նրանց մասնատվածությունը կարելի էր «ծառայեցնել» ի շահ մեզ: Ես իմ մտքերով կիսվեցի Բիչիկոյի և «Կոբայի» հետ: Նրանք հավանություն տվեցին, բայց այնքան էլ չէին հավատում, որ հաջողության կհասնեմ: Մեր խցի չեչեն Վախոյին խնդրեցի` իրենց լեզվով մի երկտող գրել Ռուսլանին, իսկ մյուս երկտողը ինքս գրեցի «խախոլ» Սերյոժային: Երկտողների իմաստը կայանում էր նրանում, որ երկու նամակները գրվել էին իբր երկու տարբեր մարդկանց կողմից, և որոնք ապացուցում էին մեկի կամ մյուսի խմբի անդամների զեղծարարությունների ու ծախվածությունների մասին: Արդյունքն եղավ սպասվածից ավելին. նրանց վեճ-վիճաբանությունը վերջացավ դանակահարությամբ, նոր կալանքներով: Ստիպված մեզ մոտ նորից եկան աշխատելու հին լավ կալանավորները, ինչը կթեթևացներ մեր ծանր կենցաղը… բայց արդեն առանց ինձ:
Երրորդ օրվա առավոտյան եկան հները, նրանցից իմացանք եղելությունը: Բիչիկո Մանթաշովը ոգևորված ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ, ուսիս թփթփացրեց ու ասաց.
— Կարդինալ Ռիշելյեն կատաղությունից կխելագարվեր, եթե իմանար որ ինտրիգներ հյուսելու մեջ կա իրեն գերազանցող մեկը:
Այդ խոսքերը բավական էին, որ այդուհետ ինձ կնքեին «Սև կարդինալ» մականունով:
(շարունակությունը հաջորդ էջում)
Պիտակներ՝ #հուշեր