Ես այս տարիների ընթացքում մի քանի օրենքով գողերի եմ հանդիպել: Նրանց հետ շփումը մի ուրիշ կյանք էր, մի ուրիշ հասկացողություն, մարդկային հարաբերությունների այլ հարթություն: Հանցագործ աշխարհի նկատմամբ մարդկանց պատկերացումը լցված էր թաց ու չորի խառնուրդով: Դրսիններին թվում է, որ եթե արդեն ճաղերի ետևում ես, ուրեմն ոչ մի մարդկային արժանիք չունես, ու բոլոր տեսակի կեղտոտությունները միայն քեզ են վերագրում: Սակայն քանի՜ քանիսը կան դրսում, որ ուղղակի չեն «ընկել», բայց ավելի արժանի էին ճաղերի ետևում հայտնվելուն: Եթե հնարավոր լիներ կյանքը մի պահ կանգնեցնել ու վերլուծել յուրաքանչյուրի անցած ճանապարհը, ապա քանի՞ պաշտոնյա կգտնվեր, որոնցով բանտերը ծեփ կլցվեին, որոնք իրենց կյանքն ապրել են ուրիշների արյունը խմելով, ուրիշների կյանքի հաշվին: Դրանք ուղղակի «հաջողակ» հանցագործներն են, որոնք փողի պաշտպանվածության ներքո ավելի շատ են անօրեն քայլեր կատարում ու անպատիժ մնում: Օրինակ, Վարդաշենի քրեակատարողական հիմնարկությունում նստած էին մոտ 280-300 դատապարտյալներ, բոլորն էլ իրավական համակարգի նախկին ներկայացուցիչներ. ոստիկաններ, քննիչներ, դատավոր, միլպետ: Բռնվել են մեկ անգամ, բայց ինչե՞ր և ինչքա՞ն զանցանքներ ու մեղքեր են գործել մինչ այդ ու չեն բռնվել: Իսկ ինչքա՜ն անմեղ մարդու կյանք են խորտակել և ո՞վ էր նրանց այդ բարոյական իրավունքը տվել: Ո՞ւմ մեղքն է: Իհարկե, դա արդեն պետական համակարգից է գալիս: Ինչպես «յանկիներն» են ասում. «Խելացի՞ մարդ ես, գրպաններդ ցույց տուր», դա նշանակում է, որ օրենք, սահմանադրություն, մարդու իրավունք սկսվում է թղթադրամի մի երեսից ու վերջանում մյուս երեսով:
Գորբաչովյան համաներումը 1987թ-ին կալանավորների մեծ մասին վերաբերվեց, ոմանք ազատվեցին, շատերի պատժաչափերը կրճատվեց: Բայց այդ ամենն ինձ չվերաբերեց. ես մշտական օրինազանցների շարքին էի պատկանում, բացի այդ, պատիժ կրելու ընթացքում կատարել էի հանցագործություն: Գորբաչովի հրամանով վերացվեցին կարցերներում և շիզոներում օրը մեկ հաց տալը` դարձավ ամեն օր: Հատուկ ռեժիմին թույլատրվեց հեռուստացույց ունենալ: Ես 12 տարի հեռուստացույցի երես չէի տեսել: Թույլատրվեց կրոնական մասունքներ պահելը, սպորտային հագուստ, ժամացույց կրելը, կրպակից առևտուր անելը` անկախ նրանից, թե որտեղից էր գումար հայտնվել: Մի խոսքով, Գորբաչովի օրոք էր, որ ՍՍՀՄ-ում կալանավորների վիճակը թեթևացավ, դա հատկապես ցայտուն զգացվեց հատուկ ռեժիմային գաղութներում:
1991թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ Գերագույն խորհրդի նախագահն էր, լուծվեց կալանավորների փոխանակման հարցը: Հայտնեցին՝ որ ով հայ է և ուզում է գնալ Հայաստան` կալանքն այնտեղ կրելու, թող դիմում գրի: Ես առանց հապաղելու դիմում գրեցի:
Քանի որ այդ ժամանակ գնացքներն արդեն դժվարությամբ էին Հայաստան հասնում, հատուկ փոստատար և «ստալիպինյան» վագոններն իրար կցեցին ու մեզ ճանապարհեցին Երևան: Մեկամսյա էտապներով (Յարոսլավլ-Վոլոգդա-Ռյազան-Ռոստով-Թբիլիսի) մի կերպ մեզ տեղափոխեցին Երևան: Իսկ մինչև Հայաստան հասնելը, 3 օր պահեցին Թբիլիսիում, որտեղ հակառակի պես, հայտնվեցինք այնտեղի բանտում տեղի ունեցող մասսայական անհնազանդությունների կիզակետում: Դա այն ժամանակ էր, երբ Թբիլիսիի բանտից կազմակերպվեց օրենքով գող Իոսելիանիի փախուստը: Այնուհետև մեզ մի երկու օր էլ պահեցին «ստալիպինյան» վագոններում:
1991թ-ի հոկտեմբերի 7-ին վերջապես մտանք Նուբարաշենի մեկուսարան: Եթե հիշում եք, այդ ժամանակ ընթանում էին արդեն անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները:
Երևանի բանտում մի տեսակ ուրիշ զգացումներով էի համակվել, կարծես հարազատ տուն էի վերադարձել: Անհամբերությունից ու կարոտից այրվում էի, սպասում էի, թե երբ հորս կտեսնեմ: Ես վերևում հատուկ չնշեցի, թե Ռուսաստանում նստածս ժամանակ ինչ էր տեղի ունեցել իմ հարազատների հետ: Հիմա ժամանակն է…
1988թ-ի դեկտեմբերի 7-ի զարհուրելի աղետի լուրը շատ շուտ հասավ գաղութ: 6 ամիս շարունակ անհայտությունից գժվում էի, մինչև որ հայրս ինձ այցելության եկավ ու… Մայրս, կինս, տղաս, աղջիկս զոհվել էին: Ես հիմա էլ եմ զարմանում, թե ինչպե՞ս չխելագարվեցի, ինչպե՞ս կաթվածահար չեղա, երբ իմացա, որ կորցրել եմ աշխարհում ամենաթանկ մարդկանց: Իսկ միգուցե ինձ թվո՞ւմ է, թե դիմացել եմ…
Որոշ ժամանակ անց տեղափոխեցին Սևանի գաղութ: Մի քանի օր անց եկավ հայրս, ավելի ճիշտ՝ բերեցին: Մեր հանդիպման տեսարանից հուզվել էին անգամ գաղութի աշխատակիցները: Ես ուզում էի շատ շուտ դուրս գալ, որպեսզի գոնե այդ միակ հարազատիս տեր կանգնեի: Ներման հարցով նամակ գրեցի Մոսկվա՝ Բորիս Ելցինին: Նամակում ամեն ինչ պատմել էի: Պատասխան եկավ, որ դիմեմ մեր նորընտիր նախագահին: Դիմեցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արդյունքում՝ 1992թ-ի հունիսին պատժաչափս 2 տարով կրճատվեց, մնաց ընդամենը 2,5 տարի: Հավատս չէր գալիս, որ հետևում էին մնացել տանջանքներով ու զրկանքներով, թշվառությամբ ներծծված մի ողջ կյանք, որ ազատությունն այդքան մոտ է:
Բայց ես դեռ չգիտեի, թե ինչ էր հետերկրաշարժյա ավերված քաղաքում ապրելը: Քաղաք, որտեղ մարդիկ փոխվել էին, իսկ հնից բան չէր մնացել: Երբ նույն ազգանունը կրող, երակներում ազգականի արյուն հոսող մարդկանց մեջ հարազատությունը խարխլվել էր, որ մարդիկ բաժանվել էին ունևորների ու չունևորների բանակների: Ես դա դեռ չգիտեի: Կարոտս էի առնում հայկական օդից, հայերից, ամեն ինչից: Ես կարոտել էի հայերենին, գյումրվա բարբառին, սարերին, քարերին:
9 նոյեմբերի, 1994 թվական: Ընկերս` Գրիշիկը, որը ինձանից 4 ամիս շուտ էր ազատվել (15 տարիներից, 12-ը՝ նստել էր Ռուսաստանում), կազմակերպել էր ինձ դիմավորելու հարցը: Հորս ու մի քանի բարեկամների, ընկերների հետ եկան ինձ դիմավորելու: Երբ դուրս եկա գաղութից, թվաց, թե օդի միջով եմ քայլում, որ երազ եմ տեսնում, որ հազար տարվա թմբիրից եմ արթնանում: Սկզբում Երևանում մի թեթև նշեցինք, հետո ուղևորվեցինք Գյումրի: Էլ չեմ նկարագրի, թե ինչպիսի զգացումներով էի նայում շուրջ-բոլորս. զարմացած էի ու սարսափած: Հասանք մի ինչ-որ տնակի: Այդտեղ միայնակ ապրում էր հայրս: Առաջի երեք օրն անցավ աչքալուսանքի, հավաքույթների, բարեմաղթանքների մթնոլորտում: Հետո մնացինք հայր ու որդի՝ միայնակ դառը ճշմարտության հետ…
Այսպես ավարտվեց իմ մոսկովյան «ուսումը», որի ծանր լուծը կրում եմ առ այսօր` դառը հիշողություններով ու դատարկ տնով…
ՎԵՐՋ
Հ.Գ. Չհամակերպվելով երկրում տիրող նոր բարքերին, «Կարդինալը» նորից հայտնվեց անազատության մեջ. այս անգամ՝ ազատ, անկախ Հայաստանի Արթիկի գաղութում:
(տպագրվել է 2007-2008թթ. «Շրջապատի» համարներում)
Կարդացեք նաեւ՝ «Երբ մեռնելն ավելի պատվաբեր է»
Պիտակներ՝ #հուշեր